ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.01.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Խաչատրյան Մակար


Խաչատրյան Մակար Տիգրանի [19.2.1965, գ. Դավթաշեն (այժմ՝ Արագածոտնի մարզում) – 20.1.1994, գ. Կարախանբեյլի (Ֆիզուլիի շրջան)]

Վաղուց հայտնի ճշմարտություն է. «Մի բան է օտարի լծից ազատագրել հայրենիքը, այլ բան է պահպանել այն, հզորացնել, բարգավաճել և ապրել ազատ կյանքով»: Այսօր մենք ապրում ենք մի երկրում, որի վերևում փայլում է լուրթ երկինքը, արևը, որի ոտքերի տակ ծաղկում ու փթթում է հայրենի հողը, որի ներսում ապրում ու ստեղծագործում է ազատ, անկախ հայը: Բայց Արցախյան լեռներում դեռ մնացել է հայրենի հողի համար իր երիտասարդ կյանքը տված հայ զինվորի սրտի կանչը: Կյանքի անավարտ հազարավոր պատմություններ, որ պիտի լրացնենք մենք` ապրողներս…. 
Մի երիտասարդ կյանքի պատմություն էլ ավարտվեց 1994 թվականի այսօրը... Խե՜ղճ հող հայրենի. դու նորից պիտի զգայիր զավակիդ ծանր շնչառությունը, դու նորից պիտի քո մեջ խառնեիր մի մաքուր երիտասարդի տաք արյուն, դու նորից պիտի քո մեջ առնեիր մի մատղաշ ծիլ… ծիլ, որը հետո արմատներ պիտի տար ու Արցախյան լեռներում բացվեր` իբրև հավերժության ծաղիկ: 
Անցել է 20 տարի.... բայց միևնույն է, այդ լուսե կերպարը մի կաթիլ անգամ չի խամրել դավթաշենցիների հոգում. այնտեղ` մի գողտրիկ անկյունում, ուր կա սեր ու բարություն, ուր կա հայրենասիրություն ու հայասիրություն դեռ շարունակում է ապրել ու շնչել այդ մատղաշ ծիլը, այդ կրակոտ երիտասարդը` Մակարը.... 

Հիմա խմում ենք կենացդ Մակար,
Քո ապրած կյանքից քամած մուգ գինով:
Գինուդ մեջ սեր կա, թախիծ ու ցավ կա
Ուժ ու կրակ կա, կենա՛ցդ եղբայր...

Մեր սրտի կարոտն ու հուշերն ենք խառնել, 
Գինուդ դառն համը չզգալու համար, 
Մեր հոգու աշնանը գարուն ենք խառնել, 
Քո ողջ կենացը խմելու համար:
Կենացդ եղբայր...

Գինուցդ հարբաց հեքիաթ ենք գրել, 
Աշխարհն անզոր է գրած հեքիաթը ջնջելու համար:
Աշխարհն անզոր է հեքիաթի բարի արդար հերոսին
Թիկունքից թաքուն խփելու համար: 
Աշխարհն անզոր է սիրո հավերժը կտրելու համար:
Կենացդ եղբայր...

Տեսնես դավին զոհ դառնալու պահին, 
Աշխա՞րհն ապտակեց, թե դու աշխարհին:
Կյանքդ արդարով փոխելու համար
Խիղճդ հանգիստ է. կենացդ եղբայր...

Սիրո արցունքից անբարած ծովը,
Մենք կդատարկեինք քեզ հետ ապրելու վայրկյանի համար 
Կարոտը թաց է...
Մեր սիրտն այրված է. 

Նա մատաղվեց հայրենիքին... ընկավ իր ուխտի կես ճանապարհին, ընկավ, որ Արցախը հավերժի, ընկավ, որ կանգուն մնանք մենք, ընկավ՝ ցավի կրակ վառելով հարազատների, ընկերների և իրեն ճանաչող ամեն մի մարդու սրտում: Իսկ տարիներ հետո, պետք է ծնվեի ես ու իմ սրտում պետք է հպարտության կրակ վառվեր. իմ երակներում պետք է հոսեր հերոսի արյունը: Պատիվ ունեմ լրացնելու քո կյանքը, սիրելի՛ հորեղբայր, պատիվ ունեմ կրելու քո ազգանունը... պատի՛վ ունեմ... 
Կորուսյալ հայրենիքի վերադարձի գաղափարով ու վճռականությամբ էր դաստիարակված երիտասարդ դավթաշենցի Մակար Խաչատրյանը, ով իր կյանքի կարճ, բայց և բովանդակ տարիների ընթացքում ապացուցեց, որ հայրենիքի համար պետք է պայքարել սրտացավորեն. Ուրիշ էր իր հոգու խռովքը, ուրիշ էր իր հոգու լույսը, որ բեկվել ու փշրվել չուներ: 
Իր պապի անվանակիրն ու արժանապատիվ ժառանգորդը հանգամանքների բերումով շարունակեց նախնիների ֆիդայական գործը: Մակարը մասնակցեց Հայաստանի սահմանամերձ գոտիների պաշտպանությանը, երջանիկ պատահականությամբ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում փրկվեց զոհվելուց: Այնուհետև 1993թ.-ի դեկտեմբերին գյուղի մյուս տղաների հետ մեկնեց Արցախ: 
Յոթն էին և յոթն էլ գնում էին երդվյալ զինվորի վրեժխնդրությամբ ու հպարտությամբ: Գնում էին, լավ իմանալով, որ պատերազմը կատակ չէ ու խաղ չէ բնավ: Պատերազմում զինվորի համար մահ չկա: Մահվան մասին մտածողը հաղթել չի կարող: Մահվան մասին մտածողը վախկոտ է և դավաճան: Իսկ նմաններին պատմությունը չի ներում: 
Վաշտի սիրտն ու խինդն էիր, Մակար: Նույնիսկ եթե հոգնած լինեիր, անքուն հերթափոխից հետ դառնալիս, անմիջապես սկսում էիր հոգալ քեզ ու մյուսներին փոխարինած մարտիկների ճաշի պատրաստությունը: Պարապ պահ չկար քեզ համար: Ու չէր էլ կարող լինել: 
Մակարը դիրքերում մարտնչեց քառասուն օր ու գիշեր: 40 օր մահը անցավ քաջ ֆիդայու կողքով… Հունվարյան այդ առավոտն էլ Դաշտային Ղարաբաղում արևոտ էր ու տաք: Տաք ու արևոտ ինչպես իր սիրտը: Տղաներով շտապում էին դիրքերը: Շտապում էին րոպե առաջ փոխարինելու գիշեր լուսացրած ընկերներին: Եվ եղավ անսպասելին… 
Պայթեց թշնամու արձակած արկը… թշնամու նենգադավ գնդակը նրան է խոցեց: Խոցեց նաև նրա հետ, նրա կողքին կռվող աշնակցի Մերուժան Մարգարյանին՝ Մակարի ամենամտերիմ ընկերոջը: 
Դու երևի չզգացիր էլ քո մահը: Չնկատեցիր նույնիսկ Մերուժանին… Մտովի երևի չհասացրեցիր էլ տուն թռչել, գոնե սիրելի մայրիկին սփոփեիր. «Լաց չլինես, մայր, քո որդին մատաղվեց հայրենիքին»: 

1994թ.-ի հունվարի 23-ին սուգ էր Դավթաշենում: Մեծ ու փոքրին համակել էին ցավն ու ցասումը: Մակարը գյուղ էր «վերադարձել»: Եվ արդեն հավերժության լույս ճամփորդ: Մակարը գյուղ էր «վերադարձել» և արդեն որպես կանչ ու խորհուրդ մեզ՝ ապրողներիս: Եվ նրա հոգու կանչն ու խորհուրդն էր հուղարկավորության ներկա բոլոր-բոլորի շուրթերին: 

Վեր կաց, եղբայր իմ, երգս կիսեմ քեզ հետ,
Վեր կաց, եղբայր իմ, ցավը կիսենք մեկ տեղ,
Սառած մարմնիդ ես հուր կտամ,
Իսկ երգերին թևեր կտամ: 
Վեր կաց, եղբայր իմ, նոր օրն է արթնացել
Վեր կաց, եղբայր իմ, նոր կյանքն է շունչ առել՝
Կապույտ երկնի աննմար արքան,
Անտառների կանաչ հսկան: 
Իսկ ես … տանեմ քեզ սարերով,
Իսկ ես… տանեմ քեզ լեռներով,
Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
Տունը, հայրենի մեր տունը…
Վեր կաց, եղբայր իմ,
Վեր կաց… 
Իսկ քո ընկերնե՞րը, Մակար: Ցասման ու վրեժի ալն էր նրանց դեմքերին: մայր հողին քեզ հանձնելուց հետո դեռ երկար ժամանակ կանգնած էին քո շիրմաթմբի մոտ: Ու հանկարծ նրանց շուրթերից պոկվեցին քո սիրած երգի ելևէջները: Այդպես խրոխտ, այդպես հպարտ դու երգում էիր մարտի գնալիս, նաև մարտադաշտում. «Հե՜յ ֆիդայի… ջա՜ն ֆիդայի…»
Իսկապես քաջ ֆիդայի էիր դու, Մակար: Քաջ են և քո ընկերները, ովքեր քո շիրմաթմբի առջև դարձյալ երդվեցին՝ այնքան ժամանակ տուն չեն դառնա, քանի դեռ Արցախ աշխարհում կռիվ է ու պատերազմ: Երդվեցին, երդվյալի հավատարմությամբ, ֆիդայու հաստատակամությամբ: 
Ու ողջ գյուղը զգաց ու հասկացավ նրանց: Հասկացան բոլոր մայրերը, բոլոր հայրերը: Եվ նրանք, ովքեր վաղը հայրենիքի զինվոր են դառնալու: 

Իմ անունն է հերոս, 
Կոչված եմ մեռնել
Հանուն իմ ազգի երդվել եմ կռվել,
Անունս արի, քաջ դաշնակցական, 
Պատրաստ եմ մեռնել հանուն հայության:

Պատրաստ եմ կերտել հզոր բուրաստան, 
Պատրաստ եմ կերտել իմ մայր Հայաստան, 
Պատարստ եմ մորթել վախկոտ թշնամուն,
Իմ իսկ ձեռքերով, այլ ոչ կացինով՝ քնած ժամանակ:

Ինձ կոչում են հերոս, այլ ոչ խենթ պատառ,
Պոկած թշնամու սվինով կեղտոտ,
Իմ անունն է պայքար, վախճանս՝ հաղթանակ,
Ե՛կ կերտենք միասին ազատ ու անկախ, միացյալ Հայաստան: 

Իմ անունն է արդար օրհնյալ հայորդի, 
Երբեք չեք գտնի խոսքիս մեջ կեղծիք: 
Իմ անունն է զավակ քնքուշ հայոց մոր,
Որ դարեր շարունակ երգում էր օրոր:

Երգում էր օրոր հերոսին անմահ, 
Քանզի իր հերոսն անքուն էր դարձյալ,
Երգում էր օրոր սեղմած ձեռքերով, 
Պատրաստ էր զոհել հնչյուններն աղոտ: 

Իմ անունն է Դուշման, Նժդեհ, Արաբո, 
Կանգնած եմ ահա բարձունքին գերող
Կանգնած եմ պատրաստ կռվին, որ երբեք 
Չի կնքի ավարտ. Ավարտն էլ եմ ես: 

Անունս է հայ, քաջ դաշնակցական, 
Պատրաստ եմ ապրել հանուն հայության, 
Կազմել ընտանիք, լինել երջանիկ, 
Երազում այս խենթ բուսնած միամիտ:

Իմ անուն է հայ, Հայ եմ ես հավերժ, որտեղ էլ լինեմ: 
Անունս պայքար, վախճանս՝ հաղթանակ: 

Մակարի և իր նմանների անձնվեր ու սուրբ գործի արդյուքում, այսօր էլ, ծնվում ու մեծանում են նոր զինվորներ, նոր հերոսներ, նոր Մակարներ…. 
Ճակատագիրը նրանից խլեց ամենաթանկը` կյանքը, սակայն «մահվան չոր ձեռքը քեզ հողին չհավասարեցրեց», Մարկա՛ր.…. Դու էլ ընկար, բայց քո գործով անմեռ հիշատակ թողեցիր, հետո Փառքը եկավ ու հավերժ պարուրվեց քո սառած մարմնին, քո անչափ մարդամոտ, ընկերասեր ու վառ էությանը, քո ազնիվ և արի հոգուն, քո Մարդ տեսակին… Այն տեսակին, որի սրբությունը հայրենիքի հանդեպ պարտականությունն էր, որի պարտականությունը` խոսքը գործ դարձնելն էր, որի գործն էլ` ազատ ու անկախ հայրենիք կերտելն էր… 
Կարճ ապրեցիր քո կյանքը, Մակա՛ր. դու անարդարության երդվյալ թշնամի, հայրենիքի անձնվեր մարտիկ, դու, որ քո գործած սխրանքներով ու քո վսեմ կերպարով նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեցիր հայրենասիրությանն ու ազնվությանը, դատապարտված էիր տեսնելու ընդհամենը 29 գարուն: Բայց դու անմահացար քո իսկ մահով, որպես ընկեր, որդի, բարեկամ… 
Եվ քանի դեռ կա հայ զինվորի զորեղ ու գիտակցված պայքարի ոգին, քանի դեռ կա նրա հողային արդար դատին նվիրված երիտասարդ սերունդ, ուրեմն հայը կապրի, ուրեմն հայկական արդարացի դատին տեղ չի լինի ոչ մի գերեզմանատան մեջ ու կշարունակվի քո անմահ սխրանքը: Եվ եթե պետք լինի՝ կշարունակենք ՀԵՆՑ ՄԵՆՔ... 
ԵՐԴՎՈՒՄ ԵՆՔ...



ՆՅՈՒԹԸ ՄԵԶ ՏՐԱՄԱԴՐԵՑ ՝  Պողոս Խամոյանը

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets