ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.05.2014

ԹՈՒՐՔԻՑ ԿՐԱԾ ՓՈՂՈՎ ՀԱՍԱ ԵՐԵՎԱՆ...

(Պատմում էր ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԸ)

.-Սմոլենսկու մոտ 3500 հոգանոց մեր դիվիզիան շրջափակման մեջ ընկավ: Հետս Դոնի Ռոստովից մի հայ տղա կար. հիշում եմ ՝ անունը Հարություն էր, ասաց արի մեր կոմերիտական տոմսերը հողի տակ թաղենք, գնանք հանձնվենք: Ասացի, երբեք: Առավոտյան զարթնեցինք, Հարությունը չկար...
ՈՒզում եմ շրջափակումից դուրս գալ, չգիտեմ՝, ո՞ր ճանապարհով, քարտեզ էլ չունեմ: Լավ է ,մեր գնդից մի քանի ռուս զինվորներ պատահեցին, հրաշքով դուրս եկանք շրջափակումից: Երբ հավաքվեցինք, պարզվեց մեր 3500 հոգանոց դիվիզիայից 127 տղա է փրկվել: Տարիներ հետո, երբ թերթեցի Հայրենական պատերազմի քառահատոր պատմության գրքերը, այդ նույն տեղանքի քարտեզին տեսա և համոզվեցի, որ փրկվելու, ազատվելու միայն մի մազաչափ տեղ է եղել. այդտեղից էլ դուրս ենք պրծել: 
Երկու անգամ վիրավորվեցի: Առաջին վերքս թեթև էր. քունքս պատռվեց, արյունը լցվեց աչքս, սպին մինչև հիմա կա: Երկրորդ անգամ արկի պայթյունից կոշտ հողակտորը թռել էր, պատռել բամբակե զինվորական շալվարս, հասել ոսկորիս: Սկզբում ինձ թվաց, թե շալվարիս բամբակն է. հետո տեսա, որ երևացող սպիտակը ծնկիս ոսկորն է: Տեղափոխեցին Մագնիտագորսկ, պառկեցրին զինվորական հոսպիտալում: Վեց ամիս բուժվեցի, բայց վերքս այդպես էլ չփակվեց: Հոսպիտալում մի վիրավոր թուրք կար. մտնում էր սպաների հիվանդասենյակները և փողով թուղթ էր խաղում: Սպաները փող շատ ունեին, երկու-երեք ամսվա աշխատավարձը միանգամից էին ստանում: Թուրքը բոլորի փողերը տարավ: Հիվանդանոցային խալաթի գրպանը լիքը լցրեց: 
Հետո եկավ զինվորների հիվանդասենյակը: Ես ընդամենը 200 ռուբլի ունեի: Առաջարկեց խաղալ: «Աչկո» խաղալ չգիտեի, բայց քանի որ ունեցածս մի բան չէր՝ հազիվ 2 կգ հացի գումար, համաձայնեցի: Հարցրի՝ ո՞նց են խաղում, ցույց տվեց: Խաղացինք , մեկ էլ տեսնեմ նրա գրպանի փողերը լցվում են իմ գրպանը:
Այդպես է, առաջին անգամ խաղացողի բախտը բերում է: Գիշերվա 12-ին, երբ լույսը հանգցրին, թուրքը համարյա բոլոր փողերը տանուլ էր տվել: Ասաց՝, ոչինչ առավոտյան կշարունակենք: Չգիտեր, որ առավոտ շուտ, ինձ արձակուրդ են ուղարկում տուն: Մայիս ամիսն էր: Ստալինգրադը դեռ ազատագրված չէր: Գնացքով Ստալինգրադից պիտի գայի Բաքու, Թիֆլիս, հետո Երևան: Մեզ քարտեր էին տվել, որ կայարաններում իջնենք, մթերք ստանանք: Բայց այնպիսի հերթ էր, եթե կանգնեինք, տասը օրից չէր հասնի հերթդ: Դրանից հետո էլ գնացքում նստելու տեղ չէիր գտնի: Հաշվեցի, տեսնեմ 8000 ռուբլի ունեմ: Կիսակայարաններում իջնում էի, թուրքից կրած փողով ուտելիք գնում:
Գնացքն այնքան լիքն էր, որ շատերը գնացքի վագոնների վրա նստած կամ պառկած էին ճանապարհորդում: Փող տվեցի, գնացքի ուղեկցողը կողքին տեղ տվեց: Մեկ ամիս եկա. երբ Թիֆլիս հասա, մոտս 400 ռուբլի էր մնացել:
1942-ի հունիսի 22 ին հասա Երևան: Տրամվայ կար, բայց այնքան էի կարոտել Երևանին, որ որոշեցի ոտքով հասնել Արաբկիր: Տրամվայից արաբկիրցի մի կին ինձ տեսնում, գնում մորս ասում է, թե տղադ գալիս է: Հասա Արաբկիր, մեր հարևանը բռնեց, տարավ իր տուն մտցրեց , պահեց: Խեղճ մայրս լացելով, հորեղբորս աղջկան շալակին, այս կողմ , այն կողմ է վազում, ինձ չի գտնում: Վերջապես հանդիպեցինք...
Մայրս այդ գիշեր աչք չփակեց: Պատմում էր, որ երազ է է տեսել, որ պատերազմը , որ օրը որ սկսվել է, այն օրն էլ ավարտվելու է: Այդպես էլ եղավ. 1942-ի հունիսի 22-ին ես տանն էի...
Սիլվա Յուզբաշյանի գրառումներից

Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...

Դեռ ինձանից հողմի հոտ ու ծխի հոտ էր գալիս, 
Վառոդի հոտ էր գալիս սպիներից իմ ցավոտ, 
Իսկ իմ բարձից՝ մանկության ու մայրական ձեռքի հոտ:

Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...

Լսում էի կիսարթուն՝ աստծո անունն էր տալիս, 
Հավատում էր, թե իրոք նա պահպանել իր որդուն 
Ու փրկել է հրաշքով, ու բերել է ահա տուն:

Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս…

Զարթնում էի... Շշուկով դեռ աղոթում, դեռ լալիս, 
Դեռ սպիներս էր շոյում, թեքվում, ծածկում էր վրաս,
Չէր հավատում դեռ կարգին՝ իրական է, թե՞ երազ:

Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...

Ու չկա մայրս հիմա... Նա երազիս է գալիս, 
Թեքվում, ծածկում է վրաս, աստծո անունն է տալիս, 
Նոր սպիներս է շոյում, աղոթում է ու լալիս...

Եվ թվում է, հավիտյան խոնարհված է սնարիս...

1981թ.ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets