ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.01.2014

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. «Փոխհրամանատարը»

Նա գործնական է, իմաստուն եւ համեստ: Խիզախության մասին չեմ խոսում, որովհետեւ ինքնին խոսուն է հայ պատանու վերաճումը զինվորի, եւ զինվորի վերսլացքը փոխհրամանատարի աստիճանի:
Փոխհրամանատարն ինձ ասաց, որ գրագետ մարդկանց կարիք կա: 17 տարեկան երեխաները եկել են բանակ եւ կտրվել ամեն ինչից: Բնական է, որ նրանք ոչինչ են սովորել այս ընթացքում, հիմնավոր գիտելիքներ ձեռք չեն բերել: Իսկ եթե ամեն մի վաշտում գոնե մի քանի բանիմաց, շրջահայաց ու խորագետ մարդիկ լինեին, նրանք կարող էին մթնոլորտ ստեղծել, ներգործել մարդկանց մտքի ու զգացմունքների վրա: Խորհրդային հզոր բանակը գոյացել ու պահպանվել է այն պատճառով, որ նրա կառույցներում շատ էին այնպիսի մարդիկ, որոնք զինվորին գիտելիք էին հաղորդում: Հրամանատարը ցավ հայտնեց, որ ռազմաճակատում պատշաճ ուշադրություն չի դարձվում, անհրաժեշտ տարբեր մասնագետների կարողությունը չի ծառայեցվում հաղթանակի գործին: Այստեղ է վճռվում երկրի բախտը: Ո՞ւր են, օրինակ, երկրաչափ ճարտարագետները, որոնք կարող են անգնահատելի ծառայություն մատուցել
ռազմական ամրությունների, խրամատների, ռազմական շինարարության ասպարեզում: Իսկ մեր սխալների զգալի մասը այդ բնագավառում գիտելիքներ չունենալու հետեւանք է:


Կյանքումս բազմաթիվ շնորհալի, տաղանդավոր մարդկանց հետ եմ զրուցել, սակայն թերեւս ոչ ոք ինձ վրա այնպես չի ներգործել, ինչպես գերգործնական այս երիտասարդը:
Փոխհրամանատարի կենդանի խոսքը ձգձգված ու անազդեցիկ չէր, ինչպես ես եմ վերարտադրում հիշողությամբ: Նրա ձայնը մեղմ էր, նույնիսկ՝ խոնարհ, սակայն այնպիսի համոզվածությամբ էր խոսքը հնչում շատ բան տեսած երիտասարդի հոգու խորքերից, որ ես ակնապիշ ու համակ ուշադրությամբ լսում էի:
Նրա խելացի, վճռականություն արտահայտող կերպարը առինքնող էր: Նա պարզության եւ խորության մարմնացում էր: Երեւանում, երբ հազվադեպ երեւում էր, ոչ ոք չէր ասի, թե նա կռվող հրամանատար է:
Այն օրերին, երբ փոխհրամանատարի մոտ էինք, չէի կարողանում կռահել, թե նա երբ է քնում: Գիշերվա ցանկացած ժամին արթուն եմ տեսել: Երբ իրեն ասացի այդ մասին, նա ժպտաց. «Հարկավոր է հանգստանալու հնարավորություն ձեռք բերել»:
Զորամասում տիրող մթնոլորտը ջերմ, ընկերական է: Ես խիստ կարգապահություն չնկատեցի: Այստեղ հրահանգը, հրամանն ու սովորական խոսքը իրարից արտաքուստ չես տարբերի: Գուցե պարզապես հրամայելու կարիք չկա, քանի որ փոխհրամանատարը մեծ հեղինակություն է վայելում:
Որոշել էի վերոգրյալը տպագրության հանձնել մի քանի ակնարկների հետ՝ «Կենդանի պատկերասրահ» ընդհանուր վերնագրով, սակայն հանկարծահաս բոթը ցնցեց ինձ. լսեցի՝ փոխհրամանատարը զոհվել է ականի պայթյունից: Բոլորը նրան անվամբ էին կոչում, ինչպես սովորաբար անվանում են հայ զորավարներին՝ Դրո, Նժդեհ, Համազասպ… Ձայնագրած ունեմ Թիֆլիսեցի Էդիկի հետ հարցազրույցը, երբ վերադառնում էինք առաջավոր դիրքերից, գիշերային հերթափոխից. «Պետոյին առաջարկում են ռազմաճակատի հրամանատարություն, չի համաձայնում: Վերջին գործողություններին ռազմաճակատի հրամանատարն ինքն էր: Գումարտակում հավաքվածներս իրար լավ ենք հասկանում, միմյանց հարգում: Մի բաժակ ջուրն էլ կիսում ենք: Դրա համար ոչ ոք չի ուզում գնալ գումարտակից»:
Չորս օր անընդհատ փորձում էի գնալ Օմար, սակայն չէր հաջողվում: Վերնայինը հավանաբար ինձ խնայում էր՝ չկամենալով, որ ես Պետոյին զոհված տեսնեմ:
Աճյունն ամփոփվեց Պռոշյանում, սակայն Նժդեհի նման մասունքները տարածվել են Հայաստանի տարբեր վայրերում: Արագածի գագաթին ընկերները հուշաքար են դրել եւ ամեն տարի հուլիսի 31-ին Ժիրոն, Հովսեփը, Աբոն եւ ուրիշներ բարձրանում են լեռ եւ հանդիպում իրենց ընկերոջը, ապա իջնում Դղեր, ուր Պետոյի ծեր ծնողներն են: Ո՞վ կարող է մոռանալ Պետոյին:
«ԱԶԱՏԱՄԱՐՏ», թիվ 7, 18-25 փետրվարի, 1994

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets