ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.04.2014

ՀԱՅ ԲԵՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ. Մետաքսյա Սիմոնյան

Մետաքսյա Սիմոնյանը «բեմի թագուհի» էր... Արտիստուհու մահից հետո դշխո այդ պսակը մեզանում, անկերևաբար, դեռ չի գտել արժանավորին:
Բնությունը, իրոք, շռայլ էր գտնվել Մետաքսյայի հանդեպ. նա իր անունի պես նուրբ էր, հմայագեղ, արտաքինին վայել քնարական ներաշխարհ, թավշյա ձայն, առանձնաշնորհներ, որոնց խելամիտ մեկտեղումով էլ հասավ վարպետության, դարձավ նշանավոր: Եվ դյուրին եղավ բեմ տանող ճանապարհը:
Բեմելից հետո Մետաքսյայի համար դերերի իսկական «տեղատարափ» սկսվեց: Եվ բոլորն էլ՝ գլխավոր: Արտիստուհին հանդես էր գալիս ժամանակակից և դասական, ազգային ու արտասահմանյան պիեսների բեմադրություններում, խաղում էր ամեն ինչ, ասես ջնջված էր դրամատիկ ամպլուայի, բնութագրական և նույնիսկ կատակերգական դերատեսակների սահմանները:
Դերասանուհին հաջողակ էր թատրոնում և արգասավոր, թեպետ որոշ դերերում բեմադրիչները ապավինում էին նրա գեղանի տեսքին: Դրանք հիմնականում քնարական հերոսուհիներն էին՝ միագիծ, նույնանման, անարյուն կերպարներ, որոնք նոր բան չէին ավելացնում նրա արտիստական դիմանկարին: Իսկ կինոռեժիսորները, տուրք տալով կինոարվեստին շարունակ «հետապնդող» բնատիպարի կենսունակ տեսությանը, կարևորում էին դերասանուհու արտաքին փայլը, սիրունիկությունը: Առանց այն էլ նրա մասնակցությամբ ստեղծված ժապավենների մեծ մասը տառապում էր հիսունականների հայկինոյի «սխեմատիզմով»: Դերասանուհու բախտը չբերեց կինոյում:
1981թ. Մետաքսյա Սիմոնյանը արժանացավ Խորհրդային Միության ժողովրդական արտիստուհու կոչման: Այդ առիթով նրան ուղղեցինք դեռևս տասը տարի առաջ տրված հարցը.
_ Այսօր ի՞նչ դեր կուզենայիք խաղալ:
_ Մեծ ապրումների, անսովոր ճակատագրերի տեր կանանց դերեր: Նրանք իրենց մեջ կրում են հավերժական խնդիրներ՝ սեր, հավատարմություն, պայքար, հնարավորություն են տալիս ցուցադրելու քո կարողությունները և դառնալ սիրելի:
_ Բեմում հանդես եք եկել մեծ դերասանների հետ: Ի՞նչ հետք են թողել նրանք ձեր ստեղծագործական կյանքում:
_ Բոլորն էլ մի-մի դպրոց էին: Իմ բախտը բերել է, և ես հպարտ եմ, որ նրանց խաղընկերն եմ եղել: Բայց հասունացա Փափազյանի կողքին: Վարպետը ոգեշնչում էր, հոգեկան մեծ լիցք հաղորդում, նրա կողքին հնարավոր չէր լավ չխաղալ: 
_ Ձեր ինչի՞ն է պետք ասմունքը. դա միջոցառումների «պարտադրա՞նք» է, թե՞ ներքին պահանջ:
_ Ասմունքը արտահայտման ձև է, ես սիրում եմ այդ ժանրը: Պոեզիան պետք է մարդկանց, լավ բանաստեղծություն լսելիս բարձրանում է նրանց տրամադրությունը, պոեզիան հարստացնում է հոգին: Երբեմն մի բանաստեղծությունը ավելին է ասում, քան մի ամբողջ ներկայացում: 
... Հասկանու՞մ էին Մետաքսյա Սիմոնյանին իր շրջապատում, թատրոնի միջավայրում, աներկբա դժվար է ասել: Մի բան հաստատ է. նա իր սերնդի եզակի արտիստուհիներից էր, որ խաղաց իր ուզած դերերը, դարձավ սիրելի: Ափսոսանքը, թերևս, այն էր, որ անժամանակ թողեց բեմը...
Իսկ ավելի ցավալի էր, որ «բեմի թագուհին» վաղաժամ (1986) հեռացավ կյանքից:
(Հ. Մարտունի «Օթյակ»)
ԱՂԲՅՈՒՐ՝ «ՖԻՄԻՆԵ»

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets