ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.04.2014

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ես ըմբռնում եմ, որ տիեզերքի մեջ ամեն բան սխալ կազմակերպություն ունի. մենք չգիտենք ապրել, մենք չունենք բարոյականություն, մենք մեզ չենք ճանաչում, մենք միայն գիտենք լավ խոսել, իսկ զգալ, մտածել, գործադրել՝ ո՛չ երբեք: Գիտենք բյուրավոր առաքինության իմաստներ, օրինակներ, և դարձյալ շարունակում ենք այնպես փայլել, որպես չենք ուզում: Ինձ թվում է՝ ամեն մի բարոյական միտք, իմաստ, գաղափար երկսայրի բնավորություն ունի՝ և՛ լավ է, և՛ վատ է՝ նայելով մարդկանց բարեհայեցողության, և հետևապես, ընդհանրական, զուտ ճշմարտություն չկա բնության մեջ: 
Ըստ իս՝ մարդիկ ավելի անգիտակցորեն են ապրում, քան գիտակցորեն: Ամեն բան կարծես բնազդմամբ է: Լույսը բացվում է՝ զարթնում են, լվացվում են, խոսում են, ճաշում են, մթնում է՝ քնում են: Նրանք չգիտեն՝ ինչպե՛ս է կատարվում այն ամենը. ծիծաղում են, լալիս են, տխրում են. ինչու՞. չգիտեն: Ընդհանուր մարդկության կյանքը ինձ երևում է դատարկություն, որին ժամանակ անունն ենք տալիս: Ժամանակի շրջանները կազմում են յուրաքանչյուր անհատի կյանքը: Ուրեմն՝ կյանքը ժամանակն է: Բայց մենք, որ բնությունը տվել է մեզ ապրելու բուռն ցանկություն, ապրում ենք՝ չգիտենալով, թե ապրելը ինչու՞մն է կայանում, կամ ե՞րբ է կատարվում կամ ի՞նչ է... Ժամանակը անխնաբար վատնում ենք, նրան սպանում ենք և դարձյալ բղավում ենք՝ կյանք ենք ուզում, կյանքը կարճ է: Ամենալավ կյանք անցկացնողի մի ժամը ավելի երկար է, քան ամենավատ կյանք անցկացնողի ամբողջ կյանքը: Մենք այնքան անխիղճ ենք, որ ժամանակը՝ Աստծուն, կյանքին սպանում ենք... Ես այժմ ցանկանում եմ, որ այս րոպեն միշտ տևողական մնար, որովհետև քանի սահում են րոպեները, մենք այնքան ավելի շուտ ենք մանվում ապականության, ոչնչության, մոռացության, անգործության: Վերջապես, մենք դեռ չգիտենք, թե ինչու՛ ենք ապրում, ապրելը նպատակ չունի... և որքան հիմարություն է աննպատակ ապրելը: Արդյոք գալու՞ է մի օր, որ մարդկությունը մի քայլ, մի վայրկյան իզուր չգործադրե, իզուր չապրի, որ մարդկությունը ամեն մի քայլը, ամեն մի վայրկյանը միայն գիտակցելով, զգալով առաջ տանի...

1891, դեկտեմբերի 30
(Ավ. Իսահակյան «Հիշատակարան»)
ԱՂԲՅՈՒՐ՝ «Ֆիմինե»

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets