ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.02.2014

ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆ «Թե ինչպես դաշնակցական եղա»


Երբեմն հասարակ, աննշան մի դէպք, մի պարզ արկած կամ պատահմունք ինչպիսի՜ մեծ հետեւանքներ են ունենում մարդու կեանքում։
Երեւակայեցէք, որ խիստ կարեւոր մի գործի համար աճապարում էք երկաթուղու գնացքին հասնել։ Նստած էք կառքում եւ անհամբեր կառավարի մէջքն էք ծեծում, թէ՝ "շո'ւտ, քշիր, գնացքը չփախցնենք"...
Ու, յանկարծ, անիւի մէջ մի բան է խանգարւում։ Կառքը՝ թրա'խկ՝ կանգ է առնում։ Կառապանը հայհոյում է։ Դու հայհոյում ես։ Ու գնացքը, քթիդ տակից, սուքում - անցնում է...
Ամէն բան փչացաւ։ Սրտնեղած տուն ես վերադառնում։ Գործդ կորցրիր։ Դժբա՜խտ մարդ ես։
Բայց ահա, մի քանի ժամ հազիւ անցած՝ բաց ես անում ռադիոն եւ ճ՜նչ. այդ գնացքը, որով դու պիտի ճամբորդէիր, ծանր արկածի է հանդիպել. կառաշարը ջախջախուել է, եւ հարիւրաւոր մարդիկ մեռել կամ հաշմանդամ են դարձել։ Դու էլ կարող էիր դրանցից մէկը լինել։ Փառք ես տալիս Արարչին եւ օրհնում կառքի արկածը, որ ազատեց քեզ ծանր փորձանքից։ Այժմ երջանիկ ես զգում քեզ։
Այս է կեանքը, յաճախ փոքր բաներից մեծ հետեւանքներ են ծագում։ Աննշան մի դէպք հիմնովին յեղաշրջում է մարդու կեանքի ընթացքը։ Պատահմո՞ւնք, ճակատագի՞ր, - չգիտեմ։
Ինչո՞ւ, սակայն, այս փիլիսոփայութիւնը։ Պարզապէս ասելու համար, որ իմ դաշնակցական դառնալս էլ ոչինչ դէպքի, աննշան մի պատահմունքի հետեւանք եղաւ։
Մեր երիտասարդ ընկերները երբ պատմում են իրենց դաշնակցական դառնալու մասին, սովորաբար յուզումով են խօսում։ Անպատճառ նշանակալից մի դէպք կամ հեղինակաւոր մի անձ մղել է նրանց Դաշնակցութեան աւազանը՝ խորհրդաւոր մկրտութեամբ։ Իմ մուտքը Դաշնակցութեան մէջ ոչինչ ունի իր մէջ խորհրդաւոր. աւելի զաւեշտական մի արկածի է նմանում։
Ճիշտ է, ես էլ շատերի նման, երբ դեռ պատանի էի, երազում էի Սասունի ու Զէյթունի մասին։ Րաֆֆիի Խենթերը, Ասլաններն ու Սաքոները իմ էլ պաշտելի հերոսներն էին։ Նոր Նախիջեւանի Թեմական Դպրանոցի առաջին դասարանների աշակերտներս՝ ազգասիրական կրակով բոցավառ՝ սպառնում էինք "զերդ բողկ ու գազար" ջարդ ու փշուր անել թուրքերին եւ Հայաստանը ազատել, բայց դեռ յեղափոխութեան եւ յեղափոխական կուսակցութիւնների մասին գաղափար չունէինք։
Մի օր էլ, ընկերներից մէկը, խորհրդաւոր կերպով մի անկիւն քաշելով ինձ՝ փսփսաց ականջիս. "Վաղը երեկոյ իմ սենեակը կու գաս. շատ կարեւոր է. ուրիշին բան չասես":
Կարծես ամբողջ մի հազարամեակ տեւեց, մինչեւ,, որ "վաղը երեկոյ"ն հասաւ։ Ճիշտ որոշուած ժամին նշանակուած տեղն էի։ Այնտեղ էին եւ ուրիշներ՝ 10 - 12 հոգի Թեմական դպրոցի եւ Ռոստովի գիմնազիայի աշակերտներից։ Քիչ վերջը, եկաւ լայնեզր գլխարկով եւ սեւ մօրուքով ու լուրջ դէմքով մի երիտասարդ եւ անմիջապէս անցաւ գործի։
Կրակոտ եւ ինձ համար դժուար հասկանալի խօսքերով բացատրեց ժողովի նպատակը.- Մենք Ռուսաստանի հայերս, այստեղ հանգիստ կեանք ենք վայելում, մինչդեռ, Հայաստանում, մեր եղբայրներն ու քոյրերը տառապում են թուրք բռնակալութեան ձեռքում։ Պէտք է միանանք, ուժ կազմենք, դրամ հաւաքենք, զէնք գնենք եւ մեր ձեռքով ազատենք Մայր Հայաստանը։ Երիտասարդութիւնը առաջին հերթին պէտք է շարժուի եւ մտնէ Ընկերութեան մէջ։ Այդ նպատակով կանչուած էինք մենք։
Շարժուելու համար շատ էր կրակոտ խօսքերի պէտք չունէինք. Րաֆֆին արդէն շարժել էր մեզ։ Բայց Ընկերութեան մէջ մտնելը տարբեր բան էր։ Ընկերութեան մասին խորհրդաւոր խօսքեր էին շրջում բերնէ - բերան. "Ընկերութեան գործն է": Եւ ահա Ընկերութիւնը ինքը եկել է եւ ուզում է, որ մէջը մտնենք։ Կարելի՞ էր առիթը ձեռքից փախցնել։ Պէտք կա՞ր երկար ճառերի համոզելու համար մեզ։ Ամէնքս պատրաստակամութիւն յայտնեցինք արձանագրուելու։
Երիտասարդի խօսքերից շուտով պարզուեց, որ ինքը Հնչակեան կուսակցութեան նեկայացուցիչն էր, որ Հնչակեան կուսակցութիւնը առաջին յեղափոխական կուսակցութիւնն էր եւ որ մենք պիտի կազմէինք առանձին երիտասարդական մի խումբ։ Ծրագրի եւ գործունէութեան մասին յետոյ պէտք է բացատրութիւն տրուէր մեզ, իսկ այժմ պէտք է կազմակերպէինք խումբը։ 
Այդպէս էլ արինք։ Ընտրեցինք մեզ համար խմբապետ, գանձապահ եւ քարտուղար. քարտուղարութեան պատիւը վիճակուեց ինձ։ Նշանակուեց յաջորդ ժողովը, եւ երիտասարդը հրահանգեց քարտուղարին, այսինքն՝ ինձ, որ մի քանի օրից երթամ մօտը եւ ստանամ խմբի համար ծրագիր-կանոնագիր, գրականութիւն եւայլն։ Եւ խոստացաւ ներկայ լինել խմբի երկրորդ ժողովին... 
*
*       *
Ուրեմն, այլեւս յեղափոխական էի, գաղտնի Ընկերութեան անդամ։ Հրամայուած էր խիստ գաղտնապահութիւն։ Յեղափոխութեան գաղտնիքի բեռը մէջս ամբարած, մի քանի օրից փութացի մեր կազմակերպիչի մօտ՝ Ռոստով։ Տրուած հասցէով գտայ տունը, անհամարձակ քայլերով բարձրացայ երկրորդ յարկը եւ վարանումի մէջ մի պահ կեցայ. ահա դէմ առ դէմ, երկու իրար նման դռներ - ո՞րն էր իմ փնտռածը։ Հապա եթէ սխալ դուռ զարնէի՜ ու գաղտնիքը դուրս տայի... Մէկ դրան պղինձէ տախտակի վրայ կարդացի.- "Փաստաբան Ջաւադ բէկ Բուլուղեան"։ Ա՞յս է արդեօք, երիտասարդը իր անունը չտուեց։ Վարանումով կոխեցի զանգի կոճակը։ Քիչ վերջը, դուռը բացուեց ու դրան մէջ երեւաց գանգուր մազերով եւ համակրելի դէմքով մի երիտասարդ, որ ժպտուն աչքերով նայում էր վրաս։
- Ի՞նչ էք կամենում, համեցէք ներս։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել ձեզ։ Համեցէք, համեցէք։
Շուարած ներս մտայ։ Առաջնորդուեցի հիւրասրահ եւ տեղաւորուեցի կակուղ բազկաթոռի վրայ։ Այքա՜ն ջերմ էր մթնոլորտը։ Պատից երեսիս նայում էր սգաւոր Մայր Հայաստանը՝ նստած աւերակների մէջ։ Համակրելի երիտասարդը քաղցր խօսքերով աշխատում էր փարատել շփոթութիւնս։
Յայտնեցի, թէ Թեմական աշակերտ եմ, եկել եմ պարոնի հրաւերով, որ այս տան մէջ է ապրում. կարծեմ, սխալ դուռ եմ ծեծել...
Ընկերութեան գործո՞վ էք եկել, եղաւ շեշտակի հարցումը, որ աւելի եւս սաստկացրեց շփոթութիւնս։ Ասե՞լ թէ չասել։ Հապա գաղտնապահութի՞ւնը։ Բայց այս մարդը գիտէր արդէն Ընկերութեան մասին։ Թերե՜ւս, այն առաջինի ընկերն էր։ 
Երիտասարդը ժպտուն աչքերով դիտում էր իմ ներքին խռովքը եւ, կարծես հաճոյք էր զգում։
Այո, Ընկերութեան գործով էի եկել։ Ու պատմեցի ամէն բան. ես խումբի քարտուղարն էի, եկել էի ծրագիր-կանոնագիր եւ գրականութիւն ստանալու։
- Շա'տ բարի, շա'տ բարի, ձեռքերը շփելով եւ զուարթ՝ խօսեց երիտատարդը։ Հիմա ամէն բան կը կարգադրենք։ Լա'ւ կը լինի։
Չեմ յիշում յետոյ ինչեր խօսեց։ Բաւական ժամանակ պահեց մօտը։ Հիւրասիրեց։ Քաջալերեց։ Ի վերջոյ, տուեց մի կապոց եւ խիստ պատուիրեց.
- Օտար մարդու ցոյց չտաս։ Ժողովի օրը փոխուած է։ Ձեր յաջորդ ժողովը կ'անէք այսինչ օրը։ Ես էլ ներկայ կը լինեմ եւ կը բացատրեմ ամէն բան։
Հմայուած, ուղղակի սիրահարուած հեռացայ այդ համակրելի երիտասարդի մօտից։ Շտապեցի ընկերներիս մօտ։ Երկիւղածութեամբ բացինք կապոցը եւ միջից դուրս եկաւ - Ծրագիր՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ժընեւ։ Մի քանի թիւ "Դրօշակ": Եւ մի քանի օրինակ Ժընեւ հրատարակուած գրքոյկներից, որոնցից յիշում եմ "Կարնոյ յիշատակին", ուր, ի միջի այլոց, խօսւում էր Կորկոտեանի քաջագործութիւնների մասին։ 
Մինչեւ ժողովի օրը կարդացինք ու կարդացինք "Դրօշակ"ներն ու գրքոյկները՝ առաջին անգամ հաղորդութիւն առնող մարդու երկիւղածութեամբ։ Անհասկնալի էր միայն, թէ ինչո'ւ առաջին երիտասարդը մկզ խօսեց Հնչակի մասին, իսկ երկրորդը Դրօշակ տուեց մեզ։ Ինչո՞ւ այս տարբերութիւնը։ Թէ՞ Հնչակն ու Դրօշակը նոյն բաներն էին։
Յաջորդ ժողովին այս գաղտնիքն էլ պարզուեց, երբ Ջաւադ բէկ Բուլուղեանը բացատրեց մեզ, որ կար երկու կուսակցութիւն՝ Հնչակեան եւ Դաշնակցական։ Գլխաւոր տարբերութիւնը նրանց միջեւ, ասաց նա, այն է, որ Հնչակեանները կենտրոնական են, իսկ Դաշնակցականները՝ ապակենտրոնական։ Որ Հնչակեանութիւնը մեռնելու դատապարտուած է, եւ իսկական յեղափոխականները Դաշնակցականներն են։ Որ Րաֆֆին էլ դաշնակցական էր, Խրիմեան Հայրիկն էլ։
Կենտրոնական-ապակենտրոնականից բսն չհասկացանք, բայց Րաֆֆիի ու Խրիմեան Հայրիկի դաշնակցական լինելը այնպիսի զօրաւոր փաստ էր մեզ համար որ Հնչակեանութեան մասին մտածելը այլեւս յիմարութիւն պիտի լինէր։ Եւ ամէնքս դարձանք դաշնակցական ու Հ. Յ. Դաշնակցութեան ծրագրի վրայ երդուեցինք մինչեւ մահ հաւատարիմ մնալ Դաշնակցութեան։ Մեր խումբը եղաւ երիտասարդական առաջին դաշնակցական խումբը Նոր Նախիջեւանում։ 
Այն եւս աւելցնեմ, որ այս դէպքը քիչ մնաց միջկուսակցական պատերազմի առիթ ծառայէր Հնչակեան կուսակցութեան եւ Դաշնակցութեան միջեւ։ Հնչակեանները իմանալով Ջաւադ բէկ Բալուղեանի խաղացաղ "օյինները", դիմեցին սպառնալիքի՝ փորձելով նոյնիսկ ծեծել Բալուղեանին. ահագին աղմուկ հանեցին. վերջը, փոխադարձ համաձայնութեամբ, գործը յանձնուեց միջկուսակցական ատեանի։ Չեմ յիշում, խնդիրը ինչով փակուեց, բայց մենք մնացինք դաշնակցական։
ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ
1947 Նոյեմբեր
Գահիրէ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets