ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.01.2014

ՀԱՅ ՖԻԴԱՅԱԿԱՆ ՈԳԻՆ

ՔԱՆԻ ՄԱՍԻՍԸ ԿԱ, ՀԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԻՆ ՎԱԽՃԱՆ ՉԿԱ…

Անվանի գրող, թարգմանիչ Խաչիկ Դաշտենցը հայ մշակույթի երախտավորներից էր, հեղինակը «Խոդեդան», «Ռանչպարների կանչը» վեպերի, որոնցով մեզ ժառանգեց հայ ֆիդայիների հզոր կամքը, հրեղեն շունչը, հայրենասիրական մեծ ոգին, չարի դեմ ժառանգած նրանց առասպելական կերպարը։ Այդ գրքերը հայ ոգու հանրագիտարան կարելի է համարել։ Եվ ճիշտ էր նրա կրտսեր գրչընկեր Մուշեղ Գալշոյանը. «Ինչպես հայ ֆիդայիները դաշտադեմցի Խաչիկի կանչով նոր□նոր գալիս են դեպի մեզ, այնպես էլ ինքը՝ Խաչիկ Դաշտենցը նրանց հետ գալիս է եւ ամեն սերնդի հետ կորոնի իր հայրենիքի Բրաբիոն ծաղիկը»։ Բրաբիոն ծաղիկը, որ ազատ կյանքի, երջանկության խորհրդանիշն էր։
Նշելով սիրելի գրողի, իսկական հայրենասերի ծննդյան տարեդարձը՝ նրա երկերից ներկայացնում ենք մտքեր, ասույթներ, որոնց «հեղինակներն» իրենք են՝ հայ ֆիդայիները։
Ֆիդայու ամեն մի վերքը, ամեն մի սպին դրոշմ է բռնակալության դեմ մղած կռիվների։ Իսկ այդ կռիվներն անթիվ են եղել։
♦♦♦
Ֆիդային գերեզման չունի։ Նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է՝ ազատության երգը շուրթերին եւ գնդակը ճակատին։
♦♦♦
Ֆիդայու երդումն է.
«Երդվում եմ իմ պատվի եւ ազգության վրա՝ իմ բոլոր ուժով, եթե հարկ լինի՝ նաեւ իմ արյունով ծառայել Հայաստանի ազատագրության դատին ընդդեմ բռնակալության։ Այսուհետ իմ բարձը Հայաստանի լեռները կլինեն եւ իմ ամենամեծ բաղձանքը՝ հայրենիքի համար մեռնելը։ Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբույրին»։
♦♦♦
Ֆիդայու խոսքը զինվորագրյալին.
«Ո՞վ է քո սիրեցյալը։ Հայրենիքն է։ Դրա համար էլ դու պետք է միշտ նրան սիրես, նրան նվիրվես, նրան պաշտես։ Քո սիրուհին Հայաստանն է։ Նա շղթաների մեջ է։ Դու պետք է փշրես այդ շղթաները եւ նրան ազատ արձակես։ Հայաստանը մի առասպելական նժույգ է, որին չարքերը դարերով կաշկանդել են մութ զնդանում։ Դու պետք է նրան այդ զնդանից հանես։ Մեկ անգամից հնարավոր չէ փրկել մի ժողովրդի, որ վեց հարյուր տարի տանջվում է օտարի լծի տակ։ Հարկավոր է աստիճանաբար գնալ դեպի նպատակի իրագործում։ Հարկավոր է զգուշությամբ իջնել այն ստորերկրյա նկուղը, ուր այդ ազնիվ նժույգն է կաշկանդված, գտնել նրա սանձերը, որոնել, սալաքարի տակից դուրս բերել նրա թամբը։ Դու չպետք է ունենաս քո սեփականը, որ այդ մեծ ընդհանրականի բաղձանքն ունենաս։ Դու պետք է լինես քո ծառան եւ քո ընկերոջ ծառան…»։
♦♦♦
Ֆիդայական ինքնաբնութագիր.
«Աշխարհում ֆիդային ոչ մի հարստություն չունի։ Նա օթեւան չունի։ Յոթ օրից ավելի ֆիդային իրավունք չունի մնալու նույն տեղում։ Նա անվերջ շարժման մեջ է։ Երբ բոլորը քնած են, ֆիդային ելնում է ոտքի։ Նա զրկված է լուսաբացի քաղցր քնից։ Ոչ ոք չպիտի իմանա, թե ֆիդային ինչ ուղղությամբ անհետացավ խավարի մեջ, ո՛ր ձորից ելավ եւ ո՛ր սարի լանջերով գնաց…»։
♦♦♦
Ֆիդայիներն իրենց հույսը պետք է դնեն իրենց վրա եւ իրենց ժողովրդի սեփական ուժերի վրա։
♦♦♦
Հայ ֆիդային իր բարոյական նկարագրով բարձրագույն կետն էր մարդկային առաքինության։ Ո՛չ փառք, ո՛չ հանգիստ, ո՛չ հաշիվ։ Հայդուկության մեջ մտնողը պետք է իր հետեւում թողնի անձնասիրությունը եւ քանի դեպի ներս առաջանա, այնքան պիտի մերկանա իր եսից ու անձնականությունից։ Հայ ֆիդային ունի միայն մի իդեալ՝ տառապելով ծառայել հայոց ազատությանը։ Նրա ինչի՞ն է պետք եսական սերը, երբ կա մի ավելի մեծ սեր՝ հայրենիքի սերը։
Ֆիդայու համար տոկալն ու համբերելը նույնքան անհրաժեշտ են, որքան պատերազմի դաշտում զենքը ձեռքին կռվելը։
♦♦♦
Լավ է լինել քյասիբ, քան անթասիբ։
♦♦♦
Պատմության դաժան հեղեղը մեր ազգի բախտի ջրաղացքարը նետել էր անդունդ։ Ո՞վ պետք է վերեւից զգաստ աչքերով նկատի ահեղ վտանգը եւ սարից սար գոռալով՝ առաջինը շտապի օգնության։ Ո՞վ պիտի այդ տեղահանված քարն անդունդից հանի եւ վերստին հաստատի իր հիմքի վրա։
Այն պետք է անենք մենք։ Պետք է անեն հավատքի ուժը եւ հավատավոր մարդիկ։ Եթե բոլորս ի մի զորվենք եւ մեր կամքը դարձնենք մի հսկա քարքաշ, անկարելի բան է, որ մեր բախտի քարը հեղեղից պարտված մնա անդնդում։
♦♦♦
Մուշից դեպի Բաղեշ եւ Բաղեշից դեպի Մուշ գնացողը այն ժամանակ կհոգնի, եթե Մեղրագետի մոտով անցնելիս կմոռանա խմել նրա ակունքից։ Միշտ ախորժելի է այն ջուրը, որ ակունքից ես խմում։
♦♦♦
Սասունցու տունը միշտ բաց է, իսկ սիրտն այնքան ճրագներ ունի, որ կարող է ամբողջ աշխարհը լուսավորել։
♦♦♦
Ֆիդային սահման չունի։ Թռչուն են ֆիդայիները։ Հարյուր աշիրի միջով կանցնեն, հազար սարով կգնան կթառեն իրենց ուզած սարին։
♦♦♦
Հայություն չեն կազմում նրանք, ովքեր շարունակ տերտեր են գոչում, այլ նրանք, որ հավատք ունեն, եւ այդ հավատավոր մարդկանց ուժեղ սերնդի կոչումն է ծառայել Հայաստանի ազատագրության արդար դատին։
♦♦♦
Երդում տալը քիչ է, հայդուկ դառնալու համար պետք է զենք ունենալ։ Հիշեցե՛ք Աղբյուր Սերոբի մի խոսքը հայ գյուղացիներին. «Սուլթանի երկրում առանց հացի մնացեք, առանց զենքի մի՛ մնացեք»։
♦♦♦
…Ֆիդային չափլին հրացանը ձեռքն առավ, թվաց, թե աշխարհն իրեն տվեցին։
♦♦♦
Արաբո՜, Արաբո՜, ֆիդայության կրակե շապիկ է։ Հազար ընտրյալներից մեկին է վիճակված այդ շապիկը հագնել, եւ դու առաջին ընտրյալն էիր Մշո դաշտում, որ այդ շապիկը հագար…
♦♦♦
Ոչ մի բան այնքան բաղձալի չէ հայդուկի համար, որքան զենքը։ Միայն քաջ մարդը կիմանա, թե ինչ է նշանակում քաջի զենքը նվեր տալ քաջին։
♦♦♦
Չարի դեմ չարանալն առաքելություն է։ Հայրենիքի երջանկության ծաղիկը որոնելը հայրենիքի որդու պարտքն է։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets