ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.03.2014

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Խորեն Աբրահամյան

«Խորեն Աբրահամյանը աստղ է»... Արտիստը կարդաց ու քմծիծաղեց, ապա լրջությամբ. «Ինչքան գիտեմ՝ աստղերը երկնքում են...»: Եվ առանց շինծու համեստության էլ ավելացրեց. «Աստղը ո՞րն է, ես իմ գործն եմ անում: Իսկ եթե այդպես, աստղը Վահրամ Փափազյանն էր, Հրաչյա Ներսիսյանը... աստղը իմ ընկեր Մհեր Մկրտչյանն էր»:
Փորձեցի թերթում գրածը հիմնավորել իր՝ դերասանի վաստակով: Միևնույնն է, չընդունեց, մասամբ համաձայնեց այն կարծիքի հետ, որ իսկական դերասանները աստղերի պես չեն խամրում ու չեն շեղվում իրենց ընթացքից: Այդպիսին էր Խորեն Աբրահամյանը, աստղի շնորհներով ներդաշն անհատականություն, հզոր դերասան, բայց իր անձի և գործի գնահատության մեջ՝ ազնիվ, նաև համեստափայլ, թեև նրա մասին ոմանք հակառակ կարծիքն էին ծամծմում: 
Բարձրահասակ էր, թիկնեղ, գեղեցկադեմ, ինչպես առասպելի հյուսած Արա Գեղեցիկը: Բեմ էր բարձրանում վստահությամբ, թեև ասում էր, որ ամեն բեմելից առաջ իրեն պարուրում է վախի զգացողությունը... Տաղանդը այս դերասանի համար աստծո պարգև էր, որին վերաբերվում էր առանձնակի հոգածությամբ: Ապրում էր վայելքներով, նաև բոհեմական կյանքով, բայց երբեք չէր նսեմացնում տվածուրիկ թանկագին շնորհը, նախանձելի աշխատասիրությամբ հղկում էր այն: Նրա մտերիմներից մեկի վկայությամբ՝ թատրոնում նոր-նոր քայլեր անող Խորիկը հենց ազատ ժամանակ էր ունենում, «կորչում էր» դեպի Սևան: «Գնում եմ՝ լեզուս տաշեմ»,_ ասում էր հումորով: Եվ ի՞նչ էր անում. բերանը մի բուռ գլաքար էր լցնում ու դրա տեղապտույտի մեջ բառեր, երբեմն՝ մի ամբողջ տեքստ էր արտաբերում...
Արդիականությունն ու համարձակությունը նրա արտիստական «խառնվածքի» առաջնային բնութագրիչներն էին՝ հավելած հանապազ փնտրտուքը: Խ. Աբրահամյանի ստեղծագործական երկարամյա ճանապարհը կարծես երևակել է հայ նորագույն թատրոնի ժամանակը, մեր բեմարվեստի վերելքներով ու վայրէջքներով ուղին: Դա ուրվագծում են ինչպես անվերապահ ընդունված, այնպես էլ սուր վեճերի տեղիք տված դերերը՝ Պեպոյի և Օթելլոյի կերպավորումները: 
Դեռևս 1981-ին, երբ նոր էր նշանակվել գլխավոր ռեժիսորի պաշտոնում, նա եռանդուն քայլեր էր ձեռնարկում՝ վերափոխելու ակադեմիական թատրոնը, ջանում էր այն դարձնել հետաքրքիր՝ խաղացանկով, գեղագիտությամբ:
_ Հույզերից ավելի այսօր բեմում պետք է ներկայացնել խորհող մարդուն, այնպիսի հերոսի, որ հանդիաստեսին մտածել տա նաև վաղվա մասին: Իսկ նման հերոս կարող է ծնվել ճշմարտությունը վեր հանող արդիական, խոր բեմադրություններում:
Խորեն Աբրահամյանը հզոր էր նաև կինոյում: Կյանքի դրամատիկ խաչմերուկներում գործող նրա կինոհերոսները այսօր էլ չեն կորցնում իրենց հմայքն ու հետաքրքրությունը՝ ստեղծված նրա արտիստական կերպին բնորոշ ինքնավստահությամբ: Դերակատարը ասում էր, որ իր բոլոր հերոսներն էլ երկրի տեր են զգում իրենց, որովհետև օժտված են պատասխանատվության մեծ զգացումով՝ անկախ այն բանից՝ ղեկավար են, թե շարքային:
Շատ արվեստագետների պես նա ևս երջանիկ-տարաբախտ էր: Ոմանք այս արտիստի ստեղծածը, վարպետությունն առհասարակ ընդունում էին վերապահումներով: Ավելի հաճախ գործում էր նախանձի և անլիարժեքության սինդրոմը... 
Փորձեց նաև ֆիլմ բեմադրել: Ստացավ ամերիկացի հայտնի դրամատուրգ Նիլ Սայմոնի համաձայնությունը, տեղայնացրեց նրա «Ես ուզում եմ նկարահանվել» պիեսը և էկրանավորեց «Տեսնել և մեռնել» վերնագրով: Ճակատագրի հեգնանք. դա եղավ արտիստի «կարապի երգը»... Հեռացավ Արտիստը... Բայց այս անգամ մենությունից չգնաց «Ջին» խաղալու: Այս անգամ՝ 2004-ի դեկտեմբերի մառախլապատ 10-ին, «տառապանքից իմ հոգին մաքրող» Արտիստը կյանքից հեռացավ: Վերջին հանգրվանից առաջ Խորեն Աբրահամյանը իր սիրելի թատրոնում վերջին անգամ «բեմ բարձրացավ»... հուղարկավորող ձեռքերի վրա: Եվ կապարե լռության մեջ պայքեց նրա հզոր ձայնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի»... «Ամենայն հայոց բանաստեղծությունը» ասես ռեքվիեմ՝ Արտիստի «մահվան պարի մեջ». Չարենցի հոգեցունց Բառը ելք էր որոնում...

(Հ. Մարտունու «Օթյակ» գրքից)
ԱՂԲՅՈՒՐ՝ ֆեիբուքյան «Ֆիմինե» էջից

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets