ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.04.2014

ՄԱՀԱՐԻՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ


Նրա բացակա ներկայությունը: Բայց ինչու՞ բացակա: Դեռ մանկական տարիներից ես զգացել եմ նրա առատ, անհագ, լուսավոր ներկայությունն իմ կյանքում: Եվ եթե ես ասում եմ նրա բացակա ներկայությունը, դրա միակ պատճառն այն է, որ անձամբ ծանոթ չեմ եղել նրա հետ: Այդ չի նշանակում, որ չեմ տեսել նրան: Ես նրան տեսել եմ, այն էլ երկու անգամ: 
Առաջին անգամ իմ ծննդավայրում՝ Վանում, 1915թ. իսկ երկրորդ անգամ՝ Էջմիածնում, նույն թվականի ընթացքում: Վանն ազատագրված էր թուրքական լծից: Ամեն օր ժամանում էին հյուրեր՝ տեսնելու Վանի գեղեցկությունները: 
Լուր տարածվեց, որ Թումանյանը ժամանում է Վան: Աղասի Խանջյանի հետ անցնում էինք Խաչփողանի պողոտայով: Մի կառք անցավ. կառքից նայում էր մի ժպտուն, ծանոթ դեմք:
_ Հովհաննես Թումանյանը,_ բացականչեց Աղասին իր զրնգուն ձայնով:
Ես հիշեցի «Շունն ու կատուն», հիշեցի նրա լուսանկարը: Այո, կասկած չկար, որ Հովհաննես Թումանյանն էր:
Այս 1915թ. մայիսին էր, իսկ երբ եկավ ամառը, պատահեց մի անհասկանալի մրրիկ՝ արև, պայծառ օրով: Վանը տեղահանվեց: 
Ես, հիվանդ ու հյուծված, Էջմիածին ընկա և խառնվեցի ինձ նման հազարավոր անտուն և անտեր որբերին՝ ընկած քաղցի ու համաճարակի բերանը: Այդ օրերին էր, որ եկավ Հովհաննես Թումանյանը: Նա շրջապատեց իրեն որբերով. նա չէր ժպտում, ինչպես Վանում, ինչ-որ էպիկական խաղաղ տխրություն կար նրա դեմքին, և այդպես էլ անսպասելի գնաց, ինչպես եկավ անսպասելի: Ես այլևս չտեսա նրան, բայց շարունակ՝ իմ կյանքի բոլոր շրջաններում ես զգացել եմ նրա բացակա ներկայությունը:
Վերջին անգամ ես զգացի նրա ներկայությունը մեկ տարի առաջ՝ բրյուսովյան օրերին. լույս տեսավ Վ. Բրյուսովի՝ հայ բանաստեղծներից կատարած թարգմանությունները՝ միջին դարերից մինչև մեր օրերը: Գրքում առաջին անգամ երևացին Ե. Չարենցի «Ամենապոեմ»-ի և իմ որբանոցային տարիներին գրված երկու բանաստեղծությունների բրյուսովյան թարգմանությունները:
Ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով իմ այդ երկու պատանեկան թոթովանքները հասել էին Բրյուսովին, այդ ես գիտեմ: 1917թ., երբ ես գտնվում էի որբանոցում և սովորում էի Երևանի թեմական դպրոցում, որբանոցներն այցելեց գրող Կարեն Միքայելյանը և հավաքեց գրող բազմաթիվ որբերի բանաստեղծությունները: Այդ բանաստեղծություները հետագայում նա հանձնում է Հովհաննես Թումանյանին: Ենթադրությու՞ն է սա, թե՞ փաստ: Իհարկե, փաստ: Իմ երկու բանաստեղծություններից մեկը կրում է «Զարթնիր, Հայաստանի ոխերիմ աստված» ամպագոռգոռ խորագիրը: 1916թ. «Մշակի»՝ համար 292-ում տպված է մեծն Թումանյանի ելույթի շարադրանքը՝ նվիրված գրական ընդունակություն ունեցող որբերին: Նա խոսում է վերոհիշյալ բանաստեսղծության մասին. «Մենք պետք է ուշադիր լինենք նրանց հանդեպ, եթե ոչ, նրանք, որ դեռ իրենց մատաղ հասակում բողոքի և խիզախության նետեր են ուղղում հայոց «ոխերիմ» աստծուն, վաղը կարող են նույն արդարացի զայրույթով մեր դեմ ծառանան»: 
Այս բանաստեղծությունը մի երկրորդ բանաստեղծության հետ հետագայում նա ուղարկում է Բրյուսովին թարգմանելու՝ որպես պատանի Գուրգենի բանաստեղծությունները: Ահա այդ բանաստեղծությունների թարգմանությունները միայն վերջերս հայտնաբերվեցին բրյուսովյան ֆոնդի արխիվներից և հրատարակվեցին մեկ տարի առաջ, ասես մի լուռ երախտավոր նվեր իմ 60-ամյակին: Ու այս ամենից հետո ինչպես չասել, որ ես իմ ողջ գիտակցական կյանքում զգացել եմ Հովհաննես Թումանյանի լուսավոր, առատ, անհագ ներկայությունը: Կանցնի իմ սերունդը, կբարձրանան ու կիջնեն նորանոր սերունդներ և նրանք նույնպես կզգան այդ մեծության բարի ներկայությունը, որովհետև նա, հիրավի, եղավ բոլոր ժամանակների բանաստղծների և Ամենայն հայոց բանաստեղծը, վարպետների Վարպետը:

(Կ. Թերզյան «Բույլ մեծաց»)
(Նկարում՝ Հ. Ռուխկյանի՝ Հովհաննես Թումանյանի դիմանկարը)

ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆեյսբուքյան «Ֆիմինե» էջից

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets