ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.04.2014

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հուշ Բ

1978 կամ 79 թվականն էր: Ինձ բախտ էր վիճակվելու երկրորդ անգամ լսելու Լուսինե Զաքարյանի կենդանի կատարումը: Այս անգամ Խոր վիրապում էր:
Լուսինեն միայնակ չէր: Մաքրահոգի, հրեշտականման այդ հողածինը չէր կարող միայնակ լինել: Նա շրջապատված էր իրեն ջերմորեն սիրող մտերիմներով: Մտերիմների այդ խումբն էլ համերգային շրջագայություններ էր կազմակերպում` ամեն կիրակի այցելելով որևէ վանք, որտեղ Լուսինեն իր երգ-աղոթքն էր ուղղում գմբեթն ի վեր առ Բարձրյալ: Բյուրեղյա հոգով մեր հավերժահարսը երգում էր անգամ բնության մեջ` իր աղբյուրահունչ ձայնի թովիչ ելևէջները միախառնելով մայր բնության երգին: Ու ես լսեցի մարդու և բնության հավերժահոս երգի միաձույլը:
Խումբն այդ անգամ որոշել էր այցելել Խոր վիրապ: Տեղ հասանք այգաբացին: Արևը դեռ չէր ծագել: Մեզ դիմավորեց բնությունն իր մաքրաշունչ շուքով: Աչք ածեցի շուրջբոլորը. մարդ չկար, միայն քարերի ետևում թաք կացած բնությունն էր ու Խոր վիրապի հոյակերտ շինությունը:
Խորեն Պալյանը խնդրեց Լուսինեին ողջունել լուսաբացը: Ու ծավալվեց «Սուրբ-սուրբը»` արձագանք տալով աչքը նոր բացող երկնակամարի ներքո...
Թախիծով էր խոսում Լուսինեն այդ երգի մասին: Այն համարում էր ավելի ըմբոստ երգ, քան իր կատարումն էր: Հավաստիացնում էր, որ երգը պարունակում է նաև հրաման, բողոք, և ինքը չի կարողանում գտնել այդ երակը: Բայց երգեց «Սուրբ-սուրբը», և տեղի ունեցավ կախարդանքը:
Երգի թրթռացող հնչյունները պար էին բռնել օդում` ավետելով օրվա զարթոնքը: Մենք հմայվել էինք այդ հնչյուններով, ու վերացումն էր իշխում մեր հոգիներին: Չնկատեցինք անգամ, թե ինչպես էր արփին, ոսկեշող գլուխը ներքև հակած, ունկնդրում չքնաղ արեգնադստեր երգ-բարեողջունը: Իսկ երբ վերջին հնչյունները մարեցին, հանկարծ տեսանք, որ շրջապատված ենք խուռն բազմությամբ: Լուսինեն իր «Սուրբ-սուրբով» առավոտ ծեգին աղոթքի էր հրավիրել մարդկանց, ու Խոր վիրապը եռում էր ուխտի եկածներով: Խմբվածների մեջ էին նաև շրջակա բնակավայրի շինականները, որ, թողած կովկիթն ու հացի խմորի տաշտը, շտապել էին ողջունելու այդ անկրկնելի արևածագը` ողողված լուսեղեն ոգուց արտածվող սուրբ հնչյուններով: Անեղծ էությունից բխած նվիրական աղոթք էր դա, որ հյուլե առ հյուլե տարրալուծվեց հավաքվածների սրտերում` իբրև անաղարտութուն ապրելով յուրաքանչյուրիս մեջ:
ԼԱՈՒՐԱ ՄԱԿԱՐՅԱՆ 
Գյումրու Մարզային գրադարանի նախկին փոխտնօրեն

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets