ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.04.2014

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ 
(Սույն խորագրով այսուհետ հուշերի ձևով կներկայացնենք հայ մշակույթի երախտավորների մասին մեր զրույցները արվեստագետների և արվեստասերների հետ):

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հուշ Ա

Լուսինե Զաքարյանի առաջին համերգը, որին ներկա գտնվեցի, շատ ոգևորիչ էր: 1961-1962 թվականներն էին: Համերգը կազմակերպվել էր Լենինականում: Լուսինեն ամուսնու` Խորեն Պալյանի հետ էր ժամանել: Նրանց ուղեկցում էին մշակութային կյանքում հեղինակություն վայելող Ցիցիլիա Բրուտյանը և Արաքսյա Սարյանը:
Մենք մեծապես համակրում էինք Լուսինեին և պատկառանքով վերաբերվում նրա երգարվեստին: Նա շատ երիտասարդ էր, կարծես մեծ երեխա լիներ, բայց նաև հիվանդ էր: Թեև այս մասին հրապարակավ չէր խոսվում, բայց մտերիմները լավատեղյակ էին: Ես ևս գիտեի, քանզի Արաքսյա Սարյանի և իմ տատիկները քույրեր էին, ուստի՝ մենք` զարմուհիներ: Նա էլ ինձ պատմել էր, թե ինչպես էր Խորեն Պալյանը` հետաքրքիր ու ավանդապաշտ այդ տղամարդը, խնամում Լուսինեին և թույլ չէր տալիս նրան ծանրաբեռնվել առօրյա հոգսերով, ինչպես էր ոչ միայն հոգում կնոջ առողջության մասին, այլև բարոյական նեցուկ էր նրա համար: Խորենը սիրում էր Լուսինեին, և ինչպե՞ս կարելի էր չսիրել երկրային այդ հրեշտակին: Լուսինեն ազատ էր, և երգը դարձավ նրա աշխարհը: Նա հմայեց իր երգով, տարավ մարդկանց իր ետևից, ու մանկան անմեղությամբ լուսալիր այդ էակին սիրեցին մարդիկ. շատերը նրա երգով հմայվելով էլ սիրեցին երգն ու երաժշտությունը...
Երկար տարիների հիվանդությունը հանգեցրել էր այն բանին, որ Լուսինեն դարձել էր իր իսկ բժիշկը: Արաքսյան պատմեց, որ Լենինական գալու ճանապարհին նա ինքն էր իրեն երկու-երեք անգամ ներարկում արել...
Համերգը տեղի ունեցավ Լենինականի մանկավարժական ինստիտուտի շենքի առաջին հարկում տեղակայված ֆիլհարմոնիայի դահլիճում: Հավաքվել էր քաղաքի երաժշտասեր հասարակությունը: Համերգն անվճար էր և ուսուցողական նպատակ ուներ: Այն վերածվեց մի հրաշալի, անմոռաց միջոցառման: Լուսինեն երգում էր, Ցիցիլիա Բրուտյանը` մեկնաբանում: Մի երգին հաջորդում էր մյուսը, ու թեև նախապես հայտարարված էր, թե Լուսինեի ելույթը տևելու է 40 րոպե, բայց նա բեմում մնաց մեկ ժամ տասնհինգ րոպե: Մնաց, որովհետև հանդիսատեսը թույլ չէր տալիս, որ լքեր բեմահարթակը:
Հիշում եմ այսօրվա պես նրա ժպիտը. ի՜նչ քնքուշ էր ժպտում. չգիտեմ` մի՞թե այդ ժպիտը տեսնողը կարող էր տրտմել, կարող էր չսիրել Լուսինեին: Բայց նրա հայացքում թախիծ էլ կար, մի անուշ թախիծ: Աչքերը պայծառ էին, ինքը` վեհասքանչ ու թեթև: Այդպես էլ մնաց իմ հիշողության մեջ... 
Տարիներ են անցել, բայց այդ երեկոն չի ջնջվում իմ հիշողությունից: Ու ամեն անգամ, երբ մտերիմներով հիշում ենք Լուսինեին, հիշում ենք նաև այդ հրաշալի համերգը:

ԼԱՈՒՐԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Գյումրու Մարզային գրադարանի նախկին փոխտնօրեն

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets