ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.05.2014

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ. բանաստեղծություններ

ԱՐՅԱՄԲ ԵՎ ՊՈՂՊԱՏՈՎ
1918 Մայիսի 28

Մութն էր պատել հայոց աշխարհին,
Եղեռն ու օրհաս՝ պարուրել նրան,
Փոթորիկները մռնչում էին,
Երկունք էր ապրում հույսերի հսկան:

Պահերը հապճեպ խուսափում էին,
Հրանոթները՝ ոռնում մահերգանք,
Լեռների վրա թափով անմեկին
Կռիվն էր շիկնում, կռիվն էր անկանգ:

Եվ քարե մարդիկ, քարե սրտերով,
Քարե սրտերով ու կամքով քարե,
Հայոց լեռներում կռանում էին
Կյանքի ու մահվան երգը մետաղե...

Աշխարհանցում էր անծիր քաոսում,
Տարերքն էր փրթում անդունդ ու գագաթ,
Ընդերքից ժայթքած լավա էր հոսուն,
Դարեր կուտակված հրաբուխ համակ...

Բախումը լավի ու վատի զարզանդ
Անտեղիտալի վերջին գուպարում.
Ժողովուրդ ու հող ձուլված անվկանդ
Հաղթական թափով էին վարարում...

Արարում էին ապրելու կորով,
Նվաճում էին ուժ ու իրավունք.
Արյան, պողպատի, քարի շաղախով
Կյանքն էր կարկառվում բարձունքից բարձունք:

Կռիվն էր շիկնում, կռիվն էր անկանգ,
Մետաղե մի երգ հայոց լեռներում.
-Մե՛րն է հաղթանակ, մե՛րն է հաղթանակ...
Հզոր Մասիսն էր ահեղ գոռերգում:

Շառագունվել էր ո~ղջ հորիզոնը,
Արեվը ամպից դժվար էր ջոկվում.
Բայց լույսն էր կոխում հայ երկնի զոնը,
Հայոց աշխարհին նարոտ էր կապում:

Մեր ոթած արյան կարմիրը շատ էր
Ու փողփողում էր նարոտը գունեղ.
Մեր սուրբ նարոտի կարմիրը շատ է,
Մեր նվիրումի արյունը սրբեղ:

Մեր կոփած երկնի կապույտը շատ էր,
Ու փողփողում էր նարոտը գունեղ.
Մեր սուրբ նարոտի կապույտը շատ է,
Մեր խորունկ հոգու երկինքը բյուրեղ:

Մեր հուր երկունքի ծիրանին շատ էր,
Ու փողփողում էր նարոտը գունեղ.
Մեր սուրբ նարոտի նարնջին շատ է,
Մեր հավերժության ծիրանին շքեղ:

*****

ՀԱՅՐԵՆԱՏՈՒՐ

Դու եղել ես մերը արյան իրավունքով,
Ոչ այն արյան, որ մենք հեղել ենք քո համար,
Այլ այն արյան, որ դու լցրել ես մեր սիրտը,
Դարձրել մեր սիրտը անոթը քո արյան:

Մենք եղել ենք քոնը արյան իրավունքով,
Ոչ այն արյան, որ դու զեղել ես մեր սիրտը,
Այլ այն արյան, որ մենք վայթել ենք քո համար,
Դարձրել սուրբ հողդ սկիհը մեր արյան:

Դու եղել ես մերը սիրո իրավունքով,
Ոչ այն սիրո, որ մենք տածել ենք քո հանդեպ,
Այլ այն սիրո, որով հունցել ես մեր սիրտը,
Դարձրել մեր սիրտը խաղողը քո սիրո:

Մենք եղել ենք քոնը սիրո իրավունքով,
Ոչ այն սիրո, որով շաղել ես մեր սիրտը,
Այլ այն սիրո, որ մենք թեղել ենք քո հանդեպ,
Դարձրել սուրբ հողդ հնձանը մեր սիրո:

Դու եղել ես մերը լեզվի իրավունքով,
Ոչ այն լեզվի, որ մենք բարբառել ենք հպարտ,
Այլ այն լեզվի, որ դու դրել ես մեր լեզվին,
Դարձրել մեր լեզուն քնարը քո լեզվի:

Մենք եղել ենք քոնը լեզվի իրավունքով,
Հենց այն լեզվի, որ դու դրել ես մեր լեզվին,
ԵՎ այն լեզվի, որ մենք սաղմոսել ենք մաքուր,
Դարձրել սուրբ հողդ աղոթքը մեր լեզվի:

Դու եղել ես մերը արյան իրավունքով,
Սիրո իրավունքով, լեզվի իրավունքով,
Եվ այն իրավունքով, որ ընտրել ես դու մեզ,
Եվ այն իրավունքով, որ ընտրել ենք մենք քեզ:

Ու այդ իրավունքը՝ հայրենատուր պարգեվ,
Իրավունքն է ՝ հողի, պորտի ու պատմության,
Իրավունքն է՝ մարդու, որդու եվ զարմության,
Արյան, սիրո, լեզվի զորեղ հրիտակով: 


ՀԱՅՐԵՆԻՔ

Երկնի վրա ես գրում եմ՝
Հայրենիք,
Բայց թխպում է,
Ամպն է պատում երկինքը․․․

Ամպի վրա ես գրում եմ՝
Հայրենիք,
Անձրեվում է
Ու ցնդում է թուխ ամպ․․․

Ես գրում եմ հողի վրա՝
Հայրենիք․
Բայց մնում է այն անհաղորդ, անբարիք։

Պայքարում եմ դարձնելու այն իմ տունը,
Մարտնչում եմ,
Քրտինք թափում,
Նույնիսկ ոթում արյունս,
Բայց մնում է նա անհաղորդ, անտարբեր,
Լոկ գրավված, արյունլվիկ մի տարածք,
Չի բաբախում իմ սրտի հետ անձնվեր․․․

Ես կանգնում եմ հողի վրա անսասան,
Տեր եմ կանգնում կյանք ու ցավին զանազան,
Եսից դառնում մենք,
Դառնում ենք համակ ազգ,
Լեզու տալիս,
Ծաղկեցնում ենք մշակույթ,
Քաղաքակրթություն հիմնում մերանձնյա․․․

Եվ ահա,
Հողը հաղորդվում է ինձնով ու մենքով,
Ջերմանում է մեր ազգությամբ ու ոգով,
Վերաբերվում մեր արյանը ու գոյին,
Եվ դառնում է հայրենիք։

*****

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Երկիր իմ, սեր ու գգվանք,
Հայրենիք Հայկյան․
Հայկազնյան վսեմ սխրանք,
Արտաշես, Տիգրան։

Երկիր իմ, Վահագնյան բոց,
Լույս Նազովրեցու․
Մաշտոցյան գիր ու դպրոց,
Վեպ Խորենացու։

Երկիր իմ, մշակույթի
Ոսկեդար ոստան․
Հավատո հանգանակի
Զոհ Կարմիր Վարդան։

Երկիր իմ, հորդաների
Պատվար ու կոխան․
Մերթ հլու, մերթ ըմբոստի
Լեռնակոփ ծխան։

Երկիր իմ, ողբի օրոր,
Լլկված կույս ու ահ,
Եղեռնված, նկուն, անզոր,
Կոտորած ու մահ․․․

Երկիր իմ, լափող կրակ,
Հայդուկ ու հերոս,
Ռազմի երգ, մոսին ու արկ,
Ճիգով արնահոս․․․

Երկիր իմ, Մայիսի Այգ,
Ծփանք եռագույն,
Կարմիր ու կապույտ երանգ,
Բոց նարնջագույն։

Երկիր իմ, գժտված ու խենթ,
Թյուրիմացություն․
Դավադիր եղբոր վես տենդ,
Չար մոլեգնություն․․․

Երկիր իմ, փակված այգի,
Վարդերով բոսոր,
Մուրճի կոփ, փայլ Մանգաղի,
Ու աստղ կարմրավոր։

Երկիր իմ, աշխարհակոծ
Երկրաշարժ, ավար,
Մոլորված գաղթ բազմահոծ,
Դատարկվող ամբար։

Երկիր իմ, շղթան բեկած,
Բայց շվար կրկին․
Արդարեվ, վերագտած
Եռագույն ու հիմն։

Երկիր իմ, նոր կյանքի հույս,
Երգ հաղթանակի․
Հայաստան, գագաթ ու լույս,
Հանգրվան փառքի։

*****

ԳԻՆԵՁՈՆ

Սիրտս որպես սիրո սկիհ, սերս մեջը հիր գինի,
Բարձրացնում եմ լի գավաթս, իմ ժողովուրդ հայրենի:

Նավասարդի նվիրական ավանդներով սրբեղեն
Ես խմում եմ քո կենացը մաղթանքներով հրեղեն:

Ավերաբեր ի՛նչ ամպ ու զամպ քո ճակատին բախվեցին
Դու տոկացիր հանց դյուցազուն թուր-կեծակի սասունցին,

Որ մեկնեցիր ձեռքդ հզոր ու խավարի ընդմիջից
Պինդ բռնեցիր արեգակը,

Խիլ խլեցիր արեգակը,
Շանթ շորթեցիր արեգակը հաղթանակով սխրալից:

Ու պիտ գամես արեգակը Արարատի գագաթին,
Նոր կյանքի նոր ոգով զեղուն քո արեվը հրային:

Սիրտս անկեզ, վառ մորենի, սերս ճյուղին անհանգ բոց,
Ես խմում եմ սուրբ կենացդ իմ ժողովուրդ, իմ հայոց:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets