ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.02.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Դավիթ Սարապյան /ԴԵՎԸ/

Ծնվել է 1966թ. փետրվարի 4-ին` ճանաչված ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և ականավոր գիտնական Էմմա Սարապյանի ընտանիքում: Դեռևս մանուկ հասակից Դավթի մոտ սկսում են դրսևորվել արտասովոր ունակություններ: Նա հրաշալի նկարում էր, շատ կարդում, դպրոցական տարիներին գրում էր քնարական բանաստեղծություններ և պատմվածքներ: Արդեն փոքր տարիքում նա իրեն դրսևորում էր որպես իսկական ասպետ, ուներ պատվի և արժանապատվության զգացում: Թույլերին հովանավորելու, անպաշտպաններին պաշտպանելու ներքին մղում ուներ, օժտված էր արդարության զգացումով, ինչի համար նրան անվանում էին «դպրոցի խիղճ»:
Դերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ: Երբ նա սովորում էր երկրորդ կուրսում, ուսանողներին զրկում են զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից: Սակայն Դավիթը, որ կարճատես էր և կարող էր ազատվել ծառայությունից, որոշում է գնալ բանակ՝ համարելով, որ տղամարդը պետք է անցնի քաջության դպրոց:
1984թ. մայիսին մեկնում է բանակ: Ծառայում է Բայկոնուրի զորամասում, ապա` Խմելնիցկու մարզում, որտեղ տիրող ամենաթողությունն ու կամայականություններն էլ շատ շուտ սթափեցնում են նրան: Դեպքերի ճակատագրական բերումով Դավիթը մենակ է մնում այլադավանների հետ: 1985թ.-ի հոկտեմբերին նրան դատապարտում են այն բանի համար, որ միայնակ կռվելով տասը հոգու դեմ՝ պաշտպանել էր իր պատիվը: Թեև դատավարության ընթացքում Դավիթը հայտարարում է, որ կոնֆլիկտը ազգամիջյան բնույթ է ունեցել, այլ ոչ կենցաղային, ինչպես որ ցանկանում էին ներկայացնել, այդուհանդերձ նրան դատում են և դատապարտում 4 տարվա ազատազրկման, ինչի մասին գրում է` «Ես խաչ քաշեցի կյանքիս վրա ամենահետաքրքիր տեղում»:
Բանտից դուրս գալուց հետո Դավիթն ինստիտուտ չի վերադառնում: Համարում էր, որ դա իր կոչումը չի, և համակվել էր գրելու ցանկությամբ: Այդպիսով փորձում էր թղթին հանձնել իր տեսածը, զգացածն ու ապրածը: Նա գրում է պատմվածքներ, որոնցում ներկայացնում է զինվորական կյանքի ծանր առօրյան և անազատության մեջ գտնվող մարդկանց չարչարանքները:
Կյանքի այդ շրջանում նրա համար բացվում է կինոյի զարմանալի աշխարհը: Զարմիկը` հայտնի կինոռեժիսոր Գենդի Մելքոնյանը, Դավթին հրավիրում է աշխատելու որպես երկրորդ ռեժիսոր` Օդեսայում նկարահանվող ֆիլմում: Սկսվում է նրա կյանքի հետաքրքիր շրջանը: Դավիթն սկսում է շատ շրջագայել, հանդիպել ճանաչված մարդկանց հետ, և դա լավ ազդեցություն է թողնում նրա հետագա ստեղծագործությունների վրա: Դավիթը գրում է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վեր է ածում սցենարի: «300 վայրկյանը», որի միայն անունն արդեն իսկ սլացք ու լարվածություն է պարունակում, արժանանում է ակնառու կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատում է այն նկարահանման:
24 տարեկան հասակում Դավիթն այլևս կարող էր հանգիստ վայելել կյանքը երևանյան բնակարանում, ստեղծագործել: Շատերը հենց այդպես էլ վարվեցին, բայց ոչ նա:
Սկսվում է արցախյան պատերազմը, և Դավիթը վճռականորեն գրիչը փոխարինում է զենքով ու 1990թ.-ին մեկնում ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվում է լեգենդար հրամանատար ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ» շարքերը: Դավիթը դեռ մանկուց ճանաչում և պաշտում էր Լյոնյային` իր ընտանիքի մտերիմ բարեկամին: Լեոնիդն էլ հաճույքով էր շփվում փոքրիկ Դավթի հետ և, ինչպես գրում է Դավիթն իր պատմվածքներից մեկում, սովորեցնում էր նրան լողալ, կրակել, նույնիս կռվել և… տղամարդու պես լաց լինել, այնպես, որ ոչ ոք չնկատի:
Հետագայում նրանց ընկերությունը վերաճում է երկու ինտելեկտուալների ընկերության: Երկուսն էլ խորապես գիտակցում էին մտավորականության պատասխանատվությունը ժողովրդի առջև` հատկապես ծանր փորձությունների պահին: Երկուսն էլ պատվով կատարեցին իրենց կարևոր առաքելությունը:
Պատերազմի դաշտում շատ արագ բացահայտվում է Դավթի ռազմական տաղանդը: Առհասարակ, մանկուց սիրում էր պատերազմի թեման, իսկ դպրոց ընդունվելիս, երբ առաջարկել են հեքիաթ պատմել, ասել է. «Կուզե՞ք պատմեմ Բեռլինի գրավման մասին»: Փոքրուց լսել էր մոր և տատի պատմություններն իր նշանավոր նախնիների` Պողոս-Բեկ և Դանիել-Բեկ Փիրումովների, Մելիք-Բայանդուրի մասին, և երազում էր նրանց նմանվել: Այդ երազանքն իրականանում է: Դավիթը դառնում է փառապանծ ու քաջարի մարտիկ, անձնուրաց կռվում Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերում, ապա` «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ջոկատում:
Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում, առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում, և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «ԱՀԵՂ ԴԵՎ»:
Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել:
1991թ. սեպտեմբերին հատվում են Դավթի և լեգենդար Կոմանդոսի՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, մարտական ճանապարհները: «Դավիթն անմիջապես աչքի ընկավ: Բարձրահասակ, ինտելիգենտ, ներկայանալի: Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց, դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը: Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում: Եվ, իհարկե, ապշեցնում էր նրա բնածին ռազմական տաղանդը: Ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակել ռազմավարական բարդ գործողություններ և նույն հաջողությամբ իրականացնել դրանք: Օժտված էր մարտական ու մարդկային հազվադեպ հատկություններով: Երբեք որևէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները: Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի: Իր մարտական գերազանց կարողությունները դրսևորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ: Այդ գործողությունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն», – պատմում է Կոմանդոսը:
Այո, Դավիթը լավ գիտեր Հադրութի շրջանի այդ գյուղը: Մոր հարազատ գյուղն էր, և այնտեղ՝ պապի տանը, ադրբեջանցիները շտաբ էին հիմնել: Մութը վրա հասնելուն պես Դավիթը մենակ, զգուշությամբ մոտենում է գյուղին, վերացնում ժամապահներին ու քայլում դեպի միակ լուսավորված տունը՝ պապի օջախը: Օմոնականներն այնտեղ աղմկոտ խնջույք էին սարքել. Դավիթը բարձրաձայն կանչում է օմոնի պետի անունը: Վերջինս մոտենում է պատուհանին ու Դավիթը` «բռնիր» գոռալով, նրա վրա է նետում նռնակների կապուկը: Ուժեղ պայթյուն է լինում և տունը փլվում է: Դրան հետևում է մեր մարտիկների կենտրոնացված գրոհը, և օմոնականները դուրս են շպրտվում գյուղից: Այս գործողությունն առանձնահատուկ նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Հայաստանի պատմություն» ֆունդամենտալ աշխատության մեջ, որտեղ Դավթի մեծադիր լուսանկարի տակ գրված է. «1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: Առանձնակի արիությամբ աչքի ընկավ Դավիթ Սարապյանը՝ Դևը»:
Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Դա մոր և որդու վերջին հանդիպումն էր…
Շուտով Դավիթը նորից մեկնում է Շահումյան, մասնակցում վերջին մարտին՝ Թոդան գյուղի համար, որտեղից անխնա ռմբակոծվում էին հայկական գյուղերը: Այնտեղ էլ զոհվում է, 1991թ. դեկտեմբերի 10-ին` փայլուն կատարելով մարտական առաջադրանը:
Տարիներ անց հրատարակվում է Դավիթ Սարապյանի գրական ժառանգությունը: Նրա ընդհատված կյանքը կրկին բոցավառվում է հրատարակված ձեռագրերում և դրա շնորհիվ` պահպանվում ու վերափոխվում:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը լավ էր ճանաչում Դավթին, ասել է. «Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը: Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ: Նրա հերոսական մահը ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»:
1996թ. ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Սարապյանը պարգևատրվել է «Արիության համար» շքանշանով: Արիության համար, որը դրսևորվել է բազմաթիվ մարտերում. Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի պաշտպանության մարտերում, Շահումյանի շրջանի գյուղերի՝ Վերիշենի, Էրքեջի, Բուզլուխի, Մանաշիդի, Կարաչինարի… պաշտպանության և ազատագրման համար մղված մարտերում, ինչպես նաև Հադրութի շրջանի գյուղերի պաշտպանության և ազատագրման համար, և իհարկե, Տող գյուղի ազատագրման ժամանակ դրսևորած արիության համար:
Նա նաև պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայության համար, և այլ մեդալներով:

ԱՂԲՅՈՒՐ՝ «ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ»

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets