ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.03.2014

ՄՈՒՇԵՂ ՄՈՒՇԵՂՅԱՆ. Բիթլիսեցի Մուշեղ

Ու անվերարտադրելիօրէն խորհրդապաշտական զգացումով մը կը համակուի էութիւնդ, որ ինքնին խորունկ պատկառանքի մը ու մաքրական աղօթքի մը վերածուած` կը վերառաքուի բոլոր անոնց, որոնք ազգ մը կերտեցին գերութեան ամբոխներու մոխիրներուն, շղթաներուն եւ արիւնին ընդմեջէն... Եւ ո՞ր մարգարէն ու ո՞ր առաքեալը, ո՞ր յեղաշրջողն ու ո՞ր Մեսիան դաժան պայմաններու մէջ ու այնքան գերմարդկային համբերատարությամբ ու մոլեռանդ հաւատքով կատարեց իր ինքնապարտադրութիւնը, քան հայ յեղափոխականը, այդ մեծ տառապողը, մշտահալած ու անբարեկամ…
Աւօ

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ: Սովորել է Գևորգյան հոգեւոր ճեմարանում, գործել է Բիթլիսում, Սասունում: Մինչև 1893թ. եղել է Մ. Տամատյանի, ապա Աղբյուր Սերոբի խմբում: Մասնակցել է Կովկասից Խլաթ զենք տեղափոխելու գործին, ինչպես նաև Խաթավինի, Ավերակ ջաղացի, Բաբշենի կռիվներին: Դարձել է դավադրության զոհ: 
1895 թվականից սկսած, կազմավորված հեղափոխական խմբերը, որ ստանձնել էին Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության լծից ազատագրելու պարտավորությունը, սկսում են առավել կազմակերպված գործունեություն ծավալել: Այդ խմբերը մեծ մասամբ օժտված էին մարտական կարողությամբ. դրանք նաև ռազմականացված կառույցներ էին: Դրանց շարքերը համալրում էին ազգային-ազատագրական պայքարի նվիրյալներ, որ գիտակցում էին իրենց դավանած գործի ու գաղափարի կարևորությունը: Ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչներից շատերն իրենց մարտական ուղին սկսել են հենց մարտական ու զինատար խմբերից: Մարտախմբերի կազմակերպիչները մեծ ուշադրություն էին դարձնում զինվորների ֆիզիկական պատրաստվածությանը, քանի որ մինչև նախատեսված վայր հասնելը երկար ճանապարհ էին անցնում` հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: 
Այդ մարտախմբերը մեծ մասամբ բախվում էին ռուս սահմանապահների կամ թուրք ոստիկանների հետ, սակայն ի վերջո կարողանում էին հաղթահարել խոչընդոտները և կատարել առաջադրանքը: Հիշատակության է արժանի Աղբյուր Սերոբի մարտախմբի Կարսից Ախլաթ անցումը (1895թ. ամռանը), որին հաջորդեց նրա եղբորորդու` Ճարտարի (Հակոբ Վարդանյան) զինատար խմբի անցումը (1897-98թթ.) նույն ուղղությամբ: Զինատար այս խումբը բազմիցս Կարսից զենք ու զինամթերք էր բարեհաջող տեղափոխել Ախլաթ: Խումբը կազմված էր 66, ըստ որոշ աղբյուրների՝ 78 մարտիկից: Նշյալ խմբում եղել են Բիթլիսցի Մուշեղը, Առաքելը, Բալաբեղ Կարապետը, Երկար Նադոն, Զուլումաթը, Առյուծ Ավագը և այլք, որոնք մինչ այդ մասնակցել էին Աղբյուր Սերոբի գլխավորած` Ախլաթի ինքնապաշտպանական գրեթե բոլոր մարտերին:
1899թ. սեպտեմբերի սկզբին Ճարտարի խումբը Կարսից Կաղզվանով անցնում է ռուս-թուրքական սահմանը և փորձում Ալաշկերտ-Մանազկերտ-Բուլանուխ գծով աննկատ ուղեւորվել Ախլաթ: 
Մինչ այս խմբի մեկնելը, Կարսից Երկիր ուղեւորվել էին մոտ 16 մարտական եւ զինատար խումբ: Նման մեծածավալ գործողությունները չէր կարող աննկատ մնալ թուրքական իշխանության կողմից: «Համիդիե» բազմաթիվ գնդեր հատուկ հսկողության տակ էին պահում Կարսից Բագրեւանդ (Ալաշկերտ)-Տարոն ձգվող սահմանը` հայ մարտական ուժերին հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար: 
Այս անգամ Ճարտարի խումբը դաժան փորձության է ենթարկվում: Նախապես երկու մասի բաժանված ենթախմբերից մեկը Բիթլիսցի Մուշեղի, Առաքելի եւ Առյուծ Ավագի գլխավորությամբ կարողանում է ճեղքել շղթան եւ Մանազկերտի ուղղությամբ շարժվել Ախլաթ: Սակայն, Չավուշ եւ Բաթնոց սարերի մոտ զինատար խումբը հայտնվում է շրջափակման մեջ: 
Մուշեղը, որ ստանձնել էր ֆիդայիների հրամանատարությունը, հրահանգում է ընկերներին շարունակել պայքարը` առաջանալով Մարմարուս գետի կողմերը:
Ֆիդայիներին հաջողվում է հասնել հայկական Գարագայա գյուղի մոտ գտնվող Առահուտ բերդի ստորոտում գտնվող քարայրը: Առավոտյան դուրս են գալիս քարայրից և անսպասելի հանդիպում թուրք ոստիկաններին: Հայդուկները դիմում են փախուստի եւ ապաստան գտնում Եփրատ գետի ափին գտնվող Ավերակ ջաղացում: 
Չունենալով սնվելու որևէ միջոց՝ նրանք հավաքում են ջրաղացի պատերին ու անկյուններում մնացած ալյուրը և բաղարջ թխում: Ծխնելույզի ծուխը, սակայն, չի վրիպում քուրդ մատնիչի աչքից. նա շտապում է Մանազկերտ և լուր տալիս թուրք ոստիկաններին: Վերջիններս մատնիչ քրդի ուղեկցությամբ գտնում են ջրաղացը եւ պաշարում: Նախքան վճռական գործողությունների դիմելը, թուրք ոստիկանները մատնիչին ուղարկում են պարզելու՝ հայ մարտիկները դեռ այնտե՞ղ են, թե՞ ոչ:
Մուշեղը, տեսնելով մոտեցող լրտեսին և հասկանալով պահի լրջությունը, սկսում է անվրեպ կրակել: Սրան հաջորդում են թուրք ոստիկանների հարձակումը եւ ջրաղացին մոտենալու փորձերը: Հայդուկները պատերի մեջ փոքրիկ ճեղքեր են բացում եւ այնտեղից սկսում դիպուկ նշանառությամբ գնդակահարել հարձակվողներին: Հերոսական դիմադրությունից գազազած` թուրք զինվորները համալրում են իրենց շարքերը նոր ուժերով եւ անցնում կատաղի գրոհի: Հասկանալով, սակայն, որ այս կերպ հնարավոր չէ ընկճել ֆիդայիների դիմադրությունը, հակառակորդը որոշում է կրակի տալ ջրաղացը: Ոմանց հաջողվում է տանիք բարձրանալ եւ քարյուղ լցնել ջրաղացից ներս:
Սակայն հայդուկները այս ձեռնարկումը եւս խափանում են եւ գիշերով հեռանում ջրաղացից :
Նրանք հասնում են բուլանուխի Շեխ-Ազոտ գյուղը, որտեղից վերջապես հասնում են Ախլաթ եւ ապաստանում Փրխուս եւ Սպրաձոր գյուղերի արանքում գտնվող Սուչխան ձորում: Թուրք ոստիկանները այստեղ էլ հանգիստ չեն տալիս նրանց: Երբ թշնամին շտապում էր պաշարել Սուչխանի ձորում ապաստանած հայ մարտիկներին, Աղբյուր Սերոբը, տեղեկանալով զինակիցներին սպառնացող վտանգի մասին, շտապում է օգնության: Մարտադաշտում Աղբյուր Սերոբի հայտնվելը ավելի է ոգեւորում հայ մարտիկներին: Խմբվելով իրենց հայդուկապետի շուրջ` վճռական ու անկասելի հարվածով խորտակում են թշնամու արգելապատնեշն ու բարձրանում Նեմրութ: 
Խմբի մղած հերոսամարտերը, որ պատմությանը հայտնի են Խաթավինի եւ Ավերակ ջաղացի կռիվներ անվամբ, ազատագրական պայքարի այն նշանավոր դրվագներից են, որոնց մասին հյուսած երգերը ժողովուրդը երգում է մինչեւ օրս.
Առաքել, Մուշեղ լեռներից իջան, 
Լեռներ ու ձորեր, եղբայր ջան, օթեւան եղան:
Եկանք-հասանք Կաթավինա սար,
Ամբողջ քիւրտ ամբոխը մեզ վրայ լեցուեցան:
Մենք ենք առիւծ, անոնք են ագռաւ.
Չորս հազար հոգի, եղբայր ջան, արեցինք սակաւ:
Եկանք-հասանք աւերակ ջաղաց,
Աւերակ ջաղաց, եղբայր ջան, օգնեց մեզի շատ:
Աստուած աւերէ Խախռէֆ ըսած գեղ
Կորուստ տուեցին, եղբայր ջան, քաջ Մուշեղ զուր տեղ:
Մուշեղ եւ ընկերք Խախռէֆ գեղ մտան
Միամիտ սրտով, եղբայր ջան, տան մէջն ալ նստան:
Արութիւն իր եղբայր քիւրտին դիմեցին,
Մուշեղի մարմինը, եղբայր ջան, գետին փռեցին:
Արութիւն իւր եղբայր Բաղէշ գնացին
Մուշեղի մարմին, հոգի ջան, փաշին ղրկեցին:
Մուշեղը պոռաց, ազնիւ ընկերներ,
Մուշեղի վրէժ, եղբայր ջան, շուտով հանեցէք: 
Մուշեղ Մուշեղյանը (Բիթլիսցի) ծնվել է 1869թ. Բիթլիսում, հարուստ և ազդեցիկ` Ղպեյանց Համբարձում աղայի ընտանիքում: Դեռ փոքր տարիքից էր Մուշեղն անհանդուրժ եւ ըմբոստ անիրավությունների դեմ: «Յեղաշրջում` ներաշխարհի մէջ եւ լրջութիւն մը դէմքին վրայ, այնքան հակադիր իր զուարթ մանկութեան»: 
Մուշեղի վրա ծանր ազդեցություն է ունենում մի դեպք, երբ տեսնում է ինչպես են օրը ցերեկով թուրքերը սպանում մի հայի: Վրեժով լցված՝ մի քանի ընկերների հետ կրակի են մատնում թուրք մարդասպանի տունը: Այս հանդուգն արարքի հետեւանքը լինում է այն, որ Մուշեղի հայրական տունը՝ ավելի արժեքավոր եւ լավ կահավորված, որպես փոխհատուցում տալիս են թուրք ընտանիքին: Նրա ընտանիքը հայտնվում է փողոցում. անակնկալ չքավորության գիրկն ընկած, ցավին ու հուսահատությանը չդիմանալով՝ մի քանի ամիս հետո հայրը մահանում է: Մուշեղը մնում է միայնակ վեց քույրերի և մոր՝ Զմրուխտ Խաթունի հետ:
Նա խորապես գիտակցում էր, որ «անխոհեմ» արարքով ընտանիքի դժվար կացության և հոր մահվան պատճառ դարձավ: Այս օրերին է, որ Մուշեղը «ապրուստ ճարելու և ուսման ծարաւին յագեցում տալու համար» որոշում է հեռանալ հայրենի քաղաքից՝ «նոր սուգի մէջ թողնելով անյոյս և աւերակեալ» ընտանիքը : 
Երկար դեգերումներից հետո Մուշեղը հասնում է Ալաշկերտ, ամուսնացած քրոջ՝ Շողերի մոտ: Քույրը, իմանալով Մուշեղի ծրագրերը, ամեն կերպ ջանում է հետ պահել նրան այդ մտադրությունից: Ուչքիլիսեի վանահայրը հաճախ էր լինում Շողերենց տանը, սա դառնում է լավ առիթ, և Մուշեղը հանձնվում է վանահոր պաշտպանությանը: Մի քանի ամիս վանքում մնալուց հետո, Մուշեղը վանահոր հատուկ հանձնարարականով գալիս է Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ, ապա ընդունվում Գեւորգյան հոգեւոր ճեմարան: Կարճ ժամանակ անց Մուշեղը դառնում է սիրված Հայոց Հայրապետի և վանականների կողմից: Սակայն Խրիմյան Հայրիկը այն հաստատ համոզմունքն ուներ, որ Մուշեղը ծնված է ոչ թե հոգեւորական կամ ուսուցիչ, այլ զենքի եւ հեղափոխության մարտիկ դառնալու համար: Հաճախ էր Հայոց Հայրիկը Մուշեղին որսի տանում, նշանառության դասեր տալիս ու «բաւական մը այս ուղղութեամբ զայն կրթելէ ետք, հայ սպայի մը կը ներկայացնէ ու կը խնդրէ անկէ որպէս կամաւոր արձանագրել իր արծուիկը: Սպան կընդունի այս առաջարկը եւ Մուշեղը կ’արձանագրէ որպէս կամաւոր զինուոր: Հայոց Հայրիկը կ’օծէ քաջին ճակատը իր համբոյրով եւ զայն կը նուիրէ հայրենի աւերակներուն ու անոնց վերածնունդին» …
Այդ օրից Մուշեղը դառնում է զենքի քարոզիչ ու ազատության առաքյալ: Ապստամբական շարժումներ կազմակերպելու համար մեկնում է Երեւանի եւ Կարսի շրջաններ: 
Սակայն Մուշեղի մայրը, խիստ անհանգստացած միակ որդու ճակատագրով, նամակ է գրում Հայոց Հայրապետին, բացատրում այն պատճառները, որոնց համար «պէտք ունէր անոր վերադարձին»: Այդ աղերսագիրը անպատասխան չի մնում. Հայոց Հայրապետը պատասխան նամակի հետ ուղարկում է Մուշեղին՝ «պանդուխտը հայրենիք եւ զաւակը իր մօր գիրկը»: Մայրը, վախենալով, որ Մուշեղը կարող է կրկին հեռանալ, նրան ամուսնացնում է «Եղտանեան Յովհաննէս աղայի աղջկա՝ Շողերի հետ: Մուշեղ կ’անսայ մայրական կամքին»: Հազիվ երեք տարի տևեց ընտանեկան անդորրը, երբ Մուշեղը հանդիպեց Մ. Տամատյանին, կրկին թողեց հայրենի օջախը, կնոջը, երկու զավակին՝ Հայկանուշին եւ Արշակին, ու հեռացավ նրա հետ: «Այս շրջանին է որ Մուշեղի յեղափոխական կեանքը որոշ մեծութիւն եւ դրոշմ կը ստանայ: Վճռականօրէն փարած իր առաքելական կոչումին` անդուլ կը գործէ, Հայոց Հայրապետի խօսքերը ականջին» ...
Նրանք միասին լինում են Մոտկան, Խութ, Սասուն, Մուշ շրջաններում: Սասունի կոտորածի ժամանակ Տամատյանը ձերբակալվում է, իսկ Մուշեղը մի կերպ հասնում է Բիթլիս, որտեղ հանդիպում է Սերոբ Վարդանյանին (Աղբյուր Սերոբին): Կարճ ժամանակ անց, կառավարության հետապնդումներից խույս տալու համար նրանք հեռանում են քաղաքից: Այստեղ է, որ Եղիշե վարդապետ Չիլինգարյանից տեղեկանում է դավաճան Դավոյենց Խեչոյի մասին, որն իր մատնությամբ ահ ու սարսափի մեջ էր պահում Բիթլիսը եւ որի մատնությանը զոհ էր գնացել ավելի քան 30 հայ: 1895թ. Մուշեղի գնդակից ընկնում է դավաճանը: Կառավարությունն սկսում է հետապնդումներ Մուշեղի ընտանիքի նկատմամբ, ձերբակալում են կնոջն ու երկու զավակին: Իսկ Մուշեղը, խույս տալով հետապնդումից, հասնում է Գրգուռ լեռան ստորոտում գտնվող Ջրհոր գյուղը, ուր իրեն սպասում էր Աղբյուր Սերոբը: Այս շրջանում Մուշեղը պայքար է սկսում քուրդ ցեղապետների դեմ, որոնք կողոպտում ու հարստահարում էին հայ գյուղացիությանը: Նրա զոհն են դառնում քուրդ ցեղապետ Սըլօն, Սէր Գիմոսէր Հիլմին (1898):
1897թ. Մուշեղը սահմանագլխի Կաղզվան գյուղաքաղաքում էր և սպասում էր նոր հրահանգի: 
1897-98թթ. հայդուկները Սերոբ Աղբյուրի, Անդրանիկի, Հրայրի, Գեւորգի, Գուրգենի (Բաղդասար Մալյան) ղեկավարությամբ բազմաթիվ հերոսական կռիվներ են մղում Դուրան-Բարձրավանդակում: Առանձնապես հիշատակության են արժանի Խաթավինի, Ավերակ ջաղացի կռիվները, որոնց մանրամասները ներկայացրել ենք սկզբում: 
Մուշեղի մասին դրվագային նկարագրությունների հանդիպում ենք Ռուբենի (Տեր-Մինասյան) «Հայ յեղափոխականի մը յիշատակներըե գրքում: «1904թ. լսել էի կարեւոր գործիչ մը կար երկրի մէջ Մուշեղ անունով: Թէ ան ինչ դեր կատարած էր Պիթլիսի մէջ և ինչ պայմաններում թողել այն՝ չեմ յիշեր: 1895-96թթ. յետոյ ուր եղած էր և ինչ գործերու մէջ նոյնպէս չեմ գիտեր, որովհետեւ իր անցեալի մասին չէր խօսեր և կուզէր որ չխօսուի» : 
Ռուբենը հիշում է, որ 1905թ., երբ ինքը Վանում էր, Մուշեղը բանտարկված էր: «Մուշեղի վճիռը 101 տարուան բանտարկութիւն եւ կախաղան էր: Ամենատաժանելի վճիռն էր այդ: Դժուար չէ միայն կախաղանի վճիռ առնելը, որովհետեւ այդ պատիժը պիտի չուշանայ: Դժուար չէ միայն բանտարկութեան վճիռ առնելը, որովհետեւ այդ կնշանակէ ընդմիշտ բանտի բնակիչ լինել: Բայց դժուար է երկու պատիժն էլ մէկ անգամէն առնելը, որով բանտարկեալը 101 տարի շարունակ պիտի սպասէ կախաղանի»: Ռուբենը նրան նվերներ է ուղարկում, որին ի պատասխան Մուշեղը գրում է հետեւյալ նամակը. «Ծօ Ինտիլինկինտօ, այս արհամարհական մակդիրը երկրորդ անգամ կ’առնէի, Դաշնակցական Խեչոյէն յետոյ, որ կ’արտայայտէր անոնց անվստահութիւնը, արհամարհանքը հանդէպ բոլոր մտաւորական, հարուստ եւ բարեկեցիկ դասէն յեղափոխական ասպարէզ ինկողներուն, դուն այնպիսի բաներ ես ճամբած, որ բնաւ ինծի վայել չէ, այլ վայել է ուրիշներուն: Չե՞ս հասկնար, որ ամէն օր կրնան գալ եւ զիս կախել: Չե՞ս գիտեր, որ մենք ժամանակի համար ոջիլ մրցակցութեան կը հանենք: Ապրէշում գուլպայ, վարտիք ու շապիկ որո՞ւն ժառանգութիւն պիտի մնայ: Կը վախնամ փարա պոլ էք գտած՝ առած ճամբած էք: Թէ որ այդպէս է, նորէն ետ կը ճամբեմ, ծախեցէք եւ դրամը իր տեղը դրէք: Իսկ եթէ քու անձնական հաշուէն է, իմ աչքին վրայ:
Գալով գրած նամակիդ` աւանդութիւն մը պատմեմ, որ ճիշդ եղած բան է: Ս. Յակոբ մը ունէինք, որուն վանքը մնացած էր Մասիսի տակը: Ան ամէն օր կը փորձէր Մասիսի գագաթը ելլել ու Նոյին տապանը տեսնել եւ լոյսի ու ազատութեան սահմանը գտնել: Ամէն օր որ կը բարձրանար քանի մը հարիւր քայլ, նոյնքան ալ լեռնէն խիճն ու աւազը զայն ցած կ’իջեցնէին եւ վանքի կողքի կը կանգնեցնէին: Ամբողջ կեանքը ան փորձեց եւ տեղէն առաջ չկրցավ երթալ եւ այդպէս ալ մեռաւ: Գիտե՞ս ինչու չկրցաւ գագաթը բարձրանալ: Ս. Յակոբ իր վրայ հաւատ չունէր, թէեւ ան Աստծուն կը հաւատար: Ամէն անգամին երբ վերեւ կը բարձրանար, կը լսէր դեւերուն ձայնը, քամին ու ձիւնը. կասկած կ’ընկնէր իր հոգու մէջ, եւ ան կը մտածէր. Այս անգամին տեսնենք` պիտի կարողանամ ելլել, թէ պիտի չկարողանամ: Ատոր համար իր ոտքերը կը ծուլլուէին եւ ան քարերուն հետ կ’իջնէր իր եղած տեղը: Մէկ խօսքով` Ս. Յակոբ եւս ինտիլինկինտօ էր»:
Ամեն օրվա սպասումը, թե պիտի գան ու իրագործեն վճիռը, չէր խանգարել Մուշեղին մնալ հավասարակշիռ ու հպարտ, միայն դարձել էր «աւելի մաքրակրօն, աւելի մոլեռանդ և մահուան կը սպասէր միստիկ հաւատքով` մահուան մէջ փրկութիւն որոնելով»: 
Թեև արտաքուստ ուներ արհամարհական վերաբերմունք մտավորականների, գրողների նկատմամբ, սակայն այդ դասին պատկանելու գայթակղություն ուներ: «Կը սիրէր կարդալ, վերլուծել եւ ինքն ալ փորձեր կ’ընէր գրելու: Շահեկան պիտի լինէր հոգեբաններու համար վերլուծել անոր ձգած գրուածքներու գեղարուեստական եւ հոգեբանական արժէքները, քանի որ անոնք գրուած էին 101 տարուան կախաղանի մղձավանջի տակ», - կարդում ենք Ռուբենի հուշերում: Ինչպես նշում է Ռուբենը, Մուշեղի ստեղծագործություններից որոշները տպագրվել են Չարխ ու Ֆալակ կեղծանվամբ:
Սահմանադրության օրերին Մուշեղը եւս ազատվում է բանտից եւ գնում Պոլիս: Երկարամյա բանտարկությունը Մուշեղին դարձրել էր լռակյաց եւ «տեսակ մը հնդկական եոկա դարձած»: Բոլոր հարցերին տալիս էր նույն պատասխանը. «Ճանըմ, աս ի՞նչ հետաքրքրութիւն ունիս ամէն ինչ քրքրելու: Եղածն անցած է: Նորէ՞ն ետ պիտի նայիմ»:
Երեսնամյա երիտասարդի գործողությունների ընթացքը կասեցնելու համար բազմաթիվ են եղել թուրքական կառավարության ծրագրերը: Նրանք, տեղեկանալով, որ Մուշեղը տանն է, պաշարում են ամբողջ թաղամասը եւ սկսում խուզարկություն իրականացնել: Հարցաքննում են Շողերին, սակայն ապարդյուն: Կառավարությունը մի թուղթ է գրում եւ Շողերին ստորագրել տալիս, որ «յանձնառու կ’ըլլայ ամուսինը յանձնել, երբ տունն է կամ եւ կամ քաղաքին մէջ պահուած, հակառակ պարագային Շողեր իր զաւակներովը պիտի կախուին»:
Հերթական խուզարկության ժամանակ ոստիկանները գտնում են Մուշեղի հրացաններից մեկի կոթն ու փողը: Ազգականներին տանում են բանտ, իսկ Շողերին վայրագ ծեծի ենթարկում: «Ան ամէն չարչարանք սիրայօժար կը տանի, որպէս հայ մայր ու արժանընտիր կողակից քաջի մը, որ գաղափարի մը համար կը զոհաբերի»:
Ապարդյուն էր ամեն ինչ Մուշեղին բռնելու համար. մնացել էր դավն ու նենգությունը: Վալին իր մոտ է կանչում Բիթլիսի «հայ երեւելիներից» մի քանի հոգու, որոնք որոշ դիմադրությունից հետո հանձն են առնում անարգ ու գարշելի հուդայությունը: Այդ ընթացքում Մուշեղը ապաստանել էր քաղաքից երկու ժամ հեռու գտնվող Կուլթիկ հայաբնակ գյուղում: 1899թ. ձմռան մի օր Մուշեղը Բիթլիսից նամակ է ստանում, որով հայտնում էին, որ հաջորդ օրը պետք է գա Խախռեֆ գյուղ` հեղափոխական խիստ կարեւոր գործի համար: Պարզ է, որ սա Վալիի եւ այն «երեւելի հայերի» նամակն էր Մուշեղին: Սակայն, Մուշեղը, առանց կասկածի, նամակն ստանալուն պես իր երկու ընկերների՝ Ծվարցի Ասատուրի եւ Հաճի Հակոբի հետ շտապում է Խախռեֆ: Մտնում են գյուղ եւ շտապում ժամադրավայր: Սակայն ուշ էր այլեւս գիտակցելու համար, որ կազմակերպվածը դավադրություն էր:
ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets