ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.02.2014

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԸ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար, հրետանու գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը ծնվել է 1876թ. Նալչիկ քաղաքում, որտեղ ծառայության բերումով բնակություն էր հաստատել Անիից սերող եւ Թիֆլիսում հայտնի Արարատյանների շառավիղը: Երբ լրացավ փոքրիկ Քրիստափորի տասը տարին, հավաքվեցին ընտանիքի անդամները, հարազատ մարդիկ` որոշելու տղայի ապագան: Քրիստափորը ինքն էլ մանկուց երազում էր զինվորական դառնալ եւ նմանվել հորը: Հայրը` Գերասիմ Արարատյանը, ռուսական բանակի գնդապետ էր: Հոր խոսքերը զինվորական դառնալու որոշումը վերջնական դարձրին. «Որդի՛ս, ամենակարող է մայր հողը` կերակրում է իր բերք ու բարիքով, ապրեցնում է իր աղբյուրների ջրով, զարմացնում է իր գեղեցկությամբ: Միայն ունակ չէ պաշտպանելու ինքն իրեն: Ուստի Հայրենիքի պաշտպանությունը այն մարդկանց պարտականությունն է, ովքեր սնվում են մայր հողի բարիքներով, հագենում են նրա ջրով եւ զմայլվում` գեղեցկությամբ: Որոշիր, որդի՛ս, դու արդեն փոքր չես»:
Տասնամյա տղան կայացրեց իր որոշումը եւ ընդունվեց Թիֆլիսի կադետային դպրոց, որտեղ սովորեց յոթ տարի եւ ստացավ ավարտական գրքույկ: Ինչպե՞ս շարունակել կյանքը. այս անգամ ընտանիքի կանայք առաջարկում էին ընդունվել Մոսկվայի Լազարյան ճեմարան, սակայն հոր խորհուրդը` դառնալ հրետանավոր, ուղենշային էր Քրիստափորի համար, եւ նա ընդունվում է Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Միխայլովյան հրետանային ուսումնարան: Արարատյանը ավարտում է ուսումնարանը` իրավունք ստանալով ինքնակամ ընտրելու հետագա ծառայության վայրը, քանի որ երեք լավագույն շրջանավարտներից էր: Ավելին` քսանամյա Արարատյանին վստահում են մայրաքաղաքի զինվորական ուսումնարանների շրջանավարտներին նվիրված զորահանդեսում գլխավորել հեծյալ մարտկոցը: Զորահանդեսին ներկա Ալեքսանդր 3-րդ կայսրը հիացած էր երիտասարդ սպայով եւ հենց տեղում նրան արժանացնում է ոսկե զենքի` կովկասյան սուսերի: Արարատյանը հուզված էր, նաեւ` զարմացած. իր առաջին ռազմական պարգեւի վրա կար պատմական հանրահայտ մակագրություն. «Գեներալ Մոիսեյ Արղութինսկի-Դոլգոռուկիին` Կովկասի փոխարքա կոմս Ալեքսեյ Երմոլովից»:

ԱՐԱՐԱՏԸ ՍՊԱՍՈՒՄ Է
Մեկ տասնամյակ տեւած ուսումնական փուլն ավարտված էր: Երիտասարդ պոդպորուչիկն էլ կայացրել էր իր որոշումը` ծառայությունը շարունակել Թիֆլիսից ոչ հեռու գտնվող Կոջորիի մոտ տեղաբաշխված Կովկասյան հրետանային բրիգադում: Ուսումնարանում ստացած գիտելիքները, պատասխանատվությունն ու նվիրվածությունը զինվորական գործին նրան կարճ ժամանակամիջոցում դարձրին լավագույն սպաներից մեկը:
1904թ. սկսվում է ռուս-ճապոնական պատերազմը, եւ Արարատյանը ցանկություն է հայտնում մեկնելու ռազմաճակատ, հրամանատարությունն էլ կողմ էր: Ահա եւ առաջին անգամ Արարատյանը իր ուժերն ու հմտությունները կիրառում է մարտադաշտում, աչքի ընկնում արիությամբ եւ ստանում շտաբս կապիտանի կոչում, նաեւ առաջին շքանշանը` հրետանին արդյունավետ գործածելու համար:
Փոխգնդապետ Արարատյանը ուսանում էր Ցարսկոյե Սելոյի բարձրագույն հրամանատարական դպրոցում, երբ նրան հասավ Առաջին համաշխարհային պատերազմի բոթը: Քննությունները հանձնելուց հետո Արարատյանը մեկնում է ռազմաճակատ: Նրա սխրանքներն են վկայում ստացած մեդալները. Սուրբ Ստանիսլավի 2-րդ եւ 3-րդ աստիճանի, Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի, Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի եւ այլն:
Հոկտեմբերյան հեղաշրջման ժամանակ նա Ռումինիայում էր` որպես գերմանացիներին դիմակայող Արեւմտյան ռազմաճակատի բրիգադներից մեկի հրետանու հրամանատար: Տապալվում է Ռուսական կայսրությունը: Ի՞նչ անել: Արարատյանին` որպես Ռումինիայի թագի կոմանդորի աստիճանի շքանշանակիր և մարտական փորձ ունեցող գնդապետի, առաջարկում են ծառայության անցնել ռումինական բանակում եւ խոստանում են շնորհել գեներալի կոչում: Բայց Արարատյանը գիտակցում էր, որ կայսրության անկումից եւ ռուսական զորքերի` Կովկասյան ճակատը լքելուց հետո Հայաստանին վտանգ է սպառնում: «Արարատյանին սպասում է Արարատը»,-ասում է նա եւ թողնում Ռումինիան:
Արդեն Թիֆլիսում հանդիպում է իրեն քաջածանոթ` Հայաստանի նորանշանակ սպարապետ գեներալ Թովմաս Նազարբեկյանին: Վերջինս նրան առաջարկում է ստանձնել հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատարությունը: Բրիգադի շտաբը Կարսում էր, դեպի ուր եւ մեկնում է գնդապետ Արարատյանը:

«ԹՈՒՐՔԵՐԻ ՍԱՐՍԱՓԸ»
Ռազմաճակատը ձգվում էր Արաքսից մինչեւ Արագած լեռան փեշերը եւ Բաշ Ապարան: Թուրքերը գերազանցում էին ե՛ւ սպառազինությամբ, ե՛ւ թվաքանակով: Թուրքերի գերմանական 40-ից ավելի նոր հրանոթների դիմաց հայերն ունեին ընդամենը 18-ը, սակայն հայկական երկրորդ դիվիզիայի հրամանատար Մովսես Սիլիկյանն ու հրետանու պետ Քրիստափոր Արարատյանը չընկրկեցին թշնամու թվային գերակշռության առաջ: Արարատյանը փայլուն կիրառեց Առաջին աշխարհամարտում կուտակած մարտական փորձը: Նրա կարգադրությամբ հրետանային մարտկոցների համար մշտական կրակադիրքեր չէին պատրաստվել, և դրանց տեղը ճակատամարտի ժամանակ փոխվում էր` ուղիղ նշանառության կրակով օգնելով հետեւակին: Երբ հոգնած հայկական հետեւակը դադար էր առնում, նահանջող թուրքերին խոցում էին հրետանավորները: Ձեռնարկված հմուտ գործողությունների շնորհիվ թշնամու 12 հրանոթ անցավ հայկական զորքերին: Դրանք սպասարկում էին գերմանացիներ, որոնք շրջեցին փողերը եւ կրակ բացեցին թուրքերի վրա: Արարատյանի մաքուր գերմաներենով տրվող հրամանները կատարվում էին ջանասիրաբար. «Ձեր թուրքերի դեմ կոտորակառումբով, ուղիղ նշանառությամբ, կրա՛կ…»
Մայիսի 27-ին հայերը վերսկսեցին հարձակումը: Գնդապետը մարտկոցները թշնամուց աննկատ մոտեցրեց դիրքերին, եւ անսպասելի բացված հրետանային կրակը հետեւակին եւ հեծելազորին հնարավորություն տվեց անցնելու հակառակորդի թիկունք: Թեպետ ամեն ինչ ավարտված էր, հայ հրետանավորները շարունակում էին հարվածել հակառակորդի պաշտպանական դիրքերին: Թուրքերը խուճապահար նահանջեցին:
«Թուրքերի սարսափ»,-այսպես կնքեց Դանիել Բեկ-Փիրումյանը Արարատյանին 1918 թ մայիսյան այդ օրերին: Քրիստափոր Արարատյանը հետագայում խոստովանեց, որ ինքը երբեւէ չի եղել ավելի երջանիկ, որքան 1918-ի մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը:

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ
Պատերազմից հետո Արարատյանը ձեռնամուխ է լինում ազգային բանակի նոր ստորաբաժանումների ձեւավորմանը: Երբ նորանկախ Հայաստանի առաջին կառավարությունը Հ. Քաջազնունու գլխավորությամբ հրաժարական է տալիս, եւ նոր վարչապետ է դառնում Ալեքսանդր Խատիսյանը, նա սպարապետ Նազարբեկյանին խնդրում է թեկնածու առաջարկել պաշտպանության նախարարի պաշտոնի համար, նաեւ տեղեկացնում է, որ գեներալ Մովսես Սիլիկյանը հրաժարվել է այդ պաշտոնից: Սպարապետը առաջարկում է Քրիստափոր Արարատյանի թեկնածությունը: 1919 թ. մայիսին Արարատյանին շնորհվում է հրետանու գեներալ-մայորի կոչում, եւ նա նշանակվում է հանրապետության պաշտպանության նախարար: Մեկ տարուց ավելի նա զբաղեցրեց այս պաշտոնը` իր գլխավոր խնդիրը համարելով մարդկային եւ նյութական ռեզերվի ձեւավորումը:
Խատիսյանի հրաժարականից հետո հաստատվում է Համո Օհանջանյանի կառավարությունը, իսկ Արարատյանին առաջարկվում է պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, սակայն նա հրաժարվում է եւ խնդրում իրեն ուղարկել Կարս, որտեղ էլ անառիկ ամրոցի խայտառակ հանձնումի ժամանակ գերի է ընկնում:
Մի ամբողջ տարի Քրիստափոր Արարատյանը գերության մեջ էր: Գեներալ Քյազիմ Կարաբեքիր փաշան քանիցս այցելում է «Թուրքերի սարսափին» եւ հորդորում ծառայության անցնել իրենց մոտ, դասախոսել թուրքական հրետանային ակադեմիայում: Արարատյանը անդրդվելի էր: 1921թ. Ալ. Մյասնիկյանի ջանքերով, փրկագնի դիմաց Արարատյանը ազատվում է գերությունից և զբաղեցնում Հայկական հրաձգային դիվիզիայի փոխհրամանատարի պաշտոնը: Մյասնիկյանի զոհվելուց հետո Արարատյանը ազատվում է պաշտոնից, եւ նրան գործուղում են Մոսկվայի Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիային առընթեր բարձրագույն հրամանատարական դասընթացների: Արարատյանի գիտելիքները օգտագործեցին միայն Երեւանի բուհերի ռազմական ամբիոններում: Հետագայում նրա աշակերտներից Խ. Դաշտենցը այսպես կհիշի իր ուսուցչին. «Արարատովն էր մեզ զորաշարժի տանում` Ղարսի հրացանը կապած ուսին»:
1937թ. օգոստոսին Արարատյանը տեղեկանում է, որ իր մարտական ընկերը` Մովսես Սիլիկյանը, ձերբակալված է: Որոշում է` ինքնակամ ներկայանալ Մուղդուսուն, որն ասում է, թե դեռ իր հերթը չէ: Սեպտեմբերի երկուսին, սակայն, նրան եւս ձերբակալում են` տնից անվերադարձ առգրավելով բոլոր շքանշանները, մեդալներն ու պարգեւները, գեներալի ձեռագրերը, ընտանեկան լուսանկարները, խլում են բնակարանը, եւ գեներալի ընտանիքը` կինը, որդին եւ դուստրը, հայտնվում է հանրակացարանի մեկսենյականոցում:
Արարատյանի ընտանիքը ենթարկվում է բազում ճնշումների: Չնայած ընտանիքի կրած սարսափներին` գեներալի երկու երեխաները շարունակում են ապրել եւ արարել. Կոնստանտինը ավարտում է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, իսկ Ելենա Արարատյանը դառնում է հայկական բալետի հռչակավոր աստղերից մեկը, արժանանում ՀԽՍՀ վաստակավոր, բայց ոչ երբեք` ժողովրդական արտիստուհու կոչման, քանի որ «ժողովրդի թշնամու դուստրը չէր կարող կրել ժողովրդականի կոչում»:
Գեներալի թոռը` հայոց բանակի փոխգնդապետ Յուրի Արարատյանը, հիշում է տատի` Նինայի պատմածներից: Ասում է` տատս հինգ տարի շարունակ ամեն օր բանտ էր գնում` ուտելիքի կապոցով, չէր էլ ենթադրում, որ ամուսինը վաղուց կենդանի չէ:
1937թ. դեկտեմբերի 10-ի առավոտյան չեկիստները բեռնատար մեքենայով Ավանի ձոր (ներկայիս գազանանոցի տարածք) են տեղափոխում գեներալներ Մովսես Սիլիկյանին, Քրիստափոր Արարատյանին, Դմիտրի Միրիմանյանին, գնդապետներ Աղասի Վարոսյանին, Ստեփան Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին, Հարություն Հակոբյանին: Առաջարկում են կապել նրանց աչքերը, սակայն բոլորը հրաժարվում են` ասելով. «Մենք մահվան աչքերին շատ ենք նայել: Կրակե՛ք»:
Հայ բոլշեւիկների կրակոցներից ընկան Սարդարապատի հերոսները:

Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets