ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.04.2014

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Վարդուհի Վարդերեսյան

«Վարդուհի Վարդերեսյանի Ջոնին համակ լույս է, մի պայծառություն, որ անդրադառնում է հանդիսատեսի հոգում: Ոչ մի ավելորդ դիմախաղ, ոչ մի անհարկի շարժում, ոչ մի անտեղի ելևէջ: Վ. Վարդերեսյանն այնպես է վերամարմնավորվել Ջոնիի մեջ, որ հեշտ չէ երևակայել մեկ ուրիշ Ջոնիի, մինչև իսկ մեկ այլ ձայնով ու շարժուձևով»:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Չգիտեմ ինչու, մարդու կյանքի կորագիծը միշտ նմանեցրել եմ արևի ընթացքին՝ արշալույս, միջօրե, մայրամուտ: 
1960-1961թթ. ես ընդհուպ մոտեցել էի իմ ստեղծագործ կյանքի միջօրեին: Երբ արևը հասնում է զենիթին, ավելի կիզիչ են լինում ճառագայթները: Անսովոր մի բան պիտի լիներ իմ ստեղծագործության մեջ և եղավ, ինչպես հավատացնում էին հանդիսատեսները, պարզ հոգիներից մինչև գիտության կորիֆեյները:
Չգիտեմ՝ որտեղից և ինչ պարագաներում էր Վ. Աճեմյանին հասել Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» իմաստուն թատերախաղը: Կարծեմ գրողն ինքն էր տվել Աճեմյանին երևանյան իր հերթական այցելության ժամանակ: Կարդացել էր Աճեմյանը թատերախաղը, ոգևորվել, բոցավառվել էր երևակայությունը, տեսել էր ներկայացումը բեմի վրա ու ասել Սարոյանին.
_ Մանչուկի դերը դերասանուհի պիտի խաղա:
Իսկ թե որ դերասանուհուն է նկատի ունեցել Վ. Աճեմյանը, ինձ հայտնի լինել չէր կարող:
1959-ի հոկտեմբերին էր. քարտուղարուհին հայտնեց, թե Աճեմյանը ուզում է ինձ տեսնել: Ներկայացա: Սովորական աշխույժն աչքերում՝ դիմեց ինձ.
_ Վարդուհի, քեզ համար մի սքանչելի դեր կա:
Այդ ժամանակ պատրաստվում էի լույս աշխարհ բերել երկրորդ զավակիս:
_ Բայց պետք է հրաժարվես զավակիցդ:
Աճեմյանի առաջարկը անսպասելի անակնկալ էր ինձ համար: Նույն առաջարկն արել էր ինձ Աբարյանը 1952թ. ինչ-որ դերի առնչությամբ: Ես մերժել էի: Մերժեցի և Աճեմյանին, քանի որ դա հակառակ էր հայ ընտանիքի իմ պատկերացումին: 
Վ. Աճեմյանը այդպես էլ չորոնեց նոր դերակատար: Ծալեց պիեսը մի ամբողջ տարի, մինչև կհասներ ժամանակը: 1960թ. նոյեմբերի վերջերին սկսվեցին Վ. Սարոյանի թատերախաղի փորձերը:
Ջոնիի կերպարը առաջին իսկ պահից հրապուրեց, կլանեց ինձ, վերադարձրեց ինձ իմ տխրադալուկ մանկությունը, այն հոգեհարազատ մարդկանց դեմքերը, որոնց շրջանում հասակ էի առել ես: Փորձերի ընթացքում աստիճանաբար տեսա ու ըմբռնեցի, որ Մեք Գրեգորը ամենևին էլ շոտլանդացի չէ, Սասնա կոտորածներից երջանիկ պատահականությամբ փրկված մի մարդ է, որը ծնվել էր շեքսպիրյան ամենամեծ դերասանը դառնալու համար, և կդառնար, եթե հայ ծնված չլիներ: Հասկացա, որ Ջոնիի հայրը՝ Բեն Ալեքսանդրը, անվանափոխ հայ բանաստեղծ է, որը կարող էր դառնալ Վ. Սարոյանի նման աշխարհահռչակ գրող, եթե... Ըմբռնեցի, որ Մարեն հայ ընտանիքն իր ուսերին պահող փխրուն, բայց և դյուցազնական ուժն ունեցող այն առեղծվածային կինն է, որ կարող էր ոսկու փոխարեն Մշո Ճառընտիրը շալակած հայրենիք բերել:
Հաջող, լավ, գերազանց կերպարներ կերտելու բերկրանքը շատ անգամներ եմ ճաշակել, բայց այն հրճվանքը, որ ապրեցի Ջոնիի կերպարի շնորհիվ, բացառիկ էր, շատ քիչ դերերում եմ ճաշակել: Ջոնիի կերպարում ես իմ անարև մանկությունն էի դրել, իմ որբացած հոգին: Ինձ համար Ջոնիի ամեն մի խոսքը , ամեն բառը սոսկ բառ չէր, մի ամբողջ աշխարհ էր, մեր ժողովրդի կենսափիլիսոփայությունը, իմաստությունը:
Ջոնին հաճախ գլուխկոնծի էր տալիս:
_ Վարդուհի, տես, հա՜, չգիրանաս,_ ասում էր Աճեմյանը:
Ու ես տանը մարզվում էի, գլուխկոնծի էի տալիս մինչ ուժասպառ լինելս: Հանգստանում էի ու նորից անում մարզանքս: 
Ջոնիի կերպարի լավագույն հատվածն, իմ ընկալմամբ, խանութպան Կոզակի հետ ունեցածս տեսարանն էր, նրա հետ ունեցածս զրույցը: Այստեղ իմ Ջոնին իսկական դիվանագետ էր: Հիմա՝ տարիներ անց, դժվարանում եմ մտաբերել իմ ստեղծած կերպարի բոլոր մանրամասները, դժվարանում եմ ասել, թե որ խոսքը ինչ գունավորումով էի արտաբերում, բայց մի նախադասություն արտաբերում էի սարսուռով: Այդ նախադասությունն ավարտական վարագույրն իջեցնող խոսքն էր, այն ոսկեզօծ շրջանակը, որն իր մեջ ամփոփում էր ներկայացման ոգին, իմաստը.
_ Ես ոչ ոքի անունը չեմ տալիս, պապա, բայց ինչ-որ մի տեղ մի բան սխալ է...
Երեսուներեք տարեկան էի, երբ առաջին անգամ Ջոնիի կերպարանքով հայտնվեցի բեմում: Տասնյոթ տարի ապրեցի Ջոնիի հետ կամ նա ինձ հետ հաշտ ու խաղաղ: Երբ հասա հիսունին, զգացի, որ ինչ-որ բան է կատարվում իմ Ջոնիի հետ: Այդ ինչ-որ բանը իմ մեջ չէր, առնչված չէր կենսական ուժերիս նվազման հետ: Սակայն ինչ-որ մի բան անհանգստացնում էր ինձ: Ի՞նչը: Ծերացել էր ներկայացումը, մաշվել: Ու որքան էլ կայտառ լիներ իմ Ջոնին, մաշված ներկայացման մեջ չէր կարող պահել իր նախկին փայլը:
Ու մի օր էլ՝ 1978-ի ամառնամուտին... հրաժեշտ տվի իմ հոգու զավակին, իմ խելոք, փիլիսոփա մանչուկին և ճիշտ վարվեցի:
... Իմ Ջոնին իմ կյանքի հեքիաթի մեջ իրոք հեքիաթ էր և կամ հեքիաթի թերևս ամենագեղեցիկ դրվագը, որի հետ անջնջելի շատ հուշեր են կապված, և որի հասցեին թատերական քննադատական միտքը, հանդիսատեսի հավաքական սիրտը հասցեագրեցին հիացմունքի, գնահատանքի վարար խոսքեր, որ շոյել ու դեռ շոյում են արվեստագետիս ինքնասիրությունը:

(Վարդուհի Վարդերեսյանի «Իմ կյանքի հեքիաթը» գրքից)
(Նկարում՝ Վ. Վարդերեսյանը Ջոնիի դերում)

ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆեիսբուքյան «Ֆիմինե» էջից

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets