ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.01.2014

ԵՐԳԻՉԸ՝ ՆՎԱՃՈՒՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Եթե հրաշք լիներ ու հանկարծ աչքերը բացեր հանճարեղ Կոմիտասը, ապա ունկնդրեր այլևս պղտորված հայ երգը, գուցե ափսոսար իր վերհառնումի համար ու վերստին ցնորվեր հայ երգի մոգը: Իրոք ցնորվեր, քանզի սնկային առատությամբ օր օրի ի հայտ եկող ու իրենք իրենց լուսաստղեր հռչակած, ինչ-ինչ միջոցներով շոուբիզնեսային «հրավառություններ» անող երգիչ-երգչուհիների առավելագույն մասն իսկապես հերն անիծում են ժողովրդականի, ազգայինի, հայրենասիրականի: Հերն անիծում են՝ ըստ իրենց
քմահաճույքի, ըստ իրենց անճաշակ ճաշակի, այն համեմում մուղամային-աջաբսանդալությամբ, աղտոտում-ապականում են հայ երգի վճիտ երկինքը, ոգին, մեղեդին... Հատուկենտ են իսկապես կոչվածները, որոնց չէինք ուզի խառնել մանր-մունր կայծոռիկների ուռճացած վտառին... Ահա այդ սակավներից մեկն է Հայկ Մխոյանը՝ անհավակնոտ, «աստղային հիվանդությամբ » տառապելու ծարավից ու մորմոքից այնքա՜ն հեռու մի երգիչ, ով հայ երգի անապատացող տարածքում իր օազիսն է ստեղծել ու ինքնահատուկ բարիտոնով Սայաթ-Նովա, Ջիվանի, Աշոտ ու Շերամ է հնչեցնում: Տակավին երիտասարդ է Հայկը, ապահովված մասնագիտական կրթությամբ: Նախապես ուսանել է մայրաքաղաքի Ջիվանիու անվան աշուղական դպրոցում, այնուհետև երգարվեստի գաղտնիքները յուրացնելու նպատակով ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Դեռևս առաջին կուրսում էր, երբ անդրանիկ մենահամերգով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ հայահոծ քաղաքում, իսկ մեկ տարի անց այն կրկնեց հայրենի Տաշիրում: Ընդունելությունը ոգևորիչ էր, ջերմ ու անկաշառ, և լայն շրջանակներին տակավին անծանոթ շնորհաշատ երգիչը սքանչելի կատարումներով մասնակցեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին՝ որպես հայ սփյուռքը ներկայացնող արվեստագետ (հանգամանքների բերումով նա ստացել էր ՌԴ քաղաքացիություն): Փառատոնի մասնակցության համար ստացած նրա պատվաբեր դիպլոմը Հայկի անցնելիք բարդ ու դժվարին ճանապարհի սկիզբն է խորհրդանշում: Սկիզբ, որը զուգորդվում է մայր երաժշտանոցի մագիստրատուրայում ուսումնառությամբ և դեռ շարունակելու է ասպիրանտուրայում... Վերոնշյալ համերգային ելույթներով բնավ էլ չի սահմանափակվում ծնունդով տաշիրցի, սակավախոս ու անշինծու համեստությամբ իր անձը զարդարող երգչի մենաելույթների ցանկը: Նրա առինքնող կատարումներով Ուկրաինայի Խարկով քաղաքի հայ համայնքը, կարծում եմ, փոքր-ինչ ավելի հայացավ: Իսկ դա անցյալ տարվա սեպտեմբերին էր: Նույն խորհուրդն ուներ նաև հոկտեմբերին կայացած համերգը Կրասնոյարսկում, որով և սահմանափակվեց 2010-ի՝ Հայկի համերգային շրջափուլը: Վերադառնալով հայրենիք՝ մասնակցեց «Հայկազունք» համույթի համերգային ծրագրին՝ արժանացավ ԵԿՄ նախագահության պատվոգրին: Բայց տաղանդավոր երիտասարդի ամենաբարձր պարգևը ի վերուստ քչերին և իրեն տրված շնորհն է՝ երգչի շքեղ շնորհը, որով նա արդեն իսկ բազմահազար սրտեր է նվաճել և դեռ նվաճելու է՝ ընդարձակելով իր գեղեցիկ արվեստի ծիրն ու սահմանները: իսկ ծիրն ու սահմաններն անսահման են, քանի որ իսկական, ոգեղեն ու հոգեբուխ երգը ծիր ու սահմաններ չի ճանաչում: Հայկ Մխոյանի մասին, իհարկե, ամեն ինչ չէ, որ ասվեց: Անշուշտ, շատ շուտով գալու է նաև այդ ժամանակը: Միայն ուրախությամբ ավելացնենք, որ առաջիկայում՝ փետրվարի 25-ին, հայրենի եզերքում՝ Տաշիր քաղաքում, կայանալու է ճշմարիտ երգի նվիրյալ ու արդեն իսկ երկրպագուների պատվաբեր բանակն ունեցող երգչի մենահամերգը: Վստահ ենք, որ հերթական համերգով նա նոր հաջողություններ ու ավելի ընդգրկուն լսարաններ կնվաճի:
Շահանե Առաքելյան




Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets