ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.04.2014

ՔԵՍԱԲ


Տեղեկատվական մերօրյա պատերազմների կանոնները.
մասնագիտական կարծիք
 Վերջին մի քանի օրում ողջ հայությունը ալեկոծվեծ սիրիահայ Քեսաբ բնակավայրի մասին տարածված տեղեկատվության՝ մասնավորապես տեքստի և պատկերված տեսարանների պատճառով: Եղան դիմումներ միջազգային կազմակերպություններին, այց կազմակերպվեց Սիրիա և դեռ կան պլանավորված միջոցառումներ, և դրանք բոլորն, ինչպես պարզվեց հետագա օրերինարդյունք էին համացանցում տարածված ապատեղեկատվության: Գրեթե բոլորս ականատես եղանք, թե ինչպես լավ մատուցված սուտը վերածվեց ճշմարտության, բազմացվեց ու տարածվեց ցանցում: Այս կապակցությամբ Պատմաբանների ակումբի խմբագրությունը դիմեց ոլորտի մասնագետներին:
Մեր զրուցակիցներն են` Blognews.am-ի գլխավոր խմբագրի օգնական Կոստանդին Տեր-Նակալյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, „Մեդիամաքս-մեդիա“ ընկերության գլխավոր խմբագիր, տեղեկատվական պատերազմներ առարկայի դասախոս Դավիթ Ալավերդյանը, սոցիոլոգ, տեղեկատվական փորձագետ Արմինե Ադիբեկյանը, քաղաքագետ Արմեն Մինասյանը:

Ստորև  ներկայացնում ենք մասնագետների կարծիքը:
- Ովքե՞ր են տարածում կեղծ տեղեկություններ, ապատեղեկատվությունև ինչ նպատակով:

Կոստանդին Տեր-Նակալյան. «Տարածում են բոլոր շահագրգիռ կողմերը՝ ռուսական, արևմտյան, հայկական... հետո միանում են արդեն խայծը կուլ տված խաղացողներ ու անհատներ:»

Սամվել Մարտիրոսյան. «Աղբյուրները շատ են, մի քանի խոսքով դժվար է ասել։ Կան հայկական աղբյուրներ, նաեւ ռուսաստնյան, արեւմտյան, արաբական։ Նպատակները տարբեր են՝ տեղեկացնել, կամ օգտագործել քաղաքակն հարցերում»:

Դավիթ Ալավերդյան. «Դրանք տարածվում ձնագնդիի սկզբունքով՝ նախ մեկը կամ մի խումբ տեղադրում է սոցիալական ցանցի իր էջում, որից հետո դրանք տարածում են նրանց ընկերները»:

Արմինե Ադիբեկյան. «Փնտրեք նրան, ում դա ձեռնտու է: Անձամբ ինձ մտահոգեց եւ կասկած հարուցեց այն, որ հայերի համար սկսեցին «ցավել» մարդիկ, ովքեր մինչ այդ խիստ հակահայկական դիրքորոշում ունեին»:

Արմեն Մինասյան. «Չճշտված տեղեկությունները, մտացածին փաստերը, մոնտաժված կամ ֆրագմենտար տեղեկությունները կարող են տարածվել ամենատարբեր անձանց կողմից, բնականաբար միտված լինելով սպասարկել դրանք տարածողների շահերը: Քեսաբի հետ կապված հիմնական ապատեղեկատվությունը, իմ դիտարկմամբ, տարածվում էր առանձին հայկական ու ռուսական շրջանակների կողմից: Հայերի դեպքում ապատեղեկատվությունը միտված էր փաստելու և ընդգծելոըւ Թուրքիայի ցեղասպան բնույթը, իսկ ռուսական կողմից՝ Սիրիայում Արևմուտքի հովանավորությունը վայելող իսլամիտսների անմարդկային գործունեությունը»:

- Ո՞ւմ շահերից է բխում նման տեղեկատվությունը:

Կոստանդին Տեր-Նակալյան. «Բարդ է ասել: Վստահաբար՝ ոչ մեր:»

Սամվել Մարտիրոսյան. «Նայած ով կկարողանա օգտագործել։ Այս պահին օգտագործում են հայերը հակաթուրքական քարոզչության մեջ, ինչպես նաեւ ՌԴ հակաարեւմտյան քարոզչության համար»:

Դավիթ Ալավերդյան. «Կոնկրետ այս դեպքում ԶԼՄ-ներում հիմնական տարածողները ՌԴ կայքերն էին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ռուսական կողմը շահագրգռված էր հակաթուրքական ակտիվ քարոզչությամբ»:

Արմինե Ադիբեկյան. «Միանշանակ մեր շահերից չի բխում: Հակված եմ նրան, որ պատվիրատուն ՌԴ որոշ շրջանակներից է»:

Արմեն Մինասյան. «Վերևում հակիրճ ձևակերպված է»:

- Ովքե՞ր են թիրախը և զոհերը նման գործելակերպի?

Կոստանդին Տեր-Նակալյան.  «Թիրախները ներքին ու արտաքին լսարաններն են, ում ուշադրությունը շեղելու ու ապակենտրոնացնելու խնդիր կա: Զոհերն էլ նրանք են, ովքեր կուլ են տալիս այդ խայծը»:

Սամվել Մարտիրոսյան. «... տարբեր ուժեր սա օգտագործում են թուրքերի, հայերի, արեւմտյան երկների դեմ»:

Դավիթ Ալավերդյան. «Իմ կարծիքով, թիրախը Թուրքիայի կառավարությունն էր, զոհերը՝ սոցցանցերի հասարակ օգտատերերը, ովքեր գործիք դարձան քարոզչության ձեռքին»:

Արմինե Ադիբեկյան. «Թիրախը բացահայտելու համար սկզբից պետք է հասկանալ այս ապատեղեկատվության նպատակը: Հավանաբար սա կամ ինֆորմացիոն հոսքերը շեղելու կամ քաղաքական օպոնենտին էլ ավելի «մեղավոր» հանելու նպատան է հետապնդվում: Հետեւաար, որպես թիրախ հակված եմ դիտել կամ միջազգային հանրությունը կամ էլ միջազգային ատյանները»:

Արմեն Մինասյան. «Գործելակերպի թիրախը լայն լսարանն է, այդ թվում միջազգային հանրությունը: Գործ ունենք սովորական քարոզչության հետ, առանձնացնել, թե նման գործելաոճը կոնկրետ զոհեր է հետապնդում, ճիշտ չէ: Դա միտված է տարածողների շահերի սպասարկմանը»:

- Ի՞նչ արձագանք կարող է թողնել նման նյութերի տարածումը մեր հայերիս կողմից:

Կոստանդին Տեր-Նակալյան. «Հենց այն արձագանքը, որ տեսանք՝ համազգային մոբիլիզացիա, հայրենասիրական զարթոնք, քաոս՝ տեղեկատվական դաշտում, ներքին գզվռտոց և այլն»:

Սամվել Մարտիրոսյան. «Արձագանք արդեն կա՝ կարեկցանք։ Բայց հետագայում կարող է օգտագործվել նաեւ հայերի դեմ»:

Դավիթ Ալավերդյան. «Ցավոք սրտի, տվյալ դեպքը ցույց է տալիս, որ հայ հասարակությունը պատրաստ չէ դիմակայել տեղեկատվական ագրեսիային եւ ապատեղեկատվությանը»:

Արմինե Ադիբեկյան. « Սուտլիկ որսկանի օրը կարելի է ընկնել՝ երբ իրոք լուրջ միջադեպի ժամանակ ոչ ոք չի հավատա»:

Արմեն Մինասյան.«... հայերի կողմից արձագանքը որպես կանոն նման դեպքում լինում է բուռն, էմոցիոնալ, որը երբեմն հակասում է մեր իսկ շահերին»:  

- Ի՞նչ վնաս կարող է հասցնել հայ հասարակությանը նման ապատեղեկատվության տարածումը?

Կոստանդին Տեր-Նակալյան. «Կարող է իջնել զգայական սանդղակը ու վաղը եթե Աստված չանի, իրոք սպանդ եղավ, առաջին էտապում այդ տեղեկատվությանը կվերաբերվեն անվստահությամբ»:

Սամվել Մարտիրոսյան. «Հայ հասարակությանը չգիտեմ, բայց Սիրիայի հայերին կարող է թիրախ դարձնել, ինչպես նաեւ Թուրքիային թույլ կտա հակահայկական քարոզչություն վարել՝ օգտվելով նրանից, որ հայերը տարածում են ապատեղեկատվություն»:

Դավիթ Ալավերդյան. «Նման ապատեղեկատվությունը խուճապ եւ հիստերիա է առաջացնում հասարակությունում, ճնշում է առողջ դատելու եւ վերլուծելու ունակությունը, դրդում է էմոցիոնալ եւ ոչ կշռադատված քայլերի»:

Արմինե Ադիբեկյան. « Տեղեկատվական առումով սա կարող է օգտագործվել մեր դեմ: Բացի դրանից ի սկզբանե չեզոք սիրիահայությունը կսկսի դիտարկվել որպես կոնֆլիկտի  կողմ եւ դա կսպառնա նրանց անվտագությանը»:

Արմեն Մինասյան. «Հիմնական վնասն այն է, որ լայն քարոզչությունը սիրիահայերի թեմայով կարող է հանգեցնել այդ մարդկանց դրության վատթարացմանը Սիրիայի ներսում, քանզի արտաքին տեղեկատվական օժանդակությունը նրանց կդարձնի Սիրիայում հակամարտող կողմերից մեկի կամ մի քանիսի ուղղակի հարձակումների թիրախ»:

- Ինչպե՞ս վարվել, եթե բոլորին պատել է սարսափն ու խուճապը:

Կոստանդին Տեր-Նակալյան.  «Ինտերնետը անջատել»:

Սամվել Մարտիրոսյան. «Ինձ չի պատել։ Այսպիսի հարցի դժվարանում եմ պատասխանել»:

Դավիթ Ալավերդյան.  «Մինչ օրս հայտնի միակ դեղամիջոցը հավաստի ինֆորմացիան է՝ փաստերի վրա հիմնված, սակայն այն պետք է տարածվի անմիջապես եւ ինտենսիվորեն»:

Արմինե Ադիբեկյան. «Կանգ առնել եւ առնվազն չտարածել տեղեկատվություն, եթե չկա ստույգ տեղեկություն աղբյուրի մասին: Փորձել կամ ինքնուրույն պարզել կամ դիմել մասնագետներին»:

Արմեն Մինասյան. «Պետք է զերծ մնալ խուճապ տարածելուց, փորձել գտնել տեղեկատվության հավաստի ու վստահելի աղբյուր և տարածել միայն փաստեր՝ առանց ավելորդ մեկնաբանությունների, իսկ ապատեղեկատվության դեպքում արագ արձագանքել և հերքել դրանք»:

- Ինչպե՞ս հայտնաբերել և դիմակայել ապատեղեկատվությանը:

Կոստանդին Տեր-Նակալյան.  «Պետք է այս հարցով ներգրավել կոմպետենտ մարդկանց ու կազմակերպությունների, ովքեր մշտապես պատրաստ կլինեն հակահարված հասցնել ապատեղեկատվական գրոհին»:

Սամվել Մարտիրոսյան. «Դա լուրջ, բարդ մասնագիտություն է, որին պետք է տիրապետեն լրագրողները եւ քարոզչության մասնագետները»:

Դավիթ Ալավերդյան. «Հանրությանն ուղղված ցանկացած ապատեղեկատվություն ինքն է իրեն բացահայտում, քանզի ձգտում ունի հրապարակայնացման: Դրան դիմակայելու լավագույն միջոցն էլ փաստերով խոսելն է»:

Արմինե Ադիբեկյան. « Ինքնուրույն դա բարդ է անել, լավագույն տարբերակը՝ հետեւել մասնագետների գրառումներին: Ավելի լավ է ընդհանրապես չհավատալ մինչեւ չհրապարակվեն ճշգրիտ փաստեր: Դա իհարկե ժամանակ է պահանջում եւ «հոթ-նյուզից»  զրկում որոշ տեղական լրատվամիջոցներին, այնուամենայնիվ. «ու՛շ լինի, նու՛շ լինի»:

Արմեն Մինասյան. «Տեղեկատվությունն այլ աղբյուրներից ճշտելով»:
  

Նյութը պատրաստեց Լիլիթ Ասոյանը

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets