ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.05.2014

«Երբեւէ տեսե՞լ եք կաթողիկոսին`նախագահի վրա զայրանալիս»

«Ասպարեզը» Հայ առաքելական եկեղեցու գործունեության վերաբերյալ զրուցել է բլոգեր, պատմաբան Արա Նախշքարյանի հետ:

- Արդյո՞ք արդյունավետ համարում եք Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը աղանդների դեմ պայքարելու եւ այլ առումներով:

- Միանգամից պատասխանեմ Ձեր հարցին ու ասեմ շատ կարճ, մեկ բառով՝ ո՛չ:
Ասեմ ինչու...
Հայ Առաքելական Եկեղեցին իր անձնագիրը ստանալու օրվանից շատ թույլ է: Թույլ է որովհետեւ իր մեջ կրում է տկար
հոգեւորականների: Ի սկզբանե չկարողանալով ժողովրդի մեջ կոտրել նախկին հավատը, իր մեջ որոշակի փոփոխության ենթարկեց պարզապես հեթանոսական ծիսակատարություններն ու արարողությունները, անվանափոխեց, մի փոքր փոփոխեց ու այդպես ներկայացավ: Այսօր Քրիստոնեական եկեղեցու մեջ կատարվող բոլոր տաղավար տոնակատարությունների հիմքում հեթանոսականն է:
Աղանդներն այսօր վխտում են երկրի ներսում: Ու դա միայն հետեւանք է պետական ու եկեղեցական թուլության: Սոցիալապես տկար ժողովրդին հաց ու հագուստ ապահովող է պետք: Պետությունը ամեն ինչ անում է, անգործ ու սոված պահելու համար իր հարազատ ժողովրդին, եկեղեցին էլ մատը մատին չի տալիս այդ ծռված ողնաշարը ուղղելու համար: Մի գլուխ եկեղեցիներ են կառուցում աջ ու ձախ: Դատարկ շենքեր, որի միջոցով շատ էլ հնարավոր է տարբեր գույների փողեր լվանալ: Սա ունենք հիմա: Ունենք այն ինչ ունենք:

- Հայաստանի բնակչության մեծամասնությունը վստահու՞մ է Հայ առաքելական եկեղեցուն:

- Վստահում է թե ոչ, դա միայն ինքը՝ ժողովուրդը կասի: Ես մի պարզ ճշտարտություն ամեն դեպքում գիտեմ. Այսօր եկեղեցին ժողովրդի կողքին չէ: Այսօր եկեղեցի հաճախողների մի ստվար զանգվածն էլ եկեղեցի է հաճախում պարզապես ձեւապաշտությունից դրդված: Ապա մի նայե՛ք. Եկեղեցական արարողություններին մասնակցող «հավատացյալ» ժողովրդին: Պատարագներից հետո էլի նույն քաղքենիական վարքագծով ապրող շատ սովորական մարդիկ են: Ես բացառություններին մատնացույց չեմ անում: Թե երիտասարդը, թե տարեցը հոգեւոր աղոթք կարդալուց հետո եկեղեցուց դուրս է գալիս եւ շատ կարճ ընթացքում միանգամից խախդում բոլոր 10 պատվիրանները: Եթե ոչ բոլորը, ապա գոնե 7-ը կամ 8-ը հաստատ: Այս պարագայում ես կպնդեի եւ խորհուրդ կտայի. «Ավելի լավ է լինել ամրապնդված հեթանոս, քան թե կիսատ պռատ քրիստոնյա»:
Եկեղեցու հանդեպ վստահություն չկա, որովհետեւ հավատ չկա առ եկեղեցի: Որովհետեւ օրվա տնքացող ցավն ու հոգսը այնքան է սպառնում խեղճ ժողովրդին, որ նույնիսկ այդ դաշտում էլ չեն կարողանում հենարան գտնել: Հույսները միայն աստծո վրա են դրել ու այդպես ապրում են:

- Մեր եկեղեցու հոգեւոր հովիվներն ընդհանուր առմամբ իշխանամե՞տ են, թե՞ ավելի շատ ժողովրդի շահերն են պաշտպանում:

- Մեր եկեղեցու հոգեւոր հովիվները երբեք էլ իշխանություններից չեն հեռացել: Դարերի ընթացքում մի քանի հոգեւորականների կարող ենք մատնանշել, որոնք իսկապես աստվածավախ էին: Հոգեւոր դասի մեջ հիմնականում մարդիկ են ովքեր մինչեւ ժամերգության ավարտն են կարգի մեջ մնում: Դրանից դուրս նույն «առ ու տուրն» է, նույն շքեղությունը, նույն լճացած վիճակը ինչ ունենք իշխանության բոլոր թեւերում:
Երբեւէ տեսե՞լ էք մի Հայրապետի ով ժողովրդի մեջ դուրս գա ու ապրի ժողովրդի հետ: Մի ժամանակ մի ավանդույթ կար. հովիվն ու իր հոտը: Ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս տներով, գերեզմաններով, շրջում փողոցներով, խոսում հոտի հետ, օրհնում էին տունը, շիրմաքարը... Այսօր քանի՞ հովվի գիտեք , որ այդ կերպ է վարվում: Իշխանասիրությունը թույլ չի տալիս, մեծամտությունը խեղդում է հոգին: Քաղաքականացված շատ հովիվներ կան, սկսած կաթողիկոսից:
Երբեւէ տեսե՞լ էք կաթողիկոսին նախագահի վրա զայրանալով: Որ դրա իրավունքն ու հնարավորությունն էլ ունի: Ո՛չ, չեք տեսել, ու գիտե՞ք ինչու, որովհետեւ նրանք մեկ են: Մի լավ խոսք կա. «պոչդ տակս է, երբ աշխույժացար կսեղմեմ»: Այս պարագայում երկուսի պոչերն էլ իրար տակ են: Երբեւէ տեսա՞ք, որ կաթողիկոսը դուրս գար դեպի ժողովուրդն ու հորդորեր, որ չլքեն հայրենիքը, ախր իրենց քարոզած գրքի մեջ ասում է, առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին: Մեր երկիրն այսօր հիվանդ է: Ասում ենք Մայր Հայրենիք, բա մարդ իրա մորը կլքի՞, այն էլ հիվանդ պահին: Բա սա ի՞նչ է, եթե ոչ համատեղ իշխանական ծրագրի իրագործում, պարտադրված գերտերություններից:
Վերջաբանի փոխարեն կասեմ, այո՛, իշխանամետ են:

- Ինչ եք կարծում, չպե՞տք է մեր հարուստ հոգեւորականների ունեցվածքի վերաբերյալ տվյալներն հրապարակային դարձնել:

- Եթե ասեք թե հրապարակելուց հետո ինչպիսի ռեզոնանս տեղի կունենա ապա ես կպատասխանեմ հարցին: Լավ, ենթադրենք մի պահ էսպես: Հրապարակեցինք, բոլորը տեղեկացան, հոգեւորականներն էլ տեսան ու զարմացան, որ խոսքը իրենց ունեցվածքի մասին է: Հետո՞: Դրանով հարցը փակվե՞ց: Ի հարկե ո՛չ: Սա անիմաստ պայքար կլինի, որը կռվի կվերածվի ու որ ոչնչի չպիտի հասնեն կողմերը, ուղղակի սեւակյան ոճով ասեմ. «...պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ...»:

- Հռոմի պապ Ֆրանցիսկն օրինակ աչքի է ընկնում իր համեստ կենցաղավարությամբ: Նա հրաժարվել է իրեն ժառանգություն մնացած թանկարժեք ավտոմեքենաներից եւ այլն: ԶԼՄ-ներն այս մասին շատ են գրում: Արդյո՞ք մեր բարձրաստիճան հոգեւոր վերնախավն իրեն կարող է թույլ տալ նման բան անել:

- Պապին անդրադառնալուց ասեմ, որ նա էլ իր յուրատեսակ քաղաքականությունն ունի: Ո՞վ է ասել, որ նա հրաժարվել է: Մեքենայից է հրաժարվել բայց ո՛չ ապրելակերպից: Ես իմացա նման հայտարարություն, որ ասել էր թե աշխարհում դեռ այնքա՜ն սոված մանուկներ կան, որ ինքն իրեն թույլ չի տալիս շքեղության մեջ ապրել: Բայց ամեն դեպքում ինքն է Պապը: Ու դա արդեն առավելություն է մնացածի հանդեպ:

- Երբ հոգեւորականը երկակի կյանք վարելով, մի կողմից մեղք է գործում, մյուս կողմից` ձեւացնում, որ ինքն ազնիվ է, մի՞ թե ամեն անգամ նմաններին անհրաժեշտ է ներել:

- «Ով անմեղ է, թող նա առաջինը քարը նետի»: Հայտնի այս միտքը դեռ շատ դեպքերում կարող ենք օգտագործել: Հոգեւորականները ամեն ինչ անում են ժողովրդին մաքուր ու համեստ երեւալու: Վերջին դեպքերն էլ դրա դրսեւորումներից մեկն էր: Եթե հիշում էք մեծ աղմուք բարձրացավ Ռուսաստանի թեմում հոգեւորականին կարգալուծ անելու խնդրով: Ես հարց եմ տալիս կարգալուծ անելու իրավունքը վաստակած հոգեւորականին: Արդյոք ինքը մաքու՞ր է ապրում: Արդյոք դավանու՞մ է այն արժեքներին ինչի համար կոչված է: Էլի պիտի աստվածաշնչից օրինակ բերեմ. «առաջինը քո աչքի գերանը հանի, հետո միայն ուրիշի աչքի ճյուղի մասին մտածի»: Ի՞նչ է սա, արդյոք քաղաքական կամ կրոնական պարզ խանդի դրսեւորում չէ՞: Հոգեւորականին կարգալուծ անելով բոլոր հարցերը չի ավարտվում, դեռ միայն սկսվում է նորից:
Մեր քաղաքի փողոցներում տեսնում ենք «Եհովայի վկաների», արդեն ասեմ, որ նույնիսկ համեստ սեղանիկ են դրել ու էդպես են քարոզում իրենց հավատը: Իսկ մենք մեր ունեցածը կորցնում ենք առանց սրտի ցավի: Վիլլաների, ռեստորանների, ակումբների զարդերի ու պճնանքների մեջ փորձում ենք սուրբ ձեւանալ: Ոտքի տակ են առել բոլոր սրբությունները: Տարիներ առաջ եկեղեցու մեջ շնացող հոգեւորականին պատժեցին հավատացյալ տղերքը սափրելով մորուքը: Այսօր մորուքն էլի աճել է, աճելու հետ մոռացվել է մեղքը: Բայց դեպքի մանրամասներն հիշող մարդկանց մեջ հո չի՞ վերացել զգացումը: Կուսակրոն հոգեւորականը հոգեւորական է մինչեւ փիլոնը հագից հանելը: Հետո նա մարդ է: Մարդ է իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ:
Երանի երանելիներին, որ թույլ չտվեցին իրենց հետեւից հայհոյելու:

- Ֆրանցիսկը կոռոումպացված հարուստներին համեմատում է «սպիտակ դագաղների» հետ, որոնք արտաքինից գեղեցիկ են, իսկ ներսը լիքն է նեխությամբ: Ինչու՞ հայ առաքելական եկեղեցու ղեկավարը չի քննադատում հայ օլիգարխներին:

- Ինչպե՞ս կարող ես քննադատել մեկին, երբ դու ինքդ ես դրանցից մեկը:

- Ֆրանցիսկի գործունեության շնորհիվ հարյուր հազարավոր մարդիկ եկեղեցու գիրկն են վերադարձել: Ինչու՞ Գարեգին երկրորդը Ֆրանցիսկի նման չի վարվում:

- Իմ մոտ են տպավորությունն է, որ մենք անընդհատ փորձում ենք համեմատության եզրեր գտնել կաթոլիկ աշխարհի ու մեր եկեղեցու հետ: Գարեգինը այդպես էլ չկայացավ որպես հայրապետ: Նա կաթողիկոսից այն կողմ չանցավ: Գարեգինը գուցե եւ լավ մարդ է, բայց ճիշտ քահանայապետ չէ: Նա չկարողացավ իր շուրջը նախ համախմբել իր ծառաներին: Եկեղեցին պառակտված է: Սա բոլորն են տեսնում: Այստեղ էլ կան թեւեր: Այստեղ էլ, ինչպես քաղաքական դաշտում ամեն մեկն իր փրկության ծրագիրն ունի: Այ հենց դա էլ խանգարում է մարդուն դեպի եկեղեցի կամ հակառակը անելուն:

- Արդյո՞ք աշխարհում տարբեր կրոնների առկայությունը ազգությունների միջեւ թշնամության առաջացման պատճառ են հանդիսանում:

- Հիմա նայեք: Գլոբալիզացված հասարակությունների մեջ այս խնդիրը բացակայում է: Սա ավելի շատ պահպանողականների համար է վտանգավոր: «Վկաները» աշխարհաքաղաքացու կողմնակիցն են, ու դա արդեն շատ մեծ ազդեցություն է թողել նաեւ մեր մեջ: Հակամարտություններ կրոնական հողի վրա շատ են լինում՝ օրինակ. Շիա - Սունի: Սրանք խորքում երկուսն էլ նույն կրոնի տարբեր դավանանքի տեր են: Հայ կաթոլիկ - առաքելական: Սրանք էլ նույն կրոնի բայց տարբեր դավանանքի կրողներ են: Նման օրինակներ շատ կան բայց այս երկուսի մեջ նախ եկեք գտնենք տարբերություններ: Ինչ են ուզում իրարից, որ չեն կարողանում կիսել: Ի դեպ ասեմ, որ հայ կաթոլիկ համայնքում ամեն ինչ շատ նուրբ է արվում: Մանկան դաստիարակությունից մինչեւ ճիշտ քաղաքացի ձեւավորելը: Առաքելականի մեջ սա տեղ-տեղ է: Չգիտեմ, գուցե սա փոքրամասնության հետեւանք է՞: Առաքելականները իրենց պարզապես զգում են տան տիրոջ կարգավիճակում, ինչպես ձուկը ջրում: Թելադրում են իրենցը: Չնայած ասելն այլ բան է անելն այլ: Բայց ամեն դեպքում կրոնական թշնամանքները գալիս են դավանանքի տարբերություններից ու Աստծուն ծառայելու ձեւերից: Այսինքն՝ ակն ընդ ական եւ եթե մի այտիդ խփում են ապա մյուսն էլ պարզիր:
Ահա այս վերջինի հանդուրժողականությունով ապրեցինք արդեն 1700 եւ ավելի տարիներ: Դրա համար հիմա մի լուրջ հաղթանակի դեպքում առավել ցնծություն ենք ապրում, որովհետեւ այդ հաղթանակը բարոյական չէ:

Հ. Գ. Առաջարկում եմ: Մոտ կանգնեք ազգային արժեքներին: Դեպի համամարդկայինին մի ձգտեք, այտեղ արդեն ամեն ինչ զբաղեցրած է: Ձեր մոտ պիտի չհաջողի ու պիտի սկսեք չարանալը: Գիտե՞ք ինչից է չարոնում մարդը. Երբ ունենում է մեծ ձգտումներ ու փոքր հնարավորություն:
Շատ կուզեի որ գոնե այս դաշտ չոր լինի ու որովհետեւ այստեղ խաղի կանոնները այն պիտի լինեն: Մի թույլ տվեք չսիրել ձեզ: Ախր դուք էլ մեր մի մասնիկն էք: Մենք ձեզ նայելով պիտի աստծուն տեսնենք: Իսկ այսօրվա ձեր կեցվածքով հաստատ աստծուն ճանաչելը մեծ ջանքեր ու առանձին աշխատանք պիտի պահանջի:

Հարցազրույցը՝ Անահիտ Սիմոնյանի

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets