ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.01.2014

ՏԻՐԱՆ

Տարոն աշխարհը առժամանակ խաղաղվում է։ Երեսուն տարի Տարոնի և Ապահունիքի վրա իշխելուց հետո մեռնում է Վահան Կամսարականը և թաղվում ս. Կարապետի վանքի բակում՝ իր պապերի կողքին։ 
Վահանի որդի Տիրանը, վրաց Վաշդեն իշխանի և իր հանգուցյալ հոր խորհրդով, գնում է պարսից Խոսրով թագավորի մոտ, դառնում նրա որդեգիրը և Հայոց աշխարհի վրա մարզպան կարգվում։ Խոսրով թագավորը Տիրանին մեծ զորքով ուղարկում է հունաց թագավորի դեմ պատերազմելու։ Իսկ Տիրանը նախապես պատգամավոր է ուղարկում հունաց կայսրի մոտ, ասում. 
— Չվախենաս իմ գալուց, ինձ մի քաղաք տուր, որպեսզի այնտեղ հավաքեմ հայոց զորքերը և քեզ թիկունք ու օգնական դառնամ։ 
Հունաց կայսրը սիրով ընդունում է Տիրանի առաջարկը, հավատարմության ուխտի պայման կնքում և Տիրանին համարում ոչ միայն Հայոց ու Պարսից մարզպան, այլ նրան դարձնում դեմեսլեկոս1 Հունաց ամբողջ աշխարհի վրա։ 
Վաշդեն իշխանն այս իմանալով, սաստիկ զայրանում է, մարդ է ուղարկում Խոսրով թագավորի մոտ, ասում. 
— Տիրանը քեզ դավաճանեց և անցավ հույների կողմը։ Այժմ ինձ ուղարկիր ութ հազար ձիավոր Վանանդ գավառի մոտ, ես կբռնեմ Տիրանին ե քո ձեռը կհանձնեմ։ 
Խոսրովը կանչում է վրաց իշխանորդի Ջոջիկին, որին մարզպան էր դարձրել, նրա ձեռով Սյունյաց իշխանին տալիս է խիստ ծեծել, իբրև նենգ ու խարդախ ազգի, իսկ ինքը հազարանոց զորք է ուղարկում վրաց Վաշդեն իշխանին։ 
Վաշդենը նամակ է գրում Տիրանին, ասում. 
— Հոգնեցիր պանդխտության մեջ մնալուց, այժմ վերադարձիր, որպեսզի մի բան մտածենք պարսից արքայի վերաբերյալ։ 
Տիրանը Վաշդենի նամակը ստանալու օրը մեկ այլ նամակ էլ ստանում է Վաշդենի քրոջ որդի Համամից, որը հայտնում էր Վաշդենի կողմից նրա դեմ նյութվող դավադրության և պարսից զորքերի գալու մասին։ 
Տիրանը շտապ պատասխան է գրում Վաշդենին և նրան ամոթանք տալիս իր դեմ գաղտնի դավադրություն սարքելու համար։ 
Վաշդենը խիստ զայրանում է Համամի վրա, նրա ոտ ու ձեռը ծայրատում-կտրում, վերցնում պարսից զորքը, անցնում Ճորոխ գետը, գնում Համամի քաղաքը, որ կոչվում էր Տամբուր։ Սրով ու հրով մտնում է քաղաքը, կոտորում, ավերում, գերում։ Քաղաքի եպիսկոպոսն անիծում է անողոք իշխանին։ Վաշդենը, սրանից զայրացած, կոտորել է տալիս սուրբ Սիոն եկեղեցու բոլոր քահանաներին, եպիսկոպոսին մորթում սուրբ սեղանի վրա։ 
Նույն տարին հունաց Հերակլ կայսրը սպանում է պարսից Խոսրով թագավորին, հիշում իր և Տիրանի միջև եղած ուխտն ու երդումը և Տիրանին կարգում մարզպան համայն Հայոց աշխարհի վրա, ինքը գնում Կոստանդնուպոլիս։ 
Ութ տարի անց, արաբներն արշավում են Հայաստան։ Հայաստան է գալիս Մահմեդի քրոջ որդի Աբդռահիմը՝ տասնութ հազար հեծելազորով և Հայոց աշխարհից հարկ պահանջում։ 
Տիրանը հրաման է տալիս՝ ժողովել ամբողջ զորքը և ելնել արաբների դեմ պատերազմի։ Սակայն Վաշդենի որդի վրաց Զոջիկ իշխանը Հայոց աշխարհը ապստամբեցնում է Տիրանի դեմ, որպեսզի չենթարկվեն նրա հրամանին և չելնեն արաբների դեմ պատերազմի։ Տիրանը տեսնելով, որ ամեն ինչ վերջացած է, դիմում է իրենց կամքով իր մոտ հավաքված ութ հազար հայ զինվորներին. 
— Ո՛վ քրիստոնյա ժողովուրդ, ավելի լավ է մեռնել, քան մեր երկիրն ու եկեղեցին հարկատու դարձնել տաճիկներին2։ 
Հաջորդ օրը առավոտյան Տիրանը Գրգուռ լեռան ստորոտում կռվի է ելնում արաբների դեմ, մինչև կեսօր կռվում և արաբներին նեղելով, փախուստի մատնում։ Սակայն այդ պահին Անձևացյաց Սահուռ իշխանն իր զորքով ապստամբում է Տիրանի դեմ, անցնում արաբների կողմը և սկսում կռվել հայոց զորքի դեմ։ Արաբները նորից զորանում են, և կռիվը բորբոքվում է նոր թափով։ 
Տիրանը զայրացած ճեղքում է երկու ճակատները, մխրճվում դավաճան Սահուռի զորքի մեջ, հասնում նրան, գոչում. 
— Կա՛ց, ուրացող Սահուռ, աստված քեզ իմ ձեռը մատնեց։ 
Ապա սուրը բարձրացնելով՝ խփում, կտրում է Սահուռի գլուխը, բայց ինքն էլ նույն պահին երկու իշխանների հետ սպանվում է։ Արաբները շրջափակում են հայոց զորքը, շատերին կոտորում, ոմանց էլ հաջողվում է փախչել, անցնել Օձ քաղաքի մոտ գտնվող ճահիճների հակառակ կողմը։ 
Աբդռահիմը այդ հաղթանակից հետո անցնում է Հայոց աշխարհի մնացած գավառները, հասնում Ջավախք, Վրաստան, Վանանդ, բոլորից հարկ վերցնում, վերադառնում Տաճկաստան։ 
Նույն տարին արաբներն ավերում են Աշտիշատի եկեղեցին, ս. Կարապետի վանքը և Թիլում գտնվող Կաթողիկե եկեղեցին։ Իսկ Տիրանին թաղում են Պորպ քաղաքի մոտ գտնվող Տարոնի Ձյունակերտ եկեղեցու դռանը։ 
-------------------------- 
1 Դեմեսլեկոս՝ հունարեն դոմեստիկոս բառի հայերեն արտասանությունը, կայսերական թիկնապահ, բյուզանդական կայսրության ժամանակ արևելյան բանակի զորավարին տրվող տիտղոս։ 
2 Միջնադարում արաբներին հայերը տաճիկ էին անվանում։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets