ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.02.2014

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. Արշավիր Շիրակյան

ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ - Ժողովրդական վրիժառու։ Քսանմեկ տարեկան հասակում Հռոմում գնդակահարեց Սայիդ Հալիմին, մեկ տարի անց Բեռլինում Արամ Երկանյանի հետ՝ Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ Երեքն էլ հայերի ցեղասպանության հանցագործներ էին, ոճրագործներ։

1915 թվականի Մեծ եղեռնը Պոլսում՝ 250 հայ մտավորականների ձերբակալությամբ ու սպանդով սկսվեց։ Հետո այդ թիվը 600-ի հասավ։ Շատ չանցած, հունիսի 15-ին, Սուլթան Բայազիդ հրապարակում կախաղան հանեցին քսան հնչակյան հեղափոխականների։ Ճիշտ է, կառավարության պարագլուխները եվրոպական դեսպանությունների, բազմաբնույթ առաքելությունների ներկայությունից երկնչում ու միջազգային հանրային կարծիքը ապակողմնորոշելու համար մայրաքաղաքի հայ ազգաբնակչությանը չէին տարագրում, տագնապը հետզհետե ահավոր էր դառնում։ Երբ գավառներից ավելի ու ավելի հաճախ զանգվածային նախճիրների լուրեր սկսեցին հասնել, պոլսահայերը որոշեցին համախմբվել, լրջորեն մտածել ինքնապաշտպանության մասին։
Արշավիրենց տանը գրեթե ամեն գիշեր գաղտնի հավաքներ էին տեղի ունենում, որոնք ռազմական խորհրդի նիստեր էին հիշեցնում։ Նա, հասկանալի է, մեծերի խոսակցություններին չէր խառնվում, անկյունում նստում, լուռ լսում էր։ Փոքրամարմին ու այնքան վտիտ էր, որ ժողովականները չէին նկատում։ Թերեւս նկատում, լուրջ չէին վերաբերվում, երեխայի տեղ էին դնում։ Սակայն, շուտով զենք հայթայթելու կարիք զգացվեց, եւ գնելը, փոխադրելը նրան վստահեցին։ Սկզբում միայն այն բանի համար, որ վտիտ էր, ուշադրություն չէր գրավում, հետո արդեն տարիքին անհարիր հնարագիտության, հանդգնության համար։ Երբ սկսվեց պոլսահայ մտավորականների, հեղափոխականների ձերբակալությունը, Արշավիրենց ձեղնահարկը ապաստարան դարձավ։ Լինում էին օրեր, որ եռահարկ առանձնատան տարբեր անկյուններում տասը հոգուց ավելի էր թաքնվում:
Այդ երեկո խորհրդաժողովին մասնակցում էր նաեւ իտալական բանակի սպա Լինարդոն, որը գաղտնի Պոլիս էր եկել Համաձայնական երկրների սուզանավերի ափհանումը արագացնելու համար։ Գիշերվա ուշ ժամին նա բակ դուրս եկավ ու իսկույն եւեթ, առանց կարիքները հոգալու, հետ եկավ։

-Տունը պաշարված է , -շշնջաց, -բոլորս կորած ենք։
Արշավիրը իտալացուն արագ ձեղնահարկ բարձրացրեց, վարագույրի արանքից նայեց դուրս։ Ոստիկանների մի մեծ խմբի շքամուտքից ներս էր առաջնորդում պատկից հարեւանը՝ Վահե Եսայանը։ Նա մահմեդականություն էր ընդունել, Իհսան վերանվանվել ու ծառայում էր թուրքական գաղտնի ոստիկանությանը՝ հայրենակիցներին էր մատնում։ Դեմ դիմաց ապրելով, գիշերային անցուդարձը երեւի նկատել էր։
-Դուռը բացե՛ք, -խիստ ու անողոք պահանջեց նա։
-Չբացե՛ս, -մորը շշնջաց Արշավիրը, -հագուստներդ հանիր, գիշերանոց հագիր, որքան կարող ես՝ դանդաղ։
Այդ ընթացքում պահարաններով փակեց թաքստարանների մուտքերը, նկատելի ճեղքերի վրա մոխիր լցրեց։
Վահե Իհսանը ոտքերով, զենքի խզակոթով այնպես էր խփում դռանը, ասես ուզում էր կրնկահան անել։ Երբ մայրը, քնած ձեւանալով, շալն ուսերին առավ ու ի վերջո բացեց, դավաճանը մազմզոտ ձեռքով, որ ավելի շուտ թաթի էր նման, շառաչուն ապտակ իջեցրեց դեմքին։ Մայրը ետ-ետ գնաց, օրորվեց, բայց չընկավ։
-Ղանջըղ, կարծում ես չտեսա՞, թե ինչպես օտար տղամարդ ներս մտավ։
Ոստիկանները ամբողջ տունը տակն ու վրա արեցին, կասկածելի ոչինչ չգտան։ Վահե Իհսանը երկու հոգու պահակ թողեց նախասրահում, հայհոյելով հեռացավ։ Արշավիրը հազիվ էր զսպում իրեն, որ չվազի ետեւից ու խեղդամահ չանի։
…Երիտթուրքերի իշխանության տապալումից հետո Պատասխանատու մարմնի «Սեւ ցանկն» էին անցել ոչ միայն բարձրաստիճան թուրք պաշտոնյաները, այլ նաեւ այն հայերը, ովքեր մատնիչներ ու գործակալներ էին եղել։ Արշավիր Շիրակյանը մի օր երկու հարյուր հոգանոց այդ ցուցակում կարդաց Վահե Իհսանի անունը, ձայնը դողաց.
-Խնդրում եմ, նրա պատուհասումը ինձ հանձնարարեք։
Պատասխանատու մարմինը, տարիքը նկատի ունենալով, սկզբում մերժեց, հետո, քանի որ շատ էր խնդրում, մի շաբաթ պայմանաժամ տվեց։ Եթե «գործը» չավարտեր, ուրիշին էին հանձնարարելու։
Իթթիհատականները անփառունակ պարտություն էին կրել, բայց Վահե Իհսանը առաջվա պես ամբարտավան ու ինքնահավան էր՝ հիմա էլ քեմալական կառավարությանն էր ծառայում։ Նա զգաց, որ Արշավիրը հետապնդում է իրեն։
Մի քանի օր անց հեռավոր մի փողոցում հանդիպեցին։ Իհսանը զգուշավոր էր դարձել, մատը միշտ գրպանում, ատրճանակի ձգանին էր պահում։ Արշավիրը մոտեցավ ու որպեսզի մազմզոտ թաթը հանել տա գրպանից, բարեւելու համար ձեռքը պարզեց։ Մատնիչն էլ ուզեց նույնն անել, ու հենց այդ պահին վրիժառուի ատրճանակը որոտաց։ Իրավացի էին պատասխանատու մարմնի անդամները, ինքը դեռ պատանի էր, փորձ չուներ։ Այդքան մոտ տարածությունից գնդակը կոկորդը խոցեց։ Իհսանը փորձեց ատրճանակը հանել, երկրորդ գնդակը խրվեց թեւը։ Զգալով, որ չի կարողանալու դիմադրել, շրջվեց, սկսեց փախչել։ Արշավիրը մի ցատկով հասավ հետեւից, կրակեց գլխին, կրծքին, կռնակին, հեւասպառ ասաց.
-Ես միայն քեզ չէ, մեր ազգի միջից դավաճանությունն ու ծառայամտությունն եմ ուզում սպանել…
Պատասխանատու մարմինը գրեթե անմիջապես հանձնարարեց անցնել Կովկաս, միանալ Արամ Երկանյանին, որն իր նման քսան տարեկան էր, բայց հասցրել էր պատուհասել մուսավաթական Ադրբեջանի նախագահ Խան Խոյսկուն՝ 1918 թվականի Բաքվի, 1920 թվականի՝ Շուշիի հայերի ջարդերի սադրիչին։ Ստույգ տեղեկություն էր ստացվել, որ «Սեւ ցանկի» հերթական հանցագործները՝ Էնվեր եւ Խալիլ փաշաները, Բաքվում են։ Ցավոք, Թիֆլիսի կայարանում Արշավիրին ու Արամին ձերբակալեցին, Մետեխի բանտը նետելով, անողորմ կտտանքների ենթարկեցին։ Վրիժառուները, տեղի հայ երիտասարդության նախաձեռնությամբ, կարողացան փախուստի դիմել այն օրը միայն, երբ նրանց, պահակազորի ուղեկցությամբ, գնդակահարելու էին տանում։ Էնվեր եւ Խալիլ փաշաներն այլեւս Բաքվում չէին, Արշավիր Շիրակյանը մեկնեց Եվրոպա։
Լուրեր էին հասել, որ Սայիդ Հալիմ փաշան Հռոմում է։
ՍԱՅԻԴ ՀԱԼԻՄ - Թուրքիայի իթթիհատական եռապետության վարչապետ, մեծ վեզիր՝ եպարքոս, վավերացրել էր ցեղասպանության ծրագիրը։ Կառավարության հերթական նիստում, ծրագրի մանրամասները քննարկելիս, ասել էր. «Հայերը քաղցկեղի խոցի նման տարածված են Օսմանյան կայսրությունում։ Եթե մենք նրանց արմատախիլ չանենք, նրանք մեզ հեղձամահության կհասցնեն»։ Երբ հարցրել էին, թե փոքր-ինչ դաժան չե՞ն բնաջնջման միջոցները, պատասխանել էր. «Ես Թուրքիայի ապագայի մասին եմ մտածում։ Դուք չեք կարող պատկերացնել անգամ, թե գալիք սերունդները մեզ որքան երախտապարտ պիտի լինեն մեր այս հայրենասիրական նախաձեռնության համար»։
…Վրիժառուն վաղ առավոտից նետվում էր փողոց ու անընդհատ պտտվում էր կայարանների, հյուրանոցների, ռեստորանների՝ այն բոլոր հաստատությունների շուրջը, որտեղ թուրքերը կարող էին ելումուտ անել։ Փաշան չկար ու չկար։ Արշավիրը տուն էր վերադառնում ուշ գիշերին ու չնայած չափազանց հոգնած, հուսախաբ էր լինում, չէր կարողանում չնկատել այն փոփոխությունները, որ կատարվում էին իր սենյակում։ Տանտիրուհին՝ Մարիան, նախ պատից հանեց ամուսնու լուսանկարը, բնանկարներով փոխարինեց, սեւ վարագույրները վերացրեց, սկսեց բացօձիք շրջազգեստներ հագնել։ Ու ինչպես ինքն էր ասում՝ «ձեռնամուխ եղավ հույն ուսանողին իտալերեն սովորեցնելուն»։ Նա ներկայացումների, համերգների տոմսեր էր գնում, քաղաքից դուրս գտնվող դաստակերտը հյուր էր հրավիրում ու զարմանում էր, որ վարձակալը անընդհատ մի պատրվակ գտնում, հրաժարվում է։
Մի անգամ Մարիան օպերայի՝ առանձին օթյակի երկու տոմս բերեց։ Ներկայացնելու էին «Ֆաուստը»՝ մերժելն անհարմար էր։ Նոր էին տեղավորվել, դիմացի օթյակում երկու թիկնապահներով հայտնվեց ինքը՝ Սայիդ Հալիմը։ Արշավիրը չիմացավ, թե ինչի մասին էր օպերան։ Ատրճանակը մոտը լիներ, նրա օթյակը մտներ, այսքան հանդիսատեսի ներկայությամբ գնդակահարեր։ Իհարկե, այդպիսի բան մտածելն անգամ երեխայություն էր։ Ներկայացումից հետո, ճեմասրահի խճողումից օգտվեց, մի կերպ կորցրեց Մարիային, փաշայի կառքի ետեւից քաղաքի կեսը վազեց, տեսավ այն առանձնատունը, որտեղ մի ամբողջ հարկաբաժին էր զբաղեցնում։
Մարիան իրենից խռովել էր, բայց հոգը չէր, օրերն այլեւս աննպատակ չէին անցնում։ Կանգնում էր առանձնատան դիմաց ու աշխատելով ուշադրություն չգրավել, հետեւում էր Սայիդ Հալիմի ամեն քայլին, պարզում զբաղումները, ճշտում ժամանակացույցը։
Վերջապես ինքն իրեն պատրաստ զգաց՝ ժամանակն էր, պետք էր ավարտել։ 1921 թվականի դեկտեմբերի 5-ին նա առավոտ վաղ դուրս եկավ սենյակից։ Գիշերը չէր քնել, մաքրել էր ատրճանակը, հատ-հատ տեղադրել փամփուշտները, մտքում հարցրել՝ ո՞րն է լինելու ճակատագրականը։ Երկար լողացավ, սափրվեց, օծանելիքով շփեց մարմինը։ Նոր սպիտակեղեն, հագուստներ հագավ, փողկապ կապեց՝ ասես հարսանիքի էր գնում։ Ճիշտ ժամին փաշան դուրս եկավ տնից, կառք նստեց։
Կառքը անսպասելի, դղրդոցով հայտնվեց։ Նետվեց ընդառաջ, քիչ մնաց ձիերի սմբակների տակ ընկներ։ Նրանք ծառս եղան, խրխնջացին։ Պահը որսաց, անցավ կառքի մյուս կողմը, ցատկեց ոտնահարթակին։ Բռնակից ամուր կառչեց, որ չճոճվի, պահպանի հավասարակշռությունը։ Ու մինչ թիկնապահն ուզում էր հասկանալ, թե ինչո՞ւ են ձիերը խրտնել, փաշայի աչքերը մոտիկ, շատ մոտիկ տեսան իրեն, սարսափով համակվեցին։ Ատրճանակը հանեց, սեղմեց քունքին, քաշեց ձգանը։ Մի կրակոցը բավական եղավ՝ ոճրագործի մարմինը տապալվեց, արնաշաղախ գլուխն ընկավ ոտքերի տակ։ Իսկ կառքը դեռ սլանում էր։ Ցած ցատկեց, լսեց, թե ինչպես սթափված թիկնապահը գոռում է.
-Բռնեցե՜ք, բռնեցե՜ք□
Ամբոխը ինքնաբերաբար փակեց ճանապարհը։
Նախ օդ, հետո գետին կրակեց։ Բազմությունը հետ-հետ քաշվեց։ Ավտոմեքենաների վարորդները նկատեցին իրարանցումն ու առանց հասկանալու, թե ինչ է եղել, սլացան հետեւից։ Կարող էին հասնել։ Հանեց, նետեց վերարկուն, գլխարկը։ Մեքենաները փակեցին ճանապարհը։ Առաջին պատահած ցանկապատը մագլցեց, ինչ-որ մեկի այգում հայտնվեց։ Մի ահռելի գամփռ ցցել էր ժանիքները, ուզում էր հոշոտել անկոչ այցելուին։ Ատրճանակը տանտիրուհու վրա պարզեց, ստիպեց, որ շանը կապի։ Մյուս դռնից դուրս եկավ։ Քաղաքը վերջանում էր, շուրջն ամայություն էր։ Ատրճանակը մի կողմ շպրտեց, սրբեց ճակատի քրտինքը, խորը, հանգստացած հառաչեց։ Դանդաղ վերադարձավ Հռոմ։ Մարիայից ներողություն խնդրեց վերջին օրերի իր տարօրինակ պահվածքի համար։ Ուզում էր սենյակը քաշվել, տանտիրուհին կանգնեցրեց.
-Սպասի՛ր, նախ այս կոնյակը խմիր, հետո աչքի անցկացրու երեկոյան թերթերը։ Քեզ համար եմ գնել.
-Գլուխս ցավում է, հետո.
-Չէ՛, այս մեկը անպայման կարդա։
Ամենաաչքի ընկնող տեղում տպագրել էին իր գլխարկի ու վերարկուի լուսանկարները՝ այն գլխարկի ու վերարկուի, որոնք Մարիան ամեն առավոտ խնամքով ու գորովով խոզանակում էր։ Մակագրությունը խոշոր նվիրատվություն էր խոստանում նրան, ով կհայտներ տիրոջ տեղը, քանի որ նա էր սպանել Սայիդ Հալիմ փաշային։ Արշավիրը ոչ թե ումպ-ումպ, մի կումով կոնյակը խմեց, ոտքի կանգնեց.
-Ի՞նչ ես մտադիր անել, Մարիա՛։
-Եթե վստահ լինեի, որ քեզ ցմահ իմ տանը կբանտարկեն, հենց հիմա կհայտնեի ոստիկանությանը։
Արշավիր Շիրակյանը Պոլիս վերադարձավ։ Մանկության ընկերուհուն՝ Գայանեին խոստացել էր, որ եթե առաքելությունը հաջող ավարտի, ծնողներին ներկայանա, ձեռքը խնդրի։ Պոլսում Արշավիրը մասնակցեց Սայիդ Հալիմի թաղմանը, նույն օրը Գայանեենց տուն գնաց, ամուսնության առաջարկ արեց։ Ծնողները համաձայնեցին, նույնիսկ նշանախոսության օրը որոշեցին։ Արարողությունը, սակայն, տեղի չունեցավ։ Պատասխանատու մարմինը հավաստի տեղեկություն ստացավ, որ Բեհաեդդին Շաքիրն ու Ջեմալ Ազմին Բեռլինում են։

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets