ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.02.2014

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ. Ալբերտ Վարդանյան

«Ուզում եմ զգալ կյանքի զարկերակը»
Ա.Վարդանյան

Արվեստի գործի առաքելությունը ոչ այնքան գեղագիտական հաճույք պատճառելն է, որքան ստիպելը մարդուն` ավելի խորությամբ տեսնել երևույթներն ու դեպքերը, գնահատել համամարդկային արժեքները, արժևորել կյանքը: Իսկ գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանի ստեղծագործությունները հենց այդպիսին են` ասելիքի խորությամբ, ենթատեքստի հարստությամբ: Վարդանյանի արվեստը, սնվելով էթնիկ-տեղային ավանդույթներով, կրել է ազգային ակունքների դրոշմը, գենետիկ մտածողությունը, միաժամանակ անդրադարձ կատարելով համամարդկային գաղափարներին: Վարդանյանի քանդակները արված են մոդեռն ոճով, ինչը դիտողին հնարավորություն է տալիս ազատ լինելու իր ընկալման մեջ:
Նա շոշափում է այնպիսի համամարդկային թեմաներ, ինչպիսիք են սերը, խաղաղությունն ու պատերազմը, ցավը: Վարդանյանի արծարծած թեմաները չեն սահմանափակվում ո’չ տարածությամբ և ո’չ էլ ժամանակի մեջ: Դրանք հասու են ազգային տարբեր պատկանելություն ունեցող մարդկանց և տարբեր մշակույթներ կրող հասարակություններին: Արվեստագետի գործերը հագեցած են սիմվոլիկայով: Սակայն Վարդանյանը իր մտածողությամբ նախ և առաջ էթնիկ-տեղային քանդակագործ է: Իր իսկ բնորոշմամբ` նա իմպուլսներ է ստանում իր քաղաք-միջավայրից. «Ես զգում եմ աշխարհի ներկայությունը իմ անձնական կենսակերպով: Եթե ես ապրեի ուրիշ վայրում, քանդակելու էի այլ կերպ: Ես սիրում եմ իմ քաղաքն ու միջավայրը: Ստեղծագործելիս զգում եմ «Գյումրի» ֆենոմենի անհրաժեշտությունը: Ուզում եմ զգալ կյանքի զարկերակը»:


«Պուլսար»
«Պուլսարը», որն իր բնույթով գովք է կոսմոպոլիտիզմին և յուրօրինակ բողոք` ընդդեմ բռնությանն ու պատերազմներին, Վարդանյանի մոնումենտալ ու ամբողջական ստեղծագործություններից է: Այստեղ կարևորվել է կառուցվածքային ամբողջականությունը: Ի տարբերություն հեղինակի այլ գործերի, որտեղ քանդակը ամբողջական են դարձնում նրա բաղադրիչ մասերը /«Տուրք առ Աստված», «Մասնատում»/, «Պուլսարը» լինելով միասնական մարմին, նպաստում է գաղափարի ճիշտ ընկալմանը: «Պուլսարի» համար գաղափարական ազդակ է ծառայել Հացիկ գյուղում գտնվող հանրահայտ Ծակքարը, որն ունի մի շարք խորհուրդներ:
Հայաստանում քարի պաշտամունքը շատ հին է: Այն գալիս է դեռևս նախնադարից. քարը քարով մշակելիս ստացվող կայծերը նախամարդուն վստահեցնում էին, որ այդ նյութի մեջ կենդանի ոգիներ են ապրում: Քարի պաշտամունքային մնացուկները, հասնելով 20-րդ դար, արտահայտում են նրա այն հատկանիշները, որոնցով օժտված է կենդանի օրգանիզմը` «արյամբ», կենսական ուժով: Նրան վերագրում էին անզավակ կնոջը` զավակ պարգևելու, տարբեր հիվանդություններ բուժելու, ինչպես նաև` մաքրագործման խորհուրդներով:
Օգտագործելով Ծակքարի մոտիվը` Վարդանյանը զարգացնում է այն: Քանդակագործի արտահայտությամբ` յուրաքանչյուր ստեղծագործություն ինքն է թելադրում իր նյութի ընտրությունը: Սա այն դեպքերից է, երբ նյութը օգնում է գաղափարին, «լրացնում» այն: Քանդակագործը ընտրել է բրոնզը: Դա այնպիսի նյութ է, որը դյուրությամբ է տեղի տալիս, բայց և մատնանշում է ամրություն: Կարծում ենք` քանդակագործի նպատակներից է եղել մարդասիրական գաղափարները դիտարկել նաև ըստ այդ երկուսի` ամրության ու ջերմության համադրության տեսանկյունից: Ամբողջության մեջ սա յուրօրինակ կոչ է` ուղղված և’ մարդասիրությանը, և մարդ-բնություն կապի մերձեցմանն: Վերջինս առավել ակնհայտ երևում է քանդակի ՙպատվանդանից. դա գետինն է` հողը: Սա ևս մեկ անգամ հաստատում է քանդակագործի կողմից բնությունը կարևորելու միտումը. բնությունը դիտարկվում է որպես արարման հիմք:
«Պուլսարի» վրա խաչաձև խրված սեպերը, մեր կարծիքով, ոչ միայն մարդկային չարչարանքների կամ զուտ քրիստոնեական խորհրդանիշի պատկերումն են, այլև ամբողջության վիզուալ չորս բաժանումները, որոնք մեկ ամբողջության մեջ անդրադառնում են կոսմոպոլիտիզմի գաղափարին: Քանդակը կրում է նշաններ` սիմվոլներ, բանաձևեր, բանալիներ, հմայիլներ: Քանդակագործը խոսում է սիմվոլների լեզվով, ինչը ենթադրում է հեղինակի հաղորդակից լինելը տարբեր ժամանակաշրջանների հոգեբանությանն ու տարբեր մշակույթների կրողներին: Քանդակի պակասող մասը օգնում է լույսի ակտիվ խաղին ու էներգիայի մեծ պաշար ուղղորդում նաև այլալեզու մշակույթի կրողներին:
Ալբերտ Վարդանյանի դեպքում, ով քանդակային նոր ձևեր և կաղապարման նոր տեխնոլոգիաներ կիրառելուց զատ, առաջին հերթին կառուցում է նոր մտքեր, իրապես զգացվում է արվեստագետի ձգտումը իր քանդակները հագեցնել տեղեկատվության, նորարարական լեզվով: Դեպի ավարտ ուրվագծվող ուղին աննշմար է….
Վարդուհի Կարապետյան,
արվեստաբանության բաժին, 3-րդ կուրս

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets