ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.04.2014

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՐ» ՎԱՐՊԵՏԸ

Շիրազի հետ գյումրեցիների ամեն մի հանդիպում վերածվում էր տոնի: Գյումրեցիները նրան դիմավորում էին քաղաքի մատույցներում, և կառքով՝ ուստա Գևորգի ֆայտոնով, Շիրազը մտնում էր քաղաք: Շիրազին իմացող յուրաքանչյուր ոք թող պատկերացնի մի տեսարան, որտեղ սիրելի զավակը վերադառնում է հայրական տուն:
«Իմ սիրելի գյումրեցիներ, ողջունում եմ ծննդավայրիս, ողջույն նրա հողին, նրա օդին, նրա Արագածին: Ողջույն նրա մեծ ժողովրդին, աշխարհում այն միակ ժողովրդին, որ խոսքաշեն է. այդ խոսքից եմ ծնվել ես: Իմ սիրելի գյումրեցիներ, Արագածի որդիք, համբույրս ձեզ. հավիտենական հղում եմ ձեզ այս երկինքը, այս արևը, այս հողը»:
Գյումրիի տեքստիլագործների մշակույթի պալատում մարդիկ սպասում էին Շիրազին: Շիրազը մտավ ոչ թե բեմի, այլ դահլիճի հետնամուտքից: Դա շատ գեղեցիկ մուտք էր: Դահլիճը ոտքի կանգնեց, շրջվեց դեպի Շիրազը, որը ծափերի տակ ուղեգորգի վրայով դանդաղ առաջանում էր դեպի բեմ: Արքայավայել մուտք էր դա. աղջիկները ծաղիկներ էին տալիս, Շիրազը վերցնում էր ծաղիկները, թեթևակի հոտ քաշում և վերադարձնում՝ դնելով աղջկա ուսերին: Դա կրկնվեց բոլոր շարքերում, և սաստկացող ծափերի տակ այդ տեսարանը չի ունեցել իր կրկնոթյունը որևէ մեկին ընդունելիս:
Այդ հանդիպման առաջին հարցը դահլիճից «Բիբլիական»-ին էր վերաբերում: 
_ Հատկապես պիտի շեշտեմ Ավետիք Իսահակյանի և Վիկտոր Համբարձումյանի մեծ աջակցությունը, որոնց շնորհիվ պոեմը տպագրվեց ու թարգմանվեց ավելի քան 49 լեզուներով:
_ Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը գրական աշխարհ:
_ Իմ գրական բեմելուն օգնել է անմոռաց Ալազանը: Շատ գրողներ ճակատ տվեցին ինձ, թե դեմ եմ նոր դարին, որովհետև ես գործարանի ծուխ, իլիկներ և այլն չեմ երգում, այլ մորս աչքերը: Բայց Ալազանը մի բռունցքով, Իսահակյանաը մյուս բռունցքով, թեկուզ Փարիզից, կանգնեցին ինձ թիկունք, և առաջին գրքույկս տպագրվեց:
_ Եթե կարելի է, պատմեք Իսահակյանի հետ ունեցած Ձեր առաջին հանդիպման մասին:
_ 16-17 տարեկան էի. Ալազանը ձեռագրերս իր կնոջ մատներով մեքենագրել էր, ղրկել Ավ. Իսահակյանին: Իսահակյանը գրել էր նրան. «Հողը տալիս է, ես կարծում էի Շիրակի ամբողջ գավառում ես մի կաղնի էի, որն իր արմատները խրել էր ամբողջ Շիրակի ընդերքը, խորքը և քաշել էր, էլ մեծ բանաստեղծ չի տալու: Բայց ահա այս պատանին... խնդրում եմ՝ կենսագրությունը ուղարկեք»:
Երբ Իսահակյանը Հայաստան եկավ, ես արդեն ուսանող էի: Ինձ ասում էին՝ Վարպես Իսահակյանը ուզում է քեզ տեսնել: Չէի գնում, ամաչում էի: 
Իսահակյանի կինը Գեղամ Սարյանի կնոջն ասել էր, թե էս ի՞նչ ձևի տղա է, Ավետիքն ուզում է իրեն տեսնել, ինքը չի գալիս: Սարյանի կինը ասել էր, թե ամոթխած տղա է, երևի դրանից է: Երբ որ ես առաջին անգամ բարձրացա Իսահակյանի տուն, դուռը բացողը կինն էր, և մի շուն էլ կար կողքը. Ջեկո էր անունը: Ջեկոն վազեց ինձ վրա, Իսահակյանի կինն էլ շան վրա վազեց: Ավետիք Իսահակյանն էլ իմ վրա վազեց: Գրկեց, համբուրեց, ես մոռացա համբուրել, որովհետև ես բանաստեղծներին գիտեի որպես երկնքի աստղ: Հետո ինքը Գ. Սարյանին ասել էր, թե էդ ինչ անկիրթ տղա է էդ Շիրազը, ես իրեն համբուրում եմ, ինքը ինձ չհամբուրեց: Հետո գնացի մոտը, ասի. «Վարպետ, ես գիտեի՝ դու երկնային աստղ ես՝ քնքուշ, նուրբ՝ քո գրածների պես: Տեսա, որ դու էլ ես մարդ:»
Բայց հետո շատ բարեկամացանք: Կարող եմ ասել, որ նա ինձ տիրություն արեց՝ որպես հայր, մանավանդ, որ ես վաղուց էի զրկվել հորիցս. նրան այստեղ՝ Գյումրիում, թուրքերը ծեծելով սպանել էին: Իսահակյանն ինձ իսկական հայրություն արեց: Նա խոսքերով չէր ասում, թե ձեռք մի տվեք այս տղային, բայց գործով շատ օգնեց: Նա իր վերաբերմուքով ետ էր պահում իմ գրական թշնամիներին: Այնպես որ, Ավետիք Իսահակյանի վերաբերմունքը ինձ եղել է իսկական հոր վերաբերմունք յուր որդուն հօգուտ հայ գրանակության զարգացման:

(Հովհաննես. Պապիկյան «Կարոտս կարոտիդ կարոտ» գրքից)

ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆիմինե

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets