ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.01.2014

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄՈԻՍԵՅ ՍԻԼԻԿՈՎ. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ

1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ ներկայացուցիչների միջև ստորագրվում է համաձայնագիր, որով Հայաստանը դառնում է խորհրդային: Այդ համաձայնագրով իշխանությունը հանձնվում է Հայաստանի Ռազմական հեղափոխական կոմիտեին, որը գլխավորում էր Սարգիս Կասյանը:
Սակայն բոլշևիկները, խախտելով դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, սկսում են բռնություններ: Ձերբակալվում են ՀՀ նախկին կառավարության անդամներ, սոցիալիստական կուսակցության անդամներ և բարձրաստիճան զինվորականներ, ուրիշներ:
Զինվորականների ձերբակալությունները սկսվում են 1920թ. դեկտեմբերին և հունվարին: Նրանց ստիպում են Երևանից ոտքով անցնել 170 կմ ճանապարհ և չեն ապահովում սննդով, ուստի եւ նրանք հարկադրված են լինում
սեփական միջոցներով հայթայթել իրենց սնունդը:
Ձերբակալվածների թվում էր տոհմիկ ազնվական, զինվորական, Սարդարապատի ճակատամարտում հայկական զորքերի հրամանատար, գեներալ լեյտենանտ Մոիսեյ Բաբայի Սիլիկովը (Մովսես Սիլիկյան, 1862թ. սեպտեմբերի 12 – 1937թ. նոյեմբերի 22):
Ներկա հոդվածում մենք կպարզաբանենք գեներալի գործունեության այն ժամանակաշրջանը, որը համեմատաբար քիչ է լուսաբանված կամ էլ հայտնի չէ գիտական հասարակությանը: Ուստի մենք չենք անդրադառնա Մ. Սիլիկովի կյանքի առավել հայտնի դրվագին` 1918թ. մայիսի Սարդարապատի հերոսամարտին, որի մասին հայ պատմաբանները հրատարակել են ուսումնասիրություններ, և գրվել են բազմաթիվ հոդվածներ:
Այս հոդվածով առաջին հերթին ցանկանում ենք պարզաբանել գեներալի ազգությունը: Պատմագիտական գրականության մեջ հիմնականում նշվում է, որ Մ. Սիլիկովն ազգությամբ եղել է հայ: Շատ քչերին է հայտնի, որ նա ազգությամբ ուտի է: Գեներալը ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Նուխի գավառի Վարդաշեն գյուղում և դավանանքով եղել է Հայ առաքելական: Նրա կինը Նատալյա Ալեքսանդրովնան էր, իսկ որդին` Գեորգին, մասնագիտությամբ ինժեներ էր:
1882թ. օգոստոսի 28-ին Մ. Սիլիկովն ընդունվել է Մոսկովյան 2-րդ զինվորական գիմնազիա, որն ավարտել է 1884թ. օգոստոսի 14-ին` ենթապորուչիկի կոչումով: Ապա ավարտել է Ալեքսանդրովյան 3-րդ զինվորական ուսումնարանը և սպայական շինարարական դպրոցը, որից հետո նշանակում է ստացել Կարսում տեղակայված Կուբանյան 155-րդ գնդում: 1905թ. փետրվարի 26-ին նրան շնորհվել է գնդապետի աստիճան:
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական (Կովկասյան) ռազմաճակատի մարտական գործողություններին: Եղել է Կովկասյան 6-րդ հրաձգային գնդի հրամանատար, որը գործել է գեներալ Թովմաս Նազարբեկյանի (Ֆոմա Նազարբեկով, 1855-1931թթ.) Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադի կազմում: 1915թ. նոյեմբերին բրիգադը վերակազմավորվում է հրաձգային դիվիզիայի:
Ռուս-թուրքական ռազմաճակատում Մ. Սիլիկովի մղած մարտերի մասին մեր ունեցած տեղեկությունները սակավ են: Հիմնական տեղեկությունները պահպանվել են գեներալ Թ. Նազարբեկյանի հուշերում և Մ. Սիլիկովի` նրան ուղղված նամակներում:
Վեցերորդ հրաձգային գնդի վերաբերյալ մեր ունեցած առաջին տեղեկությունը վերաբերում է 1915թ. դեկտեմբերին: Այդ ժամանակ Կովկասյան 1-ին բանակի հրամանատար Նիկոլայ Ն. Յուդենիչը (1862-1933թթ.) սկսել էր Էրզրումի (Կարին) գրավման նշանավոր օպերացիան: Թ. Նազարբեկովի դիվիզիան և նրա կազմում գործող 6-րդ հրաձգային գնդի առջև դրված էր մարտական առաջադրանք` ապահովել օպերացիայի գաղտնիությունը և մատակարարման հաղորդակցության ուղիները թուրք-քրդական հարձակումներից: Ձմեռային ծանր պայմաններում զինվորները հարկադրված էին իրականացնել պարեկապահակային ծառայություն, որին խանգարում են անընդհատ տեղացող ձյունը և սառնամանիքները:
1916թ. հունվարի 5-ին գնդապետ Մ. Սիլիկովը Թ. Նազարբեկյանին ուղղված զեկուցագրում հայտնում է, որ գունդը հասել է Դայար և զբաղեցրել դիրքեր: Որոշ ժամանակ անց Կովկասյան 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Պյոտր Պ. Կալիտինի (1853-1927թթ.) հրամանով 6-րդ գունդը արագացված երթով Ալաշկերտի հովտից շարժվում է Էրզրում` մասնակցելու նրա գրավման օպերացիային: Հունվարի 24-ին գունդը տեղակայվում է Հասան Կալեում` որպես բանակային պահեստազոր:
Էրզրումի գրավման օրը` 1916թ. փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը, 6-րդ գունդը մտնում է քաղաք: Գնդապետ Մ.Սիլիկովը նշանակվում է Էրզրումի զինվորական պարետ:
Քաղաք մտնելուց անմիջապես հետո գնդի անձնակազմը ձեռնամուխ է լինում դասալիքների և կողոպտիչների հայտնաբերմանն ու ձերբակալմանը, ինչպես եւ՝ հրդեհների մարման և հրետանային ու համբարակային պահեստները հսկողության տակ վերցնելու, պարեկապահակային ծառայության գործին:
Կովկասյան 1-ին բանակային կորպուսի հրամանատարի առաջին հրամաններից մեկը Մ.Սիլիկովին լինում է այն, որ նա արգելի հայերի մուտքը Էրզրում: Գեներալի նման վերաբերմունքը բացատրվում է հայերի նկատմամբ ունեցած անբարյացակամությամբ: Կարծում ենք, որ դա էլ իր դերն է խաղացել, սակայն կային նաև այլ հիմնավոր պատճառներ: Այս դեպքում, հավանաբար, կորպուսի հրամանատարին հետաքրքրել էր Էրզրումի Ս.Աստվածածին եկեղեցում երիտթուրքական իշխանությունների` հայերից կողոպտած գույքը, որի զգալի մասը նրանք չէին հասցրել դուրս բերել: Դրա ապացույցը կարելի է համարել նաև հետևյալ օրինակը: Առաջինն այդ մասին տեղեկանում է գնդապետ Սիլիկովը, որը շտապում է հեռագրել Թիֆլիսի քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանին (Խատիսով, 1874-1945թթ.), խնդրելով ուղարկել մի վստահելի անձ, որը կտնօրինի հայերին պատկանող գույքը: Կարծում ենք՝ այդ հեռագիրն է եղել պատճառը, որ Մ.Սիլիկովը և նրա գունդը կարճ ժամանակ անց ուղարկվել են ռազմաճակատ:
1916թ. մարտի վերջին Մ. Սիլիկովի գունդը տեղակայվում է Բիթլիսում (Բաղեշ), իսկ ապրիլի սկզբին հրաման է ստանում քաղաքում թողնել երկու գումարտակ և մեկ գումարտակով ու չորս լեռնային թնդանոթով շարժվել Մուշ, քանի որ վերջինիս ուղղությամբ շարժվում էին թուրքական Դարդանելյան 7-րդ և 8-րդ դիվիզիաները: Մ.Սիլիկովը կովկասյան հրաձգային դիվիզիայի զորամասերի հետ պետք է պաշտպաներ Մուշը թուրքական հարձակումից:
Մ. Սիլիկովը նշանակվում է Մուշի կայազորի պետ: Մուշ են գալիս Կովկասի հայոց բարեգործական ընկերության աշխատակիցներ Կարո (1888-1977թթ.) և Արմեն Սասունիներն ու Հմայակ Մանուկյանը` ողջ մնացած բնակչության օգնությունը կազմակերպելու և քրդական գերությունից հայերին ազատելու համար:
Կ. Սասունին առաջարկում է ռուսական հրամանատարությանը` գեներալ Զախարի Ա. Մդիվանիին (1867-1933թթ.) թույլատրել Խնուսում հայերից կազմակերպել աշխարհազորային-ինքնապաշտպանական խմբեր` միլիցիա: Նրանք ոչ միայն կպաշտպանեին բնակչությանը քրդական հարձակումներից, այլև կիրականացնեին ռուսական բանակի հաղորդակցության ուղիների հսկումը և կհետախուզեին հակառակորդի դիրքերը: Սակայն գեներալ Զ. Ա. Մդիվանին թույլատրում է զբաղվել զուտ գաղթականության գործերով: Ի բարեբախտություն, Մուշի կայազորի պետը գնդապետ Մ. Սիլիկովն էր, որի խորհրդով Կ. Սասունին դիմում է 66-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գեներալ Իպոլիտ Վ. Սավիցկուն (1863-1941թթ.): Նրա անմիջական օգնությամբ Կ. Սասունին ստանում է զենք, զինամթերք, հագուստ և պարեն:
1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Մ. Սիլիկովը նշանակվում է Վանի ջոկատի հրամանատար: Ջոկատը կազմված էր երեք շարային գնդից: Ապա նա նշանակվում է բրիգադի հրամանատար: Օգոստոսի 22-ին Մ.Սիլիկովին շնորհվում է գեներալ-մայորի կոչում:
1918թ. հունվարին գեներալ Թ. Նազարբեկյանի հրամանով գեներալ Մ. Սիլիկովը ձեռնամուխ է լինում Հայկական բանակային կորպուսի ձևավորմանը:
Քանի որ հայ պատմագրությունը մանրամասն լուսաբանել է 1918թ. Մայիսյան ճակատամարտերը և հատկապես Սարդարապատի հերոսամարտի ժամանակ Մ. Սիլիկովի դերակատարումը, ուստի ձեռնպահ կմնանք լուսաբանելու նշված մարտական գործողությունը:
1919թ. դեկտեմբերի կեսերին սկսվում է վրաց-հայկական պատերազմը, որին մասնակցում է գեներալ Մ. Սիլիկովի հրամանատարության ներքո գտնվող հրաձգային դիվիզիան` իր կազմում ունենալով երկու գունդ: Նրան հանձնարարված էր գործել Փամբակի շրջանում և հսկողության տակ վերցնել մինչև Խրամ գետը տանող շրջանը: Գետը լինելու էր հայ-վրացական սահմանը:
1920թ. ապրիլին Մ. Սիլիկովը նշանակվում է Նոր Բայազետ և Դարալագյազ գավառների գեներալ-նահանգապետ: Նա միաժամանակ վարել է Նոր Բայազետ գավառում տեղակայված զորքերի շտաբի պետի պաշտոնը: Ինչպես պարզաբանել է Մ. Սիլիկովը 1935թ. նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) քննիչ Իսրայելյանին, իր նշանակման բուն նպատակն էր աջակցել Դրոյի (Դրաստամատ Կանայան) հրամանատարությամբ գործող ջոկատին, անցնել Լեռնային Ղարաբաղ՝ ապստամբություն բարձրացնելու Ադրբեջանի դեմ և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը միացնել:
Նոր Բայազետում զգալի էր բոլշևիկյան ազդեցությունը, բացի այդ, տեղի բնակիչները պարբերաբար ենթարկվում էին թաթար ավազակախմբերի հարձակումներին: Մ. Սիլիկովի նշանակումը նպատակ ուներ նաև պաշտպանելու բնակչությանը ելուզակների հարձակումներից:
ՀՀ-ում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր դրությունը դժգոհություն էր առաջացրել Նոր Բայազետում և գավառում: Այս հանգամանքից օգտվում են բոլշևիկները, որոնք ակտիվ հակակառավարական քարոզչություն են տանում բնակչության և հատկապես զինվորների շրջանում: Կարելի է ենթադրել, որ բոլշևիկները, տեղեկանալով հրամանատարության ծրագրի մասին` զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, փորձում են զանազան միջոցներով խանգարել այդ գործողությանը, ինչպես օրինակ՝ բանակում հակակառավարական քարոզչություն ծավալելով, քանի որ օրակարգի հարց էր դարձել Ադրբեջանի խորհրդայնացումը:
Մ. Սիլիկովից և նրա շտաբից աննկատ է մնում բոլշևիկների ակտիվությունը: Գեներալը տեղեկանալով, որ բոլշևիկ Հովհաննես Սարուխանյանը (1882-1920թթ.) հակակառավարական լայն քարոզչություն է ծավալել` արտաքսում է նրան գավառից: Սակայն, 1920թ. մայիսի 7-ին Հ. Սարուխանյանը, չնայած արգելքին, վերադառնում է Նոր Բայազետ: Պատմաբան Համլետ Հարությունյանը, վկայակոչելով բոլշևիկյան մամուլը և արխիվային փաստաթղթերը, նշում է, որ Հ. Սարուխանյանը, արհամարհելով «գեներալի (Մ.Սիլիկովի – Ռ.Ս.) սպառնալիքները և խոստումները», հայտարարել է հետևյալը. «Կոմունիստները երբեք չեն նահանջում իրենց գաղափարներից և ոչ մի դեպքում չեն կատարում թշնամու թելադրանքը»:
Մայիսի 10-ին Մ.Սիլիկովը Ղարանլուղ (Մարտունի) գյուղում հանդիպում է Հ. Սարուխանյանին, որը հակապետական քարոզչություն էր ծավալել բնակավայրում տեղակայված հայ զինվորների շրջանում: Կարելի է եզրակացնել, որ Մ. Սիլիկովը փորձել է օգտագործել ցանկացած հնարավորություն` գավառում կարգուկանոնը պահպանելու և գործը արյունահեղության չհասցնելու համար: Եվ դա այն դեպքում, երբ նա, որպես գեներալ-նահանգապետ, ուներ բոլոր հնարավորությունները բոլշևիկ քարոզչին ձերբակալելու համար:
Գեներալը, սակայն, չի դիմում կտրուկ միջոցների, որը հնարավորություն է տալիս Հ. Սարուխանյանին 300 զինվորների գլուխն անցած, մայիսի 12-ին մտնել Ղարանլուղ և ձերբակալել մի քանի սպաների, որոնց թվում նաև Մ. Սիլիկովին: Վերջինիս կալանումը կատարվում է Հ. Սարուխանյանի անմիջական մասնակցությամբ: «Աշխատավոր» թերթը գրում էր. Մ. Սիլիկովի այն հարցին, թե՝ «Դուք չէ՞ որ ինձ ազնիվ խոսք տվեցիք բանակին ձեռք չտալ, պ.Սարուխանյան»: Վերջինս պատասխանել է՝ «Ես այն ժամանակ ձեզ ստեցի, ընկեր Սիլիկյան»:
Մայիսի 19-ի կեսօրին կառավարական զորքը մտնում է Նոր Բայազետ և բանտից ազատում է կալանված սպաներին, որոնց թվում էր նաև Մ. Սիլիկովը:
Ինչպես նշեցինք, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, նախկին ՀՀ զինված ուժերում ծառայած սպաները, այդ թվում նաև Մ. Սիլիկովը, ձերբակալվում և աքսորվում են: 1921թ.սեպտեմբերին Մ. Սիլիկովը ազատ է արձակվում և վերադառնում Երևան և աշխատանքի անցնում «Բալթիկա» բաժնետիրական ընկերությունում՝ որպես հաշվապահ և վաճառող: Ընկերությունը պատկանում էր ոմն Նիկոլսոնի, որը մինչև խորհրդային կարգերի հաստատումը Ալեքսանդրապոլում (Լենինական, Գյումրի) ունեցել է գյուղատնտեսական գործիքների խանութ:
«Բալթիկա» ընկերությունում Մ.Սիլիկովն աշխատում է 1,5 տարի և հավանաբար 1923թ. ծառայության է անցնում «Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեում» կամ Ամերկոմում, որտեղ աշխատում է մինչև 1929 կամ 1930թթ.: Կոմիտեն զգալի դեր է ունենում հայ գաղթականության և հատկապես որբ երեխաների փրկության գործում:
Գեներալ Թ. Նազարբեկյանի անձնական արխիվում պահպանվել են Մ. Սիլիկովի մի քանի նամակներ, ինչպես նաև մեզ չհասած նամակներից արված քաղվածքներ: Թ.Նազարբեկյանը, որը բնակվում էր Թիֆլիսում, նախաձեռնել էր հուշագրություն, որը վերաբերում էր Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատում ընթացած մարտական գործողություններին, 1918թ. Մայիսյան հերոսամարտերին: Մի շարք օպերացիաների, դեպքերի և անձերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և ճշտումներ կատարելու համար գեներալը դիմել է Մ. Սիլիկովին` խնդրելով օժանդակել այդ խնդրում: Վերջինս, իր հնարավորությունների սահմաններում օգնել կամ հուշել է, թե ում պետք է դիմել:
Մ. Սիլիկովը դեղամիջոցներով օգնել է նաև առողջական և նյութական ծանր վիճակում գտնվող իր հրամանատարին: Թ.Նազարբեկյանին դեղեր է ուղարկել Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ) բնակվող գեներալ Հովհաննես Հախվերդյանը (Հախվերդով): Ե՛վ Հ. Հախվերդյանը, և՛ Մ. Սիլիկովն իրենց նամակներով աշխատում էին ոգևորել և գոտեպնդել ծայրահեղ աղքատության և հոգեկան ծանր վիճակում գտնվող Թ. Նազարբեկյանին, որը մտածում էր ինքնասպանության մասին:
Իր հրամանատարին և մարտական ընկերոջն ուղղված նամակներում Մ. Սիլիկովը պարտադիր հաղորդում էր բարևներ իր կնոջից և որդուց` ընդգծելով ընտանիքի խորին հարգանքը Թ. Նազարբեկովի նկատմամբ:
Մ. Սիլիկովը տեղեկանալով, որ Թ. Նազարբեկյանը քաղվածքներ է կատարում իր նամակներից, պատրաստակամություն է հայտնում իր վրա վերցնելու այդ աշխատանքը, խնդրելով իրեն ուղարկել իր նամակները և նյութերը: Նա հետևյալն է գրում Թ. Նազարբեկովին. «Ես կկազմեմ մանրամասն գրություն և այդ ամենը ողջ նյութի հետ կուղարկեմ Ձեզ` Ձեր գրառումների համար: Շատ ուրախ կլինեմ այդ գործում Ձեզ օգնելու համար»:
1927թ. Մ. Սիլիկովը կրկին ձերբակալվում և աքսորվում է Դոնի Ռոստով, որտեղից Երևան է վերադառնում նոյեմբերին:
1935թ. նոյեմբերի 25-ին Մ. Սիլիկովը կրկին ձերբակալվում է ՆԳԺԿ-ի կողմից: Ձերբակալման և բնակարանի` Սվերդլովի 99, խուզարկության հրամանը ստորագրողների թվում է Անդրֆեդերացիայի ՆԳԺԿ վարչության պետ, տխրահռչակ Խ. Մուղդուսին (Խաչատուր Աստվածատրյան):
Գեներալն ամբաստանվել է միապետական հայացքների և նախկին դաշնակցական Հռիփսիմե Իսրայելյանի հետ կապ ունենալու համար: Մ. Սիլիկովին հարցաքննող քննիչ Իսրայելյանը հայտնել է, որ Հ. Իսրայելյանի ամուսինը ծառայել է նախկին ՀՀ-ի հակահետախուզությունում:
Քննիչը պահանջում է, որ Մ. Սիլիկովը հաստատի, որ «Բալթիկա» ընկերության աշխատակից Գևորգ Քրմոյանն իրեն 1922թ. հայտնել է, որ նախկին ՀՀ կառավարությունն իր իշխանությունը վերականգնելու համար կազմակերպել է Զինվորական խորհուրդ: Մ. Սիլիկովը կտրականապես հերքում է:
1936թ. հունվարի 23-ի հարցաքննության ժամանակ Մ. Սիլիկովը հայտնում է, որ մինչև 1928թ. նամակագրություն է ունեցել Թ. Նազարբեկյանի հետ:
Քննիչի այն հարցին, թե ով է Տյոմա Սիլիկովը, գեներալը պարզաբանում է, որ նա իր հորեղբոր տղան է` Արտյոմը, նախկին ռուսական բանակի Գլխավոր շտաբի սպա: Նա ծառայել է գեներալ Անտոն Դենիկինի (1872-1947թթ.) բանակում և բոլշևիկների կողմից պարտվելուց հետո վտարանդվել է արտասահման:
1936թ. հունվարի 26-ի հարցաքննության ժամանակ Մ. Սիլիկովը կրկին պնդում է, որ իրեն մեղավոր չի համարում:
Փետրվարի 25-ի որոշման մեջ ՆԳԺԿ-ի Քաղաքական գաղտնի բաժնի լիազոր Ջամջյանը գտնում է, որ ուսումնասիրելով Մ. Սիլիկովի դեմ հարուցված թիվ 4061 գործը, եկել է եզրակացության, նրա դեմ հարուցված բոլոր մեղադրանքները հետաքննությունն ապացուցել է: Լիազորը, սակայն, հաշվի առնելով Մ. Սիլիկովի տարիքը` 74 տարեկան, որոշում է նրան ազատել կալանքից` Երևանից չբացակայելու պայմանով, մինչև որ ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի Հատուկ խորհրդակցությունն ընդունի համապատասխան որոշում:
1936թ. փետրվարի 29-ին Մ. Սիլիկովը գրում է պարտավորագիր Երևանից չբացակայելու մասին:
Մարտի 16-ին ՀԽՍՀ դատախազի տեղակալ Միքայելյանը, քննելով Մ. Սիլիկովի դեմ հարուցված մեղադրանքները, առանձնացրել է հետևյալները.
Նոր Բայազետում կոմունիստներին հետապնդելը:
1921թ. աքսորից վերադառնալուց հետո «գերմանոֆիլ» Վարազդատ Տերոյանի (1887-1938թթ.) հետ ունեցած մտերիմ հարաբերությունները:
Դաշնակցական ընդհատակյա կազմակերպության Կենտրոնական կոմիտեի անդամ Հ. Մուշեղյանի հետ հանդիպելը:
Քննելով վերը նշված հարցերը` Միքայելյանը եզրակացնում է, որ Մ. Սիլիկովի դեմ հարուցված մեղադրանքներն ապացուցված են և քրեական գործը պետք է հանձնել ՆԳԺԿ Հատուկ խորհրդակցությանն առանց դատական կարգի:
Ապրիլի 5-ին պետական անվտանգության լեյտենանտ Սարկիսովը, քննելով Մ. Սիլիկովի դեմ հարուցված մեղադրանքները, եզրակացրել է, որ դրանք ապացուցվել են մասնակիորեն, ուստի պետք է գործը կարճել` հանձնել արխիվ և Երևանից չբացակայելու որոշումը համարել անվավեր:
Ցավոք, Մ. Սիլիկովը երկար չմնաց ազատության մեջ: 1937թ. նա ձերբակալվում է չորրորդ անգամ: Նոյեմբերի 16-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի Եռյակը գեներալին դատապարտում է մահապատժի, որն ի կատար է ածվում նոյեմբերի 22-ին:
Նման անհեթեթ որոշման պատճառը պարզելու համար մեր կողմից ուսումնասիրվել են նախկին ՀԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի արխիվից Հայաստանի ազգային արխիվ բերված և բռնադատվածներին վերաբերող քրեական մի շարք գործեր:
Քրեական գործերից մեկում, որը վերաբերում էր նախկին խորհրդային զինծառայող Սարգիս Գևորգի Ջամոյանին (1891-1938թթ.), մենք գտանք հիշատակություն Մ. Սիլիկյանի մասին:
Ս. Ջանոյանը եղել է ռուսական բանակի ենթասպա, մասնակցել է ռուս-թուրքական ռազմաճակատում ընթացած մարտական գործողություններին, պարգևատրվել է մարտական շքանշանով: Հետաքննության նյութերից «պարզվում» է, որ Ս. Ջամոյանը, գեներալներ Քրիստափոր Արարատյանը (1876-1937թթ.) և Մ. Սիլիկովը եղել են «հակահեղափոխական սպայական կազմակերպության» անդամներ:
Ըստ ՆԳԺԿ-ի ունեցած «հավաստի» փաստերի` վերը նշված զինվորականները եղել են 1936թ. Բելոռուսական ռազմական օկրուգի հրամանատար Ի. Պ. Ուբորևիչի (1896-1937թթ.) կազմակերպած հակախորհրդային, «սպայական-ֆաշիստական» կազմակերպության անդամներ: ՆԳԺԿ-ի կողմից հորինված այս քրեական գործը հայտնի էր «Տուխաչևսկու գործ» անունով: Նշենք, որ այդ անհեթեթ ամբաստանությունների հիման վրա ձերբակալվել և գնդակահարվել են Խորհրդային Միության մարշալ Մ. Ն. Տուխաչևսկին, Կիևյան ռազմական օկրուգի հրամանատար Ի.Է.Յակիրը, Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի պետ Ա.Ի.Կորկը և շատ ուրիշներ:

Ս.Ջանոյանի քրեական գործից նյութերի քննությունից երևում է, որ Մ.Սիլիկովը հարցաքննվել է միայն մեկ անգամ` 1937թ. սեպտեմբերի 22-ին: Քննիչին տված ցուցմունքում նա հայտնել է, որ եղել է ցարական բանակի գեներալ մայոր և որպես գեներալ-լեյտենանտ ծառայել է «դաշնակցական» բանակում և վարել է Նոր Բայազետի գեներալ-նահանգապետի պաշտոնը: Մ.Սիլիկովը, այլ ցուցմունքներ չի տվել և վերը նշված «սպայական գաղտնի կազմակերպությանը» պատկանելու վերաբերյալ չի հարցաքննվել: Դա արդեն բավական է եղել, որպեսզի Եռյակն անմիջապես մահապատժի վճիռ ընդունի և գնդակահարության դատապարտի անմեղ մարդկանց: Պատահական չէ այն, որ քրեական գործի վրա կար հետևյալ մակագրությունը ############## ՊՌ (նախկին մարդիկ):
Հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկովի բարի անունը վերականգվեց միայն 1987թ. նոյեմբերի 10-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց ՀԽՍՀ ՆԳԽԿ-ի Եռյակի որոշումը:
Այս վճռի պատճառը եղել է Մ. Սիլիկովի որդու` Գեորգիի դիմումը ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ. Մ. Չեբրիկովին (1923-1999թթ.): Միաժամանակ Գ. Սիլիկովը խնդրել է հայտնել հոր մահվան տարեթիվը, վայրը և հանգամանքները:
1988թ. հունվարի 14-ին ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանը (1924-1993թթ.) դիմում է ՀԽՍՀ արդարադատության նախարար Ա. Ս. Դադայանին` խնդրելով հրահանգել, որ Երևանի Սպանդարյան շրջանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում (ՔԿԱԳԲ) գրանցվի Մ. Սիլիկովի մահը, որը տեղի է ունեցել 1937թ. նոյեմբերի 22-ին:
Հունվարի 25-ին ՀԽՍՀ ՊԱԿ-ի X բաժնի պետ, փոխգնդապետ Ե. Աթթարյանը դիմում է Ադրբեջանի ԽՍՀ գործընկերոջը` փոխգնդապետ Բ. Ա. Ջամբարովին, խնդրելով, որ Բաքու քաղաքի բնակիչ Գեորգի Սիլիկովին տեղեկացնի, որ հայրը 1937թ. նոյեմբերի 16-ին դատապարտվել է պատժի առավելագույն չափի` գնդակահարության: Գ. Սիլիկովը հոր մահվան վկայականը կարող է ստանալ Երևանի Սպանդարյան շրջանի ՔԿԱԳԲ-ից:
Փետրվարի 10-ին փոխգնդապետ Բ. Ա. Ջամբարովը հայտնում է, որ Գ. Սիլիկովը հրավիրվել է ՊԱԿ, և նրան բանավոր տեղեկացվել է հոր մահվան հանգամանքների և մահվան վերաբերյալ տեղեկանք ստանալու հնարավորության մասին:
Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկովը կիսեց ռուսական և ազգային բանակներում ծառայած տասնյակ հազարավոր սպաների դժբախտ ճակատագիրը: Այնուամենայնիվ, հարկ եմ համարում նշել, որ ճիշտ է, բավականին ուշ, այնուամենայնիվ պատմական ճշմարտությունը հաղթեց: Հայ ժողովուրդը բարձր գնահատեց Մ. Սիլիկովի ծառայությունը: Այսօր գեներալի անունն է կրում Երևանի թաղամասերից մեկը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանել է զորավարի անունը կրող մեդալ:

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմ. գիտ. թեկնածու

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets