ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.02.2014

ՆԿԱՐԻՉԸ. Փարավոն Միրզոյան

Փարավոն Միրզոյանը հայ արդի կերպարվեստում արդեն վաղուց ճանաչված ու գնահատված, իր տեղը գտած, անհատական ոճն ու ձեռագիրը մշակած նկարիչ է: 
Նրա ստեղծագործական ինքնուրույն ուղին սկիզբ է առել 1975-ին, երբ Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո նա վերադարձավ Հայաստան: Ուսման ընթացքում ստանալով մասնագիտական հիմնարար կրթություն` Փ. Միրզոյանը, միևնույն ժամանակ, պահպանեց շրջակա աշխարհից, առօրյա կյանքից անմիջապես քաղած տպավորությունների, անձնական ընկալումների թարմությունը, բնական և կենցաղային ամենասովոր, նույնիսկ պրոզայիկ երևույթներում գեղեցիկը և անսովորը նկատելու, դրանցով հափշտակվելու ունակությունը:


Հավատարիմ մնալով ռեալիստական արվեստի սկզբունքներին, նկարիչը, այդուհանդերձ, մերժում է ռեալիզմի տառացի ընթերցումները, երբեք չի կառչում բնօրնակից, խուսափում է ավելորդ, տաղտուկ մանրամասներից` հասնելով գեղարվեստական առավել ազդեցիկ ու խոր տպավորության:
Փ. Միրզոյանն աշխատում է նկարչության տարբեր ժանրերում: Նրա յուղաներկ բազմաթիվ գործերի շարքում կան բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, կենցաղային պատկերներ, հայ կերպարվեստում հազվադեպ հանդիպող` կանացի մերկ ֆիգուրներով կոմպոզիցիաներ ևս: Ձգտելով խորացնել կամ ամբողջացնել իր նկարների գաղափարական ու կերպարային բովանդակությունը, Փ. Միրզոյանը մեկ ստեղծագործության մեջ հաճախ համադրում է երկու և նունիսկ մի քանի ժանրեր: Այդպիսի ժանրային այլազան բաղադրիչներ ընդգրկող աշխատանքներ են «Ծաղիկներով կինը» (1984), «Լռություն» (1985), «Պարտեզում» (1990), «Ամառ» (1991), «Ճոճանակ» (1992), «Ընթրիք բնության գրկում» (1992), «Կինն ինտերիերում» (1997), «Մտորում» (1999) և այլ կտավներ: 
Փ. Միրզոյանի կենսահաստատ, լավատեսական արվեստում արտացոլված` բնության և մարդու համերաշխության, ներդաշնակ կապի ու միասնության գաղափարը հատկապես գեղարվեստական համոզիչ կերպավորում է ստացել տարվա տարբեր եղանակներ և օրվա տարբեր ժամեր պատկերող բնանկարներում ու գյուղական գողտրիկ տեսարաններում («Ծաղկաձոր»,1980, «Երեկո», 1981, «Աշնանային երեկո», 1982, «Լուսավոր օր», 1991, «Սաղմոսավանք», 1993, «Աշնանային մոտիվ»,1997, ևն):
Կյանքի երջանիկ և հանգստաբեր ակնթարթները, ընտանեկան օճջախի ջերմությունը, մարդկային մտերմիկ հարաբերությունները, փոխադարձ սիրո ու գորովանքի դրսևորումներն են տպավորված Փ. Միրզոյանի` առաջին հայացքից կենցաղային, բայց ըստ էության համամարդկային և համընդհանուր, արտաժամանակային մշտատև իրադրություններ պատկերող, հուզական ապրումներ կամ հոգեվիճակներ արտահայտող հորինվածքներում («Զրույց», 1982, «Սպասում», 1982, «Մթնշաղ», 1986, «Սենյակում», 1990, «Իմ ընտանիքը»: «Ձմեռ», 1993, «Բարի լույս», 2001, ևն):
Մարդու «հեռակա» ներկայությունը, նրա կենդանի շունչն է զգացվում նկարչի կողմից խնամքով ջոկվածև դաշնավորված, լույսի տարբեր աղբյուրներից շեղ անկյունների տակ լուսավորված, հաճախ` կիսախավարի, զմրուխտե կանաչ, ոսկևոր դեղին` թանձրածոր, հյութեղ կամ էլ թափանցիկ տոներով հարուստ բուսական և առարկայական նատյուրմորտներում («Կակտուսներ», 1982, «Կարմիր նատյուրմորտ», 1989, «Սև կատվով նատյուրմորտ», 1990, «Դեղին վարդ», 1992, «Մրգերով նատյուրմորտ», 1997, ևն), որոնց մեջ մեծ թիվ են կազմում այդ ժանրին ոչ այնքան բնահատուկ` խոշոր չափերի ուղղաձիգ կտավներ:
Փ. Միրզոյանի արվեստը մշտապես սնող, ստեղծագործական ներշնչանքի, անկեղծ հրճվանքի ու հիացմունքի կենսառատ աղբյուր է կնոջ կերպարը` իր արտաքին ու ներքին, զգայական և հոգևոր գեղեցկությամբ: Մուգ և բաց` չեզոք ֆոների վրա,պայմանական կամ որոշակի ինտերիերի մեջ, բացօթյա միջավայրում կամ բնության գրկում նուրբ քսվածքներով, լուսի ու ստվերի մեղմ անցումներով, թրթռուն խաղով ուրվագծված, պլաստիկական ամփոփ ձևերի մեջ անշարժացած կանացի մերկ ֆիգուրները («Մերկ կինն ինտերիերում», 1986, «Հանգիստ», 1990, «Բնորդուհին կարմիր սենյակում», 1991, «Հայելու մոտ», 1992, «Լույս և ստվեր», 1994, «Նիրհած կինը», 1994, «Երազ», 1995, «Մերկություն», 2003, ևն) սալոնային գռեհկաբարո քաղցրությունից միանգամայն զերծ, դասական մաքրությամբ օժտված գերանազ կերպարներ են: 
Փ. Միրզոյանի պորտրետային աշխատանքները, այդ թվում` նրա մեծադիր կտավները /«Աննան գլխարկով», «Հայելու առաջ», «Իմ հյուրը», «Ես և նա», «Քմայք», «Մթնշաղ», /դիտողին խոստովանքային վստահելի «երկխոսություն» հրավիրող կամերային աշխատանքներ են: Դրանցում ստատիկ դիրքր ընդունած` նստած կամ կանգնած, խոհերով տարված, սեփական մտքերի մեջ խորասուզված, լռակյաց մարդկանց բնավորությունը, հոգեկան խառնվածքը, ներքին ապրումներն ու զգացմունքները բացահայտվում ենոչ այնքան դիմախաղի, ժեստերի կամ շարժուձևի, որքան արտահայտչական բունմիջոցների` կոմպոզիցիոն ընդհանուր կառուցվածքի, լուսավորության, գույնի ընտրության ու հարաբերության , նունիսկ քսվածքի կամ մակաշերտի խտության շնորհիվ: Վճռորոշ դեր է կատարում որ միայն դեկորատիվ ակնահաճո տպավորություն թողնող, այլև հանդիատեսի վրա անմիջապես ներազդող, հույզեր արթնացնող ու տրամադրող գունային համակարգը: Յուրաքանչյուր պատկերի, գեղարվեստական յուրաքանչյուր կերպարի համար Փ. Միրզոյանը գտնում է կոլորիստական ուրույն, հաճախ` փոխաբերական իմաստով օժտված իր համարժեքը: Այսպես, «Համո Սահյանի դիմանկարը» (2001) ամբողջապես թափանցող, դրա հուզական մթնոլորտն, ասես շիկացնող կարմիրները դրամատիկ հնչերանգ են տալիս պոեմի թախծադեմ կերպարին և, կարծես, «ձայնակցում» նրա բանաստեղծական մելամաղձոտ, երբեմն` դառնացած քնարին: Փոքր-ինչ տտիպ մուգ մանուշակաթույր գույներով է բնութագրված խստապահանջ քննադատի աչք ու խոցող գրիչ ունեցող արվեստաբան Մարինա Ստեփանյանի դիմանակրը (2002): Իրար լրացնող և ուժգնացող կանար և կարմիր լարված գույների սուր հակադրությամբ է շեշտված ոսկեծամ պարմանուհու թովիչ, զգայատենչ գեղեցկությունը («Պարմանուհի», 2002, )…
Փ. Միրզոյանի լավագույն ստեղծագործություններն աչքի են ընկնում վարպետ կատարմամբ, գեղարվեստական բարձր ճաշակով, ձևի և բովանդակության ներդաշնակ միասնությամբ: Դրանք վարժ ձեռքով վստահորեն նկարված, հաստատ և ամուր գծանկարի վրա խարսխված, կոմպոզիցիոն կառուցիկ դասավորություն ունեցող, մինչև վերջ մտածված, ջրաներկ ու կավճաներկ էսքիզների մեջ նախապես ճշտված ու բյուրեղացած ավարտուն աշխատանքներ են: Հենց դա է առիթ տալիս խոսելու Փ. Միրզոյանի արվեստի դասական, կլասիկ հիմքերի մասին, թեև նա երբեք կուրորեն չի հետևել ավանդույթներին և խուսափել է ուղղակի ազդեցությունից: Նկարչի գործերին ազգային երանգ ու հարազատ շունչ են հաղորդել հայրենի հողի և բնաշխարհի գույներն ու ձևերը, իսկ նրան ի վերուստ տրված տաղանդի, ստեղծագործական անսպառ երևակայության, որոնող մտքի շնորհիվ Փ. Միրզոյանի կտավներն ընկալվում են որպես հայկական արդի կերպարվեստի ինքնատիպ ու արժեքավոր նմուշներ: 
Արարատ Աղասյան 
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets