ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.02.2014

«Դու ինձ տեսե՞լ ես փափուկ տեղաշորիս մեջ, հարուստ սեղանների շուրջը». Նժդեհի խոսքը` ուղղված ժողովրդին

1920 թ.-ի սեպտեմբերի 17-ին
Ես Դավիթբեկյան ուխտին հավատարիմ՝ շարունակում եմ մնալ լեռների, ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ, քան էի: Այժմ լիզում եմ քո և թշնամու ինձ հասցրած վերքերը և սպասում եմ քեզանից խնդրածս վարպետին, որ գա, շուտ գա կոպիտ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումները, քո խայտառակությունը, քո բարոյական անկումը:
Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին... Դու քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարին դավաճանում ես՝ մենակ թողնելով:
Ժողովուրդ, քեզ հետ խոսողը քո հրամանատարն է, քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարը, որի սուրը վաղուց է, ինչ հանուն քո ինքնապաշտպանության, հանգստացած չի պատյանի մեջ:
Լսիր, մի ավելորդ, գուցէ և վերջին անգամ նա դիմում է քեզ, խոսում է քեզ հետ: Նա ասում է. Քո սև ու նեղ օրերին, երբ հայակեր Գեղվա և Օխչիի ձորերը, երբ Բարգուշատի և Հաքցարու մեջ սպառնացել էին քո կին ու երեխաների արյունով քո երկիրը ներկելու, դու կանչեցիր ինձ և ես հասա քո կանչին: Ասա, ժողովուրդ, այն օրերից քո երկիրը մնա՞ց մի բարձր սար, մի քար, որի վրա ես դրած չլինեմ իմ հոգնած գլուխս: Ասա, դու ինձ տեսա՞ր մի օր, մի ժամ անհոգ, հանգիստ: Դու ինձ տեսե՞լ ես փափուկ տեղաշորիս, հարուստ սեղանների շուրջը: Դու լսու՞մ ես, քարերը, քարերը աղաղակում են, ասում ոչ: Ասա, մնա՞ց մի բան, որ խնայեի, չզոհաբերեի քո ազատության, քո փրկության, քո փառքի համար: Քո դաշտերում, քո հողի վրա իմ արյունն է թափվել: Դեռ չի փակվել թշնամու ինձ հասցրած վերքը, իսկ քոնը, ժողովուրդ, քո հասցրածը միշտ թարմ պիտի մնա ու հազար վերքերի ցավով պիտի մորմոքա:
Ժողովուրդ, այսօր, երբ ադրբեջանյան դրամներով կաշառված բոլշևիկները՝ քո գերեզմանափորները, կեղծ ու պատիր խոստումներով քո դուռն են բախել և քո ձեռքով պղծած աղ ու հացիդ են սպասում, դու դավաճանաբար լքում ես, մենակ թողնում քո հրամանատարին: Այդ հերիք չէ, քո լրտեսներն ու ահաբեկիչները իմ գլուխն են փնտրում երեք միլիոնով Ադրբեջանին ծախելու: Ապերախտ ժողովուրդ: Քանի, քանի անգամ քո կինն ու երեխան կռվներից վերադառնալիս փաթաթվել են ձիուս վզով, համբուրել ձեռներս «փաշա ջան» կանչելով: Քանի, քանի անգամ փրկել եմ քեզ վերահաս վտանգից կոտորածից: Ինչ շուտ մոռացար իշխան Ղազարին, որի զորքերին պատերիդ տակից եմ քշել, վայ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը: Ժողովուրդ, կանցնեն օրեր, թշնամին քեզ զինաթափելուց, ղեկավարներիցդ զրկելուց հետո, երբ այլևս չի լսվի «ԱԺԴԱՀԱ ՓԱՇԱ» անունը, կսկսի հազար ձևով ու ճանապարհով բնաջնջել քեզ: Այն ատեն դու կվերհիշես քո հրամանատարին, որի սուրը յոթն անգամ մեծացրել էր քո երկիրը և քեզ համար բացարձակ ապահովություն ստեղծել, այն ժամանակ հայացքդ կբարձրացնես Խուստուփին ու նրա կատարին նստած սև ամպերին, կնայես, կկանչես, բայց հրամանատարիդ փոխարեն սարերիդ, ձորերիս թույլ արձագանքը կպատասխանի քեզ: Գուցե մի օր էլ թշնամուց հալածական սարերն ընկնես ու թափառումներիդ ժամանակ հանկարծ մի թփի տակ, մի ժայռի վրա իմ սառած դիակը գտնես, ծունկի գաս ու արյուն լացես:
Ժողովուրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել: Դու չուղարկեցիր վարպետներիդ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ և խնդրում, երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որտեղից երևա ինձ և Կապանը, և Գենվազը, և Գողթանը, և Գեղվաձորը: Իսկ մինչ այդ, հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ:
Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ:
1920 սեպտ. 17
Խուստուփյան լեռներ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԺԴԵՀ
Վրույր Արծրունու ֆեյսբուքյան էջից

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets