ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.01.2014

ՎԱՐԴՈՒՀՐԻ, ՎԱՀԱՆ ԵՎ ՏԻՐԱՆ

Տասնութ տարի անց նոր գժտություն է ընկնում պարսիկների և Տարոնի իշխան Վահանի միջև։ 
Պարսից Խոսրով թագավորը Վարդուհրի զորապետի գլխավորությամբ հիսուն հազարանոց զորք է ուղարկում Տարոն։ Պարսից զորքը մեծ ցասումով գալիս է իջնում Մուշ, կամենում բարձրանալ ս. Կարապետի վանքը և Տարոնի իշխանների ոսկորները հանել, տանել։ 
Վահանը իր մոտ է կանչում որդուն՝ Տիրանին, և ասում.
— Որդի՛ս, քո մեծության փառքից չգայթակղվես և մեղքերի մեջ չընկնես։ Քանի որ ջահել ես, գեղեցիկ կանանցից չխաբվես, այլ հիշիր մեր հայրերին, որոնք սրբությամբ ծառայեցին հայրենիքին ու եկեղեցուն։ Մի մոռանա նաև ծառայել սուրբ Կարապետին, որ այսքան պատերազմների մեջ մեզ օգնական ու զորավիգ եղավ։ Եթե կամենում ես երկար ապրել, չարիք չգործես և պղծությամբ չտարվես։ Եթե ես ընկնեմ պատերազմում, ապա ինձ կթաղես սուրբ Կարապետի վանքում, իմ հայրերի կողքին, սրբությամբ կվերաբերվես քո հայրերի հիշատակին և քո եկեղեցուն, ինչպես ես ծառայեցի։ 
Ես ոչ գեղեցկությամբ գայթակղվեցի, ոչ խեղճերին զրկեցի, ոչ տառապածներին նեղեցի. նրանք, ովքեր իմ իշխանության տակ էին գտնվում՝ կանայք թե տղամարդիկ, մանուկներ թե եկեղեցականներ, նրանց խնամեցի ու հոգացի, իբրև իմ սեփական եղբայրների և ընտանիքի անդամների, ինչպես իմ հայրերն էին անում։ Որդյակ, նույն կերպ էլ դու վարվիր, և քո բարեգործությամբ կզորանաս։ 
Իսկ այժմ գնանք պատերազմ։ 
Վահանը պատերազմի է դուրս բերում նաև ս. Կարապետի վանքի երեք հարյուր հիսունվեց կրոնավորների՝ վանքի վանահայր Գրիգորի առաջնորդությամբ։ 
Պատերազմը սկսվում է Արածանի գետի ափին, Կաղամախիների բլուր կոչված անտառի մերձակայքում։ Այնտեղ էին խմբվել նաև վանքի կրոնավորները՝ մազեղեն սև զգեստներ հագած, մեջտեղը մի ժամհար՝ երկու խաչադրոշ ուսերից վեր բարձրացրած։ 
Երկու կողմերն էլ դեմ դիմաց ճակատ են կազմում, և սկսվում է պատերազմը։ Վարդահրին մնում է գետի մյուս ափին և չի մտնում կռվի մեջ. նա նկատում է սևազգեստ կրոնավորներին և զարմանքով հարցնում. 
— Նրանք այնտեղ ի՞նչ են անում։ 
Պարսիկները նեղում են Վահանի զինվորներին, որոնք խուճապահար խռնվում են իրար գլխի և կամենում փախչել։ Այդ ժամանակ վանականները ծնկի են իջնում և բոլորը միաբերան ու արտասվախառն աչքերով սկսում աղոթել. 
— Ո՛վ զորությանց տեր, դու զորացրու մեր զինվորներին և թշնամուն ամոթով արա։ Ո՛վ Կարապետ, քեզ պաշտողների ձայնից արթնացիր։ 
Այս ասելով, նրանք բոլորը ոտքի են կանգնում, խաչանիշ դրոշակները պարզում առաջ դեպի թշնամին և դիմում հարձակման։ Վահանն այդ պահին նայում է վանականների գնդին և տեսնում, որ նրանց աջ թևից մի վիթխարահասակ երիտասարդ է գնում, գլխին՝ ծիրանի թագ և խաչ, որի զգեստներից լույս էր ճառագայթում։ Իսկ նրա առջևից գնում էին դարձյալ երկու այլ բարձրահասակ թևավոր երիտասարդներ։ 
Թշնամիները նկատելով այս տեսիլը, վախից խենթանում են, լցվում ջուրը, շատերը խեղդվում են, ոմանց էլ հաջողվում է անցնել գետի մյուս ափը։ 
Վահանը ձայն է տալիս իր որդի Տիրանին և մնացած զորքին, ասում. 
— Ահա՛ տեսեք, մեր տերը լսեց իր պաշտոնյաների ձայնը և իջել է մեզ ու նրանց փրկելու։ Արդ գոտեպնդվեցեք և եկեք հետամուտ լինենք թշնամուն։ 
Վահանն անցնում է գետի մյուս ափը, գնում այն գյուղը, որ Պարսից կողմ էր կոչվում, հավաքում է իր զորքը և հալածում պարսիկներին մինչև Մատրավանքի դաշտը։ 
Այստեղ հայոց և պարսից զորքերը կանգ են առնում և ճակատ կազմում։ Իրար դեմ մենամարտի են դուրս գալիս պարսից Վարդուհրի զորավարը և Վահանի որդի Տիրանը։ 
Վարդուհրին չարախոսությամբ դիմում է Տիրանին. 
— Կախարդագործ, դուք կախարդությամբ եք փառավորվել և կախարդությամբ եք կամենում հաղթել պարսից քաջերին։ 
Տիրանն ասում է. 
— Եթե կախարդ եմ, դու էլ ինձանից չես ազատվի, ես հիմա քո ձիու պոչը քո աչքի առաջ կբերեմ, նայել կտամ։ 
Ասում ու արագ հարվածում է Վարդուհրիին, աջ ոտը սռնապանով հանդերձ կտրում, գցում մի կողմ։ Վարդուհրին թեքվում է, ընկնում ձիու մյուս կողմի վրա։ Տիրանն ասում է. 
— Վարդուհրի, ինձ մի մեղադրի, գլուխդ է մեղավոր, գլուխդ քեզ ծռեց, գցեց մի կողմի վրա. հիմա բեռդ կուղղեմ, հետո կբարձրացնեմ։ 
Տիրանը սրով խփում, կտրում է Վարդուհրիի գլուխը, տալիս է ծառային, ասում. 
— Սա պահիր, իջնենք Մատրավանքից, գնանք սուրբ Կարապետի առաջ, գնդի խաղանք, որովհետև սա էր, որ նախատում էր ս. Կարապետի վանքի պաշտոնյաներին։ 
Վահանի զորքը շրջապատում է պարսիկներին։ Պալունյաց Վարազ իշխանը կտրում, բաժանում է պարսից երկու իշխանների զորամասերը և քշում հանում մինչև Հաշտյանք։ Երբ փախստական պարսից իշխաններից մեկը հասնում է մի դաշտաձև տեղ, սկսում է ապշանալ, ոչ կարողանում է խոսել, ոչ էլ կռվել, թեպետ հայոց հետապնդող զորքը դեո հեռու էր։ Ծառան հարցնում է. 
— Ինչո՞ւ ապշեցիր ու մոլորվեցիր, իշխան։ 
— Պաղակ իշխանին եմ տեսնում և չեմ կարողանում գնալ։ 
Ասում է և ընկնում, մեռնում։ 
Այդ օրվանից այդ տեղը կոչվում է Պողկ։ 
Վարազ Պալունին գերում է մեռած իշխանի երկու որդիներին, պահել տալիս տեղում, իսկ ինքը հետապնդում պարսից փախստականներին։ Հասնելով փախչող իշխաններից մեկին, Վարազն ասում է. 
— Պարսի՛կ, ընկի՛ր քո կամքով, թե չէ՝ կընկնես ակամա։ 
Պարսից իշխանը շարունակում է փախչել։ Վարազը հետապնդելով նրան, նիզակով ուժեղ հարվածում է թիկունքին, տեգը անցնում է մարմնի միջով, խրվում ձիու ողի մեջ։ 
— Այժմ արդեն կընկնես, — ասում է Վարազը։ 
Շարունակելով հետապնդումը, Վարազը հասնում է պարսից մի այլ իշխանի, ասում. 
— Կընկնես քո կամքո՞վ, թե կընկնես ակամա։ 
Պարսից իշխանը շուռ է գալիս և խփում, կտրում է Վարազի ձիու գլուխը։ Վարազը ձիուց վայր է ընկնում, բայց արագ ելնում է ոտի, վազում պարսիկ ձիավորի հետևից, սրով խփում, կտրում է պարսիկի ձիու ջիլը, ասում. 
— Դու էլ ընկիր։ 
Այդ օրվանից այդ տեղը կոչվում է Վայրանկանիս։ 
Վարազը վերցնում է վախից մեռած պարսից իշխանի գլուխն ու նրա զույգ որդիներին, գալիս է իր որդու՝ Սմբատի մոտ, ապա երկուսով իջնում գալիս են Վահանի մոտ։ 
Իսկ Վահանը բազում պարսիկներ էր կոտորել, մնացածներն էլ փախել, թաքնվել էին դաշտի տարբեր կողմերում։ 
Այդ ժամանակ Կաղամախյաց բլրից ցած են իջնում աղոթող վանականները, գալիս հասնում Մատրավանքի դաշտին նայող մի բլրի։ Վանականների մոտ է փութով գալիս պարսիկ փախստականների մի գունդ և աղաչում նրանց՝ փրկել իրենց։ Վրա են հասնում փախստական գնդին հետապնդող Հաշտերից իշխանի զորքերը և կրոնավորներից պահանջում նրանց մոտ ապաստանած պարսիկներին։ Կրոնավորները կտրուկ մերժում են Հաշտենից իշխանի զորքերի պահանջը և պարսիկներին չեն հանձնում նրանց ձեոը։ Գալիս հասնում է նաև Հաշտենից իշխանը և հարցնում կրոնավորներին. 
— Ո՞ւր են պարսիկները։ 
— Ահավասիկ կանգնած են ձեր հայրերի մոտ, — պատասխանում են վանականները։ 
Այդ օրից այդ տեղը սկսում է կոչվել Հայրկերտ։ 
Պատերազմը ավարտվում է։ Պարսից փախստականներին, թվով չորս հարյուր հիսուն հոգի, բերում են Մեղտի, նրանց ձիեր են տալիս, գանձեր են տալիս և ազատ արձակում, որ գնան Պարսից աշխարհ, պատմեն իրենց աչքով տեսած սքանչելի հրաշքը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets