ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.04.2014

ՄԵԾ ՀԱՅՔԻ 15 ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐԸ. Ուտիք


Ուտիք (նաև Ուտի, Ուտյաց աշխարհ), Մեծ Հայքի տասներկուերորդ նահանգ։ Տարածվել է Կուր գետի աջափնյա տափարակում և Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան լեռնային շրջաններում՝ զբաղեցնելով Աղստև գետից մինչև Կուրի և Երասխի ջրկիցն ընկած տարածքը։ Հյուսիսում և արևելքում Կուր գետով սահմանակցել է Աղվանքին, արևմուտքում՝ Դեբեդի և Աղստևի ջրբաժանով՝ Գուգարքին, հյուսիսարևմուտքում Մրղուզի և Սևանի
լեռնաշղթաներով՝ Այրարատին և Սյունիքին, հարավարևմուտքում՝ Արցախին, հարավում Երասխ գետով՝ Փայտակարանին։
Հնագիտական պեղումները վկայում են, որ նախնադարյան համայնական հասարակության ժամանակաշրջանից Ուտիքի բնակչությունը ներառնվել է Հայկական լեռնաշխարհի ընդհանուր տնտեսական և մշակութային հարաբերությունների ոլորտը։ Մ.թ.ա. 13-րդ դարի 1–ին կեսին Սարդուրի Բ–ի ուրարտական զորքերը մուտք են գործում Ուտիք, իսկ նույն դարի 2–րդ կեսին Ռուսա Ա–ն նահանգը միացրել է Ուրարտական պետությանը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Ուրարտուի անկումից հետո Ուտիքը մտել է Երվանդունիների Հայկական թագավորության մեջ, դարձել արքայական ձմեռանոց։ Մ.թ.ա. 2-րդ դարում Ուտիքը Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության կազմում էր։ Մ.թ.ա. 1-ին դարում Տիգրան Բ Մեծը Թագավորաղբյուր կոչվող վայրում կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։ Վարչական մի շարք փոփոխությունների հետևանքով Ուտիքը 3-րդ դարում կազմված է եղել նախ 7, ապա 8 գավառից։ 301թ.-ից քրիստոնեությունը տարածվել է նաև Ուտիքում։ Ուտիքում քրիստոնեության ամրապնդման գործում մեծ դեր է խաղացել Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ Մեծ Հայքի 387թ.–ի բաժանումից հետո Ուտիքը մնացել է Խոսրով Գ–ի Արևելահայկական թագավորության կազմուն։ 450-451թթ.–ին Ուտիքի հայ բնակչությունը մասնակցել է Վարդան Մամիկոյանի գլխավորած հակապարսկական ապստամբությանը և Ավարայրի ճակատամարտին։ 5-րդ դարի վերջին Ուտիքը մտել է Արցախի հայ Առանշահիկների թագավորության մեջ։ 12-րդ դարում Ուտիքը ընկել է արաբական տիրապետության տակ՝ ռազմաբեմ դառնալով մեկ-մեկու դեմ պատերազմող արաբական և խազարական զորաբանակների միջև։ 9-րդ դարի սկզբին Հյուսիսային Կովկասից Հայատան մուտք գործած Սևորդյաց ցեղը հաստատվել է Ուտիքում, ընդունել քրիստոնեություն և հայացել։ 840–ական թթ. Ուտիքում հիմնադրվել է Գանձակ քաղաքը։ 9-րդ դարի վերջին Ուտիքի հյուսիս–արևմտյան մասը մտել է Բագրատունիների Հայոց թագավորության մեջ։ 11-րդ դարի 2-րդ կեսին Ուտիքը գրավել են սելջուկ–թուրքերը։ 11-րդ դարի վերջին Զաքարյաններն ազատել են Ուտիքի արևմտյան շրջանները, որոնք դարձել են Վահրամյան ճյուղի տիրույթը։ 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Ուտիքը ասպատակել են Լենկթեմուրի զորքերը։ 17-ից 18-րդ դարերում Ուտիքի հայ բնակչությունը հարթավայրային շրջաններից ստիպված է եղել հեռանալ նախալեռնային և լեռնային շրջանները, մասամբ կենտրոնացել Գանձակ քաղաքում։ 19-րդ դարի 40-50–ական թթ.-ին Ուտիքի տարածքը մտել է Թիֆլիսի, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ հիմնականում Ելիզավետպոլի և մասամբ Բաքվի նահանգի մեջ։ 1918-1920թթ.-ին նահանգի մեծ մասը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես ՀՀ-ի մաս, սակայն Հարավային Կովկասում Խորհրդային կարգերի հաստատումից հետո հիմնականում ընդգրկվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։ ԽՍՀՄ փլուզումից հետո տարածքային պատկերը գրթեթ չի փոխվել։
Ուտիքի հյուսիսարևմտյան մասը հիմնականում լեռնային անառիկ շրջան է՝ հարուստ անտառներով և ալպյան մարգագետիններով։ Կուրի աջափնյա հարթավայրային շրջանը մինչև Կուրի և Երասխի խառնուրդը արգավանդ դաշտավայր է։ Ուտիքի հարավարևելյան մասը կազմում է Մուղանի դաշտավայրի մի հատվածը։ Ուտիքի արևելակենտրոնական մասը Թովմա Արծրունին հիշատակում է որպես Գարգարացվոց, իսկ հյուսիսարևմտյանը՝ Շակաշենի կամ Սակասենի դաշտ։ Աղստև գետի ստորին հոսանքի շրջանում է Գագա դաշտը։ Ուտիքով հոսում են բազմաթիվ գետեր և գետակներ, որոնք գերազանցապես Կուրի վտակներն են (Շամխոր, Աղստև, Հախում, Տավուշ, Զակամ, Բանանց, Ոսկանապար կամ Գանձակ, Կուրակ, Գերան, Բարակ, Տրտու կամ Թարթառ, Խաչենագետ, Կարկառ և այլն)։ Կուրի և Երասխի ջրկիցի շրջանում կան աղի լճակներ։ Ուտիքի հնագույն ժամանակներից նշանավոր էր երկաթի, պղնձի, նավթի, ոսկու, արծաթի և շիբի հանքերով։ Այժմ Ուտիքի տարածքը հայտնի է նաև ծծմբային կոլչեդանի, մանգանի, բարիտի, գիպսի, կաոլինի, քվարցիտների, շինարարական քարերի և այլ հանքերով։ Ունի հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներ, որոնք հիմնականում կենտրոնացված են Աղստև, Տավուշ և Զակամ գետերի ավազաններում։ Ուտիքի լեռնային շրջանները հարուստ են անտառներով։ Բազմազան է նաև Ուտիքի կենդանական աշխարհը։ Հիշատակություններ կան այն մասին, որ հնագույն ժամանակներում Ուտիքում հանդիպել են նաև առյուծ, հովազ և նմանատիպ այլ կենդանիներ։ Ուտիքի հարթավայրային շրջաններն ունեն բարեխառն տաք կիսաանապատային և չոր տափաստանային կլիմա։ Տարեկան տեղումները կազմում են 300—600 մմ, հս-արմ., լեռնային որոշ շրջաններում՝ մինչև 900 մմ, հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 3°C–ից մինչև -3°C, իսկ հուլիսինը՝ 20°C–27°C և ավելի։

Առանռոտ (Առան-ռոտ), գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում։

Տռի, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում։

Ռոտպացեան (Ռոտ Պացեան, Ռոտ Պացյան), գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում։
Ռոտ Պացյան գավառը գտնվել է Ուտիքի արևելյան սահմանում, Երասխի ձախափնյա տարածքում։ Հիշատակվում է միայն «Աշխարհացոյց»-ում։
Կոչվել է նաև Ռոտ Պացյան, Ռոտպայցյան, Ռովտապայակ։

Աղուէ, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում Մեծ Հայքի վարչական բաժանումը։

Տավուշ (նաև՝ Տուչկատակ, Տուզքատակ, Տուշքուստակ, Տուչքուստակ, Տուչ Կատակ, Տուզ Քուստակ), գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում։ Տուչկատակի տարածքում գտնվում են Տավուշի բերդը, Կրզեն գյուղը, Բերդ քաղաքը, Խորանաշատ վանքը։ Այժմ Տուչկատակի մեծամասնությունը (արևելյան) մտնում է Ադրբեջանական Հանրապետության Թովուզի շրջանի մեջ, իսկ արևմտյան մասը կազմում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի արևելյան մասը (խորհրդային տարիներին Տուչկատակի այդ մասը մտնում էր Հայկական ԽՍՀ համապատասխանում էր Շամշադինի շրջանին)։

Գարդմանը, Գարդմանք, Գարդմանաձոր Մեծ Հայքի Ուտիք նահանգի 9 գավառներից մեկը։ Գավառի տիրույթները տարածվում էին Շամխոր գետի ավազանի և նրա հարակից տարածքների վրա։
Գավառի մեծ մասը լեռնային է և անտառապատ։

Շակաշեն կամ Շիկաշեն (Շիկաշէն, Շակաշէն), գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում։ Գավառը իր անունը ստացել էսկյութական Շակ ցեղից։ Այս գավառում է գտնվում Գանձակ քաղաքը։
Գտնվել է Ուտի-Առանձնակ գավառի արևմտյան կողմում։ Ղ. Ալիշանը նույնացնում է հետագայի Գանձակի գավառին։ Ս. Տ. Երեմյանը տեղադրում է Զակամի և Կուրակի Միջագետքում` Կուր գետի աջափնյա հովտում։ Անտիկ հեղինակների երկերում հիշատակվում է Սակասենե անունով։ Ըստ Ստրաբոնի` գավառանունն առաջացել է մ.թ.ա. VIIդ. այնտեղ հաստատված սակերի (շակք) ցեղանունից։ Արշակաշեն անվանաձևը (պահպանվել է Մովսես Կաղանկատվացու երկում), ինչպես նշել է Հ. Հյուբշմանը, առաջացել է հետագայում` ժողովրդական ստուգաբանությունից։ Աղբյուրներում Շակաշենի բնակավայրերից հիշատակվում է Վարտա ավանը։ V դ. 1-ին կեսին Սասանյան Իրանը Շակաշենը ևս անջատեց Մեծ Հայքից և կցեց Աղվանից մարզպանությանը։

Ուտի Առանձնակ, Մեծ Հայքի Ուտիք նահանգի գավառներից մեկը։
Տեղեկայվում է Տրտու (Թարթառ) գետի ավազանում։ Ընդգրկել է Արցախ նահանգից մինչև Կուր գետն ընկած ընդարձակ հարթավայրը։ Հիմնականում համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Բարդայի շրջանի տարածքին։
Ուտի առանձնակում 462-ին հիմնված Պարտավ քաղաքը Սասանյան Պարսկաստանի տիրապետության ժամանակ (V-VIIդդ.) եղել է Աղվանից մարզպանության կենտրոնը, իսկ արաբական տիրապետության հաստատումից (VIIդ.) հետո՝ Արմինա կուսակալության երկրորդ կենտրոնը։ 562-ից այն դարձել է նորաստեղծ Աղվանից կաթողիկոսության աթոռանիսը (IX դարասկզբից փոխադրվել է Բերդակուր)։ Ուտի առանձնակի միջնադարյան բնակավայրերից հիշատակվում է Կաղանկատույք գյուղը, ուր ծնվել է հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացին։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets