ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.05.2014

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Մակար Եկմալյան

Մակար Եկմալյան (1857 - 1905), հայ կոմպոզիտոր։
Կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ Մակար Եկմալյանն իր ստեղծագործությամբ ու մանկավարժական գործունեությամբ 
մեծապես նպաստել է ազգային երաժշտական դպրոցի ձևավորմանը. մշակել է հայկական մոնոդիաների (միաձայն երգեցողություն) բազմաձայնման սկզբունքները, հիմնադրել օրատորիա-կանտատի և ռոմանսի ժանրերը:
Մակար Եկմալյանը 1872թ-ին ավարտել է Էջմիածնի ժառանգավորաց վարժարանը: Նշանավոր երաժշտագետ և կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանի ղեկավարությամբ 2 տարի վարժվել է հայկական նոտագրությանը, մասնակցել հոգևոր երգերի ձայնագրությանն ու ժողովածուների հրատարակմանը, որոնք ունեն գիտական ու գեղարվեստական մեծ արժեք: 1874 թ-ից Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է երգեցողություն և հայ եկեղեցական երաժշտության տեսություն: 
1877-91թթ-ին ապրել է Սանկտ Պետերբուրգում, 1888թ-ին ավարտել է տեղի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, միաժամանակ վարել Սբ Կատարինե հայկական եկեղեցու դպրապետի պաշտոնը: 1891թ-ից բնակվել է Թիֆլիսում և մինչև 1902թ. դասավանդել Ներսիսյան դպրոցում, որտեղ ստեղծել է տղամարդկանց երգչախումբ: 1893--94 թթ-ին Եկմալյանը դասավանդել է Ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի ուսումնարանում, եղել ռեկտորը: 


Դեռևս ուսանողական տարիներին կատարել է ժողովրդական և հոգևոր մեղեդիների խմբերգային մշակումներ: Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է ընդարձակ քնարավիպական «Պատարագը», որը գրված է երգչախմբի համար՝ առանց նվագակցության: Հետագայում այն բարձր են գնահատել կոմպոզիտորներ Ֆերենց Լիստը, Կամիլ Սեն-Սանսը և ուրիշներ: 
Եկմալյանը մշակել է բազմաթիվ ժողովրդական և աշուղական երգեր (երգչախմբի կամ մեներգի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ), որոնցից հանրահայտ են «Անձրևն եկավ», «Լուսնակ գիշեր», «Ջան գյուլում», «Հով արեք, սարեր ջան», «Աղջիկ դու սիրուն», «Վարդ կոշիկս», «Ազնիվ ընկեր», «Կեցցե Զեյթուն», «Ձայն մը հնչեց», ինչպես և եկեղեցում կատարվող շարականներ, հոգևոր երգեր («Նորահրաշ», «Աշխարհ ամենայն» և այլն): Գրել է «Ռոզայի դեգերումները» կանտատը, դաշնամուրային նոկտյուռն, սիմֆոնիկ նախերգանք: Ժողովրդականություն են վայելում «Ով հայոց աշխարհ», «Թաղումն քաջորդոյն», «Լռեց...» խմբերգերը, «Պաղ աղբյուրի մոտ», «Սիրուհիս» ռոմանսները և այլ ստեղծագործություններ: Եկմալյանին աշակերտել են Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Արմեն Տիգրանյանը և ուրիշներ: Եկմալյանի անունով Երևանում կոչվել է փողոց:
1895թ-ին Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի (1911-30թթ-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց) միջնորդությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հայրապետական կոնդակով` Մ. Եկմալյանի «Պատարագը» պաշտոնապես ընդունել է Հայ եկեղեցին, և սկիզբ է դրվել նրա բազմաձայն կատարմանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets