ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.02.2014

ՓԵՏՐՎԱ՛Ր Է, ՈՒՇ ԳԻՇԵ՛Ր, ՍՊԱՍՈ՜ՒՄ ԵՄ

Ք. Երևանի,Նոր Նորքի «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակում, լուսանկարում բանաստեղծ Ռաֆայել Սերենցն է, լուսանկարվել է 08. 02. 2014 թ.-ին: Գուցե բանաստեղծին լուսանկարել են, երբ արդեն ապրելիս է եղել այս բանաստեղծական սպասո՜ւմը, որը դեռ թղթին հանձնված չի եղել:
 ...Ես սպասում եմ, ձմեռ է, սպասումս փոխակերպվում է ձեռքից ձեռք թափառող մի նամակի, ուր սիրո խոստովանությունը գրված է առանց որևիցե ներշնչանքի և նրա մեջ ցուրտն է հոգու. սպասո՜ւմ եմ... Ցուրտ փետրվարն է, խոնարհ հայացքով նայում եմ պատուհանից, որոնում եմ, փնտրում. սպասո՜ւմ եմ. ինչո՞ւ է «Սիրո օր»-ը Հայաստանում ձմռանը, ինչո՞ւ գարնան մեջ չփնտրել սիրո հավիտենականը, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, հիշեցի քո քնքուշ շոյանքները, գուցե ձմռանը գգվանքի քաղցը ջերմանալու հույսեր է փափագում... ամենուր անդո՛րր, թախի՛ծ, տխրությո՛ւն, ամենուր քո՛ւնն է հսկում, ամենուր դո՜ւ ես... ցրտին միայն թափառում են շները, պոռնիկը... Ահա՛, նորից նրանք են, բայց ո՞ւր է պոետը, կորցրե՜լ են նրան. սպասո՜ւմ է... Ուշացած սիրո խոստովանությունն աղոթքի պես մխրճվել է դեպի տիեզերք, ոչ աջ, ոչ ձախ, դեպի՛, ուղի՛ղ, անհունորեն թափանցիկ սլանո՜ւմ է, և աստվածաշնչյան լուսավոր գիշերն է հիմա, երբ հոգին տեսանում է մութը, որին հաստատ պիտի հաջորդի լուսաբացը. սպասո՜ւմն է: Շները մի անսովոր ցուրտ են զգում... որով մոռացել են շնությո՜ւնը... և հսկում են պոռնիկի տագնապնե՜րը. նայում է աջ, նայում է ձախ, փնտրում է նա՝ մտովի հանձնված կրքերի խելագար պտույտներին ու գալարումներին, նրան դրա համար վճարո՜ւմ են, գնում են սեփական տխրությո՜ւնը, գնում են սպասո՜ւմը... Իսկ պոետը չգիտես թե ինչու նրա եղբայրն է, որ գիշերին սրբում է նրա արցունքները և կանչում՝ քո՜ւյր... Դա միայն շները գիտեն, միայն շներն են լպստում պոետի արցունքները և արբո՜ւմ տխրությունից, և քույրը խրատո՜ւմ է՝ քնի՜ր ծնկներիս:
   -Իսկ ո՞ւր է պոետը, գուցե նիրհում է՝ գլուխը դրած սեղանին, և չգիտենք թե ինչ երազներ է տեսնում. չէ՞ որ նրա հոգու կեղևը բարակ է, թափանցիկ՝ նա անպաշտպա՛ն է՝ սպասո՜ւմ է,- հիմա կտագնապե՜ն:
   Այդ վայրի սպասումը քանիսի՜ հոգին է խուժել իրեն հատուկ բռնությամբ, արմատներ գցել, աճել, բայց տվե՞լ է արդյոք պտուղներ. մի՞թե աշխարհիս սպասումներն անպտուղ են. ձմե՜ռ է, փետրվա՛ր: Հիշեցի, նորի՛ց, նորի՛ց՝ թե՛ շուրթերիդ դողը, թե՛ նրանց վայրագ շշուկները՝ սիրո՜ւմ եմ, չե՜մ լքի: Սիրո առաքելությունն իմ այս սպասումն է, որը վարագուրված իրականությունը խառնել է քարանձավային սիրո խարույկի կապույտ խաղաղությանը, որն այրում է չտաքացրա՜ծ... իսկ հեռվում օվկիանոսն է օրորում նավզիկեներին. նրանք գիտե՛ն սպասել... Եվ ո՞վ է կրկնում նույն բառը մի քանի անգամ, նա ով գիտե, որ դա է լինելու իր իրականությունը, չի համոզում ինքն իրեն այդ բանում, հավատո՜ւմ է... ես նույն հավատով գնել եմ իմ այս սպասումը և վաստակել այս գիշերը... վաստակեցի քե՜զ... թեկուզ ուշացած, թեկուզ գիշերին, թեկուզ լքելով շներին ու պոռնիկին... Սենյակում լուսամփոփը հայելում է ծնվող հույսերի առաքինությունը, որոնք ստիպում են երազել. նայում եմ աջ, նայում եմ ձախ, օգնություն խնդրողի մի առասպելական կերպար շշնջո՜ւմ է՝ այդ ո՜ւր, ես այստեղ եմ, օգնի՜ր. ա՜խ, նորից լուսամփոփն է հայելում... Ասես աստվածաշնչյան գիշերն է լուսավորում սենյակն ու աղմկում՝ շուտով լուսաբա՜ցն է... շուտով այցի կգա կապո՛ւյտ սպասումը, կգա, կգուրգուրի, չմորմոքե՜ք: Մոտենում եմ պատուհանին, ձյուն չկա, չոր, ցուրտ իրականություն՝ հավիտենությո՜ւն... որի շուրթերին փետրվարյան «Սիրո օր»-ն է ղողանջում, որին սպասում են շները, պոռնիկն ու ես, որի պատճառով բոլորիս սրտերում ծնվում է հավիտենական սպասումը...
   ... Պոռնիկը շշնջաց, շներն ուրախ հաչում են. մենք կորցրե՜լ էինք իրար...
   Ձմե՛ռ է, փետրվա՛ր, ուշ գիշե՜ր:
09.02.2014 թ.
ուշ գիշեր
© բանաստեղծ Ռաֆայել Սերենց

3 комментария:

  1. Սպասում... Առանց նրա հնարավո՞ր է ապրել: Իմ կարծիքով՝ չէ: Այն այնքան հեքիաթային կախարդական գրավիչ մաքուր ու ջինջ է թվում: Թվում է դու էլ դեռ երիտասարդ ես ու կլինի այդ հրաշքը...Մարդը չի ընդունում իր մեծությունը, որ ամեն եղանակի կրկնվելու հետ ինքը մեծանում է ... սպասում է դեռ երեխայի պես հավատում անդավաճան սիրուն... Կարդալով հավատում ենք ... սակայն իրականությունը այլ բան է ասում... նա շշնջում է ականջիդ... իսկական սեր ... կա՞ այն գոյություն ունի.. շատերը ասում են կա ... ես չեմ հավատում ... սակայն սպասում եմ ... Ձեր մտքերը գեղեցիկ են մաքուր, տիեզերական... այնտեղ կա գեղեցիկ մաքուր զգացում , որը շատ գրողների մոտ չեմ տեսնում... Ձեզանից լույս է գալիս ... առատ լույս... Շնորհակալություն ...

    ОтветитьУдалить
  2. Анонимный16 июня 2016 г., 14:13

    Ամեն անգամ կարդում եմ սիրով և թվում է նոր եմ կարդում-հին չէ: Մարդու մտքերը թափառող ու բազմաբովանդակ են: Այդ թափառում ների մեջ մեծ է կարոտն ու սպասումը: Կարոտ որը ծնվում է հարուստ հոգում: Նա բարի է ու շրջապատն էլ լցնում է իր սիրով:Կարոտին խառնվում է սպասումը, իսկ սպասումը ծնվում է հավատից- մեծ սիրո հավատից: Դուք Պոետներդ <> և Ձեր գրված ամեն տողը ընթերցողներիս հաճելի պահեր են պարգևում:Թող միշտ հարուստ մնա Ձեր մաքուր հոգին, իմ սիրելի պոետ` Ռաֆայել Սերենց:

    ОтветитьУдалить
  3. Анонимный16 июня 2016 г., 14:17

    Ամեն անգամ կարդում եմ սիրով և թվում է նոր եմ կարդում-հին չէ: Մարդու մտքերը թափառող ու բազմաբովանդակ են: Այդ թափառում ների մեջ մեծ է կարոտն ու սպասումը: Կարոտ որը ծնվում է հարուստ հոգում: Նա բարի է ու շրջապատն էլ լցնում է իր սիրով:Կարոտին խառնվում է սպասումը, իսկ սպասումը ծնվում է հավատից- մեծ սիրո հավատից: Դուք Պոետներդ և Ձեր գրված ամեն տողը ընթերցողներիս հաճելի պահեր են պարգևում:Թող միշտ հարուստ մնա Ձեր մաքուր հոգին, իմ սիրելի պոետ` Ռաֆայել Սերենց:

    ОтветитьУдалить

Blogger Widgets