ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.01.2014

ՔԱՐԻՆՏԱԿ

1992թ. հունվարի 26-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները գրոհում են Շուշիի շրջանի Քարինտակ 
գյուղի վրա: Շուրջ 12 ժամ տևած մարտերից հետո ադրբեջանցիները փախուստի են դիմում` մարտադաշտում թողնելով 100-ից ավելի դիակներ: Քարինտակում ադրբեջանցիների կրած պարտությունն այնքան մեծ էր, որ նրանք տեղանքն անվանում են Արյունոտ ձոր:
Քարինտակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանում է, Կարկառ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 1400 մետր բարձրության վրա: Քարինտակի վրա ադրբեջանական հարձակումները սկսվել էին դեռևս 1991թ.-ին. նոյեմբերին և դեկտեմբերին թշնամին փորձել էր գրավել գյուղը, սակայն բախվելով հայ ազատամարտիկների հուժկու հակահարվածներին, նահանջել էր: Այնուհետև գյուղը ադրբեջանական հրետանու և դիպուկահարների մշտական կրակի տակ էր:
1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը ադրբեջանական զինուժը շրջապատում է Քարինտակը և առավոտյան 6:30-ին սկսում հարձակումը: Ռազմական գործողություններն անձամբ ղեկավարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Թաջեդին Մեհտիևը: Գրոհին մասնակցում էին մի քանի հարյուր ադրբեջանցի զինվորներ և 3 զրահամեքենա: Քարինտակի ինքնապաշտպանության ջոկատի 60-70 ազատամարտիկները, հրամանատար Վաղարշակ Առուշանյանի գլխավորությամբ, ընդունում են անհավասար մարտը:
«Հունվարի 26-ի առավոտվանից Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները լայնամասշտաբ մարտական գործողություն սկսեցին Շուշիի շրջանի միակ հայկական գյուղի՝ Քարինտակի դեմ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության կենտրոնական շտաբից ստացված ճշգրտված տվյալների համաձայն, հարձակմանը մասնակցում էին շուրջ 250 պատժիչներ, որոնց գործողությունները պաշտպանվում Էին ուժեղ հրետանային կրակով: Ադրբեջանական կազմավորումներին հաջողվեց գյուղին մոտենալ 100-150 մետր տարածության վրա: Քարինտակի ինքնապաշտպանության ջոկատները ստիպված էին սկզբում նահանջել առաջավոր դիրքերից»:

«Հայաստանի Հանրապետություն», 1992 թ. հունվարի 29:
Գյուղի պաշտպանության ղեկավարների խնդրանքով Ստեփանակերտից մարտերով Քարինտակ են հասնում հայկական ուժերի ստորաբաժանումներ` Աշոտ Ղուլյանի, Դուշման Վարդանի հրամանատարությամբ, ինչն էլ վճռում է 12 ժամ տևած մարտի ելքը: Ադրբեջանցիները նահանջում են՝ մարտադաշտում թողնելով տասնյակ սպանվածներ: Մարտի ժամանակ հայկական կողմից զոհվում է 20 մարտիկ, այդ թվում ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը:
«Ադրբեջանական ղեկավարությունը երկար ժամանակ Քարինտակը գրավելու միջոցներ է ձեռնարկում, սակայն ինքնապաշտպանական խմբերը միշտ էլ կարողանում են թշնամուն արժանի հակահարված տալ: Նույնիսկ օգոստոսյան հեղաշրջումից առաջ, երբ ադրբեջանցիները հայկական բնակավայրեր ներխուժելու համար օգտագործում էին խորհրդային բանակի զորամիավորումները, Քարինտակը չընկճվեց, կարողացավ դիմակայել բոլոր փորձությունները և չլքեց իր հարազատ օրրանը: Բերդաձորի անկումից հետո Քարինտակը ենթարկվեց շատ հարձակումների, բայց մնաց անառիկ: Ակնհայտ է, որ այսուհետև ևս այդ գյուղը կենթարկվի անընդհատ գնդակոծությունների և անսպասելի գրոհների: Պետք է պատրաստ լինել արժանի հակահարված տալու հարձակվողներին»:

«Ազգ», 29 հունվարի, 1992թ.:
Պատրաստեց ՄԻՔԱՅԵԼ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets