ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.04.2014

ԱՐՈՒՍ ՈՍԿԱՆՅԱՆ (Ռուբեն Զարյանի հուշերից)

ԱՐՈՒՍ ՈՍԿԱՆՅԱՆ
(Ռուբեն Զարյանի հուշերից)

Ուշ ծանոթացա հետը, 1940-ին միայն, կարծեմ ապրիլի 30-ին: Այդ օրը հրավիրված էի Պոլիտեխնիկական ինստիտուտ` Աբովյանի մասին զեկուցում կարդալու: Հրավիրված էր նաև Արուս Ոսկանյանը, զեկուցումից հետո հանդես էր գալու գեղարվեստական ասմունքով: Այդ ինստիտուտում մի երկու-երեք անգամ եղել էի և համոզվել, որ ուշադիր և հետաքրքիր մի լսարան է, որի համար արժե խոսել: Երբ եկա զեկուցման, Արուս Ոսկանյանն արդեն այնտեղ էր: Ինձ ներկայացրին նրան: Ես շտապեցի ասել, որ իր արվեստի երկրպագուներից եմ:
_ Շատ ուրախ եմ:
Ժպտաց և անմիջապես փոխեց խոսակցության նյութը:
_ Որքա՞ն եք խոսելու:
_ Մի ժամ կամ գուցե մի փոքր ավելի:
Բայց ես ոգևորվեցի ու իմ զեկուցումը տևեց երեք ժամ: Ընդմիջմանը մեղավոր տեսքով մոտեցա դերասանուհուն: Արուսը թեև ժպտում էր, բայց կապույտ աչքերի մեջ կշտամբող հայացք կար:
_ Այս ի՞նչ արիք, այդքան խոսել կլինի, սպասելուց հոգնություն իջավ վրաս: Ես հիմա ինչպե՞ս բեմ բարձրանամ, անաստված:
Ես շփոթված էի ու չգիտեի` ինչ ասել: Մեղավոր լռությամբ կանգնել էի նրա առաջ: Չգիտեի ինչպես արդարանալ և ինձ մատուցված ծաղկեփունջը մեկնեցի իրեն:
_ Ի՞նչ անեմ, ներե՞մ...
Նա շարունակում էր ժպտալ, և այլևս կշտամբանք չկար նրա աչքերի մեջ...
_ Երիտասարդ եք, ընկեր Զարյան և ինձանից ձեզ խրատ. միշտ հիշեք, որ երկար խոսքը հագեցում է առաջ բերում. պետք է կայծը ձգել ունկնդիրների սրտերի մեջ ու, չսպասելով, որ հանգչի, ամբիոնից հեռանալ: Նրանք դեռ ուզում են լսել, իսկ դասախոսը վերջացրել է արդեն: Երբեք չպետք է կշտացնել, պետք է կարոտի մեջ թողնել:
...Ասաց ու գնաց: Ես երկար մնացի տեղում գամված: Ես երջանիկ էի այդ պահին, երջանիկ սիրելի դերասանուհու հետ ծանոթանալուս, նրանից կշտամբվելուս համար, ճիշտ խորհուրդ լսելուս համար, որին, ավա՜ղ, այդպես էլ չկարողացա հետևել...
1940-ի ամռանը հանգստանում էի Սևանա կղզում: Այնտեղ էր նաև Արուս Ոսկանյանը: Հիշում եմ` շատ լավ էր լողում, ասես ձուկ լիներ: Նա և Վաղարշ Վաղարշյանի կինը մրցում էին իրար հետ: Թեև Քռի ափին մեծացած` լողալ չգիտեի: Նայելով Արուսի և Աղավնի Գասպարովնայի թեթև ու հանգիստ լողին` կարծեցի, թե մի դժվար բան չէ, ու ինձ գցեցի ջուրը: Խեղդվելու վրա էի, Արուսը վրա հասավ ու ջրից դուրս բերեց ինձ: Նա ինձ հանդիմանեց վաղեմի բարեկամությամբ:
Այդ օրվանից նա ինձ հետ խոսում էր դու-ով:

(Ռ. Զարյանի «Հուշապատում» գրքից)


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets