ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.04.2014

ՄԵԾ ՀԱՅՔԻ 15 ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐԸ. Տուրուբերան


Տուրուբերան կամ Տաւրուբերան (Կողմն Տարաւնոյ, Տարոնոյ աշխարհ, Տաւրոյ բերան), Մեծ Հայքի չորրորդ նահանգը։ Արևմուտքից սահմանակից էր Ծոփք և Բարձր Հայք, հյուսիսից՝ Այրարատ, արևելքից՝ Վասպուրական, հարավից՝ Մոկք և Աղձնիք նահանգներին։
Տուրուբերանի բնական սահմաններն արևմուտքում կազմում էին Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի արևելյան հատվածից սկսվող և դեպի հարավ տարածվող Սերոկի լեռները, հյուսիսում՝ Հայկական Պար և Շարիանի լեռնաշղթաները, արևելքում՝ Վանա լիճը և Բերկրի ու Պատնոց գետերի ջրբաժան լեռները, հարավում՝ Հայկական Տավրոսը։ Ընդգրկել է հիմնականում Արածանու վերին և միջին, ինչպես նաև Արաքսի վերին հոսանքների ավազանը (25,008 կմ2)։
Տուրուբերանի մակերևույթը բազմազան է, մեծամասամբ՝ դաշտային։ Կենտրոնական մասում ձգվող լեռնաշղթաներն ու բլրաշարերը մեծ մասամբ ցածր են և չեն խախտում ընդհանուր հարթ մակերևույթը։ Տուրուբերանի տարածքով հոսող Արածանինև բազմաթիվ վտակները տեղ-տեղ (Մուշ-Խնուս-Մանազկերտ) առաջացրել են ճահճուտներ։
Ունի արգավամդ դաշտեր (Դութաղ, Մանազկերտ, Բուլանըղ, Մուշ, Խնուս, Տուարածատափ)։ Տուրուբերանի մեջ մտնող Բյուրակնյան հրաբխային բարձրավանդակը հայտնի է սառնորակ աղբյուրներով ու փարթամ արոտավայրերով։ Բացառությամբ առանձին շրջանների (Բյուրակն, Տուարածատափ և այլն), կլիման խիստ է, ցամաքային։ Ցածրադիր վայրերում տարածված են փշաբույսերը, փետրախոտերը և այլն, իսկ բարձրադիր շրջաններում՝ ալպյան բուսականությունը։
Տուրուբերանն ունի նավթի, երկաթի, կապարի, ոսկու, աղի, այլ օգտական հանածոների պաշարներ։

Խութ (գրաբար՝ Խոյթ, արտասանվում է Խույթ, արաբ. Խուայթ), գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում, գտնվում է Սասունի արևելյան կողմում, Տարոն գավառից հարավ-արևելք, Սանասունք լեռան հարավային կողմում։ Խիստ լեռնային գավառ է, ցուրտ կլիմայով և աղքատ բնությամբ։
Ուներ մոտ 1190 կմ2 տարածություն՝ շրջապատված անտառապատ լեռներով։ Կլիման բարեխառն է, մակերևույթը՝ հարթ։ Կենտրոնն էր համանուն բերդը։ Գավառի միջով հոսում է Բռնաշեն գետը։ Խութը սահմանակից էր Սասուն գավառին, ուստի աղբյուրներում հաճախ այդ երկու տեղանունները գործածված են միևնույն նշանակությամբ։
4-րդ դարի երկրորդ կեսին միացվում է Տարոնի Մամիկոնյանների նախարարությանը, իսկ արաբական տիրապետության շրջանում և ավելի ուշ Սասունի հետ կազմում էր մեկ իշխանություն։ Խութի հայությունը հայտնի էր օտար լուծի նկատմամբ իր ոչ հնազանդ վերաբերմունքով, Խութից էր Հովնանը, որը 9-րդ դարի կեսերին Հայաստանում արաբական լծի դեմ ծավալված ապստամբության նշանավոր առաջնորդներից էր։
Խութեցիները հնուց հայտնի էին իրենց ազատասեր ու քաջակորով բնավորությամբ։ Նրանց կենցաղը, բարքերը, նիստուկացը նկարագրել է IX—X դդ. պատմագիր Թովմա Արծրունին՝ 851—852թթ.-ի ժողովրդական ապստամբության առնչությամբ։ Այս ապստամբության ժամանակ Խութի լեռնականները, Հովնան Խութեցու գլխավորությամբ, 851թ.-ի գարնանամուտին, իջնելով լեռներից, ծանր պարտության են մատնել արաբական խալիֆայության զորքին, սպանել նրա զորապետ Յուսուփին։ Այդ դրվագը արտացոլվել է «Սասունցի Դավիթ» էպոսում։ Ապստամբությունը հիշատակում են նաև արաբ մատենագիրներ Բելազուրին և Թաբարին, Հայաստանի անկախության կորստից հետո էլ Խութը պահպանել է իր կիսանկախ վիճակը։
1459—1460թթ.-ին հակաթուրքական պայքարին մասնակցելու նպատակով Խութից, որպես բանագնաց, Հռոմ է մեկնել (պապի հետ բանակցելու) Հեթումը։ 1514-ից հետո Խութն ընկել է օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ։ Թուրքիայի կազմում Խութը մտնում էր Բիթլիսի վիլայեթի մեջ՝ Բռնաշենի հետ կազմելով առանձին նահիե։
Խութում XV դարում հիշվում է Քեռգու գյուղաքաղաքը։ Այդտեղ էր գտնվում Սբ. Աղբյուրիկ (Աղբերկա) կամ Վանդիր վանքը, որը կառուցվել էր V—VIդդ.։ Վանքը եպիսկոպոսանիստ էր, ուր իր կյանքի վերջին տարիներին եղել է Գրիգոր Մագիստրոսը։ Գմբեթավոր էր, պարսպապատ և ծառայում էր որպես ամրոց։ X—XIIIդդ. այն եղել է Սասունի իշխանների դամբարանը։
1915թ.-ին Խութն ուներ 19 հայաբնակ գյուղ։ Բնակչության մեծ մասը զոհվել է 1915թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ։ 1916թ.-ի գարնանը ռուս կազակների մի զորամաս մտել է Խութ և ազատել նրա մնացած բնակիչներին (որոնք եղեռնի ժամանակ թաքնվել էին լեռնածերպերում) և տեղափոխել Մուշ՝ ապահովելով նրանց սննդամթերքով։ 1917թ.-ի վերջին Խութի ողջ մնացած բնակիչներն անցել են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Աշտարակի ու Թալինի շրջանների գյուղերում։
Խութի Կոռ գյուղում է ծնվել հայ նշանավոր փիլիսոփա, Գլաձորի համալսարանի հիմնադիր Ներսես Մշեցին (XIII—XIVդդ.)։

Ասպակունեաց ձոր, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում։

Տարոն, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում։
Մթա IX-VIդդ Տարոնը եղել է Հայկական լեռնաշխարհում կազմավորված առաջին միասնական պետության՝ Ուրարտուի կարևոր ազգագավառներից մեկը, առաջնակարգ դեր խաղացել նրա տնտեսական, քաղաքական և հատկապես կրոնամշակութային կյանքում։ Կրոնական ավանդույթի ուժով, 301–ին քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած հայ ժողովուրդը մկրտվել է Տարոնի հնամենի սրբատեղիներում։ Տրդատ Գ թագավորի զորքերը տևական մարտերում ընկճել են Տարոնի ընդդիմադիր ուժերին, կործանել հեթանոսական սրբարանները և դրանց տեղում հիմնել եկեղեցիներ։ Արքունի հրովարտակով Վահունի քրմապետական տան տիրույթները տրվել են Գրիգոր Լուսավորչին հայրապետ տոհմին, իսկ Սլկունյաց տիրությունները՝ Մամիկոնյանների տոհմի սպարապետական ճյուղին։ V-VIդդ Տարոնը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ազատագրական շարժման հզոր կենտրոն։ Այդ պայքարում Մամիկոնյան իշխանները հաճախ սատարել են Բյուզանդական կայսրությանը, և Տարոնը արյունալի պատերազմաբեմ է եղել։ VI-VIIIդդ Մամիկոնյանները Տարոնին են միացրել մերձակա Խույթը, Սասունը և այլ գավառներ։ Հայաստանի 591–ի բաժանմամբ Տարոնը անցել է բյուզանդական գերիշխանության ներքո։ 639-ից վերամիավորվել է արաբական արշավանքների հետևանքով առժամանակ անկախությունը վերականգնված Հայաստանին։ 774-775–ին արաբական զորաբանակների դեմ ազատագրական մարտերում ծանր պարտություն կրելուց հետո, ուժասպառ Մամիկոնյանները Տարոնից գաղթել են Բյուզանդիա, մասամբ՝ Տայք։ Տարոնը այնուհետև անցել է արաբական խալիֆայության հետ ճկուն դիվանագիտություն վարող Բագրատունիներին։ XIII-XVIդդ Տարոնը ընկել է թաթար–մոնղոլական և թուրքմենական հրոսակ ցեղերի տիրապետության ներքո։ 1535–ին և 1639–ին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տարոնը զավթել է օսմանյան սուլթանությունը։

Աշմունիք (Արշամունիք), գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում, ավելի քան 2000 քառ. կմ տարածությամբ։
Գավառը Մանդակունի նախարարական տոհմի հայրենական տիրույթն էր։ Արշամունքը հիշատակվում է Փավստոս Բյուզանդի «Պատմության Հայոց»–ում։

Մարդաղի, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում, Երասխ գետի ակունքների շրջանում։
Արևմուտքից Մեղեդուխի լեռնաշղթայով բաժանվում էր Բարձր Հայք նահանգի Կարին գավառից, արևելքից սահմանակցում էր Տուրուբերանի Դասնավորք, Տվարածատափ և Դալառ գավառներին, հարավից ձգվում մինչև Սերմանց լեռները։
Միջին դարերում Մարդաղը իր կենտրոնական բերդի անունով կոչվել է նաև Սևուկ բերդակ։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է հետագայի Էրզրումի վիլաեթի Թեքմանի շրջանին։ Լեռնային է, կլիման՝ ցուրտ, տարեկան տեղումների քանակը 800-900մմ։ Հայտնի է սառնորակ աղբյուրներով, փարթամ արոտավայրերով ու խոտհարքներով։ Մարդաղիի մասին պատմական տեղեկությունները սակավ են։ Ենթադրվում է, որ գավառանունն առաջացել է «մարդ» (ցեղանուն) և «աղխ» (տոհմ) բառերից։ Հայկական առաջին Աշխարհացույցում Մարդաղին հիշատակվում է որպես սալակ և ձիղկ հանքանյութերով, ինչպես նաև սև և սպիտակ նավթով հարուստ գավառ։ Մարդաղին եղել է առանջին եպիսկոպոսական թեմ։

Դաստավորք (Դաստաւորք), գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում։

Տուարածատափ, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում։

Դալառ, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում։ Գտնվում է Արածանի գետի վերին ավազանի արևմտյան կողմում։ Հարավ-արևելքից սահմանակից էր Ապահունիք, հարավից` Տուարածատափ, արևմուտքից` Դաստավորք գավառներին, հյուսիսից` Այրարատի Բագրևանդ գավառին։ Ներկայում համապասխանում է թուրքական վարչական բաժանման Թոռլու գավառակին։

Հարքը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում գավառ է, կենտրոնը՝ Կոփ։ Տարածվում էր Արածանի գետի վերին հովտում, Տարոն, Վարաժնունիք, Ապահունիք և Բզնունիք գավառների միջև։ Հարքի մասին տեղեկությունները սակավ ու կցկտուր են։ Մար Աբաս Կատինա պատմիչը Հարք և նրա Հայկաշեն դաստակերտը համարում է հայոց անվանադիր նախնի Հայկի բնակության սկզբնատեղը։ Ըստ այդ ավանդական պատմության, Հայկը Հարքը ժառանգություն է թողել որդիներից Մանավազին, որն իր անունով հիմնել է Մանավազակերտ բերդաքաղաքը։ Մինչև IVդ. Հարքը ժառանգաբար տիրել են Մանավազյանները։ Նրանց իշխանանիստ կենտրոնն էր Մանազկերտը։ Մանավագյան նախարարության բնաջնջումից հետո Արշակունի Խոսրով Բ Կոտակ թագավորը Հարքը պարգևեց Աղբիանոսյաններին, որոնք Մանազկերտը դարձրին եպիսկոսանիստ կենտրոն, մանազկերտցի Աղբիանոսյան եպիսկոպոսներից վեցը IV-Vդդ դարձել են կաթողիկոս։ Ներսեսի Վարքում հիշվում է Հարքեանք նախարարությունը։
Հարքի հնագույն բնակավայրերից է Հերյանը, որտեղ ըստ Ստեփաննոս Տարոնեցու ծնվել է հայ ականավոր իմաստասեր Դավիթ Անհաղթը։ Նույն պատմիչը Հարքի Եղեգակ գյուղը հիշատակվում է որպես Սահակ Բ կաթողիկոս (534-539) ծննդավայրը։ Արիստակես Լաստիվերցին հիշատակվում է Հարքի Մանկագոմ, Գյուղք և Ագարակք ավանագյուղերը։ XIդ սկզբին Հարքը հիշատակվում է որպես Թոնդրակյան շարժմանկենտրոն։ Այժմ Հարքը տրոհված է թուրքական Բուլանըկ և Մանազկերտ գավառների միջև։
Հարք գավառի տարածքը մոտավորապես համապատասխանում է Թուրքիայի Մուշի նահանգի Բուլանիք շրջանին:

Վարաժնունիք (Ծաղկոցաձոր), գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։
Վաղ Միջնադարում Վարաժնունիք գավառն անջատվել է Նիգ գավառից, որի մասն է կազմել Մազազ գավառի հետ միասին։
Նիգ, Մազազ, Վարաժնունիք գավառների սկզբնական տերերն են եղել Գնթունիները` Մեծ Հայքի թագավորության իշխանական նշանավոր տներից մեկը։ Հետագայում Նիգի մի մասն անցել է Վարաժնունիներին կամ Վարաժնունի իշխանական տանը, որոնց անունով էլ կազմավորվել է նոր գավառ` Վարաժնունիք։ Վերջիններիս հարևան էր Մազազ գավառը, որտեղ իր իշխանութիւնն էր պահպանում Գնթունիների իշխանական տան մի ճյուղը։

Բզնունիք (Բզնունական, գավառն Խլաթայ), գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում, Տարածվում էր Վանա լճի առափնյա շրջաններում։
Տարածվում էր Վանա լճի հյուսիս-արևմտյան առափնյա շրջանում։ Բզնունիքին էին պատկանում նաև Վանա լճի Արծկե, Ծիպան և Տոքյան կղզիները։ Հիմնականում ընդգրկում էր այժմյան Խլաթի կամ Ախլաթի գավառի տարածքը։ Ունի բարեխառն կլիմա, անցյալում պտղաբեր էր, պարտեզներով, այգիներով, անտառներով հարուստ։ Գավառի հյուսիս-արևմուտքում է գտնվում անուշահամ ու ձկնառատ Նազուկ կամ Նազիկ լիճը։ Բզնունիքի Նեմրութ կամ Նեբրովթ (հնում կոչվել է նաև Սարակ) հանգած հրաբխային լեռան (3050 մ) գագաթի խառնարանում ամփոփված է գեղատեսիլ Նեմրութա ծովակը (լիճը)։
Պատկանում էր Բզնունի նախարարական տանը, որը Արշակունի Հայոց արքաներին դավաճանելու համար 4-րդ դարում ոչնչացվում է, իսկ տոհմի վերջին շառավիղ՝ Դատաբե Բզնունին գլխատվում է Առեստավանում։ Բզնունիքում էին գտնվում Խլաթ և Արծկե քաղաքները։
Ըստ ավանդազրույցի, Ասորեստա- նի բռնակալ աստված Բել-Նեբրովթը ուղտերով շինանյութ է կրել, երկնաքեր բերդ կառուցել Սարակ լեռան գագաթին, որպեսզի այնտեղից կռվեր և հաղթեր Հայոց աստծուն։ Բայց վերջինս շանթահարել և գետնասույզ է արել Նեբրովթին՝ նրա կառույցներով հանդերձ, իսկ այդ տեղը ծածկել ջրով՝ անհետացնելով ամբարտավանի հիշատակը։ Այդ տեսիլի սարսափից Բել-Նեբրովթի ուղտերն ու մարդիկ իբր քարացել են լեռան հարավակողմի այն ոչ մեծ դաշտում, ուր այժմ կան ուղտերի քարավանի նմանվող մոտ 50 - 60 տձև ու խոշոր քարեր։ Այս ավանդության հետ է կապված Սարակ լեռան՝ Նեբրովթ և մերձակա դաշտի՝ Ուղտու կամ Ըղտու քարեր անվանումները։
Հնագույն ժամանակներից մինչե IVդ․ կեսը Բզնունիքը հղել է Բզնունիների հայկազուն իշխանական կամ նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Գավառանունն առաջացել է այդ տոհմանունից։ Այս իշխանության անունով Վանա լիճը կոչվել է Բզնունյաց ծով։ Հայոց հարավային զորաթևի հրամանատար Բզնունի Դատաբենի դավաճանության պատճառով 330-ական թթ․ Խոսրով Գ Կոտակ թագավորի հրամանով բնաջնջվեց Բզնունիների գերդաստանը և Բզնունիքը միացվեց արքունի կալվածներին։
Հայոց Արշակունի թագավորության անկումից (428) հետո Բզնունիքը մնաց տեղի եպիսկոպոսի տնօրինության ներքո։ VIII դարից Բզնունիքին տիրել են արաբները։ Ըստ Շապուհ Բագրատունի պատմիչի, Սմբատ Բ Բագրատունի թագավորը (իշխել է 890 - 914) Բզնունիքը ազատագրեց արաբ տիրապետողներից, բարեկարգեց գավառը, վերակառուցեց Խլաթի ամրոցը։
X - XIդդ․ Բզնունիքը մտել է Վասպուրականի թագավորության մեջ։ XIդ․ կեսից սելջուկ-թուր- քերն այն տվեցին Մերվանյան քրդերին։ Օգտվելով սելջուկյան տիրապետության անկումից՝ Բզնունիքի հայերը դուրս քշեցին քրդերին և 1100-ին գավառի իշխանությունը կամովին հանձնեցին ոմն Սոկմանի (նախկինում մամլուք, Մարանդ քաղաքի սելջուկ կառավարչի ստրուկ)։ Սոկմանը Խլաթում հռչակվեց հայերի (արմենների) թագավոր (շահ) և զգալիորեն ընդարձակեց իշխանության սահմանները։ Շահ-ի-Արմենները սիրաշահելով ու համագործակցելով հայերին, ընդունելով նրանց մշակույթն ու բարքերը՝ խաղաղությամբ իշխեցին մինչև 1207-ը։ Լինչն իր ուղեգրություններում ասում է, որ Շահ-ի-Արմենների ժամանակներից պահպանված շինարարական հուշարձանների մնացորդները (բնակարաններ, մատուռներ, դամբարաններ, մահարձաններ) վկայում են դրանց գերազանցապես հայկական կերտվածքի մասին։
1207-ից Բզնունիքին փոխնիփոխ տիրել են Այուբյան քրդերը, մոնղոլ-թաթարները, թուրքերը, որոնց օրոք տեղի հայերի թիվը հետզհետե նվազել է, իսկ արգավանդ հողերը հիմնականում վերածվել են ավազուտների։
Բզնունիքի հնագույն բնակավայրերից հիշատակվում են Արծկեն, Խլաթը, Դատվանը, Մատնավանքը, Շամիրամու բերդը։ Կրկնակի պարիսպ ու բերդ ունեցող Արծկե կղզի-քաղաքը միջին դարերում հուսալի ապաստան է եղել շրջակա հայերի համար։ Երբեմնի այդ բարգավաճ բերդաքաղաքը ջրածածկ եղավ ուշ միջնադարում։ XXդ․ սկզբին դեռես տեսանելի էին պարսպի աշտարակները, եկեղեցիների գմբեթները և բարձրակառույց այլ շինությունների մնացորդները։ Վահան Գողթնեցու վարքում VIIIդ․ սկզբին քաղաքին առընթեր հիշատակվում է Երաշխավոր մենաստանը։ Արծկեցիները հետագայում բնակվեցին լճափի բարձր ու գեղադիր մասում՝ հիմնելով Նոր Արծկեն։ Ըստ Արծկե քաղաքի արաբական Դաթ ալ-Ջաուզ անվանման՝ թուրքերը Նոր Արծկեն կոչում են Ալջավազ կամ Ադլջեազ։ Այն համանուն գավառի կենտրոնն է, ուր XIXդ․ սկզբին բնակվում էր շուրջ 2000, իսկ XXդ․ սկզբին՝ 600 հայ։
Բզնունիքի գլխավոր բերդաքաղաքը՝ Խլաթը, ուներ ամուր բերդ և աշտարակավոր մեծակառույց պարիսպ (եռադարպաս)։ Շահ-ի- Արմենների օրոք այն դեռես բարգավաճ էր, որից հետո անկում ապրեց։ Խլաթում հիշվում են Ս․ Խաչ և Գամաղիել եկեղեցիները։ Վերջինս եպիսկոպոսարանն էր և գտնվում էր քաղաքից դուրս։ Խլաթը վերջնականապես կործանեց Պարսից Թահմուզ խանը՝ Սուլեյման I սուլթանի դեմ մղվող կռիվների ժամանակ (1548)։ Թուրքերն ու քրդերը Խլաթի ավերակներն անվանում են Խարաբա-շեհր կամ Թախտ-ի Սուլեյման։ Սուլեյման I սուլթանը հետագայում Վանա լճի ափին հիմնեց Նոր Խլաթ բերդը։ XXդ․ սկզբին այստեղ բնակվում էին մոտ 170 տուն քրդեր և 25 - 30 տուն հայեր։
Բզնունիքի Դատվան ավանը (Վանա լճի արևմտյան ափին, Տոքյան կղզուց ոչ հեռու) X - XI դդ․ ուներ 10 - 15 հզ․ հայ բնակիչ, ամուր բերդ (այժմ՝ ավերակ)։ Վաճառաշահ նավահանգիստ էր, Արծրունի թագավորների ամառանոցը։ XXդ․ սկզբին Դատվանը վերածվել էր գյուղի՝ մոտ 700 տուն հայ բնակչությամբ, զբաղվում էին առևտրով և երկրագործությամբ։
Բզնունիքի Մատնավանք գյուղը ճանաչված էր առանձնապես իր գեղեցիկ ու բազմահարկ անձավային բնակարաններով։ Գյուղի մոտ գտնվող Դիվակուլ կոչվող խաչաքանդակ ապառաժի ստորոտից բխում են սառնորակ աղբյուրներ։
Կրկնապարիսպ Շամիրամու բերդը (այժմ՝ ավերակ) կառուցված էր Շամիրամ գյուղի (Նեմրութի ստորոտում) հարավային կողմում գտնվող եռագագաթ բլուրներից կենտրոնականի վրա։
Ըստ էփրիկյանի, XIXդ․ վերջին գավառում կար 33 գյուղ, որից 25-ը հայաբնակ էին։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Բզնունիքի հայերը բնաջնջվեցին։

Երևարք, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում։
Հիշատակվում է VIIդ «Աշխարհացույց»ում։ Թովմա Արծրունու շարունակողը հիշում է «Երիվարկ» ձևով և գավառում դնում Պաղա բերդը։ Տեղադրվում է Վանա լճից հարավ, հետագայում Կարճկան գավառակի տեղում։ Ունի լեռնոտ մակերևույթ, բարեխառն կլիմա, հարուստ է անտառներով, արոտներով, ջրերով, վայրի կենդանիներով, աղքատ՝ մշակելի հողերով, պտղատու ծառերով։ Կան արծաթի, պղնձի, կապարի հանքեր։ 1909-ին ուներ 22 հայաբնակ գյուղ, որոնց բնակիչները զբաղվում էին խաղողագործությամբ և խաշնարածությամբ։ 1915-ին բնակչությունը տեղահանվեց և զոհվեց։

Աղիովիտը, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի ծայր արևելքում, Վանա լճի հյուսիսային ափին։
Աղիովիտն ընկած էր Աղի գետի հովտում (որից և ստացել է իր անվանումը), տարածվելով մինչև Նեխ Մասիք լեռը և Աղի լեռնանցքը՝ արևմուտքում, Ծաղկանց լեռները՝ հյուսիսում, Առեստ գետի արևմտյան ջրբաժանը՝ արևելքում և Վանա լիճը՝ հարավում։ Գավառի անունով Վանա լիճը երբեմն կոչվել է նաև «Աղի լիճ», իսկ գավառի Արճեշ քաղաքի անունով՝ երբեմն «Արճեշի ծով»։
Վասպուրականի Առբերանի և Ծոփաց Հաշտեանք գավառների հետ միասին հանձված էր Արշակունյաց արքայատոհմի սեպուհներին և համարվում էր արքունի կալված, ինչի հետևանքով գավառը կոչվել է նաև «Սեպուհական»կամ «Վասպուրական»։ Վերջին անվանումն ավելի ուշ տարածվել է ամբողջ նահանգի վրա։

Ինչպես վկայում է Պատմահայրը՝
Հայոց թագաւորէ Արտաւազդ որդի Տիգրանայ։ Սա ժառանգեցուցանէ զեղբայրս իւր և զքորս ի գաւառս Աղւոյ ովտի և Առբերանւոյ, թողլով ի նոսա զմասն արքունի որ ի շէնսն այնց գաւառաց, հանդերձ առաձին մտից և ռոճկաց, ըստ օրինակի ազգականացն որ ի կողմանս Հաշտենից. որպէս զի լինել նոցա պատուականագոյն և առաւել թագաւորազն քան զայն Արշակունիս. միայն օրինադրէ ոչ կեալ յԱյրարատ ի բնակութիւնս արքայի։
— Պատմութիւն Հայոց (էջ 137) 

Եւ եկեալ առ նա (Արտաշեսի որդի Տիրանը - Ծ.Հ.) կանխագոյն իւրոյ ազգին Արշակունեաց, որ էին ի կողմանս Հաշտենից՝ ասեն. «Ընդարձակե՛ա մեզ զժառանգութիւնս, զի նեղ է. քանզի բազմացաք հոյժ»։ Եւ նա հրամայէ ոմանց ի նոցանէ երթալ ի գաւառն Աղիովտի և Առբերանւոյ։ Իսկ սոցա առաւել ևս բողոք կալեալ առ արքայի, թե առաւելագոյն նեղ է մեզ՝ ոչ ինչ ունկնդիր լինի Տիրան, այլ հաստատեալ վճիռ՝ ոչ այլ ժառանգութիւն տալ նոցա, բայց զոր ունէինն՝ հաւասար տրոհել յինքեանս։ Զոր բաժանեալ ըստ մարդաթուի, գտաւ պակաս ժառանգութիւն բնակողացն Հաշտենից. վասն որոյ բազումք ի նոցանէ եկին ի գաւառն Աղիովտի և Առբերանւոյ։
— Պատմութիւն Հայոց (էջ 193) 

Քանզի սովորութիւն էր՝ արքայի միայն բնակել յԱյրարատ և միոյ որդւոյ նորա, զոր փոխանորդ թագաւորի պահէին, և այլոց Արշակունեաց բնակել ի գաւառս Հաշտենից և Աղիովտի և Առբերանւոյ, հանդերձ ռոճկաւք և մտիւք յարքունուստ։
— Պատմութիւն Հայոց (էջ 282-283) 

Գավառում էր գտնվում արքունի քաղաք Զարիշատը, որտեղ թաղվեց Արշակ Բ թագավորի կողմից սպանված Գնել Արշակունին և որն ավերվեց ու գերեվարվեց Շապուհ II թագավորի զորքերի կողմից IV դարի 60-ական թթ։ Զարիշատ քաղաքն ի պատիվ Արտաշես Ա-ի հոր՝ Զարեհի, ստացել է «արքունի քաղաքի» իրավունք, նաև հողային տարածություն՝ Աղիովտի արևմտյան մասը ևս, որը ստացել է «Զարիշատ Աղիովտի» քաղաքային տարածքը։ Թովմա Մեծոփեցու օրոք Զարիշատը գյուղաքաղաք էր, որը հեղինակի հավաստմամբ գտնվում էր Քաջբերունյաց գավառում։ Պատմիչները Աղիովտում հիշատակում են Արճեշ գյուղը կամ քաղաքը, որի ավերակները այսօր լճի հայելու բարձրացման հետևանքով ջրասույզ են եղել, Երիկավը, Խառաբաստոյ գյուղը, Խառաբաստայ կամ Սուխարայ վանքը, Կերմանից գյուղը, Մեծոփավանքը, Ասպիսնակ կամ Վարախանից գյուղը, Ասպիսնակա վանքը և այլն։
Հայ պատմագրության մեջ ժամանակին տարածված էր այն տեսակետը, թե Աղիովիտ գավառը կիսված է եղել Տաւրուբերանի և Վասպուրականի միջև։ Սուրեն Երեմյանը, չունենալով «Աշխարհացույցի» բոլոր ձեռագրերի տարընթերցումները, գավառը բաժանում է երկու մասի, որի արևմտյան հատվածը որպես Աղիովիտ գավառ, հատկացնում է Տաւրուբերանին, իսկ արևելյան հատվածը՝ որպես Աղիովիտ գավառ, Վասպուրականին։ Նրա կարծիքով, ըստ երևույթին սկզբում գոյություն է ունեցել մեկ Աղիովիտ գավառ, որը հետագայում վաճառաշահ Զարիշատ քաղաքի բարձրանալու հետևանքով, որը ստացել էր «արքունի քաղաքի» իրավունք, բաժանվում է երկու մասի, որոնցից արևմտյանը դառնում է Զարիշատի քաղաքային տարածք։
Վասպուրականը Աղիովիտ անունով գավառ չի ունեցել, հետևաբար անկախ ներքին բաժանվածությունից, Աղիովիտն ամբողջությամբ պատկանում է Տաւրուբերանին։ Այդ իրողությունը պարզորոշ երևում է նաև այն փաստից, որ Հայաստանի 591-ի երկրորդ բաժանման ժամանակ պարսկա-բյուզանդական սահմանագիծը անցնում էր ոչ թե իրականության մեջ գոյություն չունեցող երկու Աղիովիտների միջով, այլ Առեստի անմիջական հարևանությամբ, որով կարծես թե Վասպուրականի մի հատվածը ևս անցնում էր Բյուզանդիային։ Իրապես, վերջինս Վասպուրականում տարածքային ձեռքբերումներ չուներ, պարզապես Աղիովիտ գավառն ամբողջությամբ անցել էր կայսրությանը։
Աղիովիտն ավելի ուշ ժամանակներում ավելի շատ հայտնի էր «Արճիշոյ գավառ» կամ «Քաջբերունիք» անուններով։ XIXդ վերջին և XXդ սկզբին գավառի տարածքի հիմնական մասը համընկնում էր Օսմանյան կայսրության Վանի վիլայեթի Արճեշի գավառակի տարածքին։

Ապահունիք, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում, Տարածվում էր Վանա լճի առափնյա շրջաններում։
Տարածվում էր Հարքից հյուսիս-արևելք՝ Արածանիի ափերին:
Գավառի նշանավոր պատմական վայրը Թոնդուրակ կամ Թոնդրակա բնակավայրն էր, որից իր անունն է ստացել 9-11-րդ դդ. Հայաստանում լայն տարածում ստացած թոնդրակյան աղանդավորական շարժումը։

Կորոյ, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում։

Խորխոռունիք, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում, Վանա լճից արևմուտք։
Հայ մատենագիրները հիշատակում են Խորխոոռւնիների նախարարական տոհմը, իսկ իբրև գավառ Խորխոռունիք չի հիշատակվում։ Ենթադրում են, որ VII դարի «Աշխարհացոյց»-ում գավառի անունը հետագա խմբագիրներն են ավելացրել՝ իմանալով, որ այն եղել է համանուն տոհմի կալվածքը։ Մոտավորապես համապատասխանում էր հետագայի Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառին։
Մակերևույթը հիմնականում հարթ է, հյուսիս-արևմտյան մասում՝ լեռնոտ։ Տարածքն ընդգրկող Բուլանըխի գավառը XX դարի սկզբին ուներ ավելի քան 68 գյուղ, որոնցից 29-ը՝ հայաբնակ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայերի հետ ապրում էին քրդեր ու չերքեզներ։ Գավառի կենտրոնն էր Կոփ գյուղաքաղաքը, որը 1914թ.-ին ուներ 500 ընտանիք (340-ը՝ հայ)։ Խորխոռունիքի հայաբնակ գյուղերն էին՝ Ապրի, Ալիպոճան, Բլուր, Գարազել, Գեաբոլան, Թեղուտ, Թրքաշեն, Լաթար, Խաչլու, Խարաբաշահար, Խոշգյալդի, Կոպակ, Կոպո, Կոփ, Միջիթլու, Միրիպար, Մոլլաքյանդ, Յակրակ, Յատկոն, Շեխեաղութ, Շեխվոտի, Շիրվանշեխ, Ոտնչոր, Պրտոպ, Քեքառլու, առավել բազմամարդ էին Յոնջալուն (250 ընտանիք), Լիզը (200), Համզաշեխը (150)։ Գավառի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը կոտորվել է բռնագաղթի ծանապարհին։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets