ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.03.2014

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

ՄՈՒՇԵՂ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ
Բազմաչարչար քո սուրբ հողի`
Գարուն տենչող
Մեկ բուռն եմ ես ,
Հոռովելիդ անուշ ձայնին
Ականջալուր`
Հաց պարգևող խոփիդ կարոտ:

Մաքրամաքուր զուլալ ջրիդ
Ջինջ ակունքից բխող կումն եմ
Սիրտ զովացնող,
Աշխարհով մեկ քո սփռված
Պանդուխտների
Հայրենատենչ շուրթին կարոտ:

Քո ամեն մի բացվող օրվա
Առավոտվա շաղին թիկնած
Բարի լույսի թարմությունն եմ
Հուսադրող,
Ինձ արթնացնող և ջերմացնող
Արևաբույր շողիդ կարոտ:

Քո ոգեղեն հրով վառվող
Կյանք արարող
Հավերժական վառ կրակիդ
Երկինք ելնող ծուխն եմ արդար,
Նոր սերունդներ անվերջ ծնող
Արարչագործ բոցիդ կարոտ:

Այս չորս տարերքիդ
Խառնարանի մեջ
Թող հանգիստ խաղաղ
Հանգչեմ հավիտյան,
Դու իմ արարիչ,
Իմ մա´յր Հայաստան:
        ԱՂՈԹՔ
Լո՜ւռ աղոթում եմ
Քո բախտի համար,
Փորձում եմ վանել
Գլխավերևիդ
Կուտակված այն սև
Ամպերը մթին,
Հոգսերդ բոլոր
Շալակած տանել
Եվ թեթևացնել
Բեռդ, ո՜վ աշխարհ,
Ախր ինչպես քեզ
Մտքիցս հանեմ,
Քո հոգում բացված
Վերքերի համար
Սրտանց չցավեմ,
Վիրավոր աշխարհ:
Կարեկցում եմ քեզ,
Եվ քո երկփեղկված
Հոգեվարքի մեջ
Ճշմարտաքաղցից
Մեռնող հավատիդ,
Որը կարծում եմ
Դեռ պիտի ապրի:
Հույսով պեղում եմ
Խարխուլ հավատիդ
Փշրանքները այն
Խիստ թերահավատ,
Որոնք չարորակ
Ուռուցքների պես
Թունավորում են
Եվ մաշում հոգիդ:
Փորձում եմ գտնել
Ինքս ինձ նաև,
Որ նորոգ շնչով
Կյանք տամ, ապրեցնեմ,
Եվ ամբողջացնեմ
Փշրանքներին այդ
Շատ պարզ և մաքուր
Մի ճշմարտությամբ,
Որին շատ վաղուց
Կորցրել ենք ցավոք,
ՈՒ դեռ չենք գտել:
Եվ ես անկասկած
Միշտ պիտի ջանամ,
Թեկուզ հրաշքով
Գտնել կորուսյալ
Ճշմարտությունն այդ,
Որ շաղ տամ բոլոր
Արահետներիդ
Էյ, անմահ աշխարհ:
Զգույշ, անխափան
Պիտի իջեցնեմ
Լուսավոր շողերն
Արշալույսների
Եվ մաքրազերծեմ
Մաքուր, բյուրեղյա
Այդ ճշմարտությամբ,
Որ լուսավորեմ
Քո նոր գալստյան
Անցնելիք ճամփան:
Իսկ հիմա դառնամ
Քե՛զ, մարդ արարած,
Հերիք չէ՞ շեղվես
Կյանքի ընթացքից
Այս բնականոն,
Եվ ապրես այդքան
Սխալ, անկանոն:
Ականջդ մոտ բեր
Ասեմ քեզ մի պարզ,
Բայց ճիշտ ապրելու
Մի ոսկե կանոն.
Չկա նրանից
Վեհ բան աշխարհում,
Երբ մարդիկ իրար
Լուռ են հասկանում:

ԿԵՆԱՑ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
Հանգուցվում են իրար
Սկիզբ և վերջաբան,
Դառնում ճակատագրի
Մի յուրօրինակ 
Շատ փոքրիկ շրջան:
Իրարից տարբեր
Շրջաններ անթիվ
Կորապարագիծ,
Որոնք դառնում են
Մարդկանց կարճ կյանքի
Տխուր հետագիծ,
Եվ վերջիվերջո
Վերածվում կարծես
Հորիզոնական
Շատ կարճ մի գծի:
Եվ այսպես հերթով
Այդ շրջաններին
Իր գիրկն է առնում,
Իր անտեսանելի
Եվ շատ սրընթաց
Հոսքի մեջ խառնում,
Եվ Աստված գիտի
Թե ուր է տանում
Մի մեծ, վիթխարի
Սնամեջ անդունդ,
Որն էլ կոչվում է
Կլոր երկրագունդ:

ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ
Աշխարհն այս
Հավիտենական
Չի եղել երբեք
Լրիվ , ամբողջական:
Անարդար աշխարհն
Այս անիրավ
Ինձ հիշեցնում է
Մի լայնածավալ
Չավարտված կտավ:
Մարդիկ ճակատագրի
Կամքին հանձնված,
Աշխարհի ցավով,
Հոգսերով լցված,
Կյանքի գունային
Ներկապնակից
Հերթով դնում են
Մի վրձնահարված`
Ամբողջացնելու
Կտավն այդ մաշված:
Թերևս կյանքից
Ստանում են միշտ
Հազար մի հարված,
Սակայն այս հեքիաթ
Աշխարհով տարված
Մնում են էլի
Այս երազ կյանքին
Միշտ սիրահարված:
Ես չեմ հասկանում,
Արդյոք գույնե՞րն են
Սխալ ընտրած,
Թե աշխարհն է գոռոզ,
Իր ասածի տեր,
խիստ հաստատակամ
Եվ անդրդվելի,
Որ մնում է այսպես
Դեռ էլի ու էլի
Կիսատ, անավարտ
Եվ Անուղղելի:
Կարծում եմ, որ այս
Հրաշք աշխարհին
Մի հույժ կարևոր
Բան է պակասում
Լրիվ հիմնովին
Ամբողջանալու.
Այդ պակասից է,
Որ նրա աչքից
Փախել է քունը,
Իր խելակորույս,
Արագ ընթացքից
Գլուխը կորցրել
Փոխել է հունը.
Աղն էլ է պակաս
Մեր այս աշխարհի,
Որ նա կորցրել է
Նույնիսկ իր համը.
Թե մաղն է պակաս
Էս գիժ աշխարհի,
Հերիք չէ՞ արդյոք
Նա համը հանի,
Եվ այսքան մարդկանց
Անմեղ հոգիներ
Ոչ ժամանակին
Առնի ու տանի:
Հավատացեք ինձ,
Իրավ եմ ասում,
Սերն է պակասել
Մեր այս աշխարհում,
Կամ սերն է պակաս
Մեր այս աշխարհի,
Որ նա մնում է
Դեռ անուղղելի:
Ես վախենոեւմ եմ,
Շա՜տ եմ վախենում,
Որ եթե այսպես
Կող կողի տված,
Չարացած սրտով
Առաջ ընթանան,
Հանկարծ գա մի օր
Մարդիկ աշխարհին
Պինդ գրկախառնվեն,
Մոլորակն էլ այս
Իր հունից հանեն:

ԸՆԴՎԶՈՒՄ
Ջրերն այս խելառ
Կապները կտրած
Իրենց պահապան
Ժեռ քարափների
Ծերպերի դեմ են
Ասես ընդվզած:
Բոց փրփուրներով,
Սաստիկ կատաղած
Լեռ քարափների
Կողը տաշում են,
Խեղճ քարափների
Հոգին մաշում են,
Քարափները լու՜ռ
Ցավը քաշում են,
Երբ համբերության
Բաժակն է լցվում,
Ցավից կուտակված
Արցունքները այն
Արդար և անմեղ
Դառնում են հսկա
Աշխարհակործան
Անսանձ ջրհեղեղ:

ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ
Ձեզ եմ հարցնում,
Գիտե՞ք արդյոք 
Ինչ կլիներ,
Թե աշխարհում
Սեր չլիներ,
Թե աշխարհում
Սեր չլիներ,
Վերը վարից
Ցած կլիներ,
Նույնիսկ ամռան
Շոգ ու տապին
Ներսը դրսից
Ցուրտ կլիներ:
Եվ իրոք,
Էլ ի՞նչ կլիներ
Թե աշխարհում
Սեր չլիներ,
Թե աշխարհում
Սեր չլիներ,
Աշխարհն ինչպես
Անմայր որբուկ
Հոնգուր հոնգուր
Լաց կլիներ,
Մեր հոգուն էլ
Խորթ կլիներ:

ԱՆԿԵՂԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Եթե կյանք տվող
Հողի ընդերքում
Ճշմարիտ սիրո
Թեկուզ շատ փոքրիկ
Հատիկ չեմ տեսել,
Չեմ կարող խաբել,
Բարձրաձայն ասել,
Թե մեզ սնուցող
Հողի արգանդի
Ծոցից դուրս ելած
Սեր խոստովանող
Ծիլեր եմ տեսել:
Եթե հեռավոր
Երկնի աչքերով
Մեր օրն ավետող
Բարի լույս չէ սա,
Ես ինչպե՞ս ասեմ
Լուսավոր, պայծառ
Քո ժպիտի մեջ
Կյանքը ջերմացնող
Հույսի շող տեսա:
Եթե ինձ գրկող
Քո թևերի մեջ
Երկնային սիրո
Հրով բռնկված
Կրակ չտեսա,
Ի՜նչ կուզես ասա,
Միայն մի ասա,
Թե ես վերջապես
Վաղուց երազած
Իմ սիրուն հասա:
Եթե կողքիս չես,
Կամ հուշերիս մեջ,
Անվերջ քեզ փնտրող
Սիրուց տառապող
Իմ մտքերի հետ,
Չեմ կարող չասել
Ի լուր աշխարհի`
Չեմ հաշտվի երբեք
Կյանքում առհավետ,
Առանց քեզ տիրող
Տխուր, անարդար
Իրողության հետ.
Ինչքան էլ փորձես
Թաքնված մնաս
Ճշմարտության պես,
Մեկ է ես անվերջ
Իմ թափառ կյանքում
Կորոնեմ քեզ,
Իսկ ճիշտ որ ասեմ,
Չամաչեմ անկեղծ
Խոստովանելուց,
Արդեն հոգնել եմ
Քեզ զուր փնտրելուց:

Չես էլ հասցնում աչքդ թարթել
Ու մեկ էլ տեսար կյանքդ է կիսվել
Մեկը վաղ անցյալ, մեկը նոր գալիք
Իսկ դու աշխարհի ձեռքին խաղալիք:
Աշխարհը հզոր
Աշխարհը հարուստ
Ցմահ պարտատեր
Մարդն էլ աշխարհին հավիտյան տալիք:
Այս աշխարհի հետ առնում ես տալիս
Եվ մեկ էլ տեսար
Հրաժարումի քո ժամն է գալիս:
Քեզ թվում է թե հասել ես վերջին,
Բայց չէ վերջ չէ սա
Վերջ չի էլ լինում
Կա միայն սկիզբ և նրան հաջորդ շարունակություն:
Շարունակություն…շարունակություն…
Իսկ ժամանակը
Ասես նոր փոխված նոտարի նման
Այն նույն կնիքն է դնում հաստատման
Նույն կնիքը, բայց ուրիշ մի ձեռքով 
Ու այսպես դանդաղ
Ճանապարհում է դեպ հավերժություն
Կյանքը մեզ հերթով:

Բոլորիս ճամփեն մեկ է
Հետդարձի ճամփեն փակ է
Սիրով պահենք մեկ մեկու
Քանզի կյանքը շատ թանկ է

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets