ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.02.2014

ՆԿԱՐԻՉԸ. Փանոս Թերլեմեզյան

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը բնանկարի ժանրի լավագույն ներկայացուցիչներից է: Նա նախանշել է նաև հայկական ռեալիստական դիմանկարչության հետագա զարգացման ընթացքը:




Փանոս Թերլեմեզյանը 1881–86թթ-ին սովորել է Վանի Կեդրոնական վարժարանում: Սուլթան Համիդի հայահալած քաղաքականությանը հակադրվելու և նրա դեմ պայքարելու համար հեռակա դատապարտվել է. պատժից խուսափելու համար 1893թ-ին մեկնել է Իրան, ապա վերադարձել և ապրել է Թիֆլիսում: 1895–97թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում: 1897թ-ին թուրքական կառավարության պահանջով Ռևելում (այժմ` Տալլին) ձերբակալվել և աքսորվել է Իրան, որտեղից մեկնել է Փարիզ և 1899–1904թթ-ին սովորել Ժյուլիեն ակադեմիայում: Ուսման տարիներին ստեղծել է մի շարք բնանկարներ: 
1904թ-ին վերադարձել է Հայաստան. սկսվել է նկարչի ստեղծագործական բեղուն շրջանը: Նրա «Սանահինի վանքի գավիթը» (1904թ.) նկարը Մյունխենի համաեվրոպական ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: 1908–10թթ-ին ապրել և ստեղծագործել է Փարիզում, 1910–12թթ-ին՝ Կոստանդնուպոլսում, որտեղ մտերիմ հարաբերություններ է ունեցել Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ: 1913թ-ից ապրել է Վանում. 1915թ-ին քաղաքի հերոսամարտի ղեկավարներից էր: Այդ շրջանից պահպանվել է նկարչի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» (1915թ.) կտավը: 
1915թ-ի գաղթի ժամանակ եկել է Այսրկովկաս, 1916թ-ին Թիֆլիսում մասնակցել է Հայ արվեստագետների միության կազմակերպմանը. ղեկավարել է այդ միության Դոնի Ռոստովի մասնաճյուղը: 1919–22թթ-ին շրջագայել է Կոստանդնուպոլսում, Իտալիայում, Ֆրանսիայում, 1923–28թթ-ին ապրել է ԱՄՆ-ում. ստեղծել է գունային մեղմ ներդաշնակությամբ աչքի ընկնող բնանկարներ և նատյուրմորտներ («Լա Մանշի ափերը», 1921թ.)` «Նիագարայի ջրվեժը» (1923թ.), «Նատյուրմորտ: Նռներ» (1926թ.), նաև դիմանկարներ: 1928թ-ին վերադարձել է Հայաստան, նվիրվել հայ արվեստի զարգացմանը: Ստեղծել է «Տաթևի վանքը», «Գորիսի ընդհանուր տեսարանը» (երկուսն էլ՝ 1929թ.), «Ձորագետ» (1930թ.), «Հաղպատի լեռը», «Ալավերդի» (երկուսն էլ` 1931թ.) և այլ բարձրարժեք կտավներ, նաև Հրաչյա Աճառյանի, Ավետիք Իսահակյանի, Ակսել Բակունցի և ուրիշների դիմանկարներ, որոնք նպաստել են հայ դիմանկարչության զարգացմանը: Վերջին շրջանի գործերից են «Արարատն առավոտյան», «Արագածը ձմռանը», «Աշնանային օր» (բոլորը` 1933թ.), «Աշունը հին Երևանում» (1935թ.), «Սևանի ափերը» (1937թ.) և այլ կտավներ, որոնք աչքի են ընկնում քնարական ջերմությամբ, նուրբ երանգավորմամբ, երփնագրի թարմությամբ:
Թերլեմեզյանի ողջ ժառանգությունը նվիրվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նրա անունով է կոչվել Երևանի գեղարվեստի ուսումնարանը (այժմ` գեղարվեստի քոլեջ):

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets