ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.04.2014

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Սերգեյ Փարաջանով

Մարդկանց թվում էր, թե ճանաչում են Սերգեյ Փարաջանովին, նույնիսկ լավ գիտեն նրան. խաբկանք, նա ոչ ոքի «հասանելի» չէր: Վայրկենաբար կարող էր մտերմանալ և ամբողջ կյանքում մնալ անծանոթ, երեխայի պես լինել ամիջական, կուռքի պես՝ անհաղորդ: Իսկ եթե փորձեիր մոտենալ, միստիկ պատկերի նման հեռանում էր ու... չքանում: Փարաջանովը առեղծվածային էր իր կինոյի ու իր գեղարվեստական աշխարհի պես:
«Այց կինոռեժիսորի արվեստանոց»: Այս խորագրով Երևանի ժողթանգարանում բացվեց Փարաջանովի գործերի ցուցահանդեսը: Դա 1987թ. մայիսի 19-ին էր: Սրահում ասեղ գցելու տեղ չկար: Վարպետը շա՜տ ուրախ էր: Նրան շնորհավորում էին, սրտի խոսք ասում, ծաղիկներ նվիրում: Իսկ նա բոլորին անխտիր՝ մտերիմ, բարեկամ թե անծանոթ, հյուրասիրում էր անուշեղենով, մրգերով, նոր միայն ճանապարհում:
_ Ես շատ բախտավոր մարդ եմ: Որդի ու բարեկամներ ունեմ, շատ սիրելի արվեստ: Առավոտյան արթնանում եմ, և առաջին միտքս այս է՝ երջանիկ եմ, որ ապրում եմ բարեկամներիս ու լեռներիս հարևանությամբ: Երբեմն ինձ նախանձում եմ այս անսահման երջանկության համար: Կամ այս ցուցահանդեսը. մարդիկ երկրի տարբեր ծայրերից հասել են Երևան՝ աշխատանքներս տեսնելու: Սրանից էլ մեծ բախտավորություն, երբ հասկանում ես, որ պետք ես մարդկանց:
...Ես բիլիարդ չեմ խաղում, գարեջուր չեմ խմում, չեմ ծխում: Ես նկարում եմ. դա է իմ կյանքը: Չհասկացան, որ իմ հակասությունները, այսօրվա Փարաջանովը երեք ազատազրկումների հետևանք է: Իմ կենցաղում ամեն ինչ կիսատ-պռատ է: Կինս ասում էր. «Փարաջանովը հրաշալի է ու անտանելի»: Հիմա եմ հասկանում: Դրա համար այսօր մենակ եմ ապրում: 
... Մեր ժողովրդի մեջ բուն է դնում սպառողի ախտը: Մեր ժողովուրդը ինչու՞ է սկսել իր տաղանդավոր զավակներին չճանաչել: Մեր ազգի մեծություններին համոզեք, գուրգուրեք, բերեք Հայաստան: Ու՞ր եք նայում: Սպասում եք, որ մահանա, որ բերեք ու մի երեք մարդով հայրենի հողին հանձնեք: Պատմությունը այդպիսի բաներ չի ներում: 
_ Ձեզ համար նուռը ի՞նչ խորհուրդ ունի:
_ Նուռը... Եթե մի անգամ տանը մենակ լինեք, բացեք նուռը և նայեք. ինչ գեղեցկություն, ինչ կանոնավորություն: Այ եթե մարդն էլ, ընտանիքն էլ, ազգն էլ, կուսակցությունն էլ նռան նման լինեին: Նուռը հյութ է, գույն է, արյուն է: Պատահական չէ, որ Սայաթ-Նովայի մասին ֆիլմը կոչվում է «Նռան գույնը»: Մայրս նկարը չէր հավանել: Նեղացել էր ինձնից. «Ինչու ինձ չասացիր, ես քեզ փող կտայի, աշուղներ կբերեիր, թող երգեին Սայաթ-Նովայի քաղցր երգերը»: Հասկացա, որ ֆիլմում պակասում է ժողովրդայնությունը: Մարդիկ ապրում են երգերով, իսկ ես ներկայացրել եմ միայն բանաստեղծին:
Արվեստագետները կոչված են ազգի ճաշակը բարձրացնելու: Այսօր մեր երիտասարդներին ավելի շատ ձգում է ֆիլմի սյուժեն, ոչ թե արվեստի կախարդական ուժը: Հին հայերը շատ բարձր ճաշակ են ունեցել. այդ տարազները, քողերը, զարդարանքները: Պետք է զարկ տալ բուն հայկական արվեստին...
Սերգեյ Փարաջանովը դժբախտ երջանիկ էր և՛ որպես մարդ, և՛ որպես արվեստագետ: Կյանքի վերջին տարիներին իսկապես փափագում էր այստեղ ապրել ու ստեղծագործել, թանգարան բացել, իր անկրկնելի արվեստի մասունքները ժառանգել հայրենիքին: Բայց ազատախոհ արվեստագետի կյանքն ու մտածումները երբեք չէին համատեղվում տոտալ երկրի միագիծ գաղափարախոսության հետ: Ազգի ու անհատի փոխհարաբերության մասին Փարաջանովն այսպես է արտահայտվել. «Յուրաքանչյուր անհատ նախ և առաջ կոնկրետ ազգի ներկայացուցիչ է, հետևաբար, նա պետք է ծառայի իր ժողովրդին, ապրի նրա հոգսերով, սպեղանի լինի նրա ցավերին: Եթե տաղանդ ունես, ապա չպետք է մոռանաս, որ այդ ամենը ժառանգել ես քո ծնողներից, քո ժողովրդից՝ որպես ընծա, պարգև: Դու ոչինչ չես արել ունենալու այն, ինչ ստացել ես, հետևաբար, իսկապես մեծ ես այն ժամանակ, եթե կրկնապատկած, բազմապատկած վերադարձնես ի վերուստ շնորհվածը»: 
Փարաջանովի մեծության, նրա կախարդանքի հանդեպ ակնածանքից Վլադիմիր Վիսոցկու նման հոգին պատշգամբից իրեն դիմավորող կինոռեժիսորի առջև ծնկած հեկեկում էր... Արտասվում էր նրա տառապանքի, կորցրած տարիների, չկայացած ֆիմերի ու արարման հրաշքի, նաև այն բանի համար, որ վերստին հարության լույս է ճառագելու փարաջանովյան մեծագործ արվեստի տեսիլքով:
Նրան չփայփայեցինք, չմեծարեցինք կենդանության օրոք, չհասկացանք մահկանացուի մտայնությամբ, որ Փարաջանովը մեզնից մեկն է, բայց ոչ մեզ պես մեկը. նա Մեծ է: Եվ որքան էլ հրաշագործ, որքան էլ արտասովոր, Սերգեյ Փարաջանովի երկրային կյանքը նույնպես «ամփոփվեց» ծնունդն ու մահը (1924-1990) բաժանող-միացնող աննշան գծիկի մեջ:

(Հ. Մարտունի «Օթյակ»)
ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆեյսբուքյան «Ֆիմինե» էջից

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets