ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.04.2014

«ԴՈՒՔ ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ՁԵՐ ԿՈՉՈՒՄԸ, ԴՈՒՔ ԲԱՐԻ ԵՔ ԾՆՎԵԼ, ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵՔ»

«ԴՈՒՔ ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ՁԵՐ ԿՈՉՈՒՄԸ, ԴՈՒՔ ԲԱՐԻ ԵՔ ԾՆՎԵԼ, ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵՔ»
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Մհեր Մկրտչյանն իր սերնդի ամենատաղանդավոր դերասանն էր: Եվ ամենաժողովրդական, ամենասիրված դերասանը: Ո՞րն էր նրա արտիստական հմայքի գաղտնիքը, նրա արվեստի ուժը: Կյանքի ծիծաղելին թախիծով, բնական ու անսեթևեթ ներկայացնելու վարպետությու՞նը. գուցե, բայց որ նա հանդիսատեսին ձգում էր անբացատրելի ուժով, աներկբա է: Բավական էր, որ Մկրտչյանը հայտնվեր բեմում կամ էկրանին, հանդիսականը աշխուժանում էր, զվարթորեն արձագանքում նրա ամեն մի ռեպլիկին, ծափահարում էր սրտանց:
Նրա բեմական ուղին սկսվեց ծննդավայր քաղաքի՝ Լենինականի թատրոնում: Ճակատագրի հեգնանք էր, թե դիպված, Մկրտչյանին հենց սկզբում բաժին ընկան տարեց մարդկանց դերեր: Հետագայում պիտի խոստովաներ, որ «մեծերի» դերերը վստահություն հաղորդեցին իրեն: 
Թատրոնում հաստատվել էր արդեն, մինչդեռ կինոյում շարունակում էին աննշան դերեր առաջարկել:
_ Բեմում թրծված դերասան Ֆրունզիկին կինոյում ինչու՞ չէին «նկատում»,_ մի առիթով հարցրի նրան:
Ծիծաղեց, ապա իր նման կես-լուրջ, կես-կատակ.
_ Բախտի բան է: «Սևանա լճի գաղտնիքները» կինոնկարում էպիզոդիկ դերում նկարահանվեցի, բայց մոսկվացի ռեժիսորը կադրում միայն ոտքս էր թողել: Գոնե քիթս թողներ, գլխի չընկավ, որ քիթս դառնալու է նշանավոր:
_ Ծանր չէ՞ երկու անուն կրելը:
_ Չէ, լավ է, Հայաստանում Ֆրունզիկ եմ, սփյուռքում՝ Մհեր: Բեյրութի հայերը կնքեցին. ասին՝ արևի պես լույս կուտաս, ուրեմն՝ Մհեր ես...
_ Տարիներ շարունակ երազում էիք Սիրանո դը Բերժերակ խաղալ: Բեմադրվեց ու շուտ հանվեց խաղացանկից: Պատճառն ի՞նչ էր:
_ Մի բան որ շատ ես ուզում, լավ չի ստացվում: Երևի կյանքում էլ է էդպես: Իմ ուզածը չեղավ: Ես ուզում եմ տխուր բաների մասին ուրախ ձևով պատմել:
_ 1987թ. նկարահանեցիք Մ. Գորկու «Հատակումը»: Ի՞նչը դրդեց զբաղվել ռեժիսուրայով, այն էլ կինոյում:
_ Ես ուզում էի կինոյի լեզվով մարդկանց ասել, որ դուք մոռացել եք ձեր կոչումը, դուք բարի եք ծնվել, բարի գործեր պետք է անեք:
Մհեր Մկրտչյանի հզոր տաղանդը չէր «ենթարկվում» արտիստական համակարգի արհեստածին պայմանականություններին, այն ասես «մակընթացության օրենքով» հորդում էր դուրս՝ ջնջելով ամեն մի սահման ու կարգ: Մեծ կատակերգուն նույն ուժգնությամբ նաև ողբերգակ էր, թեպետ սեփական տաղանդի հանդեպ դրսևորած անփութության, նաև այլ պատճառներով նրա դրամատիկական շնորհները այդպես էլ լիուլի չդրսևորվեցին:
«Փորձիր համեմատել Մհերի ստեղծած կերպարները միմյանց հետ, համեմաիր ոչ թե քիթ ու մորուքով, այլ կերպարների ներսով, ներքինով. անհնար է գտնել որևէ 
նմանություն, նմանությունը միայն խաբուսիկ է, միայն 
արտաքին է: Երջանկություն է, որ Մհերը կինո եկավ, 
կարող էր չգալ»: Այս խոսք-բնութագրով Հենրիկ Մալյանն
ասես հաստատում է այն իրողությունը, որ Մհեր 
Մկրտչյանը կինոբեմադրիչի համար փնտրված, փայփայելի
արտիստ էր: 
Մհեր Մկրտչյանը որքան երջանիկ էր արվեստում, ուղիղ 
համեմատականով դժբախտ էր անձնական կյանքում: 
Կյանքի վերջում արտիստը ցավը խեղդում էր խմիչքի մեջ, 
ապրում էր ասես հայեցումով՝ հանձնված բախտի 
քմահաճույքին... Եվ 1993թ. դեկտեմբերի 29-ին անլույս 
քաղաքի անջերմին բնակարանում գտավ իր վախճանը: 
Սրտակից ընկերոջ ու բարեկամի՝ դերասան Ազատ 
Շերենցի հոգեհանգստի օրը...
«Իմ մանկությունը, չգիտես ինչու, ինձ ներկայանում է 
հեծանիվ քշող տղայի տեսքով,_ առանց կատակի ասում էր կատակերգու Ֆրունզիկը:_ Գուցե այն պատճառով, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որ այդպես էլ չունեցա»:
Մանուկները հեծանիվ և դրա նման բաներ են երազում: Մոռացումը գալիս է, երբ երեխաները մեծանալով՝ մեծ-մեծ բաների տեսիլքով են ապրում: Ասենք՝ դերասան դառնալու տեսիլքով: Բայց բեմի մասին երազել ու նվաճել բեմը՝ ընտրյալներին է տրված: Ֆրունզիկը հենց «ոսկի» երազ էր. նա գտավ թատրոնը, թատրոնն էլ՝ նրան: Ինքը՝ բեմի արև Մհեր Մկրտչյանն ասում էր, որ թատրոնը մարդու հետ ծնված բան է. հարսանքիները, հուղարկավորությունը, եկեղեցին, ամեն ինչ հանճարեղ բեմադրություններ են...

(Հ. Մարտունի «Օթյակ»)
ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆեյսբուքյան «Ֆիմինե» էջից

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets