ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.01.2014

ԻՆՉՊԵՍ ԷՐ Գ. ՆԺԴԵՀԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԶՈՐՔԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ

Հաղթանակը տարվում է դեռ կռիվը չսկսած` նախ բարոյապե՛ս, նախ հոգիների՛ մեջ:
Կռիվը միջոց է միայն` շոշափելի արտահայտություն տալու մեր ներքին վստահության, մեր ներքին հաղթանակին:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
1917թ. հոկտեմբերին բոլշեւիկները զավթելով իշխանությունը, շարունակում են 1914-1917թթ. որդեգրած մարտավարությունը Անդրկովկասում եւ մասնավորապես՝ Հայաստանում: Բավականին բարդ էր նման պայմաններում իրագործել հակաքարոզչություն, քանի որ Հայաստանը հաճախ զրկված էր լինում արտաքին աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն ունենալու հնարավորությունից: Դա ճարպկորեն օգտագործվում էր բոլշեւիկների եւ թուրք գործակալների կողմից բնակչության եւ զորքի շրջանում ապատեղեկատվություն տարածելու համար: Նման գործելակերպը լայն կիրառում է ստանում Սյունիքում հայկական ուժերի դեմ մղվող մարտական գործողությունների ընթացքում: Ի բարեբախտություն Սյունիքի եւ ողջ Հայաստանի հայության, այդ բարդ եւ պատասխանատու աշխատանքն իրականացնում է ազատագրական շարժման նշանավոր գործիչ եւ փորձառու զինվորական Գարեգին Նժդեհը:
Զորավարը ոչ միայն հմուտ զինվորական էր, այլեւ տիրապետում էր խորը եւ բազմակողմանի գիտելիքների: Նա գերազանց գիտեր երկրամասը, տեղի բնակչության հոգեբանական խառնվածքը եւ հասկանում էր նրա այս կամ այն խնդիրը: Գ. Նժդեհի հրամաններն ակնառու կերպով ապացուցում են վերը նշվածը: Նա մարտիկների եւ բնակչության մարտական ոգին բարձր պահելու եւ հակառակորդի խարդավանքներից հեռու պահելու համար լայնորեն օգտագործում էր հայոց պատմության եւ հատկապես Սյունիքի հերոսական անցյալի հետ կապված դեպքերն ու իրադարձությունները:
Գ. Նժդեհի բնորոշմամբ, իր ռազմավարության նպատակն էր «բարոյական գերակշռություն ստեղծել եւ ապա հարվածել»: Բարոյական գերակշռության անվան տակ զորավարը նկատի ուներ առաջին հերթին ամուր եւ հաստատուն թիկունքը, առանց որի զորքը չէր կարող անվարան գործել: Զորավարը հաճախ կոչերով դիմում էր բնակչությանը` նախազգուշացնելով հակառակորդի` բոլշեւիկա-թուրքական քայքայիչ գործողություններից: Այսպես, 1920թ. հուլիսի 27-ին Կապարգողթի բնակչությանն ուղղված կոչում մասնավորապես ասված էր. «Հայ ժողովու՛րդ, Կապարգողթի եւ Բաղաբերդի հերոս ժողովուրդ, բոլշեւիզմի կեղծ փետուրներով զարդարված ադրբեջանական վտանգը կանգնած է դռանդ առաջ: Ուրեմն, ինչպես եւ միշտ, եղի՛ր արթուն, սպառազեն ու միշտ պատրաստ դիրքերում հանկարծակի չգալու համար: Աստված եւ իմ սուրը քեզ հետ»:
Զորքին եւ բնակչությանը ոգեւորելու, ինչպես նաեւ հակառակորդի իրական դեմքը ցույց տալու նպատակով Գ. Նժդեհն օգտագործում էր մի շարք խորհրդանիշներ (սիմվոլներ): Դրանցից էր ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ եւ ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանի «կենդանագիրը, Վանանդի գրավման ժամանակ ձեռք բերված մի հարուստ թուրքի տան մեջ եւ Օնիսում թուրք չավուշի կողմից սպանված` Ագուլիսից փախցրած հայ աղջկա փարթամ ծամը: Միայն 17-18-ի գարուն տեսած հայ գեղեցկուհին հրաժարվել էր հետեւելու իր լլկիչին եւ զոհ գնացել նրա յաթաղանին: Վախկոտ բարբարոսը…կտրել ու դիակի վրա էր նետել իր զոհի ծամը, որն այդ օրից պիտի դառնար ու մնար իմ ժողովրդական վաշտերի համար որպես հայ պատվի խորհրդանիշ»:
Չավնդուրի կռվի ժամանակ Գ. Նժդեհը զորքին եւ բնակչությանը ոգեշնչում էր XVIII դարում Սյունիքում Դավիթ Բեկի մղած ազատագրական պայքարի եւ այդ ժամանակի նշանավոր գործիչներից մեկի` Թորոս իշխանի օրինակով: Վերջինիս նկատմամբ տեղի հայությունն ուներ խորը ակնածանք եւ զորավարի բնութագրմամբ՝ «խնկելի մեռելը դեռ շարունակում է ապրել Սյունիքի հայության համար»: Իշխանի հերոսական կերպարը եւ նրա նահատակության հետ կապված պատմությունն օգտագործվում էր Գ. Նժդեհի կողմից բոլշեւիկա-թուրքական քայքայիչ քարոզչությունը եւ ապատեղեկատվությունը մերկացնելու եւ դրանց իրական նպատակները բացահայտելու համար: Նա հիշեցնում էր Սյունիքի հայությանը հանրածանոթ խորհրդանիշը` Թորոս իշխանի գերեզմանաքարի քանդակը` «Աղվեսը խեղդում է առյուծին»: Այն հետեւյալ իմաստն ունի. «Խորամանկությունը սպանում է քաջությանը»: Աղվեսի դերում հանդես է գալիս դավաճան ու նենգ մելիք Ֆրանգյուլը, երկրորդի դերում` քաջ ազգասեր Թորոս իշխանը»: Եվ երբ զինվորը գիտի, թե ինչ մարտական առաջադրանք է իրեն հանձնարարված, նրա համար նշանակություն չունի, թե որտեղ պետք է կռվի` Ջեբրայիլում, թե Ղարաբաղում, քանի որ մարտիկը կրում է «մի բուռ նվիրական հող», եւ նրան «զորավիգում է Թորոս իշխանի վրիժակ ոգին»:
Գ. Նժդեհը Սյունիքի ազատագրության եւ պաշտպանության համար մղած պայքարում աշխատում էր զերծ պահել «բոլշեւիկյան վարակից», որը մի քանի անգամ վտանգավոր էր, քան թվական գերակշռություն ունեցող հակառակորդը: Նա հետեւյալն է գրում. «Միշտ էլ մի երկրի, մի շրջանի, մի բերդի համար ավելի վտանգավոր է այդ երկիրը, կամ բերդը ներսից պայթեցնելու ձգտող մի վատի ներկայությունը, քան դրսից հարձակվող թշնամու մեծաքանակ զորքը»:
«Վատերի միջոցով թուլացնել հակառակորդին եւ ապա հարվածել, ահա` կարմիր ռազմավարությունը, որ ջարդել էր Դենիկինին, Կոլչակին, Յուդենիչին, Վրանգելին, հաղթական կանգնել Ռուսաստանի բոլոր ներքին ճակատների վրա, որը, առանց գնդակ արձակելու, «հաղթականորեն մտել էր Անդրկովկաս…»:
Իր հետագա գրառումներում Գ. Նժդեհը վերլուծում է հաղթանակների եւ պարտության պատճառները: Նրա համոզմամբ. «Ղարաբաղի ռազմական ձախողանքի պատճառներից մեկը՝ ըստ իս ամենաէականը, պիտի համարել ապստամբական գաղափարականության չգոյությունը»: Այստեղից հետեւում է, որ Ղարաբաղի ղեկավարությունն ի զորու չի եղել բնակչության մեջ արմատավորել պայքարի ոգին, որի բազմաթիվ օրինակով հարուստ էր երկրամասի պատմությունը: Եվ երբ ժողովուրդը միակամ է, ապա ոչ ոք ի զորու չի եղել հաղթել նրան: Որպես ցայտուն օրինակ Գ. Նժդեհը վկայակոչում է 1812թ. ռուս-ֆրանսիական պատերազմը, որի ժամանակ գլխիվայր շրջվում է «Նապոլեոնի բախտի անիվը՝ սրա զորքերի ու զորության գերեզմանը դարձնելով իր երկիրը»:
Զորավարը ցավով փաստում է. «Ղարաբաղը հաղթական ցանկությունից զատ, հաղթելու բոլոր տվյալները ուներ»: Նրա համոզմամբ՝ Ղարաբաղի հայությանը «պակասում էր հոգեբանական նախապատրաստությունը»: Եվ որպես օրինակ վկայակոչում է Մեղրու հայությանը` անվանելով Սյունիքի Շվեյցարիա:
Սյունիքը հարուստ էր պատմական, այդ թվում՝ ազատագրական պայքարին նվիրված հուշարձաններով: Դա բավականին օգնում էր զորավարին հրամաններում մեկ անգամ եւս անդրադառնալ հայոց պատմության այս կամ այն դրվագին: Կարծում ենք, որ միայն ռազմավարական անհրաժեշտությունից չէր դրդված, որ 1919թ. նոյեմբերի 30-ի հրամանում նա մատնանշում է, որ իր դաշտային շտաբը գտնվելու է Հալիձորի բերդում: Շտաբի տեղակայման վայրը պատահական չէր ընտրված: Մարտիկների եւ բնակչության հիշողությունը պահպանել էր Հալիձորի բերդը ոչ սոսկ պաշտպանական ամրություն, այլ որպես հայկական իշխանության կենտրոն:
Մարտիկների բարոյական ոգին պահպանելու նպատակով Գ. Նժդեհը ձգտում էր վառ պահել ազատագրական պայքարում զոհվածների հիշատակը: Այդ քարոզչությունում նրա կողմից օգտագործվում էր այլ ժողովուրդների բանակներում, ինչպես օրինակ՝ բուլղարականում, զոհվածներին մեծարելու օրինակը: Այսպես, 1919թ. հոկտեմբերի 23-ի հրամանում զորավարը պահանջում է, որ ստորաբաժանումներում անվանացուցակների ստուգման ժամանակ նախ հիշատակվեն ազատագրական պայքարի ընթացքում նահատակված հերոսների անունները: Բուլղարական բանակում ընդունված էր. երբ անվանացուցակը ստուգողը տալիս էր նվիրական անունը, զորաշարքի աջ թեւի առաջին զինվորը պատասխանում էր. «Ընկան»: Դրանից հետո աջ թեւի երկրորդ զինվորը կրկնում էր. «Փա՛ռք», իսկ ամբողջ զորաշարքն ավելացնում էր «Հավե՛րժ փառք»:
Ուստի Զորավարը կարգադրում է զորամասերի հրամանատարներին կիրառել վերը նշվածը եւ «ամենօրյա ստուգումների ժամանակ հարգել մեր ցեղի ընտիր որդիների խնկելի անունները` Քեռի (Արշակ Գաֆավյան, 1858-1916թթ. ազատագրական շարժման գործիչ, 1914-1916թթ. Հայկական IV խմբի հրամանատար-Ռ.Ս.), Խեչո (Խաչատուր Ամիրյան, 1872-1915թթ., ազատագրական շարժման գործիչ, 1914-1915թթ. կամավորական հեծելախմբի հրամանատար, V խմբի` Արարատյան գնդի հրամանատարի տեղակալ-Ռ.Ս.)…»:
Երբ սպարապետը նախապատրաստում էր Վերին եւ Ներքին Ագուլիսների ազատագրման օպերացիան, 1920թ. փետրվարի 12-ին զինվորներին ուղղված հրամանում պարզաբանում է, որ դրանք սովորական բնակավայրեր չեն, այլ ազգային ազատագրական շարժման երկու նվիրյալների՝ Քրիստափոր Միքայելյանի եւ Ռոստոմի (Ստեփան Զորյան, ՀՅԴ հիմնադիրներից) ծննդավայրը:
Բոլշեւիկյան եւ թուրքական ղեկավարությունը մարտադաշտում հաջողության չհասնելով, դիմում է կաշառքի, ձգտելով դրամի միջոցով հասնել իր նպատակին: Գ. Նժդեհը կոչով դիմում է բնակչությանը` չհավատալ կեղծ խոստումներին եւ կշտամբում է նրանց, որոնք գայթակղվելով առաջարկվող գումարից` դավաճանում եւ անցնում են հակառակորդի կողմը:
1920թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ զինվորական նախարարին ուղղված նամակում Գ. Նժդեհը ներկայացնելով Զանգեզուրում ստեղծված իրադրությունը, տեղեկացնում է, որ բոլշեւիկա-թուրքական կողմը դիմում է ցանկացած միջոցի, որպեսզի դադարեցնի հայերի դիմադրությունը: Նրանք ձերբակալում են Խուստուփի լեռներում մարտնչող մարտիկի կնոջը` հարկադրելով ցույց տալ, թե որտեղ է գտնվում իր ամուսինը:
Մատնիչներին ահաբեկելու եւ նախազգուշացնելու նպատակով Սյունիքի հայությունը փորձում է պղծել դավաճան մելիք Ֆրանգյուլի գերեզմանը: Այդ քայլով նրանք ցանկանում էին ցույց տալ, որ մատնիչը նույնիսկ գերեզմանում չի կարող հանգիստ ունենալ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ բոլշեւիկյան ղեկավարությունը հարկադրված է լինում մելիք Ֆրանգյուլի գերեզմանի մոտ պահակ նշանակել` այդ կերպ «հուսադրելով» դավաճաններին, որ բոլշեւիկները «կհոգան», որ ապագայում նրանց գերեզմանները չպղծվեն: Եվ նույնիսկ նման պայմաններում հայ զինվորները, չնայած վտանգին, գիշերները իջնում էին լեռներից եւ «ահաբեկում հայ դավաճաններին, ծաղիկներով զարդարում Դավիթ Բեկի եւ Թորոս իշխանի գերեզմանները ու նորեն քաշվում լեռները»:
Գ. Նժդեհի բնութագրմամբ` «խնկարկելի հերոսների» նկատմամբ ցուցադրված վերաբերմունքը ահազանգ էր բնակչության այն հատվածին, որը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ ցանկանում էր կամ փորձում համագործակցել բոլշեւիկների հետ: Դա մեկ անգամ եւս ապացուցում էր, որ Նժդեհյան քարոզչությունը ճիշտ էր ընտրված` օրինակներ վկայակոչել եւ ոգեւորել հայոց պատմության զանազան դրվագներով, որոնք ավելի արագ եւ հստակ էին գործում, քան երկարաշունչ ճառերն ու խրատները հայրենասիրության վերաբերյալ: Դա էր պատճառը, որ բնակչության ճնշող մեծամասնության համար օրինակ էին ծառայում խնկարկելի հերոսներ Դավիթ Բեկը եւ Թորոս իշխանը, այլ ոչ թե դավաճան եւ պատմության ու ժողովրդի կողմից նզովված մելիք Ֆրանգյուլը:
1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր: Հանրապետության անկման լուրը բացասաբար է անդրադառնում Լեռնահայաստանի բնակչության վրա: Դրությունն ավելի է սրվում, երբ խորհրդային զորքերը կարողանում են ճնշել 1921թ. բռնկված փետրվարյան համաժողովրդական ապստամբությունը:
Ինչպես նշեցինք, բոլշեւիկյան ղեկավարությունը եւ հրամանատարությունը, մարտական գործողություններին զուգընթաց, լայնորեն օգտագործում էր ապատեղեկատվություն, նպատակ ունենալով քայքայել Զանգեզուրը պաշտպանող հայկական զինուժը եւ դրդել մարտիկներին դասալքել: Տեղյակ լինելով այդ մասին՝ Գ. Նժդեհը շարունակում էր իր մարտական հրամաններում բացահայտել բոլշեւիկյան-թուրքական քարոզչության իրական նպատակները: Նա կոնկրետ օրինակների հիման վրա իրականացնում էր հակաքարոզչություն: Մարտիկներն ականատես էին եղել թուրք-ադրբեջանական գազանություններին, սակայն հոգու խորքում հույս ունեին, որ «խաղաղասիրությունը» հնարավորություն կտա վերադառնալ հայրենի օջախները: Գ. Նժդեհի համար հասկանալի էր գյուղացի զինվորի հոգեբանությունը: Նա գիտեր, որ զինվորին անհանգստացնում էր ընտանիքի դրությունը, որ հասել է հացահատիկի բերքահավաքը, առանց որի ընտանիքը կմատնվի սովի: Եվ որպեսզի կարողանա բնակչությանը եւ զինվորներին բացահայտել բոլշեւիկյան «խաղաղասիրության» իրական նպատակը, զորավարը մատնացույց էր անում Ղարաբաղը, որտեղ հայությունը, հավատալով բոլշեւիկների կեղծ խոստումներին, չդիմադրեց եւ արդյունքում ունեցավ ահռելի մարդկային ու նյութական կորուստներ:
Ինքնին հասկանալի է, որ Սյունիքում պայքարը երկար չի կարող տեւել, քանի որ 1921թ. փետրվարյան ապստամբությունից եւ Վրաստանի խորհրդայնացումից հետո բոլշեւիկյան 18-րդ բանակն իր ողջ ուժերն ուղղելու էր Լեռնահայաստան: Այնուամենայնիվ, հարկ ենք համարում ընդգծել, որ 1919-1921թթ. Սյունիքի հայության մղած պայքարն ունեցավ իր արդյունքը: Շնորհիվ Գ. Նժդեհի ղեկավարած համաժողովրդական ազատագրական մարտերի՝ երկրամասը մնում է Հայաստանի կազմում: Հարկավ, այդ որոշմանը որոշ չափով նպաստում է նաեւ Ալ. Մյասնիկյանին ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ նշանակելը: Դա անուղղակի ընդունում է նաեւ Գ. Նժդեհը, որոշակի հարգանք տածելով նրա նկատմամբ: Զորավարը հետեւյալ կերպ է գնահատել բոլշեւիկ գործչին. «խելագար Հեղկոմը` Կասյանի ղեկավարությամբ, փոխարինվեց Մյասնիկյանի կառավարությամբ»:
Վտարանդիության շրջանում Գ. Նժդեհը լուրջ ջանքեր է գործադրում տարբեր երկրների հայկական գաղթօջախներում, հատկապես ԱՄՆ-ում բնակվող երիտասարդությանը հայ պահպանելու համար: Զորավարին մտահոգում էր ԱՄՆ-ի հայության հետագա դրությունը, քանի որ ձուլման վտանգն այնտեղ ավելի իրական էր: Հայրենակիցներին փրկելու եւ արմատներին ծանոթացնելու նպատակով Գ. Նժդեհի մոտ հասունանում է Ցեղակրոն շարժում ստեղծելու գաղափարը: Նրա բնորոշմամբ. «Ցեղակրոն շարժումը ոչ մի ընդհանուր բան չունի եւ չէր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի այն, նախ եւ առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփական, այլ ոչ փոխառնված արժեքներով»:
Ինչպես նշում է Գ. Նժդեհը. «Անկում են ապրում բոլոր այն ժողովուրդներն ու կուսակցությունները, որոնք թեթեւամտորեն են վերաբերվում սեփական հերոսականությանն ու հերոսներին»:
Գ. Նժդեհը ամփոփելով Զանգեզուրում մղած մարտերը՝ եզրակացնում է. «…Լեռնահայաստանը կատարեց իր պատմական միսիան. դա Հայաստանի Հանրապետության այն միակ եւ եզակի երկրամասն էր, որ զերծ մնաց կոտորածից եւ ավերումից ոչ թե միայն Ադրբեջանի հետ վարած բոլոր կռիվների ընթացքում, այլեւ բոլշեւիկների սոսկումներից ու սրածությունից՝ շնորհիվ իր ժողովրդի անկախ ոգուն, հայրենասիրության եւ ազատ ու անկախ կամքին»:
ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
պատմական գիտությունների թեկնածու

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets