ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.02.2014

ԱԿԱՆԱԿԻՏ ԵՐԳԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

Նրա երգը լսելիս, հոգետանջ ու անուշ մի կարոտ է արթնանում քո մեջ՝ Էրգրի կարոտ, որն անթեղված է հայ մարդու հոգում, որտեղ էլ որ նա հանգրվանած լինի: Եվ այդ երգը քեզ առնում-տանում է Մուշ ու Սասուն, Կարս ու Արդահան, թևավորված սիրտդ ծածանում Մասիսների, Անդոկա լեռան ու Սիփան սարի երկնահաս կատարներին: Ասել է, թե երգը զորություն ունի և այն թևավորելու համար զորավոր ձայն, անխառն զգացողություն ու առինքնող մատուցում է անհրաժեշտ: Հայկ Մխոյանը այդ շնորհներով
շռայլորեն օժտված երգիչ է, մշեցի իր ապուպապերի զուլալ ակունքներից բխող ինքնատիպ ձայն: Տակավին մեկ տասնամյակ առաջ երգարվեստի խստապահանջ մարդիկ ու երաժշտագետները արդեն իսկ նկատել էին, որ երգի խտաբնակ աշխարհ է մուտք գործում տաշիրյան միջավայրում ծնունդ առած մի պատանի, որն առանձնահատուկ ուշադրության ու սրտացավ հոգածության է արժանի: Այս առումով հիշատակելի է ճանաչված արվեստաբան Թամար Հովաննիսյանի ժամանակին ասած անկեղծ ու հիացական խոսքը. «Ինձ ասացին՝ առանց Հայկի երգը լսելու Երևան վերադառնալն անարդար է, - գրում է Տաշիրում «Յանա» երաժշտական վարժարանի սաների համերգին ներկա երաժշտագետը ու շարունակում. – Քիչ անց առիթ ստեղծվեց ծանոթանալու: Եվ, իսկապես, Հայկ Մխոյանի մասին արժի առանձին խոսք ասել... Տոհմիկ մշեցու ժառանգ, իր Երվանդ պապից մանկուց լսել է Էրգրի զմայլելի երգը: Հայկի համար դրանք դարձել են ինքնատիպ, վառ ու գունեղ, անփոխարինելի մի աշխարհ: «Մեր աղբրից պաղ ջուր բերեք, սիրտս մնաց կարոտով», - այնպիսի մաքրամաքուր ձայն-երանգով է երգում, այնպիսի հայրենաբաղձ կարոտով է հնչեցնում Մշո ելևէջները, որ, ակամա, հավատում ես՝ քանի դեռ այս երկրում կա այսպիսի սերունդ՝ ամեն ինչ լավ է լինելու... Եվ պատեհ առիթով տեղին է բարերարների ուշադրությանն արժանացնել այս պատանուն: ...Տաշիրցի պատանի երգիչ Հայկ Մխոյանը աստվածատուր այն տաղանդներից մեկն է, որին ասպարեզ դուրս գալու համար սատար կանգնողները հուսախաբ չեն լինի...»: Հենց այսպես, առանց չափազանցությունների, առանց այլևայլության: Եվ ժամանակի հետ տաղանդավոր պատանին ընթացավ ինքնակայացման ու ինքնահաստատումի դժվարին ճանապարհով՝ ուսանելով մայրաքաղաքի՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Իսկ համերգային անդրանիկ փորձությունը հեռավոր Կրասնոյարսկում էր՝ ազգային, աշուղական ու ժողովրդական երգերի կարոտ հայ համայնքի, նաև օտար հանդիսականի համար: Հաջողությունն ակնհայտ էր, օվացիան՝ անպակաս: Ժամանակն էր ներկայանալու նաև իրեն կարոտած հայրենի եզերքում: Եվ ներկայացավ՝ հուզմունք, ուրախություն ու հպարտություն պարգևելով իր հող ու ջրի հազարավոր մարդկանց, իր երկրպագուներին: Ապա վստահաբար մասնակցեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին: Արդյունքում՝ պատվաբեր դիպլոմ: Իսկ հետո համերգային նոր շրջագայություններ նախ Խարկովում, այնուհետև իրեն այնպես սիրով ընդունած նույն Կրասնոյարսկ քաղաքում: Շնորհառատ, ինքնաբուխ ու ճանաչված երգչով հպարտանալու իրավունք ունեն ոչ միայն Տաշիր աշխարհի իր հայրենակիցները, այլև բոլոր նրանք, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել Հայկ Մխոյան սքանչելի երգչի ուսումնառության ու կայացման ճանապարհին: Եվ նրանցից շատերը անթաքույց հրճվանքով են արտահայտվում Հայկի մարդկային համեստ նկարագրի ու անզուգական կատարումների մասին: Իսկ արտահայտվողները բնավ էլ պատահական մարդիկ չեն: Նրանք հայ երգի խորագիտակ ու վաստակաշեն արվեստագետներ են, իրենց գործի պրոֆեսիոնալներ: Ահա ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, սիրված երգիչ Թովմաս Պողոսյանի մտորումները. «ՈՒրախ եմ գնահատանքի և արժևորման խոսք ասելու Ջիվանու անվան աշուղական դպրոցի իմ նախկին սանի մասին: Դեռևս մեր դպրոցում ուսանելիս նկատելի էր այս բացառիկ գեղեցիկ զգացողությունը դեպի աշուղական արվեստը, դեպի ժողովրդական երգը, որը Հայկն իր մեջ ուներ: Եկավ եղածը ավելի ամրացնելու, խորամուխ լինելու այդ արվեստի ակունքների և պատմության մեջ, յուրացնելու դրա կատարման հնարանքները: Այս տարիներին նա իսկապես կայացավ՝ գրանցելով որոշակի ու լուրջ հաջողություններ: Այս ամենին գումարվում է նրա երգեցիկ զուլալ ձայնը: Ուրախ եմ իր հաջողությունների, ձեռքբերումների համար և հույս ունեմ, որ իրեն տրված բացառիկ ձգտումների, մղումների շնորհիվ մեծ նվաճումներ պիտի ունենա»: Սա՝ հանրահայտ Թովմաս Պողոսյանը: Իսկ ինչպես է գնահատում երիտասարդ երգչին նույնքան վաստակաշատ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Արզաս Ոսկանյանը. «Հայկ Մխոյանը կոնսերվատորիայի վերջին տարիների շրջանավարտ սաների լավագույն ներկայացուցիչներից մեկն է: Վստահ եմ, որ շուտով Հայկը լինելու է անվանի երգիչ, կոնսերվատորիան ավարտած ու կիրթ երգիչ: Ես մեծ հավատամքով եմ սպասում այդ օրվան»: Գնահատանքի այս խոսքերը պատահական չեն, ոչ էլ շռայլություն: Գնահատվում են ոչ թե արհեստածին, էժանագին ծափ- ծնծղա հնչեցնող, հարսանիքներում ու խնջույքներում խումհարացած քեֆչիների առաջ ծամածռություններ անող ''համբավավոր'' դարձած վայ երգիչները, այլ նրանք, ում արյան բաղադրության մեջ է երգի հմայքն ու կախարդանքը: Ով օժտված է ի ծնե և կոչված ծառայելու Ապոլոնին: Հայկ Մխոյանը այդ սակավաթիվ ընտրյալներից է՝ իր անձը խոնարհ համեստությամբ զարդարող, իր անհավակնոտ ու բարեկիրթ կերպարով: Եվ բնավ էլ ավելորդ չի լինի, եթե իր սրտի խոսքն ասի նաև նրա երգիչ, դասախոս Սամվել Գալստյանը. «Հայկ Մխոյանը, որպես երգիչ և ստեղծագործող, օժտված անհատականություն է: Նրա երգը սնուցվում է հայ ազգային երգի ակունքներից: Երգ, որը իրենց հետ բերել են նրա նախնիները Էրգրից: Երգ, որը հարիր է հայ երգչին: Ընկալելով նրա կատարումները, մտքով և հոգով կվերադառնաք ձեր ակունքներին, կլինեք նրա բազմաոճ երգերի ու մշակույթի աշխարհում...»: Կարծես ամեն ինչ ասվեց առինքնող մեր երգչի մասին: Ավելացնենք, որ Հայկն այս օրերին նախապատրաստվում է բարեգործական համերգներով հանդես գալ այն օջախներում, որտեղ հանգրվանել և ապրում են ճակատագրով դատապարտված մարդիկ՝ ծերանոցներում և մանկատներում: Ուրախությամբ նշենք նաև, որ նրա երգացանկը առաջիկայում կհարստանա սքանչելի ևս մեկ երգով, որը նվիրված է իր հայրենի բնաշխարհին՝ Տաշիրին: Հուսանք, որ երգի և սքանչելի երգչի արժանիքները գնահատող բարեգործ անձինք կհրաշքվեն Հայկ Մխոյանի կողքին՝ ի փառս հայ մաքրամաքուր երգի թարմ ու նորոգ հնչեցման:
Հակոբ Սրապյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets