ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.04.2014

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համբարձումյանի՝ Բյուրականի առանձնասենյակ ներխուժեցինք անկոչ հյուրի պես: Դա 1988 թվականի աշնանն էր: Նշվում էր աշխարհահռչակ գիտնականի ութսունամյակը: Իր անձուկ աշխատասենյակում նստած մեծ գիտնականը մեր հայտնվելուց անակնկալի եկավ: Բայց մի պահ: Հետո բարեժպիտ ողջունեց և առաջարկեց տեղավորվել: Հագուկապը՝ սովորական, վերաբերմունքը՝ մարդկային, ինքն էլ՝ համեստափայլ: Ոչ մի պաշտոնականություն, ոչ մի պարտադրանք: Եվ ոգևորված՝ փորձեցինք ուղղել նաև հարցեր «տարօրինակ»:
_Ասում են՝ հոբելյանական շնորհավորանքները Ձեզ երբեք չեն ուրախացրել:
_ Ես խիստ բացասաբար եմ տրամադրված հոբելյաններին, այն էլ՝ «շռինդով» նշումներին: Ամեն ոք նախ և առաջ պետք է լինի համեստ: Իմ պաշտոնի բերումով ես պետք է ցույց տամ համեստության օրինակ, իսկ եթե հոբելյան է նշվում, էլ ինչ համեստության մասին է խոսքը:
_ Մարդը տիեզերքի մի հյուլեն է: Բայց նա, Դուք էլ եք պնդում, մեծ է իր բանականությամբ: Ո՞րն է մարդու դերը տիեզերքում: 
_ Մարդու բանականության ուժը անսահման է: Հետևաբար, նա կարող է ճանաչել տիեզերքը, իսկ վերջինս երբեք չի կարող «ճանաչել» մարդուն: Նա կարող է միայն իր տարերայնությամբ ազդել մեզ վրա և ոչ ավելի: Առայժմ մարդը չի կարող ապրել տիեզերքում: Եվ դա շատ լավ է: Իսկ որքա՜ն է նա ազդում հողագնդի վրա և, հիմնականում, ավերածություններ անում: Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Մարդիկ ճանաչում են գիտնական Վիկտոր Համբարձումյանին, իսկ Ձեր մարդկային նկարագրի մասին գրեթե ոչինչ չգիտեն: Ասում են՝ Դուք շատ սակավապետ եք:
_ Ասացի, որ համեստությունը մարդու ամենակարևոր հատկություններից է: Համեստությոնն է մարդուն երջանիկ դարձնում: Մարդն իրեն սկսում է դժբախտ զգալ այն ժամանակ, երբ պահանջները չեն բավարարվում: Իսկ իմ մարդկային պահանջները համեստ են, և ես, ինձ երջանիկ զգալով, նվիրվում եմ գիտությանը: Իսկական գիտնականը նա է, ով հաջողության հասնում է իր բնագավառում, կամ երբ բավարարվում է նրա հետաքրքրասիրությունը: Ինձ չի հետաքրքրում՝ լավ եմ հագնված, թե ոչ, բոկոտն չեմ, և վերջ:
_ Ունե՞ք նախասիրություն:
_ Պոեզիան: Նախ և առաջ հայկական, ռուսական: Ինձ համար ամենամեծ բանաստեղծը Հովհաննես Թումանյանն է:
_ Մարդու անցողիկության մասին ի՞նչ եք խորհում:
_ Ես կարծում եմ, որ մարդն առհասարակ չպետք է մահվան մասին մտածի: Եթե մահկանացուն հասկանում է բնական երևույթները, մահվան անխուսափելիությունը, նա սկզբից ևեթ պետք է հաշտվի ու չվախենա մահից: Դա է հավերժի օրենքը: Մարդն առայժմ չի կարող հասնել ֆիզիոլոգիական անմահության: Նույն Թումանյանն այսպես է ասում. «Գործն է անմահ, լավ իմացեք, Որ ապրում է դարեդար, Երնեկ նրան, ով իր գործով, կապրի անվերջ, անդադար»: 
_ Աստղերի հե՞տ է հետաքրքիր զրուցել, թե՞ մարդկանց:
_ Ինձ համար բնական երևույթներից ամենահետաքրքիրը բանական աշխարհի ծաղիկն է՝ մարդը: Ես ընտրեցի այլ բնագավառ, թեև հավատացած եմ, որ ամենաբարդը հասարակական զարգացման հարցերն են, գիտակցությանն առնչվող հարցերը: Մարդը միշտ հետաքրքիր է: Բայց նա պետք է գիտենա, թե ինչով կարող է և պետք է զբաղվել:
_ Ո՞րն եք համարում մեզ թողած ամենամեծ գանձը, ի՞նչը պետք է կտակենք սերունդներին:
_ Մենք մշակութային հսկայական ժառանգություն ենք ստացել: Իսկ ամենամեծ գանձը մեր լեզուն է: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր լեզուն շարունակի բարգավաճել ժամանակակից քաղաքակրթության պայմաններում՝ որպես ազգ պահող գլխավոր գործոն: Ես միշտ հավատացել եմ մեր ազգի ապագային, նրա կենսունակությանը, շնորհքին:
_ Մտադիր չե՞ք Ձեր կյանքի և գործի փիլիսոփայական գիրքը գրել:
_ Ես ինձ այնքան էլ մեծ մարդ չեմ համարում, ուստի այդ մասին չեմ էլ մտածում: Մարդը չպետք է մեծ նշանակություն տա իր անձին: Գլխավորը գործն է:
2009 թվականին երևանյան երբեմնի աստղադիտարանի պուրակում տեղադրվեց Վիկտոր Համբարձումյանի արձանը: «Հարյուրամյա» մեծ գիտնականի բրոնզափայլ արձանն ասես ուղղված է ոչ թե աստղազարդ երկնքին, այլ տիեզերքը «կառավարող» մարդուն:

(Հ. Մարտունու «Օթյակ» գրքից)
ԱՂԲՅՈՒՐ՝ ֆեիսբուքյան «Ֆիմինե» էջից

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets