ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.04.2014

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Մուրացան

Ծնողներն անմիջապես երեխային դրեցին դագաղի մեջ և դուրս բերեցին: Այդ տարի սև ծաղիկ հիվանդությունից այնքան զոհեր կային Շուշիում, որ քահանաները չէին հասցնում ամեն հանգուցյալի համար թաղման կարգ կատարել: Նրանք անցնում էին փողոցներով, վերցնում նախապես տան շեմին դրված դագաղները և արագ տանում գերեզմանատուն՝ ընթացքում աղոթք կարդալով: Հիմա էլ եկել էին երեքամյա տղային թաղելու: Բայց հազիվ էին բաձրացրել դագաղը, երբ սև ծաղիկից այլակերպված փոքրիկը կենդանության նշաններ ցույց տվեց: 
Մուրացանը՝ այն ժամանակ դեռ Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը, շարունակեց ապրել: Նա հասցրեց արթնանալ մինչև փոսի մեջ հայտնվելը: Ամեն ինչ սկսվեց մահանման կյանքից և ավարտվեց մահանման կյանքով: Երկու հիվանդություն՝ սկզբում սև ծաղիկը, ապա հոգեկան խանգարումը, փորձեցին Մուրացանից խլել կյանքը: Առաջինին չհաջողվեց, երկրորդի մոտ ստացվեց: Մուրացանի ցեղում կային հոգեկան խանգարում ունեցողներ: Հորեղբայրը, հորաքրոջ աղջիկը տառապում էին այս հիվանդությամբ, հայրը նոպաներ էր ունենում և ուշաթափվում...
... Ոսկեհատ Թավրիզյան: Ուսյալ, կրթյալ, հասարակական կյանքում բավական ակտիվ շուշեցի այս կինը դարձավ Մուրացանի ճակատագիրը: Նա մտավ Մուրացանի կյանք կարծես թե դժկամորեն, իսկ հեռանալով՝ ավերեց մի կյանք, որ ամբողջությամբ նվիրված էր իրեն:
Մուրացանը սիրահարվել էր վաղուց՝ դեռ պատանի եղած ժամանակ, հետո տեղափոխվել էր Թիֆլիս: Նամակ նամակի ետևից, խոստովանություն խոստովանության ետևից: Եվ անփոխադարձություն անփոխադարձության ետևից: Մուրացանի առաջարկով ուսման պատրվակով Ոսկին գալիս է Թիֆլիս, ընդունվում մանկավարժական կուրսեր և հաջողությամբ ավարտում դրանք: Այդ ընթացքում Մուրացանը սկսում է դարպասել նրան, հաճախ օրվա ընթացքում 2-3 նամակ էր գրում: Դա մի աննկարագրելի սեր էր տղամարդու կողմից: 
Մուրացանը զավակների՝Գուրգենի, Ռուզանի և Սուրենի հետ
Մուրացանը ինտուիտիվ զգացողություն ուներ, կանխազգալու ունակություն: Ի սկզբանե նա ինչ-որ բան էր զգում իր և Ոսկեհատի հետ կապված, օդի մեջ որսում հեռակա վտանգ, բայց չէր հասկանում, թե դա ինչ է: Չոր թվերի մեջ խճճված, ուրիշների նյութական գործերը անթերի կատարող այս հաշվապահը գիտեր լինել պոետիկ և վեհ, բարի և մաքուր, լինել անհաշվենկատ և անշահախնդիր իր զգացմունքների և դրանց խոստովանման մեջ: 
1885թ. նրանք ամուսնացան: Մուրացանի համար սկսվեց կյանքի մի նոր փուլ, երբ Ոսկեհատ Թավրիզյանը արդեն իր կողքին էր, ում կարող էր անվերջ տեսնել, գուրգուրել, ծառայել, հերոսացնել: «Ես սիրում եմ, որ դու միշտ հրամայես ինձ, և ես հնազանդվեմ: Ես կամենում եմ, որ դու կին չլինես, այլ հերոսուհի»:
Նա միաժամանակ մի քանի տեղ էր աշխատում որպես հաշվապահ: Այդ լարված աշխատանքը նրա համար անցնում էր բերկրանքով, քանի որ գործից հետո ուներ տեղ շտապելու՝ իր տուն, որտեղ սպասում էր սիրելի կինը՝ Ոսկի անունով, և իրար ետևից լույս աշխարհ եկած զավակները: Նրանք միշտ միասին էին, բացառությամբ ամռան ամիսների, երբ ընտանիքը մեկնում էր Շուշի հանգստանալու, իսկ ինքը մնում էր Թիֆլիսում՝ փող վաստակելու: Բայց ինչպես և մինչ ամուսնանալը, այնպես էլ հիմա, նամակագրությունը գրեթե միակողմանի էր: Դա ընկճում էր Մուրացանին: Այս ամենին գումարվում էին նրա երազները: Տագնապ՝ դավաճանության թեմաներով...
Մուրացանի զգացողությունն աննկարագրելի սուր էր, և այն երբեք նրան չէր խաբում: Համատեղ կյանքի 12-րդ տարում հանգուցալուծվեց այն, ինչի գործընթացը սկսվել էր ամուսնությունից մեկ տարի անց: Ոսկի անունով կինը ամենևին էլ ոսկի սիրտ չուներ, այլ մի քիչ գոռոզ, մի քիչ շփացած կնոջ սովորական սիրտ: Եվ Մուրացանը հանուն այդ սրտի վճարեց ամենաթանկ գինը: Նա իրեն թույլ չէր տալիս կասկածել կնոջը, նաև ընկերոջը, ում տանը հաճախակի էր հյուրընկալվում և հաց կիսում նրա հետ: Նաև՝ սրտային գաղտնիքները:
Ոսկեհատ Թավրիզյան
Սպանդար Սպանդարյան: Նա աշխատակցել էր «Մշակին», հրատարակել «Մեղու Հայաստանի», ապա «Նոր դար» թերթերը: Այս մարդը ավելի շատ հայտնի է որպես բոլշևիկ Սուրեն Սպանդարյանի հայր: Ոսկիին հարազատ էր Սպանդարը: Միակ անհարմարությունն այն էր, որ այս մարդն իր ամուսնու մտերիմ ընկերն էր, իսկ նրա կինը դարձել էր նաև ի՛ր ընկերուհին: Բայց այդ ամենը չխանգարեց, որ Ոսկին կայացնի իր որոշումը հօգուտ Սպանդարյանի: Թիֆլիում արդեն խոսում էին Մուրացան-Ոսկի-Սպանդար եռանկյան մասին: Առաջին և միակ քայլը, որին դիմեց Մուրացանը, հարաբերությունների խզումն էր... Սպանդարի հետ: Նա այլևս որևէ գործ չառաջարկեց «Նոր դարին»: Մուրացանի ստեղծագործությունները սկսեցին տպագրել «Արձագանքում»՝ գցելով Սպանդարյանի հրատարակած թերթի վարկանիշը: Սա՛ էր Մուրացանի վրեժխնդրության տեսակը: Իսկ կնոջ նկատմամբ չձեռնարկեց ոչ մի ակնհայտ քայլ: Ընտանիքի շուրջ ծավալված հետաքրքրությունը անտանելի էր Ոսկիի համար, և նա պարտադրում է ամուսնուն իրեն երեխաների հետ Գերմանիա ուղարկել: 1898-ին երկու երեխաների եհտ մեկնում է Բեռլին: Գուրգենը՝ ավագ որդին, մնում է հոր հետ: Նա շատ ժամանակ չուներ Գուրգենի դաստիարակությամբ զբաղվելու և վարձում է մի վարժուհի՝ Սոֆյա Մալիտսկայա անունով: Ազնիվ, բարի, հոգատար, խելացի Սոֆյան Մուրացանի համար ստեղծեց ընտանեկան տաքուկ, հաճելի մթնոլորտ: Բայց երեխան կարոտում էր մորը, քրոջն ու եղբորը: Հայրը նրան նույնպես ուղարկեց Բեռլին: Դա կատարյալ ճգնաժամ էր: Միայն Սոֆյան էր, որ համառորեն փորձում էր կյանք ներարկել Մուրացանին և ուժ տալ ապրելու համար: Մոտ տասը տարի նրանք միասին էին: Գուրգենին Բեռլին ուղարկելուց հետո քաղաքին բամբասանքի սնունդ չտալու համար Սոֆյան ստիպված եղավ տեղափոխվել առանձին բնակարան, ամուսնացավ, և հիմա էլ ամուսիններով շարունակեցին հոգ տանել Մուրացանի մասին: Բայց նրա առողջությունը վատանում էր, հաճախակի դարձած գլխացավը, ուշաթափությունները վկայում էին, որ գենետիկ հիվանդությունը սրվում էր: Մուրացանը հիմնավորապես ընկնելու էր անցյալի գիրկը: Անձնական ողբերգություններին 1906-ին գումարվեց թուրքերի կողմից Շուշիի կոտորածը, իրենց տան ավելումն իր աչքի առջև, տուն, որտեղ թանկ հուշերից զատ այրվեց նաև «Գևորգ Մարզպետունի» վեպի ձեռագիրը: Մուրացանը մեռավ Թիֆլիսի հոգեբուժարանում բացարձակ միայնության մեջ: Դա 1908-ի օգոստոսի 30-ն էր: Սակայն մահը վերջակետ չդրեց ծավալվող պատմություններին: Հիվանդությունից առաջ նա ձեռնարկել էր իր երկերի լիակաար ժողովածուի հրատարակումը և այդ նպատակով 400 ռուբլի կանխավճար էր տվել: Մի խումբ հայ մտավորականներ որոշում են այդ ծրագիրը գլուխ բերել: Բայց հայտնվում է Ոսկիի նամակը, որով նա ընդդիմանում է այս ձեռնարկին՝ մեկնաբանելով, որ ինքը նպատակահարմար է գտնում տպագրությանը հատկացվելիք գումարը ծախսել դստեր նկարչական ձիրքը կատարելագործելու համար: Կար մեկը, ով հրահանգներ էր ուղարկում և անգամ Մուրացանի մահից հետո կնոջ միջոցով փորձում վրեժխնդիր լինել «Նոր դարին» հասցրած վնասի համար: Սպանդար Սպանդարյան: 1910թ. այս մարդը մեկնում է Փարիզ: Ոսկեհատը տարերքի մեջ էր: Լենինը նրան հանձնարարել էր հոգ տանել և խնամել հիվանդացած Սպանդարյանին: 
Ինչ մնաց Մուրացանի և Ոսկիի սիրավեպից: Նրա վերջին նամակի վերջին տողերն են. «Ե՛կ, իմ կյանք, իմ ուրախություն, իմ երջանկություն, իմ երկինք և արքայություն, ե՛կ, որ ապրեմ, ե՛կ, որ կյանքը քաղցրությամբ ճաշակեմ»:
(Ն. Թուխիկյան «Խոստովանություն»)

ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆեյսբուքյան «Ֆիմինե» էջից

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets