ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.02.2014

ՖԻԴԱՅՈՒ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿԸ

1889թ. մայիսի 15-ին մշեցի Հակոբ Սարկավագի հայդուկային խմբին միանալու մտադրությամբ, Սալմաստից դուրս գալով, Վանի ճանապարհն են բռնում երեք հայրենասեր երիտասարդներ՝ Վարդան Գոլոշյանը, Հովհաննես Ագրիպասյանը եւ Կարապետ Գուլագսզյանը։ Սպիտակ կոչված աղբյուրի մոտ եռյակն անսպասելիորեն մարտի է բռնվում այդ կողմերով անցնող թուրքական ոստիկանական ջոկատի հետ, անհավասար կռվում առաջին երկուսը զոհվում են, երրորդին հաջողվում է խույս տալ հետապնդումից։ Հետագայում (1913թ.) «Հորիզոն» թերթը տպագրում է Վարդան Գոլոշյանի վերջին նամակը՝ ուղղված հորը։ Թվագրված է՝ 1889թ. մարտի 19։ Այսինքն՝ գրվել է քաջ ֆիդայու զոհվելուց երկու ամիս առաջ։

Տպագրում ենք մի հատված այդ նամակից, որը հայ ոգու մի յուրատեսակ պոռթկում է եւ միաժամանակ բանալի՝ հասկանալու ֆիդայական շարժման բուն էությունը։

…Պատանեկության հասակում մեր հասարակական ասպարեզում փայլում էր Րաֆֆին, այդ համակրելի մարդու նշանավոր գործունեությունը ղեկավարում էր մեծ գաղափար՝ Հայաստանի ազատության գաղափարը։ «Մշակ» թերթի մեջ եւ հետո առանձին տպված նրա վեպերը ես կարդացի։ Այդ հեղինակի ընթերցանությունը ներշնչեց մեջս մի վառ ու ազնիվ սեր դեպի ազգ ու հայրենիք, դեպի տառապյալ հայությունը։ Ես վճռեցի մինչեւ մահս գործել հայրենիքի փրկության համար, նրա բարօրությունն իմ երջանկությունը համարելով։ Եվ այդ վճիռը չէր այն վաղանցուկ կրքերից մեկը, որ քամու պես ծնվում ու կորչում են. ո՛չ, նա ավելի խոր արմատներ ուներ։ Եվ զգում եմ, որ առանց հայրենիքի ես ոչինչ եմ, առանց նրա բարօրության ես թշվառ եմ, վերջապես զգում եմ, որ անկարելի է ինձ մի այլ նպատակի ծառայել։ Ես տեսա մեր հայրենիքի թշվառ կացությունը, նրա ժողովրդի անտանելի դրությունը, ես այդ երկրի, այդ ժողովրդի մեջ ապրեցի, եւ իմ վճիռն ավելի եւս հաստատուն եւ անքակտելի եղավ։ Այդ գաղափարն էր, որ փախցրեց ինձ տնից…
Ես երկար ժամանակ եմ ապրել տնից դուրս, ես շատ քիչ եմ մնացել Ձեզ մոտ, որ ինձ ի մոտո ճանաչել կարողանայիք, եւ, իհարկե, չեք կարող իմանալ, թե ինչ եմ արել, եւ թե որքան վատ կամ լավ եմ ես։ Այնուամենայնիվ, վստահ եղեք, որ ես կեղտոտությունից հեռու կկենամ, որ ոչ մի վատ բան չեմ անելու։ Որովհետեւ այնպիսի մի գաղափար, որպիսին է հայրենիքի ազատությունը, մի վահան, ապահով ապաստարան եւ բարոյական դաստիարակ է, որ մարդուն ամեն փորձանքներից կպահե, եթե մարդ հասկնա նրա վեհությունը։
Ես միշտ ձգտել եմ այդ վեհությունը հասկանալ եւ հույս ունեմ, որ այդ գաղափարը պիտի իմ գործերով ազնվացնեմ սրտիս մեջ։ Ես չգիտեմ, թե որքան կհաջողվի մեր նպատակը, գուցե մենք կընկնենք շուտով եւ շատ շուտով։ Բայց մեր անկումը պիտի այլոց գրգռե, եւ մենք շատերին օրինակ կլինենք մեր գործունեությամբ…

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets