ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.04.2014

ՄԵԾ ՀԱՅՔԻ 15 ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐԸ. Սյունիք




Սյունիք մարզ ՀՀ-ում։ Գտնվում է հանրապետության հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից Լեռնային Ղարաբաղին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին։

Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են. Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։
Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։
X-XII դարերում Սյունիքը թագավորություն էր, որտեղ իշխում էր Սիսական տոհմը։ Հետագայում այստեղ իշխանել է Օրբելյան տոհմը։ Հայտնի է հատկապես կոմս Տարսայիճ Օրբելյանը։ Նրա զավակ Ստեփանոս Օրբելյանը՝ Սյունիքի մետրոպոլը, XIII դարում գրել է «Սյունիքի պատմություն» մեծարժեք պատմագրությունը։
1918-1920թթ Սյունիքը, ինչպես նաև Նախիջևանը և Արցախը, դարձել էր վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև։ 1920-ի դեկտեմբերի 2-ին Թուրքիան, որն այդ ժամանակ գրավել էր Հայաստանի Հանրապետության մեծ մասը, ստիպեց հայկական կառավարությանը ստորագրել Ալեքսանդոպոլի համաձայնագիրը, որով Հայաստանը Ադրբեջանին էր հանձնում Սյունիքը։ Սակայն Սյունիքի հայ բնակչությունը չճանաչեց այս համաձայանգիրը և զինված պայքարի ելավ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։
Սյունիքը անկախ մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ բոլշևիկները գրավել էին Հայաստանի Հանրապետության մնացած մասն ամբողջությամբ։ 1920-ի սկզբներին, երբ բոլշևիկները ճնշեցին հայերի փետրվարյան ապստամբությունը, կառավարության շատ անդամներ և սպաներ նահանջեցին Սյունիք։ Շուտով այստեղ հռչակվեց Լեռնահայաստանի հանրապետությունը, իսկ Գարեգին Նժդեհը ընտրվեց վարչապետ։ Կարմիր բանակը միայն կատաղի կռիվներ և բազմաթիվ զոհեր տալուց հետո կարողացավ այն գրավել 1921-ին։
Հայկական ԽՍՀ-ում Սյունիքը առանձին վարչական միավոր չէր կազմում, այլ բաժանված էր մի քանի շրջանների։ Հայաստանի Հանրապետության վերանկախացումից հետո Սյունիքը կրկին ինքնուրույն մարզ է կազմում:


Երնջակ , Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։
Երնջակ գավառը տարածվում էր Երնջակ գետի (այժմ՝ Ալինջա-չայ) ավազանում։ Երնջակը շրջապատված էր Գողթն, Ծղուկք, Ճահուկ և Նախիջևան գավառներով, հարավում, հավանաբար, նրա սահմանը հասնում էր Երասխ գետին։
Երնջակի հարավային մասը հնագույն ժամանակներից ի վեր հայտնի է եղել իր ընտիր մրգերով՝ ծիրանով, նռով, թուզով, տանձով և այլն։ Այս մասում մշակվում էին նաև բամբակ, իսկ հյուսիսային մասում՝ քնջութ, կտավատ, հացահատիկներ և այլ մշակաբույսեր։
Երնջակ անվան վերաբերյալ Ստեփանոս Օրբելյանի մոտ բերված է մի ավանդություն, ըստ որի այդ անունը ծագել է Սյունյաց տիկիններից մեկի՝ Երնջիկի անունից։

Ճահուկ, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում, Նախճավան գետի Ճահուկ (այժմ՝ Ջահրի) և Շահապոնք (այժմ՝ Շահբուզ) վտակների ավազաններում։
Հյուսիսից և հյուսիս-արևելքից և հարավից՝ Երնջակ և Նախճավան, արևմուտքից՝ Այրարատի Շարուր գավառներին։ Կազմված էր Ճահուկ և Շահապոնք վիճակներից՝ համանուն կենտրոններով։ Մակերևույթը լեռնադաշտային է, զգալիորեն անտառավետ, կլիման՝ ցամաքային, հողը՝ բերրի։
Արշակունիների ժամանակ (I-Vդդ.) Ճահուկը եղել է Շահապունիք իշխանական տան ժառանգական տիրույթը։ VIդ. Ճահուկը հիշատակվում է որպես բյուզանդական և պարսկական նվաճողների դեմ պայքարող հայկական ուժերի զորաճամբար։ X դ. Ճահուկը մտնում էր Սյունյաց գահերից իշխան Սմբատի տիրույթների մեջ։ Սյունյաց իշխանության քաղաքական դերի նվազումից հետո, XIIդ., Ճակուկը անցնում է Համտունյաց իշխանությանը։ Համտունյաց տոհմի սպառումից հետո Ճահուկը անցնում է Օրբելյան իշխան Ելիկումին, այնուհետև՝ Պռոշյաններին։ Ճահուկ ավանի Ս. Աստվածածին վանքը XIV-XVIIIդդ. եղել է ունիթոռների միաբանության կենտրոն։ XVI-XVIIIդդ. Ճահուկը Նախիջևանի խանության կազմում էր և կոչվում էր Ջահրի։ XIXդ. 2-րդ կեսից Ճահուկը մտնում էր Երևանի նահանգի Նախիջևանի գավառի մեջ։

Վայոց Ձորը Հայաստանի մարզերից մեկն է։ Մարզկենտրոնը Եղեգնաձորն է։ Վայոց Ձորի մարզը սահմանակից է Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին, ԼՂՀ-ին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Վայոց ձորի մարզն ընդգրկում է Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները։

Գեղարքունիք, Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։
Գեղարքունիք գավառը գրավում էր Գեղամա լճի (Սևանա լիճ) ավազանի խոշորագույն մասը, իսկ ավազանի մյուս փոքրիկ մասը կազմում էր Սոդք գավառը։ Գեղարքունիքը տարածվում էր լճի ավազանի հյուսիս-արևմտյան կողմում, իսկ Սոդքը՝ հարավ-արևելյան։ Գեղարքունիքն ու Սոդքը միասին կոչել են նաև Գեղամա երկիր։
Ավանդությունը Գեղարքունիք անունը կապում է ավանդական Գեղամի անվան հետ։
Սևանա լիճը մեծ մասով պատկանում էր Գեղարքունիք գավառին։
Գեղամա երկրի քաղաքական վիճակի մասին արժանահավատ վկայություններն սկսում են 8-րդ դարից, երբ հայ ժողովուրդը նվաճում էր քաղաքական անկախություն, այդ երկիրը միացվում է Բագրատունիների կենտրոնական իշխանությանը։
Սելջուկների տիրապետությունը Գեղամա երկրում կարճատև եղավ։ Հայ-վրացական միացյալ զորքերը՝ Զաքարյան զորավարների գլխավորությամբ, Գեղամա երկիրը 12-րդ դարի վերջերին մաքրում են սելջուկներից։ Այստեղ իրենց իշխանությունն են հաստատում Զաքարյանները և նրանց ազգական Դոփյանները։

Սոդք (նաև՝ Սոթք, Սոտք), գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։
Ընդգրկել է Գեղամա (Սևանա) լճի հվ-արլ. ափամերձ շրջանը՝ Սոդից կամ Մազրա (այժմ՝ Մասրիկ) գետի և դրա վտակների (Ականից, Կարմիր աղբյուր, Կալեր ևն) հովիտները։ Մաքենյաց (Կարճաղբյուր) գետով արմ-ից սահմանակից էր Գեղարքունիք գավառին, Վարդենիսի լեռնաշղթայով հվ-ից սահմանազատվում էր Վայոց ձոր գավառից, Գանձակի (այժմ՝ Սևանի) լեռնաշղթայով (հս-ից)՝ Ուտիքից, Սյունիքի լեռնաշղթայով (արլ-ից)՝ Արցախից։ Տարածքով հիմնականում համընկնում է նախկին Վարդենիսի շրջանին։ Մակերևույթը դաշտային է, հողը՝ արգավանդ (թերևս որի համար երբեմն կոչվել է Արտից գավառ)։ Ունի խոտավետ արոտավայրեր, սառնորակ ջրեր, մետաղահանքեր, հյուսիսում՝ կաղնու և գիհու անտառներ։ Սոթքի ոսկին շահագործվել է դեռևս մթա II հազարամյակից (Սոդքի ոսկու հանքավայր)։
Սոթքը հնում եղել է Սոդացի նախարարական տան ժառանգական տիրույթը՝ Սոդ (այժմ՝ գ. Սոդք) իշխանանիստ կենտրոնով։ Ըստ Զորանամակի, Ս-ի իշխանությունը Հայոց զորաբանակին տվել է 50 մարտիկ։ Ենթադրվում է, որ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո միացվել է Արցախ նահանգի Վայկունիք (հետագա դարերում իշխանանիստ կենտրոնի անունով կոչվել է Ծար) գավառին։ Ստույգ հայտնի է, որ IXդ 1-ին կեսից Սոթքը մտել է Խաչենի տեր Սահլ Սմբատյանի իշխանության մեջ։ Այնուհետև՝ մինչև XIIIդ Սոթքը պատկանել է Ծար-Վայկունիքում իշխող Սահլ Սմբատյանի տոհմաճյուղին, XIII - XVIդդ՝ Դոփյաններին, XVI–XVIIIդդ՝ Մելիք-Շահնազարյաններին։
Սոդ ավանից բացի, Սոթքի հին բնակավայրերից հիշատակվում են Խորասանիբակը, որը Հայոց Սմբատ Բ Բագրատունի թագավորը 895-ին պարգևել էր Տաթևի վանքին, Վասակաշեն ավանը (այժմ՝ Վարդենիս), որի Ս. Աստվածածին եկեղեցու դամբարանում թաղվել են XVIդ ժամանակագիր Հովհաննես Ծարեցին և Սարգիս վարդապետը, Վարդանաբակ կամ Վարդանաշեն ավանը (այժմ՝ գ. Ակունք), ինչպես նաև Մեծ Մազրա գյուղը (հնում՝ քաղաքավան, այժմ՝ Մեծ Մասրիկ), որը եղել է Մելիք-Շահնազարյանների իշխանանիստ կենտրոնը։ XIII - XIVդդ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Սյունյաց եկեղեցուն հարկատու Սոդք-Ծարի բնակավայրերից հիշատակում է հետևյալները՝ Սոթք, Ծափաթաղք, Ունջի ձոր (Ունչիձոր), Հովուաթափք (Հավսաթաղք), Ավազան, Համամաբակք, Արավիսաբակք (Արևիսաբակ), Գուկառինճ, Տրետուք, Սափչի անապատ (Սափչանապատ), Խորթագետ, Վարդանաբակք, Նորաբակք, Վասակաշեն, Կութն, Անապատ, Արփունջն, Շատջրեք, Կուչկունիք (Կուշկունիք), Բարկույք (Պարկիս), Վաղավեր, Ուռակարբ, Ամեռնափոր, Շատվան, Շինիք, Աստվածածին, Երեզ, Բակափոր, Մաքենոց, Ետեցիք, Զերիշատ, Ասխոզ (Ագխոզ), Աղբերաձոր, Արմնա (Արմնալ), Շապուհաթաղ, Կուտակք (Կատակ), Վաչեիբակ, Ջաղացաձոր, Ջաջուրաբակ, Բաշուք (Պաշուք), Տեռնատյան, Բերդաձոր, Դրունք (Տրունք), Որթնիք (Որդնիք), Դարանք (Տարոնք), Դարանակ (Տարանակ), Ախոռատուն (Ախոռանտուն), Ոզմունք, Պաշո, Չահո, Խարասանիբակ, Որոկիք (Որոգիք), Ականք (Ակունք), Գողոց Ագարակ, Այրք, Գեղամաբակ, Կախանաղբյուր, Սահակաբակք, Խոնթաբակ, Ջաղացաձոր, Որուց, Դպրաբակ, Տկոլաբակ, Ատրմղենաբակ, Խորժա, Սնաձոր, Ծար, Գետաբակ, Երերի, Վարժանկա աղբյուր, Տոնշենք, Եղջերուենիկ, Անապատ, Աղձի գետ (Օձիգետ), Քթաշեն, Գավառնի, Կնձուտ, Դարանակ, Կաթունիք։
Թուրք-թաթար, զավթիչների, կարակոյանլուների, ակ-կոյանլուների տիրապետության շրջանում և մինչև 19-րդ դարի 30-ական թվականները գավառում աստիճանաբար հասատատվել են թուրքմեն, խաշնարած ցեղեր, որոնք մշակովի դաշտերը վերածել են արոտավայրերի, ավերել բազմաթիվ գյուղեր, վերափոխել իրենց բռնագրաված գյուղերի անվանումները։ XVIIIդ Սիմեոն Ա Երեանցի կաթողիկոսը գավառում հիշատակում է հետնյալ հայաբնակ գյուղերը՝ Ցրտագետ, Հոտած աղբյուր, Նշխարք, Կածի, Բար, Քավթառանոց, Սալկուտ, Փառակունիս, Ախնեիք, Կաթիկ, Կաթաշեն, Կարմիրշեն, Բաստամ, Ծուկրուկ, Խոշկաշեն, Ոսկեշեն, Անմեռ, Խսլինակ, էտիլ Դավալանոց, Կալեր, Արքաուներ, Երիցաշեն, Համարիար, Երիշատ, Ոկունիս, Ջիլ, Արտվուճ, Գետիկ, Կարմունջ։ 1829-30 թվականներին գավառում բնակություն են հաստատել Արևմտյան հայաստանից գաղթած հայերը։ 1930 թվականին ստեղծված Վարդենիսի շրջանը տարածքով հիմնականում համընկնում էր Սոդք գավառին։ 1989-90 թվականներին տարածքի նախկին ադրբեջանաբնակ գյուղերում բնակություն են հաստատել Ուտիքից, Գանձակից, Բաքվից և Ադրբեջանական ԽՍՀ այլ վայրերից բռնագաղթված հայերը։ 1996 թվականից գավառի տարածքը մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։ Գրականություն՝ ՀՍՀ հ. 10։

Աղահեջք - գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։
Աղահեջք գավառի մասին շատ քիչ տեղեկություններ են հասել մեզ։
Աղահեջքը եղել է ընդարձակ մի գավառ։ Այն տարածվում էր Սյունիքի հյուսիս-արևելյան մասում և սահմանագծված էր Արցախի Ծար և Սյունիքի Ծղուկք ու Հաբանդ գավառներով։
Տաթևի եպիսկոպոսական հարկացուցակում Աղահեջքի տակ հիշատակված է 43 բնակավայրեր։
Աղահեջքում այս կամ այն առթիվ հիշատակված վայրերից համեմատաբար նշանավոր են եղել Քաշաթաղք և Խոժոռաբերդ բերդերը։

Ծղուկ (անվանվել է նաև Սյունիք և Սիսական), Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։
Համապատասխանում է ՀԽՍՀ նախկին Սիսիանի շրջանին և Գորիսի շրջանի արևմտյան մասին։
Ծղուկ գավառը սահմանափակված էր արևելքից՝ Աղահեջքով և Հաբանդով, արևմուտքից ՝ Ճահուկով և Վայոց ձորով, որոնց հետ ունեցած սահմանն անցնում է Սյունյաց լեռների ջրբաժան գծով, հարավից՝ Բաղք, Ձորք, Գողթն ու Երնջակ գավառներով, որոնց հետ բնական սահման է ծառայում Բարկուշատի լեռները։ Հյուսիսում Ծղուկքի հարևանը Արցախի Ծար գավառն է։
Ծղուկ անունը հավանաբար էթնիկական ծագում ունի։
Սյունյաց իշխանների ոստանն այստեղ գտնվելու պատճառով, այս գավառը հաճախ կոչվում էր նաև Սյունիք կամ Սիսական։ 10-11րդ դարի մեր պատմիչների մոտ վերջին ավելի հաճախ են հիշատակվում, քան Ծղուկը։ XIII-րդ դարից ի վեր Ծղուկ գավառը կոչվել է նաև Որոտան։
Ծղուկի պատմական վայրերից նշանավոր են Շաղատ գյուղաքաղաքը, Որոտն գյուղը, բերդը և վանքը, Տաթևի վանքը, Թանահատի վանքը, Սյունիքի վանքն ու բերդը։

Հաբանդ, գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում։
Հաբանդ գավառին հայ պատմիչները շատ քիչ են անդրադարձել։ «Աշխարհացոյցի» մեջ հիշատակված է երկու Հաբանդ։ Դրանցից մեկը գտնվում է Սյունիքում, իսկ մյուսը՝ Արցախում։
Արցախի Հաբանդ գավառը անմիջապես սահմանակից է Սյունիքի Հաբանդին։
Արևելյան կողմում Հաբանդի սահմանն անցնում է Հագարի գետով, արևմտյան կողմում նա շփվում է Ծղուկքի Տաթև և Որոտան շրջանների հետ։ Հյուսիսում նրա սահմանն Աղահեջքի հետ անցնում էր Հագարի գետի Աղողլան վտակի աջ ափով տարածվող լեռներով, իսկ հարավային կողմում՝ Բարգուշատ և Որոտան գետերի ջրբաժան լեռներով, որտեղ Հաբանդը սահմանակցում էր Բաղք-Քաշունիքի և Բաղք-Աճանանի հետ։
Ավանդության համաձայն Ձագիկ նահապետը Հաբանդ գավառում կառուցել է մի բերդ և այն անվանել «Ձագեձոր» կամ Հաբանդի բերդ, իսկ այն ձորը, որտեղ գտնվում էր բերդը, իբր, նրա անունով էլ կոչվեց «Ձագեձոր»։
Հետագայում Ձագեձոր անունն աղավաղման ենթարկվելով, դարձել է Զանգեզուր, իսկ նրա մյուս անունը՝ Հաբանդը աստիճանաբար հանվել է գործածությունից։
Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Հաբանդ գավառի տակ հիշատակվում է 79 գյուղ։

Բաղք - պատմական Հայաստանի Սյունիք նահանգի գավառներից։
Բաղքը 10-12-րդ դարերում ուներ ավելի մեծ տարածք, քան հնում։ Բաղքը սահմանափակված էր հարավից Կովսականով, արևմուտքից՝ Ձորքով և Ծղուկքով, հյուսիսից՝ Հաբանդով, իսկ արևելքից՝ Աղավնո (Հագարի) գետով։
Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Բաղքը բաժանված է երկու մասի՝ արևմտյան և արևելյան։ Նրա արևմտյան մասը կոչվում է «Բաղք գվառ», իսկ արևելյանը՝ «Միւս Բաղք», որը կոչվում էր նաև Քուշանիք։
Տաթևի եպիսկոպոսական թեմի հին հարկացուցակում Բաղքի տակ հիշատակված է 93 գյուղ։

Ձորք - պատմական Հայաստանի Սյունիք նահանգի գավառներից։
Ձորք փոքրիկ գավառը տարածվում էր Կապան գետի վերին հոսանքի շրջանում։ Գավառը 11-րդ դարից սկսած կոչվեց Կապան, այնտեղ գտնվող Կապան քաղաքի անունով, իսկ ավելի ուշ՝ Բաղաբերդ։
Ձորքը Սյունիքի ամենալեռնոտ շրջանն է։ Նրա մի զգալի մասը այժմ էլ ծածկված է խիտ անտառներով։
Սյունիքի թագավորության գոյության ընթացքում Ձորքը դարձել էր նրա կենտրոնական շրջանը՝ ոստանը։
Ձորք գավառի պատմա-աշխարհագրական նշանավոր վայրերն են Գեղի բնակավայրը, Կապան քաղաքը, Վահանավանքը, Բաղաբերդ և Շլորուտ բերդերը։

Արևիք - գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում։ Սյունիքի ամենահարավային գավառն է։
Համապատասխանում է ՀԽՍՀ Մեղրու շրջանին։
Արևիք անունը հնագույն ծագում ունի։ Այս անունը հավանաբար կապված է նույնանուն ցեղի կամ Արև աստծու հետ։
Արևիքը Սյունիքի ամենափոքր գավառներից է։ Տարածքը գրեթե համընկնում է Մեղրի գետի ավազանին, նրա միայն մի փոքր մասը տարածվում է դեպի արևելք՝ Կովսականի կողմերը, այս մասերում իր մեջ ընդգրկելով մի քանի փոքրիկ ձորահովիտներ։
Արևիքը հնում կազմում էր Գողթնի մի մասը, իսկ հետագայում նրանից անջատվելով՝ միացել է Սյունիքին։
Այս գավառը 1226-ին ավերման է ենթարկվել էմիր Հարունի կողմից, որը դեռ 1158-ին գրավել էր Մեղրին։
Արևիքի պատմա-աշխարհագրական վայրերից ամենահայտնիներն են՝ Մեղրին, որը համապատասխանում է այժմյան Մեղրի քաղաքին, Կարճավան ավանը, որը համապատասխանում է այժմյան Կարճևան գյուղին (Մեղրի քաղաքից 7-8 կմ արևմուտք՝ Կարճևան գետի հովտում), Կաքավաբերդը, որը գտնվում է այժմյան Կալեր-Վանքի շրջանում և հանդիսանում էր Սյունիքի թագավորության նշանավոր բերդերից մեկը։

Կովսական, քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Գտնվում է Ողջի գետի աջ ափին։ Կովսականով անցնում է այժմ չգործող Միջնավան-Կապաներկաթուղին։
1993թ. նոյեմբերի 1-ից Կովսականը գտնվում է Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերիի վերահսկման տակ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets