ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.04.2014

«ԿԵՑՑԵ՛Ս, ԱՂՋԻ՛ԿՍ... ՀԻԱՍՔԱՆՉ Է»

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ 

Արմեն Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերան ընդգրկվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի խաղացանկ: Սակայն թատրոնում կային ազդեցիկ մարդիկ, որոնք արհեստական խոչընդոտներ ստեղծելով՝ ջանում էին տապալել օպերայի բեմադրությունը: Ստեղծված վտանգավոր իրավիճակը հարթելու նպատակով Թբիլիսիից Երևան է գալիս Արմեն Տիգրանյանը: 
...Նրան անակնկալ էր սպասում: Գրականագետ Հայկ Գասպարյանը (Գոհար Գասպարյանի նախկին ամուսինը) հայտնեց, որ Գոհարը թատրոնի գեղարվեստական խորհրդին պետք է հանձնի «Անուշի» պարտիան: Արմեն Տիգրանյանը շատ ուրախացավ և ցանկություն հայտնեց լսելու Գոհարին: Գլխավոր ադմինիստրատոր Ա. Դավթյանի օգնությամբ մտանք դահլիճ ու տեղավորվեցինք աղոտ լուսավորված օթյակներից մեկի անկյունում: Սկսվեց Անուշի պարտիայի հանձնումը: Գ. Գասպարյանի կատարման ընթացքում ես ջանում էի որսալ հեղինակի ռեակցիան, բայց ոչ մի կերպ չէի կարողանում: Տիգրանյանը լուռ էր և անշարժ: Ի՞նչը կարող էր այդպես անտարբեր թողնել հեղինակին: Ընդմիջումներին նույնպես լուռ էր: 
Երբ պարտիայի կատարումը մոտենում էր ավարտին, կոմպոզիտորի դեմքին հետարքրության նշաններ երևացին: Հասավ կուլմինացիայի տեսարանը՝ Անուշի խելագարության պահը: Գոհարն իր տարերքի մեջ էր: Եվ հանկարծ լսում եմ.
_ Այսքան հակասական տրամադրություններ, միաժամանակ տեխնիկայի և կանտիլենայի այսպիսի օրգանական ամբողջականությու՞ն... ապշելու բան է:
Իսկ երբ Գոհարը հնչեցրեց վերջին նոտան, այն էլ մի ամբողջ օկտավա բարձր, Տիգրանյանը զարմանքից գրեթե ճչաց.
_ Կեցցե՛ս, աղջի՛կս... հիասքանչ է... Ես այդպիսի նոտա, այդպիսի ավարտ չէի գրել, դա ինքն է ավելացրել, դա իրենն է... աներևակայելիորեն լավ է...
Որդու տանը Տիգրանյանը բոլորովին ուրիշ մարդ դարձավ. Գոհար Գասպարյանի կատարումից հիացած՝ նա մոռացել էր իր հիվանդությունը և անընդհատ կատակում էր ու սրախոսում, իսկ հետո խոսեց Գոհարի կատարման մասին.
_ Իմ Անուշը գրված է սոպրանոյի միջին ձայնածավալի համար, բայց քանի որ Գոհարի կոլորատուրային ձայնը չունի ոչ մի սահմանափակում, դրա համար էլ նա փայլեց իր արտահայտիչ կանտիլենայով: Այդպիսի կենդանի երգ, բնական շարժուձև, հուզական ապրումներ օպերային երգիչներից շատ քչերն են կարողանում արտահայտել:
Իսկ երբ որոշ մանրամասներ պատմեցի երգչուհու կյանքից, և նա իմացավ, որ Գոհարը եկել է Եգիպտոսից, ավելի զարմացավ.
_ Որտեղ Նեղոսը, որտեղ Դեբեդը: Ֆինալում նա այնքան անկեղծ, անմիջական և հուզիչ խաղ ցույց տվեց, որ ինձ թվաց՝ Դեբեդի ձայնն եմ լսում: Այդքան երիտասարդ ու անփորձ, բայց որքա՜ն համոզիչ էր արտահայտում Անուշի անմեղությունը, նրա դժբախտ սիրո ողբերգությունը: Եվ հետո այդպիսի մաքուր առոգանություն ոչ մի երգչի կատարման ժամանակ ես չեմ լսել: Գոհարը «քանդակում» էր իր յուրաքանչյուր բառը: Անուշի կատարումն այնպես տպավորվեց, որ, կարծում եմ, Գոհարի ձայնի համար առաջին հայացքից ոչ համապատսխան թվացող «Դավիթ-Բեկ»-ի Շուշանի կերպարը նրա կատարմամբ կունենա նույն հաջողությունը:Մտածել է պետք:
... Սակայն մեծանուն կոմպոզիտորը չարժանացավ իր ներկայացումները տեսնելու բախտին: Մեկնելուց հետո վիճակը կտրուկ վատացել էր, և իր մահկանացուն կնքեց 1950-ի փետրվարի 10-ին:

(Ս. Առաքելյանի «Գոհար Գասպարյան» գրքից)
(Նկարում՝ Գ. Գասպարյանը Անուշի դերում)
ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆեիսբուքյան «ՖԻՄԻՆԵ» էջից

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets