ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.02.2014

...ԵՐԿՈՒ ԿԱՐՃ, ԲԱՅՑ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՕՐԵՐ... ԿԱՊԱՆ...

2014 թվական, փետրվար 14:
Հայաստանի հարավային հատվածը՝ Սյունիքը, մարդաշատ էր:
Կապան էին ժամանում Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից, մասնակցելու համար քաղաքի թիվ 13 հիմնական դպրոցում անցկացվելիք միջոցառմանը: Միջոցառում, որ եկավ լրացնելու, ամբողջացնելու 2013 թվականին սկսված Լիզբոնի գործողության 30 ամյակին նվիրված հիշատակի ու ոգեկոչման ցերեկույթների եւ երեկոների շարքը:
Ես էլ ակամայից հայտնվելով այդ միջոցառումների կենտրոնում հրավիրվեցի դպրոցական այս հիանալի միջոցառմանը:
Մի քանի ընկերներիս հետ ընկանք ճանապարհ:
Երկար ճանապարհը կառճում էր հետաքրքիր զրույց - քննարկումն ու ազգային երգը, գեղատեսիլ ու երազային բնությունը, որին անտարբեր լինել, նշանակում էր անարգել գեղեցիկը:
Այս տպավորություններով վերջապես մտանք քաղաք:
Հարց ու փորձով գտանք այն «տաճարը», որտեղից հերթական անգամ պիտի հաղորդակցվեինք նորագույն ազատագրական պայքարի նահատակ սրբերի հետ...
Պատշաճորեն մեզ դիմավորեցին դպրոցի մուտքի մոտ... Մտանք ներս: Պատերին փակցված հերոսների նկարներից մեզ նայող հայացքների ուղեկցությամբ բարձրացանք դահլիճ, որտեղ էին արդեն գտնվում դպրոցի արցախյան պատերազմում նահատակված շրջանավարտ հերոսների ընտանիքներն ու մյուս սպասված հյուրերը:
Միջոցառման կազմակերպիչ՝ տիկին Ժաննա Վարդանյանն ազդարարեց երեկոյի սկիզբը: Ապա աշակերտ - աշակերտուհիները խնամքով, պատվով ու հպարտությամբ փառաբանելով արժանի հերոսներին խանդավառում ու ոգեւորում, թախիծ ու հուզմունք էին պատճառում դահլիճին:
Նորագույն տեխնիկայի շնորհիվ կապ հաստատվեց Լիզբոնի գործողության մասնակից Սիմոն Եահնիեանի եղբոր՝ Զարեհի հետ: Շնորհակալության խոսքը կապանցիներին եւ միջոցառմանը ներկա գտնվել չկարողանալու ափսոսանքը Զարեհի աչքերից կաթում էր:
Աշակերտուհիների հուզմունքի լացը մի տեսակ ինձ հպարտության զգացումով պատեց: Հասկացա, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Հասկացա, որ եթե հայրենիքում, ամեն մի քաղաքում ու գյուղում, ունենայինքնման գոնե մեկական դպրոց իր ուսուցչակազմով ու աշակերտներով, ապա գուցե մեր բախտն ավելի կբերեր ազգային արժեքների պահպանման գերագնահատման ու ճիշտ ընկալելի դարձնելու մատուցման գործում:
Ապա հայտարարվեց, որ իր խոսքով բեմ կբարձրանա «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» գրքի հեղինակ Արա Նախշքարյանը /ձեր խոնարհ ծառան/:
...Խոսեցի սրտիս լեզվով, ինչքան կարողացա ու ինչ կարողացա: Հուզվեցի, շփոթվեցի: Հազիվ կարողացա հավաքվել ու... այսպես սկսեցի.
Հարգարժան տնօրեն, սիրելի ուսուցիչներ, ապագայի հանդեպ վստահ, վառվռուն աչքերով պատանիներ, հպարտ ծնողներ ու ցանկալի հյուրեր:
Պիտի ասեմ, որ այս միջոցառումը չէր կայանա, եթե չլիներ իմ եւ Ձեր բոլորիս կողմից սիրված ուսուցչուհին՝ տիկին Ժաննա Վարդանյանը:
Շատ խոսեցինք, քննարկեցինք, ոգեւորվեցինք ու ներշնչվեցինք արված գործով, կատարված ու կատարվելիք միջոցառումներով: Կիսվեցինք մտքերով, առաջարկներով: Ու այսօր, այո՛, պիտի ասեմ, որ հաջողեցինք:
Հայոց ազատագրության խորանն այսօր տեղափոխվել է այս հիասքանչ դպրոցի կամարներից ներս ու հիմա այստեղ բոլորիս աչքի առաջ ազատության բագինն է, ու այդ բագինին՝ ատրուշանը, որ հիմա վառվում է:
Հերոսները չե՛ն մեռնում, նրանք փոխադրվում են երկինք, լրացնելու համար երկնակամարում արդեն հարյուրամյակներով փայլող աստղաբույլը, որն հարդագողի հավերժական ճանապարհով ուղեկցում է մեզ դեպի դարերը, դեպի անմահություն:
Լիզբոնի տղաները այդ աստղաբույլի մի մասն են, այդ աստղերի լրացումը Ձեր դպրոցի հերոս ազատամարտիկներն են:
Վստահ եմ, որ սա օրգանական կապ է հայոց նորօրյա պայքարի: 
Եթե չլիներ Լիզբոնը, չէր լինի եւ ազատագրված Արցախը:
Լիզբոնի տղաների արարքն էր, որ մղեց մեզ բոլորիս պայքարի ու պատերազմի դաշտ:
Լիզբոնի սխրանքն էր, որ եկան լրացնելու եւ նոր թափ հաղորդելու մեր զարկին այս հրաշք տղաները: 
Համոզված եմ, հիմա, այստեղ, մեր մեջ էլ կան նստած նոր Վաչեներ, ծիծաղկոտ աչքերով Արաներ, հայաշունչ Սաքոներ, վճռական Սիմոններ ու վստահ Սեդրակներ:
Համոզված եմ որ ժամանակի հետ պիտի ծնվեն նոր հերոսներ, ինչպես այս հրաշք փաղանգը ամբողջացնող տղաները: 
Այսօր, նորից մենք առիթ ունեցանք շփվելու մեր սուրբերի հետ, հաղորդակցվելու, աղոթելու, կիսվելու, ընկերանալու:
Այսօրվա միջոցառումը եկավ լրացնելու, մեր պատմության ոսկե էջը: Այն պատմության, որն հայոց ազատամարտ է կոչվում:
«Արդարության Մարտիկների» իրավացի բողոքի ձայնն այսօր դեռ թարմ է մեր ականջներում: Այդ նրանք էին, որ հեռավոր Պորտուգալիայից մեզ արթնության կոչ ուղղեցին:
Այդ նրանք էին, որ անտարբեր աշխարհին արդարության ու պահանջատիրության ահազանգ հնչեցրին:
Հաշվված ամիսներ են մեզ բաժանում այն օրից, որի մեկ դարն ենք ապրելու, եւ որի համար այս տղաները նահատակվեցին «մեկ դար բռունցքով պահանջատիրության» կոչով ապրելով:
Ոչինչ չփոխվեց այս ամբողջ ընթացքում: Ավելացան միայն շիրիմներ Բուրջ-Համուդում ու Եռաբլուրում, եւ որոնք մեր հպարտությունն են, պատիվն ու ...
Հպարտությանս կողքին, հազիվ եմ թաքցնում հայացքս այս լուսաշող տղաների նկարներից մեզ նայող դեմքերից, որ աչքերս խեղդող ամոթը ցույց չտամ: Որ չտեսնեն:
Այո՛, ես ամաչում եմ, ամաչում եմ իմ հազարավոր հայրենակիցների փոխարեն, որոնք գրեթե միաբերան արտասանեցին. «...հիմար արկածախնդիրներ, ահաբեկիչներ...»: Հիմա էլ կան... Բայց հիմա կարծես թե կամաց-կամաց շտկվում է հայոց ճակատագրի, շուռ եկած բախտի գլորվող անիվը: Հիմա, քավ լիցի...
Լիզբոնի տղաները եկան մաքրելո՛ւ, եկան սրբագրելո՛ւ այդ պիտակը, որ խարան էր հայոց ճակատին:
Լիզբոնի տղաները մեռա՛ն, մեզ ապրեցնելու համար:
Լիզբոնի իմ ընկերները մեր մեջ ապրեցին:
Հպարտ եմ Ձեզանով, տղե՛րք... Միայն ափսոսում եմ, որ Ձեր ժամանակակիցը չեղա:
Չկարողացա բռնել այն ձեռքերը, որ հայի խեղճացած բախտի վրիժառու սուրը պիտի պարզեր:
Փա՜ռք Ձեզ տղե՛րք...
Ես սիրեցի՛ Ձեր ռազմի աստծուն տղե՛րք...
Ձեր այդ պատգամը հիմա փոխանցում եմ այստեղ, այս դպրոցի կամարներից ներս բոլորին, բոլորին, իմ նորօրյա քրմեր: 
Սիրեցե՛ք Ձեր զենքի աստծուն, եւ նա առատորեն վարձահատույց կլինի Ձեզ:
Սա կոչ էր Լիզբոնից... Սա պատգամն էր Լիզբոնի...
Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետեւ նրանք պիտի հագենան: Երանի՜ Ձեզ տղե՛րք...
Հիմա, հուզմունքս հազիվ խեղդելով աչքերիս մեջ փորձում եմ ամփոփել մտքերս ու խոսել սրտիս լեզվեվ:
Ամպրոպ ու մառախլապատ լեռան բարձր գագաթից երեւաց Արեգակը: Մշուշը շատ էր, եւ արեւը թաց ու սառը աչքերով էր նայում արնաթաթախ հողին...
Հայրենիքի համար զոհվածները ապրում են հավիտյանս...
Եվ վերջապես...
Լուսինը պատռեց ամպե վերմակը: Նա լուռ էր, տխուր, թախծոտ, կարմիր, կարծես հենց նոր էր թաթախվել արյան այդ կապույտ ծովի մեջ... Բայց այդ ամենից բազմապատկվում էր նրա հմայքը եւ նա դառնում է առավել գեղեցիկ ու հմայիչ...
Ավարտելով խոսքս օգնության կանչեմ սպարապետին Մեծն Նժդեհին, ու խոսեմ իր լեզվով.
«...Հայրենիքն է շնորհում մարդուն՝ հպարտանքներից ամենաարդարը, ցավերից ամենախորը, պաշտամունքներից ամենաանխառնը եւ մահերից ամենասուրբը»: 
Փառք Ձեզ մեր նահատակ սրբեր, փառք Ձեզ մեր հայոց ռազմի սպիտակափայլ տաճարի նորօրյա քրմեր:
...Խոսքս ավարտեցի ու հայտարարվեց բեմահարթակը Լիզբոնի տղաներին նվիրված իր նոր երգով տրամադրել Գուսան Հայկազունուն:
Ապա ընկեր Սիմոն Գաֆալյանը բեմ դուրս գալով խոսեց ներկաներին ու հորդորեց, որ այս մասին պատմեն իրենց շրջապատին ու մշտապես իրենց մեջ խնամքով պահպանեն նահատակ հերոսների հիշատակը:
Ազգային հայրենասիրական երգերի մեկնաբան Ներսիկ Իսպիրյանն իր կատարումներով միջոցառումը հասցրեց ավարտին: 
«Dundee Precious Metals Kapan» գործարանի գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանն անակնկալ էր պատրաստել արժանիներին:
Դահլիճում նստած էին մարդիկ ովքեր պիտի իրենց արժանին ստանային: Եվ... հարթակ դուրս գալով Հրաչ Ջաբրայանը իր մոտ կանչեց հաջորդաբար՝ Րաֆֆի Թիթիզյանին, Սիմոն Գաֆալյանին, Քրիստափոր Հարությունյանին, Ստեփան Թեւատրոսյանին ու պարգեւատրեց «ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎ» պատվո շքանշաններով: Իսկ հետմահու «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» շքանշանի պատվին արժանացավ Շուշիի ՀՅԴ Առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղեւոնդյանը, որը իր ընտանիքին փոխանձելու նպատակով հանձնվեց Պետոյի զինակցին՝ Քրիստափոր Հարությունյանին:
Նշեմ, որ այդ օրը համընկավ նաեւ Պետոյի նահատակման 20-րդ տարելիցին:
Անակնկալ նվերներ էի պատրաստել եւ ես: Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանին հանձնեցի իմ հեղինակած «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» փաստագրական ֆիլմի խտասալիկը, որոշ գրքեր, Սահակ Սահակյանի խմբագրությամբ «ԼՈՒՍԱԿՆ» ամսագրի վերջին համարը, որի մեջ ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը Լիզբոնի տղաներին նվիրված նյութ էր տպագրել «ԵՍ ՏԵՍԱ ՁԵԶ, ՏՂԱՔ» վերտառությամբ: Գուսան Հայկազունու «Լիզբոն 30 ամյակին» նվիրված իր երգերի աուդիո սկավառակն ու գիրքը:
...Միջոցառումն ավարտվեց... Սակայն ավարտվեց միջոցառման պաշտոնական մասը: Բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ ճաշկերույթ էր հրավիրվել: Ներսիկ եւ Աղասի Իսպիրյաններն ուղակի այդ երեկոն վերցրեցին իրենց ձեռքն ու ազգային - հայրենասիրական երգի հնչյուններով ոգեւորեցինեւ ուրախացրեցին ներկաներին:
Ճաշկերույթն ավարտվեց, սակայն չավարտվեց հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Արման Գրիգորյանի հյուրն էի: Մտերմիկ զրույցի ու սեղանի շուրջ ծանոթանալով, ընկերանալով, հարազատանալով գեղեցիկ զգացողությամբ ավարտեցինք օրը:
Առավոտյան կրկին դպրոցում էինք: Հանդիպեցի տնօրենին ու կրկին անգամ նախորդ օրվա զգացողությունների տակ հայտնեցի շնորհակալությունս ու հաջորդ անգամներին անցկացվելիք միջոցառումներին օգնելու պատրաստակամությունս: Տնօրեն՝ Զավեն Ստեփանյանն ուրախությամբ ընդունեց առաջարկս ու ինձ կրկին անակնկալի բերելով հանձնեց կոնյակ որի վրա Լիզբոնի տղաներն էին: Ուրախությունից փայլատակեցի, պայծառացա: Բաժանվելուց խոստացա վերադառնալ ամռանը Խուստուփ սարի գագատից միասին աշխարհին դիտելու տեսլականով: Շրջեցինք դպրոցում, ուսումնասիրեցինք արված աշխատանքները, ծանոթացա կատարվելիք գործերին ու հաջողություն մաղթելով, հեռացա դպրոցից, միանալու համար իմ մյուս ընկերուհիներին՝ Անուշին ու Մանեին, հաջորդ նպատակս իիրագործելու համար: Պայմանավորված հանդիպումն ստացվեց...
Նախ այցելեցինք Գարեգին Նժդեհի հուշահամալիր ուր ամփոփված է սպարապետից մասունքներ, ապա հարգանքի տուրքը մատուցելու երթով շարժվեցինք Կապան քաղաքի արցախյան ազատամարտում նահատակված հերոսների պանթեոն - համալիր:
Բաժանումը մի տեսակ տխրեցնում է...
Բայց նորից հանդիպման պայծառ ակնկալիքը, ուղակի փշրում է կարոտի այն նուրբ զգացումը, որ ունեցա այդ երկու կարճ, բայց հավերժական օրերից:
Շնորհակալություն Ձեզ մարդի՛կ...

Սիրով Ձեր ընկեր ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets