ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.04.2014

ԼՈՒՍԻՆ ԱՄԱՐԱ

Հայաստանում չէին տեսել Լուսին Ամարային (Արմաղանյան), բայց լսել էին նրա երգն ու գիտեին, որ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի աստղերից է: 1965թ. Լուսին Ամարան եկավ Հայաստան: Առաջին համերգը հայրենիքում:
Բեմ է ելնում Լուսին Ամարան, նա եղեգնի նման սլացիկ է. թեև կեցվածքը վստահ է, բայց պարուրված է հուզմունքով, որը շատ շուտ փոխանցվեց դահլիճին: Դեմ դիմաց ելել են մի կին և մի հսկա՝ լեփ-լեցուն դահլիճ: Երգը պետք է հարազատացնի նրանց:
Հնչում են հանրահայտ դերերգերը դասական օպերաներից: Ամարայի ձայնը ձիգ է ու ճկուն՝ նման արձակված նետի, նման զորավոր ջութակի, որի հնչյունները չեն մարում բնության մեջ, այլ փոխանցվում են տարիներին ալիք առ ալիք: Ուժ ու թախիծ է պարուրված ձայնի մեջ. այսպես է երգում Լուսին Ամարան:
Հանդիսատեսն արտասվում է,. յուրաքանչյուրին թվում է, որ Ամարան պատմում է իր կյանքը՝ ամենայն նրբություններով, որ իր հոգեվիճակը նրա ափի մեջ է, սիրում է, տառապում ու ներշնչվում, հավատում է ու սպասում: Այսպես միանգամից Լուսին Ամարան նվաճեց իր ուկնդիրներին, հարազատացավ նրանց հետ: Իսկ այդ հարազատությունը երկուստեք էր:
Լուսին Ամարան երգում էր սիրո մասին, որը մերթ հզոր է գահավիժող ջրվեժի պես, մերթ նման է զեփյուռից գլուխն օրորող հովտաշուշանի: Աներևակայելի սխրանքի ընդունակ մի կին, որը միաժամանակ նաև լացող ուռենի է: 
Լուսին Ամարան չսպասեց համերգի վերջին, մոտեցավ բեմի եզրին և ձեռքերը տարածելով՝ ասաց.
_ Ի՜նչ սքանչելի ժողովուրդ եք դուք: 
Նա չկարողացավ խոսքը շարունակել, արցունքները լրացրին միտքը: Բեմը դարձել էր ծաղկազարդ պարտեզ, որը կարող էր սփոփել հուզմունքը:
Կարոտը մայր հողի նկատմամբ մի առանձին հույզով հնչեց, երբ Լուսին Ամարան ներկայացավ Վերդիի Աիդայով: Մարդիկ սքանչելի ձայնի հետ տեսան դերասանական ձիրք. Ամարայի խաղը բնական էր, անկաշկանդ, երգչուհին դարձել էր սիրո և հայրենասիրության մարմնավորում: 
_ Կուգամ, նորից կուգամ Հայաստան,_ ասում էր նա իր ունկնդիրներին, որոնք չէին կարողանում հրաժեշտ տալ սիրված երգչուհուն:
Լուսին Ամարան հայրենակիցներին հիացրեց նաև իր բարի սրտով:
Ամարայի՝ Հայաստանում գտնված օրերին ինձ բախտ վիճակվեց հարցազրույց ունենալ նրա հետ:
_ Ես ջութակի դաս կառնեի, չէի խորհեր, որ կերգեմ: Բայց իմ բարեկամները լսեցին իմ երգը եկեղեցիին մեջ և ըսին, թե ինչու՞ ձայնի դաս չեմ առներ: Ես ալ սկսա ձայնի դաս առնել և երկու տարի վերջը մտա Սան Ֆրանցիսկոյի օպերային մեջ: 1947-ին ստացա առաջին մրցանակը: Մայրս երբ լսեց, ուրախությունեն ուշքը անցավ: 1949թ. ինձի դրամ տվին, որ համալսարանում մեկ տարի օպերայի դաս առնեմ, և 1950թ. գնացի Մետրոպոլիտեն օպերա, որ ձայնս լսեն: Երկու անգամ երգելուց հետո ինձ հետ պայմանագիր կնքեցին: Բայց պզտիկ դերերով սկսա: Ամենեն առաջի դերս բեմի վրա չէր. կերգեի վարագույրի ետևեն: 
... Լուսին Ամարայի հետ Հայաստանում հաջորդ հանդիպումը կայացավ մոտ քառորդ դար անց: Տարիներն իրենց դրոշմն էին դրել նրա արտաքինի վրա, բայց ձայնը համեմատաբար պահպանվել էր: Ու թեև տարիներն անողոք են, բայց աստղը, որքան էլ մարի, լույսը դեռ երկար ճանապարհ է անցնում:
(Կ. Թերզյան «Բույլ մեծաց»)

ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆիմինե 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets