ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.03.2014

ԽԱՉՔԱՐԵՐ

Խաչքարը միջնադարյան հայկական կերպարվեստի տեսակ է, կոթող-հուշարձան` խաչի պատկերով, զարդաքանդակների հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար, ճակատով` դեպի արևմուտք: 
Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:
IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի (1998–2006 թթ-ին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը: Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ: 
Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (XVI–XVII դարեր) և ուրիշներ: X–XIII դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր: Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թ., Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թ., Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն: Խաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ: 
Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն: Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets