ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.05.2014

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Հովհաննես Քաջազնունի

«Ես կանգնած եմ երկու ճանապարհների ընտրության առջև և չգիտեմ՝ որ կողմ գնալ՝ Շեքսպիրի՞, թե՞ Էրզրումի»: Ինչու՞ էր հենց Էրզրումը դրված Շեքսպիրին հակակշռող նժարին: Պարզ պատճառով. Էրզրումն իր ծագումն էր: Նրա արվեստային էությունը և հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումը առաջացել էր իր ծագման գիտակցումից: Ազնիվ, պինդ և համառ մի մարդ, ով սիրում էր արվեստը, ով կլանում էր փիլիսոփաներին, ով անչափ սիրում էր Սաթենիկ Միրիմանյան անուն-ազգանունով մի թիֆլիսեցի աղջկա, ով խենթանում էր իր վեց զավակներով, ով իր ստորագրությունը դրեց հայութայն համար այնքան վտանգավոր Բաթումի պայմանագրի տակ, ով դարձավ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետը, ով իր մահկանացուն կնքեց ստալինյան բանտում: Ողբերգական մի ճակատագիր: 
Ծնվել է Ախալքալակում, 1868-ի փետրվարի մեկին: Նախնիները Էրզրումից էին: Ընտանիքն այն առաջին օղակն էր, որ նպաստավոր եղավ Հովհաննես Քաջազնունու՝ իբրև մարդ, իբրև տղամարդ, իբրև հայ, իբրև փիլիսոփա և իբրև ազգային-քաղաքական գործիչ ձևավորման և կայացման համար: Հաջորդ օղակը լինելու էր Թիֆլիսի Ռեալական դպրոցը, ապա և Պետերբուրգը՝ իր
համալսարանական կյանքով և ընդհատակյա գաղտնի կազմակերպությունները, որտեղ խմորվում էր նոր ժամանակների քաղաքական միտքը:
Մինչ ինստիտուտ ընդունվելը նա արդեն սիրահարված էր օրիորդ Սաթենիկին և անբեկանելի որոշում ուներ նրա հետ ամուսնանալու: Թեև դա քիչ հավանական էր՝ հաշվի առնելով օրիորդի հոր բացասական և անգամ ագրեսիվ վերաբերմունքը երիտասարդ Հովհաննեսի նկատմամբ: Սաթենիկ Միրիմանյանին գրած Քաջազնունու նամակները կարելի է դասել հոգեվերլուծության ոլորտին:
Հովհաննես Քաջազնունու զավակներըԱրամ և Հրաչյա-Անահիտ Քաջազնունիներ
«1885թ., հունիս 20, Ախալքալակ:
Դուք ծնվել եք տաք, կրքոտ հոգով: Դուք սիրո ծարավ էիք, բայց ոչ ոք չէր հագեցնում այդ ծարավը: Տանը չգտնելով սեր և կարեկցանք՝ Դուք այն դրսում փնտրեցիք: Եվ էլի չգտաք: Զայրացել եք ամեն ինչի վրա, Ձեր սիրտը սառել և չարացել է անգիտակցաբար: Դուք որոշեցիք, որ ինքնազոհ և առանց էգոիզմի մարդիկ չկան: Դուք անվստահություն ունեք նրանց հանդեպ, ովքեր բարյացակամ են Ձեր նկատմամբ: Մինչև Դուք չհարգեք և չսիրեք ինքներդ Ձեզ, ոչինչ չի շտկվի Ձեր կյանքում: Դուք կորցրել եք հավատը Ձեր հանդեպ»:
Նա շատ էր սիրում Սաթենիկին: Եվ ուզում էր սիրած աղջկա հետ կիսել ոչ միայն սերը և ապագայում ընտանեկան հովվերգությունը, այլև քաղաքական պայքարի ողջ ռոմանտիզմը և ռեալիզմը: Քաղաքականությունը երկուսի միջև բռնկված սերը չվերածեց կանոնադրական սիրո: Այն մինչև վերջ մնաց քնքուշ և անսահման:
«1886, 25 նոյեմբեր, Խարկով.
Այն, ինչ կենդանի է իմ մեջ, ուժեղ է, կրքոտ, փնտրող, տառապող, մեկ զգացմունքի մեջ է՝ սիրո: Ես հիմա հասկանում եմ այն սարսափելի ուժը, որ մտել է իմ մեջ: Խլեք ինձնից այդ զգացումը, և խլած կլինեք ամեն բան, որ ես ունեմ»: Քաջազնունին մաքսիմալիստ էր: Իր բնավորությունն էր այդպիսին: Միակ թեման, որի շուրջ խոսելիս նա մի կողմ է դրել մեղմությունը և համբերատարությունը և դարձել կտրուկ, չոր, աններող, հայությանը վերաբերող հարցն էր. «Ազգությունից դուրս մարդկություն չկա»:
Նրանք ամուսնացան 1889-ի ամռանը: Դեռ որ ամեն ինչ հարաբերականորեն լավ էր: Քաջազնունին ամուսնացել էր սիրած աղջկա հետ և առաջին դուստրն ունեցել: Երեխային կոչել էին Հրաչյա: Հետագայում Հրաչյան, դժգոհ իր անունից, կընդունի նաև Անահիտ անունը: Նրանց ընտանեկան կյանքը ենթարկվելու և փոխլրացնելու էր քաղաքականությանը: Շուտով Հրաչյայի և Արամի օրորոցների մեջ հերթով կպառկեն, կլացեն, կժպտան Աշոտ, Ռուբեն, Կարեն և Մարգարիտ Քաջազնունիները: Նրանց հայրը աշխարհի ամենաերջանիկ մարդը կհամարի իրեն, որովհետև կհավատա, որ իր երեխաները, թոռներն ու ծոռները ապրելու են իր երազած ինքորոշված-ինքնիշխան հայրենիքում: 
... Երբ 1914թ. նրանց ավագ որդին՝ անչափահաս Արամը, ծնողներին հայտարարեց, թե ուզում է կամավոր մեկնել ռազմաճակատ, հայրը խոստացավ բարեխոսել կամավորական բյուրոյում մի պայմանով, որ երեխան համբերի 2-3 ամիս, մինչև կավարտի դպրոցը: Մայրը ոչ թե ուշաթափվեց կամ սրտի տագնապ ունեցավ, այլ ասաց. «Թող գնա, մյուս գնացողները նույնպես մայրեր ունեն»: Հովհաննես Քաջազնունու երեք տղաներն էլ՝ Արամը, և երկվորյակներ Աշոտն ու Ռուբենը, կամավոր մեկնեցին ռազմաճակատ: Չորրորդ՝ կրտսեր որդին, շատ էր փոքր: Նրանց հայրը բոլոր լծակներն ուներ տղաներին կռիվ չուղարկելու: Իսկ վարչապետ նշանակվելուց հետ առավել ևս հեշտ էր դա անել, բայց, ըստ երևույթին, ժամանակներն ավելի ազնիվ էին, և Հայաստանը՝ ավելի սիրելի... 
Մարգարիտ և Կարեն Քաջազնունիներ
Նա արդեն վարչապետ էր նշանակվել: Թիֆլիսից Երևան տեղափոխված կառավարությունը՝ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ, տեսավ այն, ինչը հետվից չէր երևում. իրականությունը: Եվ նրա սերը իր ժողովրդի նկատմամբ վերածվեց անզոր կարեկցանքի: Բայց ոչ մի ծանր պայման, հուսահատություն չնսեմացրին հայրենասիրության զգացումը: Հայաստանը գերագույն արժեք էր, որի համար ինքը և իր ընտանիքի անդամները պարտավոր էին ծառայել: 1919-ի ապրիլի 30-ին ավագ դստերը՝ Հրաչյային, գրում է. «Աշոտը սպանվեց անցյալ գարնանը Ղարաքիլիսայի կռիվներում:
Արամը վիրավորված է երկու անգամ, բայց բժշկվել է: Ռուբենը չի ունեցել բախտ ու պատիվ հայրենիքի համար վերք ստանալու»:
Քաջազնունին ընդամենը վեց ամիս եղավ վարչապետի պաշտոնում: 1919թ. փետրվարին նա կմեկնի Միացյալ Նահանգներ՝Հայաստանի համար օգնություն բերելու: 1921, հունվարի 2-ին ի պատասխան դստեր՝ Մարգարիտի արտասահմանում ուսանելու ցանկությանը, գրում է. «Իմ վրա ծանրացած է մի ամբողջ ժողովրդի հոգսը: Ես չեմ կարող ու նույնիսկ ամաչում էլ եմ կենտրոնացնել ուշադրությունս սեփական ընտանիքի հոգսերի վրա»: Նա Ամերիկայում էր, երբ Զանգիբասարի կռիվներում հերոսի մահով ընկավ իր մեծը՝ Արամը: 
Ակնկալիքները Ամերիկայից գրեթե չիրականացան: Եվ Հայաստանի համար ներդրումներ գտնելու առաքելությամբ Քաջազնունին մեկնեց նաև Պոլիս: Նա արտասահմանյան գործուղումից Երևան վերադարձավ 1920 թվի սեպտեմբերին: Դեկտեմբերի 2-ին իշխանությունը հանձնվեց բոլշևիկներին: Քաջազնունին ձերբակալվեց, ապա փետրվարյան ապստամբության ժամանակ ազատվեց կալանքից, իսկ երբ բոլշևիկները հիմնավորապես բռնագրավեցին Հայաստանը, ստիպված էր հեռանալ իր երկրից: Ընտանիքը մնաց: Նրա տենչը հայրենիք վերադառնալն էր: Որքան էլ դաժան լիներ անկախության կորուստը, միևնույնն է, Հայաստանը մնում էր ի՛ր հայրենիքը, անկախ այն բանից, թե ովքեր են իշխանության գլուխ: Նա դիմեց իշխանություններին և արտոնություն ստացավ վերադառնալու: Դա 1925 թվականն էր: 
Ռուբեն և Աշոտ Քաջազնունիենր
Հիմա նա սովորական սովետական քաղաքացի էր՝ մասնագիտությամբ ճարտարագետ: Իրեն նվիրեց գիտությանը, դասավանդեց համալսարանում և շինարարական ինստիտուտում, ստացավ պրոֆեսորի կոչում, կառուցեց շենքեր: Նրա քնքուշ սերը այս երկրի նկատմամբ չէր նվազել:: Նա չէր էլ պատկերացնում, որ այդ սերը ոսկորի պես խրված էր չեկայի կոկորդում: 1937թ. եկան 70-ամյա ծերուկի ետևից: Նրան գնդակահարեցին մեկ տարի անց ՊԱԿ-ի բանտում և վերացրին հանցագործության բոլոր հետքերը: Բայց վերացնել Քաջազնունու հիշատակը, իհարկե, չկարողացան:

(Ն. Թուխիկյանի «Խոստովանություն» գրքից)
ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆիմինե

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets