ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.03.2014

ԼՈՒՍԻՆԵՆ ԿՈՄԻՏԱՍԻ 100 – ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

«Կոմիտաս»
Նկարիչ՝ Եփրեմ Սավայան
1969 թվականի մարտի 15-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը լեփլեցուն էր: Միջանցքներում, յարուսների անցուղիներում անհնար էր շարժվել: Կոմիտասի 100- ամյակին նվիրված Լուսինեի համերգի մասնահատուկ կողմը՝ կոմպոզիտորի ստեղծագործությունների լայն ընդգրկումից բացի, կատարման եղանակն էր՝ լուսինեական- կոմիտասականը, այն ինչը մասնագետներն անվանում են խորքերի պեղում, նախահիմքերի հայտնաբերում: Լուսինեն աճել էր և վարպետացել: Նա հասկանում էր կոմիտասյան երգերի ու մշակումների դժվար պարզությունը, նա ձեռք էր մեկնում անվերծանելի թվացող հոգևոր նստվածքներին և հանում էր այնտեղից տրամադրությունների լուսաշող նոր երանգներ, կապուտաչյա, հստակ, երազային քնքշություններ մեղեդու, մասնավորապես մեղմամեղմ (pianissimo) ոլորաններում և, ինչպես Կոմիտասը, երգից ազատում էր անհարիր «արևելյան» զարդանախշը (որքան, իհարկե դա հնարավոր էր) և դասական պարզության հասցնում հարյուրամյակներով ժողովրդի լայն զանգվածներում կենցաղավարության ստացած մեղեդիները («Անտունի», «Կռունկ»):
Կոմիտասականը անմիջաբար կապվում էր հոգևոր մեղեդիների կատարումների հետ: «Կռունկը» նա երգում էր այնպես, որ իսկույն պարզ էին դառնում երգի միջնադարյան ակունքները: Միայն կատարման ընդհանուր ոճը չէր այդօրինակ զուգահեռման պատճառը: Մեղեդին ինքը երևան էր հանում աղերսի հեռավոր ու անժխտելի որոշությունը:
Լուսինեի սոպրանոն այդ տարիներին ավելի քան տեսանելի էր դարձնում իր տխրունակ գույնը: Պարզ, վճիտ, լուսաբացային գեղեցկության մեջ կախվում էր տրտում բարության ու սրտամաշ հեծեծանքների շարունակվող տրամադրությունը:
Անհնար էր լսել նրա «Անտունին» առանց խորը տակնուվրայող հուզմունքի: Երգչուհին ինքն էլ արտասվում էր, խոշոր կինեմոնագույն աչքերում լճանում էին զսպված արցունքները, և միայն դահլիճի որոտընդոստ ծափերի ու բեմ վազող երկրպագուների աղմուկ- աղաղակի մեջ նա կարողանում էր հավաքել իրեն, ուշաբերվել, հանգստանալ:
- Սիրտըս նման է էն փըլած տըներ.
Կոտրեր գերաններ, խախտեր է սըներ:
Այս երկու տողերը սոպրանոյի ծայրահեղորեն տխուր ծավալումների մեջ տրամադրությունների լարումը հասցնում էին գրեթե գագատնակետին: Հաջորդ տողերում տխրությունն ու հուսահատությունը առնում- տանում էր կյանքի հետ միավորող գրեթե բոլոր կապերը...
- Երթամ զի թալեմ էն ելման գետեր,
Ըլնիմ ձըկներու ձագերացըն կեր: 
Ինքնասպանության պատրաստակամության մեջ սպառնալիք չկար, այլ հնազանդամիտ ենթարկվածություն դաժան բախտին ու ճակատագրին: Լուսինեն մորմոքվում էր անպատմելի մի տառապանքով: Ասես պանդուխտ հայության դարավոր տվայտանքներն էր միահավաքում ու վերապրում, ասես աղեխարշ ու բոկոտն անցնում էր աշխարհի ճամփաներով, հայ պանդուխտի հոգու, մտքի, սրտի, արյան, մորմոքների ծանրության տակ: Երգի միջամասում, Լուսինեի ձայնը դողում էր հոգեկան լարվածությունից, ուժգինի ինչ- որ չափազանց ձիգ վերելքում այդ սոպրանոն տխրունակ գույնից ավելի էր համեղանում:

ԿԱՐԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets