ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.04.2014

ԼՈՒՅՍԻ ԱՐԱՀԵՏՈՎ. Հովհաննես Շանթ

ԼՈՒՅՍԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԻՏԻ ԽՈՆԱՐՀՎԵՍ ԽԱՎԱՐԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ...

ԲԱՆԱՍՏԵՂԾ
Ծնվել է 1964թ.-ի փետրվարի 7-ին, Գյումրիում: ապրում և ստեղծագործում է Երևանում:
Բանաստեղծական չորս ժողովածուի հեղինակ է` «Լուսաբացի ղողանջներ», «Սիրտս ափիդ մեջ» «Ստվերները ծնվում են լուսաբացին» և վերջին 2013թ հրատարակության նկարչուհի Նաիրա Ահարոնյանի հրաշագեղ ձեվավորմամբ «Մեղք ու Խորան» տպագրվել է 9 րդ հրաշալիք և Գյումրիի գրողների միության ամսաթերթերում և Գրական Շիրակ գրքում:


եթե փորձենք մոռանալ անցյալը այն ինքը կհիշեցնի իրեն կրկին արյունոտ սպանդով 

ԵՐԹ ԸՆԴԴԵՄ ՅԱԹԱՂԱՆԻ
Նվիրում եղեռնի հիշատակի դաշնակցության երթին

Իջե՛ք արծիվնե՛ր, բազենե՛ր հայոց,
Այսօր ե՜րթ ունենք հուշով արյունոտ,
Իջե՛ք, որ քայլենք հիմա միաուս,
Ընդդեմ եղեռնի յաթաղանածին
Ծիծեռնակաբերդ հառնած վշտասյուն,
Ուր արդեն մի դար վրեժն է կիզվում`
Խեղված ցասումի բոցեղեն լեզվով,
Դո՛ւք, մեր հայորդի պատանիներ քաջ
Ֆիդայինացե՛ք վրեժով արդար,
Եւ դո՛ւք, նաիրյան կույսեր գեղանի
Պտղվե՛ք ուխտով դյուցազնաոգում,
Մասիսվե՛ք հիմա հայոց սուրբ հողին,
Որ քայլե՛նք խրոխտ դարերի միջով`
Անտարբերության բերդեր քանդելով,
Որ հուժկու զարկը լինելիության
Ապտակվի իբրև խարան ամոթի
Պիղատոսապաշտ խղճին մարդկության:
Մենք զենք չե՛նք սիրել երբևէ կյանքում,
Մերը` գրիչն է, գիր ու դպրություն,
Վառել ենք միայն մտքերը խավար,
Ավերել ենք սուտ, կեղծիք ու սխալ`
Արարել նորը հավատի լույսով,
Ու մեր քարերից ոգել ենք տաղեր,
Ծիածանից` գույն, լույսից` ինքնություն,
Թե կռվի ելել` ժամանակի հետ,
Որ մոռացումի դռները բացենք:
Հիմա առավե՛լ, մեզ քան երբևէ
Զե՜նք է հարկավոր, նորագույն մի զենք,
Որ կույր հավատի աչքերը բացենք...
Ու հիմա պիտի մենք սողոմոնվենք
Ընդդեմ շանորդի բյուր թալեաթների,
Որ մերթ ճառում են խոսքով բարձրագոչ,
Մերթ` դիմակ հագնում բարեգործների,
Հայկական հարցը ծամում, ծամծմում,
Իրենց անատամ, լպռոտ բերանում
Ու գցում մի կողմ` այրոցից դաղված:
Չէ՛, չե՜նք խնդրելու, ոչ էլ կախվելու
Այդ «քաղաքակիրթ» լպռաշուրթ ու նենգ
Թալեաթների ճենճոտ փեշերից`
Կմիաբանվենք թնդանոթաձույլ,
Որ մե՛ն մի արկով լինելիության,
Անարդարության սիրտը մխրճվենք,
Չէ՛, չե՛նք սպանի բնավ հեշտորեն`
Լոկ մարդկայնության հոգում շերտված
Անտարբերության ճարպերը կակուղ,
Իմացության թեժ լույսին կանթեղենք,
Որ խիղճն արթնանա այս կույր մարդկության
Տրոփի մի պահ նույն տառապանքով,
Ինչ յաթաղանվեց այն միլիոնուկես
Նահատակների շուրթին մորթվող: 
Քայլե՛նք միհամուռ, քայլե՛նք ազգովի,
Որ այս նորօրյա աղոթքը երթի
Նարոտվի շուրթին մեր երդիկներից 
Երկինքներ հույսվող ծխին թոնրահոտ,
Ինչպես բոսորված կապույտին ուղղված,
Անմեղ կույսերի մեռնող աչքերում
Հայացքն աղոթքվող անեծքաթքոտ:
Իսկ հիմա լռե՜նք… Լռե՛նք գեթ մի պահ,
Ինչպես աղոթքված խաչքարերը մեր,
Գուցե մարդկության ճիչ, աղաղակով
Լեցուն ունկերին լսելի դառնա,
Հուշ համալիրի ճաքած շուրթերի
Արձագանքումը արյունաշաղախ:
Լռությունը այս…
Լերդացած արյան համ ու հոտ ունի,
Եւ զրնգուն է դարերով հատված
Սրախող զանգի ղողանջի նման
Ու ծանր այնքան, որ մենք ձեռք-ձեռքի
Պիտի բարձրացնենք երկինքներ ի վեր,
Ուր թևածում են մի զույգ աղավնի
Մորթված մանկան հոգիներ անմեղ,
Որ մինչև հիմա հույսով են նայում,
Անտարբերության դեմքին մարդացած:
Բարձրացնենք իբրև արնածոր մի հարց,
Խցկենք ճարպախեղդ աչքը մարդկության,
Նրանց անունից այն միլիոն ու կես,
Խաչքարին գամվող Քրիստոսների
Ու բռնաբարվող կույսերի անմեղ,
Թոնրի շուրթերին մեռնող մամիկի,
Արգանդը ճղված սուրբ մայրամների,
Գանգը քարերին ճխլված մանկան
Ու կիսալուսնին խաչվող հավատի,
Որ այս երկնի տակ չունեցան անգամ
Մի պարզ գերեզման, միլիոն ու կես…
Իսկ թե չգտնենք ոչ մի պատասխան
Մենք կելնենք երթով միաբանության,
Երկինք մխրճվող մեր լեռներով սեգ
Կելնենք երկինքներ հարատևության,
Որ արդարության ժանգոտ նժարին
Մարդկության քարէ խղճմտանքի դեմ
Մեր տավիղների հուզանքը դնենք,
Ելևէջը նուրբ ծիրանափողի,
Մեր բամբիռների որոտը ընդոստ,
Ֆիդայինների երգերը խրոխտ
Ու երազների կտավը գունեղ
Եւ հանճար մտքի արարումն անհաս,
Թե չճանաչեն զոհերին անթաղ,
Որոնց մորթված աղաղակը խուլ
Արձագանքվում է դարի չափ երկար, 
Պիտի ճանաչեն նրանք ապրողաց,
Դե քայլենք երթով լինելիության…

24.04.2013.

1 комментарий:

  1. Արա ջան շնորհակալություն այս գեղեցիկ անակնկալի համար անչափ զգացված եմ

    ОтветитьУдалить

Blogger Widgets